ՀԵՐՄԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Պատերազմը շատերից է շատ բան խլել, սակայն ոմանք մնացել են իրենց գործին ու ոգուն հաւատարիմ` չճկուելով պատերազմի թողած վէրքերից ու մրմուռից: Պատերազմի վէրքերը նրանք կրելու են իրենց ողջ կեանքում: Այդ վէրքերը երբեմն մրմռում են, բայց երբ մարդը շրջապատուած է լինում սիրով ու հոգատարութեամբ, երբ զգում է, որ իր կատարածն արժեւորուած է, որ իր անունը շատերին ոգի ու հպարտութիւն է հաղորդում, մոռանում է վէրքերի մասին, զգում է հաճելի մի թեթեւութիւն, որպիսին զգում ես այն ժամանակ, երբ գիտակցում ես, որ ճիշդ ես գործել, ճիշդ ես ապրել քեզ բաժին հասած կեանքը…
Արցախեան պատերազմին մասնակից կանայք իրենց արիութեամբ ցոյց տուեցին, որ` պատերազմը լոկ տղամարդու գործ չէ, որ կինն էլ կարող է իր նուրբ ուսերին զէնք բարձրացնել ու մարտադաշտում տղամարդուց ոչ պակաս զինուոր լինել: Կինն էլ կարող է պատերազմում վէրք ստանալ ու նորից ոտքի կանգնել, նորից մարտի նետուել, չընկճուել…

«Երբեք չեմ մտածել ամուսնանալու եւ ընտանիք կազմելու մասին: Հայրենիքի փրկութիւնից զատ ոչինչ չկար ուղեղումս: Ժամանակ էլ չկար դրա մասին մտածելու, թշնամին չէր սպասում…», խոստովանում է արցախեան պատերազմի գործօն մասնակից Կարինէ Դանիէլեանը, ով այսօր Արցախի ազատագրման մարտական գործողութիւններին մասնակցած եւ առաջին կարգի հաշմանդամութիւն ունեցող միակ արցախցի կին ազատամարտիկն է: «Պատերազմին իմ մասնակցութեան մասին խօսել չեմ սիրում, բայց հիմա հեքիաթները շատացել են, ոմանք, որ պատերազմի ժամանակ այս կամ այն տաքուկ անկիւններում ծուարած-թաքնուած էին, այսօր իրենց են վերագրում այնպիսի հերոսական դրուագներ, որոնք ծիծաղելի ու զաւեշտալի են թւում մեզ` նրանց ճանաչողներիս համար… այդպէս չի կարելի, սերունդներին խաբել չի կարելի…», ասում է նա:
Կարինէն ծնուել է Շուշիում, 1962 թուականին, մասնագիտութեամբ տնտեսագէտ է: Մինչեւ արցախեան շարժումը աշխատում էր Փեաթիկորսքում: Ծնողները Շուշիում էին ապրում: Պատմում է, որ այդ տարիներին հօրը մի խումբ թուրք երիտասարդներ դաժանօրէն ծեծել են, եւ ծեծի պատճառով հայրը զրկուել է աչքերի լոյսից: Բանն այն էր, որ հայրն աշխատում էր փոստում, թուրքերէնից, պէտք եղած դէպքում, ուղարկելիք հեռագրերը թարգմանում էր ռուսերէն: Երբ Արցախում դեռ նոր էին սկիզբ առնում խմորումները, թուրքերի կողմից Մոսկուա ուղարկուող հեռագրերում գրւում էր, որ հայերն իրենք են բախումներ հրահրում, նախայարձակ դառնում: Հայրն այդ հեռագրերը թարգմանում էր` թաքուն փոխելով բովանդակութիւնը` փոխարէնը նշելով ազրպէյճանցիների բռնաճնշումների մասին: Այդ հասկանալով` թուրքերը մի օր նրան գիշերով կանչում են եւ այդ օրը ճակատագրական է լինում նրա համար` ծեծի հետեւանքով կորցնում է պատճառով:
Երբ Փեաթիկորսքում Կարինէն պատահական իմանում է, որ հայրը կուրացել է, վերադառնում է, սակայն բոլորը նրանից թաքցնում են հօր հետ կատարուած դէպքը եւ տարիներ յետոյ է միայն իմանում թուրքերի կատարածի մասին: Ծեծից յետոյ հայրը երկար չի դիմանում, յանկարծամահ է լինում: Կարինէն չի ցանկանում մօրը մենակ թողնել եւ այլեւս չի վերադառնում Փեաթիկորսք:

Երբ սկիզբ առաւ արցախեան շարժումը, Կարինէն տրուեց շարժմանը. շատերի հետ իրականացնում էր ընդյատակեայ աշխատանքներ: Գիտակցելով, որ պատերազմն անխուսափելի է, մի օր մօրն ասում է. «Երբ պատերազմը սկսուի, ես էլ պիտի զինուորագրուեմ, չեմ կարող տանը նստել»: Մօր թախանձանքներին Կարինէն չի զիջում, որոշել էր…սկզբում նա զբաղւում էր զէնք-զինամթերքի գաղտնի տեղափոխմամբ: Տղերքը նրան յարգում ու սիրում էին` որպէս քրոջ, սակայն չէին ցանկանում, որ նա ռազմադաշտ մեկնէր: «Շատ տեղեր դիմեցի զինուորագրուելու համար, սակայն անընդհատ մերժում էին: Դիմեցի Աշոտ-Բեկորին, սակայն չընդունեց: Այսօրուայ պէս յիշում եմ նրա խօսքերը` ջահել աղջիկ ես, ամուսնացիր, ընտանիք կազմիր, ի՞նչ գործ ունես կռուի դաշտում… սակայն իմ որոշումը որոշում էր ու այն իրագործելուց ետ չէի նահանջում», ասում է Կարինէն: «Երբ Շուշին ազատագրուեց, էլ չդիմացաւ,- լրացնում է մայրը` Ռիմա տատիկը,- ասաց` մա՛մ, վե՛րջ, էլ տանը չեմ գիշերի, այսօրուանից իմ տունը զօրանոցն է, ինձ չսպասես…»: Այդպէս էլ եղաւ. Կարինէին ընդունեցին 8-րդ վաշտը, միանգամից հմտացաւ զէնքին: Բոլորը զարմացած էին: «Մի օր մի «Կամազ» եկաւ, կանայք էին մէջը, նրանք էլ էին եկել զինուորագրուելու: Տարբեր տարիքի էին: Ոմանք որպէս զինուոր, ոմանք որպէս բուժքոյր, ոմանք էլ որպէս խոհարար անդամագրուեցին վաշտին: Վարդուհի, Գայեանէ, Արեգա, Եւկենիա, Անահիտներ, Մարգարիտաներ… Կանայք բոլորն էլ պատրաստակամ էին, գիտէին, որ պատերազմում «Չամիչէ չեն բաժանում», ժպտում է:
Կարինէն մասնակցել է Մարտակերտի, Հատրութի, Քաշաթաղի, Շուշիի շրջանների պաշտպանական ու ազատագրական մարտերին: Տղամարդկանց հաւասար կռւում էր, երբ պէտք էր, նաեւ բուժքոյրութիւն էր անում իր իմացածի չափով: Կանանց ներկայութիւնը ռազմադաշտում ոգի էր հաղորդում տղամարդկանց, աւելի զգօն ու զգաստ էին դառնում, նաեւ հեռուից միշտ աչքի պոչով հետեւում էին նրանց, թէեւ կանայք չէին նկատում դա: «Մեր վաշտը շատ կորուստներ է տուել, շատ ընկերներ եմ կորցրել, թէժ մարտեր շատ են եղել, չեմ ուզում եւ չեմ կարող շատ բան պատմել, ինձ համար դժուար է դա: Պատերազմում յապաղելու, մտածելու ժամանակ չի լինում, աչքերդ էլ միշտ պէտք է բաց լինեն, ականջներդ` սուր», ասում է նա: Հարցնում եմ. «Արդեօք պատերազմը չի՞ աւերում կնոջ հոգեբանութիւնը»:

Մի քանի րոպէ լռում է եւ պատմում սրտառուչ մի դէպք . «Առաջին զոհը, որ տեսայ, 18-ը դեռ չբոլորած տղայ էր, Հայաստանից էր որպէս կամաւոր եկել, տղերքը նրան «ճուտ» էին կոչում: Բոլորից առաջ էր վազում, ահ ու վախ չունէր: Մի օր խրամատում նրա հետ կարճ զրոյց ունեցայ: Նա ինձ «մօրքուր» կոչեց, ես ծիծաղեցի ու ասացի, որ ընդամէնը 30 տարեկան եմ: Նա կարմրեց ու ասաց, որ այսուհետ ինձ «քոյրիկ» կը կոչի: Քահ-քահ ծիծաղում էինք, մէկ էլ նա լռեց: Կանչեցի` չպատասխանեց: Մօտեցայ, թափահարեցի… արդէն չկար, կոկորդից էր խոցուել…անասելի ցաւ զգացի` ուղեղս ու սիրտս մթագնեց, զգացի ինչպէս ամբողջ մարմնովս ինչ-որ անբացատրելի մի բան անցաւ, թափանցեց երակներս: Դա երեւի վրէժի զգացումն էր,- պատմում է Կարինէն եւ աւելացնում,- գուցէ՞ ես պիտի խոցուէի նրա փոխարէն: Այդ օրն ինքս ինձ ասացի` շանորդինե՛ր, եթէ ձեզ համար հեշտ է խոցելը, այսուհետ ինձ համար էլ հեշտ կը լինի…»
Պաշարաթ գիւղի ահեղ մարտերն էին: Կանայք տղամարդկանց հաւասար կռւում էին: Զոհերն ու վիրաւորները շատ էին: Կարինէն ե՛ւ զինուոր էր, ե՛ւ բուժքոյր: «Չէի հասցնում մէկին վիրակապել, միւսին էին բերում: Յիշում եմ` ոտքից վիրաւոր զինուոր բերեցին, վիրակապեցի: Վիրաւորը ժպիտով հարցրեց` կ՛ապրե՞մ, պատասխանեցի` բժիշկ չեմ, բայց ինձ թւում է հարսանիքիդ մի լաւ կը պարես էդ ոտքով… Երբ վիրաւորին տարան, այլեւս չեմ յիշում` ի՛նչ եղաւ: Ամէն ինչ սեւացաւ, պայթիւնից սկզբում խլացայ, յետոյ շուրջս մթնեց միանգամից: Էլ չգիտեմ` ի՛նչ եղաւ, ինչքան ժամանակ անցաւ: Գիտէին, թէ մահացել եմ, բայց պարզուեց` Աստուած որոշել էր ինձ խնայել…երբ աչքերս բացեցի, Երեւանում էի, հիւանդանոցում: Տեղս չէի գտնում, սկզբում մտածեցի` պատանդ եմ ընկել թուրքերի ձեռքը, յետոյ լսեցի հայերէն խօսակցութիւններ, լսողութիւնս լարեցի, հասկացայ, որ հայեր են շուրջս, ես էլ, պարզւում է, ողջ եմ մնացել»:
Մարմինը եօթ տեղից վիրաւորուել էր` ոտից գլուխ: Ամենասարսափելին գլուխն էր:
«Ես հաւատում էի, որ աղջիկս կը փրկուի, ես գիտէի, որ նա ոտքի կը կանգնի,- կողքից ասում է տիկին Ռիման եւ շարունակում,- նրա մարտական ընկերուհիներն ինձ սիրտ էին տալիս, նրանք էլ հաւատացած էին, որ Կարինէն պարտուողներից չէ, նա անգամ մահուան ուրուականին կը յաղթի…»: Ու Կարինէն ապրեց…
Այսօր Կարինէ Դանիէլեանն ապրում է Շուշիի իր հայրական տանը` քաղաքի բնակելի շէնքերից մէկի երրորդ յարկում: Նրան խնամում է մայրը` 80 տարեկան Ռիմա տատիկը: Տեղաշարժուելու հարցում եւս մայրն է օգնում: Ամէն անգամ երրորդ յարկից բակ իջնելը նրա համար դժուարութիւն է, մօր հետ իրար օգնելով` երբեմն իջնում-բարձրանում է: Ռիմա տատին շատ է չարչարւում, բայց չի տրտնջում, աւելի՛ն, ինձ հետ զրոյցի ժամանակ նա ձեռքիցս բռնում ու աղջկայ սենեակն է տանում. «Տես, թէ ի՛նչ ձեռագործ աշխատանքներ ունի, պարապ չի նստում, անընդհատ գործում է», ասում է ու ցոյց տալիս Կարինէի գործուածքները: «Ինքս ինձ համար եմ գործում,- նկատում է Կարինէն,- սիրում եմ գործել ու նուիրել»:

Այնուհետեւ մայրը հպարտ ու բարի հայեացքով ցոյց է տալիս աղջկայ շքանշանները:
Կարինէն ստանում է 91.000 դրամ նպաստ, սակայն դժգոհողներից չէ, միայն մէկ խնդիր է նրան յուզում` բնակարանի հետ կապուած խնդիրը: «Ուժերս չեն ներում աստիճաններով ամէն անգամ բարձրանալ ու իջնել, եթէ սեփական տան ապրէի, կը հեշտանար գործս, մօրս էլ այսքան չէի չարչարի…բազմիցս դիմել եմ սեփական տուն ստանալու հարցով, բայց անպատասխան են մնացել նամակներս կամ էլ մերժուել են…»:
«Ես ինձ հերոս երբեք չեմ կոչել, իմ արածն ինձ համար միշտ էլ չնչին է եղել: Սերունդներն են գնահատական տալու մեր կատարածին…իրական հերոսներ դեռ շատ կան, որոնց գործն ու անունները արխիւներում են մնացել, պէտք է բացայայտել ու խօսել իրական հերոսների մասին. պատմութիւնը մեզ չի ների…», ասում է կին ազատամարտիկը:
«Ապառաժ»


