ՎԱԶՐԻԿ ՊԱԶԻԼ
«Թէ ի՞նչը մեզի ուժ տուաւ որ ապրինք, որ շարունակենք ապրիլ: Թերեւս սէրը, սէրը ընտանիքի հանդէպ` անոնց, զորս կորսնցուցինք, անոնց, որոնք մնացին»: Այս խօսքերով աւարտում է Խորէն Մարկոսեանը իր յուշերը Մեծ եղեռնի վերաբերեալ, որը վեցը ուրիշ վերապրողների յուշերի հետ միատեղ այս տարի հրատարակուեց գերմաներէն թարգմանութեամբ` «Verlust und Vermächtnis. Überlebende des Genozids an den Armeniern erinnern sich» («Կորուստ ու կտակ. Հայոց ցեղասպանութեան վերապրողները յիշած են»):
Հրատարակիչները` Միհրան Տապաղ ու Քրիստին Պլատ Պոխումը Րուհր համալսարանի «Սփիւռքի եւ ցեղասպանութեան հետազօտութեան հաստատութեան» տնօրէնն ու գիտաշխատուհին են, որոնք 1989-էն մինչեւ 1996 ընդհանուր 140 ինքնակենսագրական բնոյթ կրող հարցազրոյցներ են վարել զանազան վերապրողների հետ: 388 էջից բաղկացած այս բարձրորակ հրատարակութիւնը վերապրողների յուշերից բացի պարունակում է պատմական ակնարկներ 1915-ի շուրջ: Հատորի աւարտին տեղադրուած «Յաւելուածը»` մեծ խղճմտանքով ու բծախնդրութեամբ պատրաստուած, այբբենական կարգով բացատրում է Եղեռնին առնչուող անձերի (օրինակ` «Մուրատ Սեբաստացի» կամ «Շահինեան ընտանիք»), վայրերի (օրինակ` «Ռաքքա» կամ «Ռաս ուլ Ային») եւ եղելութիւնների (օրինակ` «Թուրք-յունական պատերազմ» կամ «Ուրֆայի ապստամբութիւնը») անունները:
Հատորի նախաբանում հրատարակիչները ստորագծում են, որ այս երկը չի միտում ապացուցել Աղէտի պատմական եղելութիւնը, այլ ցանկանում է վերապրողների եզակի փորձառութեանը ձայն ու տեղ տալ: Պատումը պատմութեան մուտքն է եւ յուշապատմողը` յուշարարը եկող յուշակիրների:
«Կորուստ ու կտակ. Հայոց ցեղասպանութեան վերապրողները յիշում են հրատարակիչներ` Տապաղ, Միհրան եւ Պլատ Քրիստին. փաթլորբորն Ֆերտինատ Շիոնիգ, 2015»: