ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ
Աննախընթաց երեւոյթ էր:
Ցեղասպանագէտների միջազգային ընկերակցութիւնը (International Association of Genocide Scholars) իր երկամեայ համաժողովն էր գումարել Երեւանում:
1994-ին կեանքի կոչուած ցեղասպանագէտների այս պատկառելի կազմակերպութիւնը իր հերթական գիտաժողովներն է ունեցել նախ Միացեալ Նահանգների եւ ապա, 2003-ից սկսեալ, Միացեալ Նահանգներից դուրս տարբեր քաղաքներում` միշտ հովանաւորուած միջազգային համբաւ վայելող որեւէ համալսարանի կամ ցեղասպանագիտական կեդրոնի կողմից: 2015-ին համաժողովը Երեւանում գումարելու Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի հրաւէրը ընդունելով, Ցեղասպանագէտների միջազգային ընկերակցութիւնը իր յարգանքն էր մատուցում Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին:
Համագումարի կայացման օրերին, երեւանեան, ինչու չէ նաեւ արտերկրի հայկական լրատուամիջոցները անդրադարձան տեղի ունեցող գիտաժողովի մասին, մանաւանդ` Ամերիկեան համալսարանի մեծ դահլիճում դրա հանդիսաւոր բացման եւ Հայաստանի նախագահի ու բարձրաստիճան ղեկավարութեան ելոյթների մասին: Այս յօդուածի նպատակը այդ գիտաժողովին աւելի ներթափանց հայեացքով նայելն է` պարզելու համար թէ այն ի՛նչ նշանակութիւն ունեցաւ Հայաստանի ու հայ ժողովրդի համար եւ ի՛նչ մնաց մեզ` հայ ցեղասպանագէտներիս:
Ստացուած շուրջ 200 յայտերից 130-ն էին ընդունուել, որ ներկայացուեցին երեք օրուայ զուգահեռ ընթացող նիստերում: Յայտերի ընտրող յանձնախմբին մաս կազմելով կարող եմ ասել, որ իրապէս դժուար էր մերժել շատ հետաքրքիր եւ դիպուկ զեկոյցների առաջարկներ` պարզապէս նիստերի թիւը սահմանափակելու համար: Գիտնականները եկել էին ամէն տեղից, մասնակցելու, լինելու Հայաստանում, գուցէ կեանքում առաջին անգամ շփուելու հայ ժողովրդի հետ, մօտից ծանօթանալու հային մնացած մի փոքրիկ հողի օդին ու ջրին, նրա մշակոյթին ու տեսարժան վայրերին, մօտից հաղորդակցուելու հարիւր տարի առաջ հասցուած ու դեռ մխացող վէրքի ու պարտադրուած զրկանքից բխած հոգեվիճակի, ձգտումների, իղձերի ու պահանջների հետ: Գիտաժողովը հովանաւորող եւ հիւրընկալող Հայոց ցեղասպանութեան թանգարանի ղեկավարութիւնն ու պաշտօնէութիւնը, վերջինս մեծ մասամբ երիտասարդ աղջիկներ, ջանք չէին խնայել այդ հարցում բաւարարելու մասնակիցներին: Տպաւորութիւնը խորն էր բոլորի մօտ: Հայաստանի բնական գրաւչութիւնը, հիւրընկալողների պատրաստակամութիւնը, Հայոց ցեղասպանութեան շուրջ տարաբնոյթ քննարկումներն ու անձնական շփումները իրենց գործն արել էին:
Մեծ էր Ցեղասպանութեան թանգարանի այցելութեան ազդեցութիւնը: Նորակառոյց ցուցասրահները իրենց բազմակի միջոցներով ներկայացրած բովանդակալից նիւթերով շարժել էին ամենասառը գիտնականին անգամ: Իսրայէլից եկած մասնագէտներից մէկը այսպէս արտայայտուեց, երբ հարց տուի իրեն, թէ ի՛նչ էր թանգարանից ստացած իր տպաւորութիւնը. «Ես Եատ Վաշեմ շատ եմ այցելել, բայց երբեք չեմ համարձակուել մտնել ցուցասրահները ու հաղորդակցուել Ողջակիզումի ճնշող ու աներեւակայելիօրէն ահռելի տեսարանների հետ: Այս այցելութիւնը բուժիչ ուժ ունէր ինձ համար: Իմ ֆիզիքական շփումը ձեր ցաւի, ձեր ահաւոր անցեալի հետ ինձ փոխադրեց իմ ժողովրդի եւ ինձ փոխանցուած անցեալը: Հիմա պատրաստ եմ Եատ Վաշեմի փորձառութիւնը ընկալելու»:
Հարցազրոյցներից մէկում մի լրագրող ինձ հարց տուեց, թէ արդեօք Հայոց ցեղասպանութիւնը ուրացող թուրք զեկուցաբերներ չէի՞ն մասնակցում գիտաժողովին: Ո՛չ, ցեղասպանագէտների այս լուրջ համախմբումի մէջ յետին նպատակներ հետապնդողներին տեղ չի տրւում: Յիշենք, որ 1997-ին ընկերակցութիւնը պաշտօնապէս ճանաչեց Հայոց ցեղասպանութիւնը: Դա դիւանագիտական քայլ չէր, այլ ենթադրում էր լուրջ փաստերի եւ գիտական պրպտումների հիման վրայ առնուած որոշում: Թուրքի պատեհապաշտ ուրացումը տեղ չունի այստեղ: Յիշենք նաեւ, որ 2010-ին ընկերակցութիւնը արժանացաւ Հայաստանի նախագահի` Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործում նշանակալի աւանդի համար շնորհուող մրցանակին: Այս բոլորով հանդերձ, գիտաժողովի ծրագրում թուրքի անուն եմ կարդում: Պոլսոյ Պողազիճի համալսարանի պատմութեան բաժնի դոկտորականի ուսանող, որ զուգադիպաբար ելոյթ պիտի ունենայ իմ ղեկավարելիք նիստում եւ պիտի խօսի Ֆեթիհէ Չեթինի «Մեծ մայրս» գրքի մասին, թէ ինչպէս թրքացած մեծ մայրը` թուրքի տան մէջ հայկական խոհանոցը պարտադրելով, իր ժառանգած ազգային մշակոյթի շարունակականութիւնն էր ապահովում:
Որոշեցի նախապէս հանդիպել նրան: Ուրեմն, նիւթի ընտրութիւնը պատահական չէր: Ինքն էլ Ֆեթիհէ Չեթինի ճակատագիրն ունէր: Նրա մեծ մօր մայրը հայ էր եղել: Այդ մասին նա իմացել էր վեց տարի առաջ միայն եւ երբ բողոքել էր, թէ ինչո՛ւ իրեն չէին խօսել այդ մասին, մայրը անտարբերութեամբ պատասխանել էր. «Բայց դա շատ սովորական բան է, այստեղ` Ունիէում, հինգ ընտանիքից չորսը հայ արմատ ունի»: Հետաքրքիր էր, թէ այդ երիտասարդ թուրք գիտնականը ինչ բացատրութիւն էր տալիս. «Մեծ մօրս մայրը Մարի անունով հայ կին էր, որ մեծ հայրիկիս հօր հետ ամուսնանալով Զելիհա անունը ընդունեց…»:
Յատկանշական էր մեծ թուով երիտասարդ գիտնականների մասնակցութիւնը: Յիրաւի, այս 21-ամեայ կազմակերպութեան թէ՛ ղեկավարութեան եւ թէ անդամների մէջ սերնդափոխութիւն է տեղի ունեցել: Կազմակերպութիւնը երիտասարդացել է, ընդլայնուել է նաեւ նրա ընդգրկած դաշտը` ներառելով աշխարհի ամէն մի անկիւնում տեղի ունեցած եւ ունեցող ցեղասպանական կամ մարդու իրաւունքների կոպիտ խախտման գործողութիւնների քննարկում: Համաժողովի ընդհանուր թեմա էր ընտրուած ցեղասպանութիւնների բաղդատական ուսումնասիրութիւն, «20-րդ դարի ցեղասպանութիւնների համեմատական վերլուծութիւն» վերնագրով, ընդ որում շատերի մօտ մղում էր առաջացել իրենց մասնագիտական դաշտում ընդգրկելու Հայոց ցեղասպանութիւնը իր զանազան երեսներով, որպէս համեմատութեան եզր, որպէս ձեւանմուշ` դրանով եւ աւելի ու աւելի հարստացնելով Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութեան ոլորտը:
Ներկայացուած նիւթերը շատ տարաբնոյթ էին` Հրէական Ողջակիզման, Քամպոտիայի, Ռուանտայի, Օսմանեան կայսրութիւնում յոյների, ասորիների եւ եզիտիների, Պոսնիայի, Նիճերիայի, Խորհրդային Միութեան, Չինաստանի, Ամերիկայի եւ Աւստրալիայի բնիկների, Տարֆուրի եւ այլ ցեղասպանական արարքների պատմութիւնից մինչեւ ցեղասպանութեան գաղափարախօսութիւն եւ տնտեսութիւն, ուրացման քաղաքականութիւն, ցեղասպանութեան գեղարուեստական արտայայտութիւն, նախատեսում եւ կանխարգիլում, կրօնի, արհեստագիտութեան եւ ազգայնամոլութեան դերակատարութիւն, սովորական մարդկանց եւ ամբողջ ժողովրդի մասնակցութիւն, ցեղասպան ոճրագործների եւ դրանց սերունդների հոգեբանութեան ուսումնասիրութիւն, ծինային իւրայատկութիւն, դասաւանդման կարեւորութիւն, յիշողութեան շարունակականութիւն, յիշատակումներ, ոգեկոչում եւ յուշակոթողներ, ազգային փոքրամասնութիւնների իրաւունքների ոտնահարում իբրեւ նախաքայլ ցեղասպանութեան, միջազգային արդարութեան սահմանափակ կարողութիւնը յանցագործներին դատելու, եւ այսպէս` ցեղասպանութեան բարդ յղացքը բացող ու տարրալուծող քննարկումներ:
Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողները բաւական մեծ թուով մասնակցում էին գիտաժողովին: Հաւատացած եմ, որ Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութեան նոր ուղիներ բացուեցին նրանց առջեւ: Հաւատացած եմ, որ այս գիտաժողովը նրանց պիտի ընձեռի աւելի լայն ճանաչողութիւն ցեղասպանագիտութեան ասպարէզում` Հայոց ցեղասպանութիւնը կարողանալ տեսնելու համար համամարդկային պարունակի մէջ, մարդկութեան անցեալի, ներկայի եւ ապագայի հետ շաղկապուած: Ասպարէզը նոր է Հայաստանում, ու նման շփումներ կարեւոր են Հայոց ցեղասպանութիւնը միջազգային բեմերի կենտրոնում եւ համաշխարհային ցեղասպանագիտութեան որպէս հիմնաքար հաստատելու տեսակէտից: Ի հարկէ, դա կարիք ունի Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութեամբ զբաղուողներիս յարաճուն աշխատանքին: Ընկերակցութեան հայ եւ օտար, մանաւանդ` հրեայ մասնագէտները հիմքը դրել են այդ ընթացքի: Երիտասարդ ցեղասպանագէտներին է մնում շարունակել այդ ընթացքը` ամենայն լրջութեամբ: