ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆԵԱՆ
Վերջին շրջանում Հայաստանում տեղի են ունենում ուշագրաւ դէպքեր, որոնք նոյնպէս հետաքրքրեցին սփիւռքին, մասնաւորապէս` երիտասարդութեան: «Ոչ թալան»-ին նախաձեռնութեան անդամ Մաքսիմ Սարգսեան յայտնեց իր սկզբունքը, թէ կը վարուեն այնպէս, ինչպէս ոստիկանութիւնը վարուեց իրանց հետ Բաղրամեան պողոտայի վրայ, բառացի` «մեզ ջրեցին, մենք էլ նրանց կը ջրենք»:
Իմ կարծիքով, սա չափազանց վտանգաւոր կեցուածք է. սա նշանակում է, թէ կիրառուելու է գործողութիւն աստուածաշնչական ասացուածքի հիման վրայ` «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»: Աւելի յստակութիւն մտցնելու համար նշեմ մի երեւոյթ, եւ ընթերցողը կը նշմարի վտանգը:
Մի րոպէ մտորենք, թէ իբր ոստիկանութիւնը վտանգ է տեսնում հաւաքուածներից մի մասի զինեալ լինելու փաստի մէջ եւ իրաւասութիւն է ձեռք բերում օգտագործելու մահաբեր զէնք, ու երիտասարդներից ոմանց պատկերացմամբ իրենք էլ պէտք է որ հակադարձեն, եւ այսպիսով Հայաստանում սկիզբ դրուի քաղաքացիական պատերազմի:
Ինչքան էլ իրականութիւնից հեռու լինի զինուած հասարակութեան երեւոյթը, սակայն դա առաջ եկաւ Ռուսաստանի բարձրացրած ահազանգերի հիման վրայ: Ռուսաստանն ի հարկէ ունէր անհանգստանալու հիմքեր, երբ Հայաստանում ծաղկում է հակափութինականութիւնը որոշ ուժերի եւ անհատների կողմից, որոնք մեղադրում են Ռուսաստանին` Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար եւ Հայաստանի ապագան տեսնում են ոչ թէ Արեւելքում, այլ` արեւմտեան-ամերիկեան ճամբարում: Աւելի՛ն. գիւմրեցի գործիչ Լեւոն Բարսեղեանն «Ազատութիւն» ձայնասփիւռի կայանի տեսախցիկից յայտարարեց, որ կը զինեն շարժումը «ոստիկանութեան շեֆի»` Փութինի դէմ, եթէ անհրաժեշտութիւն լինի: Նոյնպէս, քաղաքական գործիչ Դաւիթ Շահնազարեանը մեղադրեց ռուսական գաղտնի գործակալութիւնը Հայաստանի ելեկտրական ցանցեր ընկերութեան պարտքերի կուտակման համար:
Միւս կողմից, Միացեալ Նահանգները մտահոգութիւն յայտնեցին Հայաստանում մարդու իրաւունքների, իրաւական համակարգի, փտածութեան եւ նախագահական ընտրութեան մեքանիզմի ոչ թափանցիկ լինելու շուրջ: Առաջ դրուեց ամերիկեան ռէալ փոլիթիք գործելաոճը եւ մոռացութեան մատնուեցին նախկինում «ազատ եւ արդար» նկատուած հայաստանեան նախագահական ընտրութիւնները:
Միացեալ Նահանգների նոր քաղաքականութիւնը, որը շատեր կոչում են սկիզբ «նոր սառը պատերազմի, պահանջում է մխրճուել իւրաքանչիւր վայր, որտեղ ներկայ են հակառակորդի շահերը, եւ այսպիսով Միացեալ Նահանգները ցանկանում են եւ աշխատում են հակակշիռ ստեղծել Ռուսաստանի դաշնակից Հայաստանի քաղաքականութեան մէջ: Սակայն հարկ է նշել, որ այս մարտավարութիւնը դժուար թէ յաջողութեան հասնի եւ վերածուի գունաւոր յեղափոխութեան, այն պատճառով, որ մեր պատմութեան ընթացքին եւ հայ ժողովրդի գիտակցութեան մէջ ռուսը դիտուել է որպէս մեծ եղբայր, մեր սահմանները պաշտպանող` անկախ ցարական հալածանքներից եւ համայնավարական զտումից: Այսպիսով, եթէ ծաղկում է հակափութինականութիւնը, հակառուսականութիւնը իրականութիւնից դուրս է, ինչքան էլ Միացեալ Նահանգները յայտարարութիւններ տարածեն Ղարաբաղի հարցում նրա դրական ազդակների մասին, մասնաւորապէս ինչ վերաբերւում է նիւթական օժանդակութեան:
Այս ամբողջի իմաստը դրանում չի, որ երիտասարդները ծառայում են այս կամ այն ուժին, այլ` նախազգուշացում, թէ ի՛նչ հետեւանքներ կարող են լինել անուշադիր լինելու պարագայում:
Իսկ ինչ վերաբերւում է բուն ելեկտրականութեան գնի բարձրացման դէմ պայքարի շարժման, այժմ երիտասարդները սպասում են կառավարութեան` չեղեալ յայտարարելու գնի բարձրացման որոշումը, իսկ իշխանութիւնն զբաղուած է ամբոխավարական յայտարարութիւններ անելով` նպատակ ունենալով երկարաձգել հարցը, մինչեւ ինքնըստինքեան մեղմանայ եւ մոռացուի:
Հարկ է նշել, որ իշխանութիւնների վիճակը շատ աւելի վատթար է, քան` ցուցարարներինը: Իշխանութիւնները զուրկ են որեւէ տրամաբանական պատասխան տալուց, նրանք յենուած են հաշուեքննութիւն կատարելու սկզբունքի վրայ, որը պահանջում է երկար ժամանակ եւ նիւթական ծախսեր, իսկ ցուցարարներն արդէն անցել են շանթաժի լեզուին ու յայտարարում, որ պահանջելու են նախագահ Սերժ Սարգսեանի հրաժարականը, եթէ գոհացուցիչ պատասխան չտրուի իրենց պահանջին: «Ոչ թալանին» նախաձեռնութեան երիտասարդները սկզբից գիտակցում էին, որ հարցը քաղաքական երանգներ ունի, եւ իսկապէս` Հայաստանում որեւէ խնդիր սխալ կը լինի դիտարկել իբրեւ զուտ քաղաքացիական, որովհետեւ դժբախտաբար Հայաստանում մուրճն էլ, մեխն էլ գտնւում են Հայաստանի Հանրապետական կուսակցութեան գլխաւորած իշխանութեան ձեռքում:
Սփիւռքահայ ընթերցողը պէտք է իմանայ, որ սա արտաքին ուժերի, հասարակական խնդիրներից առաջացած տեսարան, մարտահրաւէր չէ միայն, այլեւ արդիւնք կառավարութեան վերջին տարիների ոչ խոհեմ քաղաքականութեան (երթուղային փոխադրամիջոցների սակի 50 դրամով թանկացման դէմ պայքար եւ վարորդների բողոքի երթ, Մաշտոցի պուրակի պահպանման համար պայքար եւ այս` ելեկտրականութեան սակերի բարձրացման դէմ շարժում): Օղակը նեղանում է իշխանութեան շուրջ, եւ անսպասելի իրադարձութիւններ կարող են տեղի ունենալ Հայաստանում, եթէ իշխանութիւնները շարունակեն անտարբեր մնալ հասարակութեան լայն շերտերի պահանջների նկատմամբ:
Հայաստանում այսօր առկայ է քաղաքական եւ տնտեսական անորոշութիւն, անվստահութիւն` իշխանութիւնների նկատմամբ, եւ ամենակարեւորը` ատելութիւն իշխանութեան վերին ատեանների պաշտօնատարների մերձաւորների նկատմամբ, որոնք մխրճուել են ստուերային տնտեսութեան մէջ: Երկրում լարուած վիճակը հմտօրէն քողարկւում է սփիւռքահայերից եւ օտար պաշտօնեաներից, ամէն ինչ ցոյց է տրւում արագ զարգացող երկրի այն սկզբունքով, թէ իւրաքանչիւր երկիր ունի իր ուրոյն խնդիրները եւ ժամանակ է հարկաւոր դրանք լուծելու համար: Սակայն գետնի վրայ տեսարանը տարբեր է. բաւարար է ցոյց տանք փլատակ շէնքի առաջի յարկում նորոգուած սրահը…
Ժողովրդի համբերութեան բաժակը լցուել է, եւ իշխանութիւնները սահմանադրութեան փոփոխութեան համար այդ ներուժը չեն ունենալու, քանի դեռ ելեկտրականութեան գնի հարցը չի լուծուել ի շահ ժողովրդի: Նայելով աւելի հեռուն` վերոնշեալ խնդիրների չլուծուած մնալը կամ գեղեցկագիտական լուծումը բերելու է մի աւելի վտանգաւոր իրադարձութեան, այն է` ազգի պառակտումը հայաստանցի-ղարաբաղցի հասկացողութեան ներքոյ: Այսօր գաղտնիք չէ, որ Հայաստանում բանակայիններն են իշխում, եւ բարձր պաշտօններում ղարաբաղցիներ են: Մինչ օրս այդ երեւոյթը դրական էր դիտուել այն հանգամանքով, որ ղարաբաղցիները հմուտ զինուորականներ են եւ հողի համար կռւում են եւ ոչ թէ լքում: Հիմա ստուերային տնտեսութեան բաշխումը լինում է ոչ թէ ղարաբաղցիների միջեւ, այլ` ղարաբաղցիների հաւաստմամբ: Ժողովուրդը տեղեակ է այս երեւոյթից, եւ ատելութեան սերմերը աճում են:
Բանակի հարցում նոյնպէս, արդէն աւանդոյթ դարձած պաշտպանութեան նախարար-նախագահ ձեւաչափը նոյնպէս բողոքի ալիք է բարձրացնում հայաստանցիների շարքերում: Սակայն ամբողջ խնդիրը Հայաստանի Հանրապետական կուսակցութեան իշխած ժամանակի անարդիւնաւէտութեան հետեւանք է. չլինէր այսպիսի իշխանութիւն, չէր լինի ոչ մի պառակտման նշոյլ ազգի ներկայացուցիչների միջեւ:
Հայաստանում ընդհանուր առմամբ լարուածութիւնը հնարաւոր է հանգստանայ, երբ իշխանութիւնները ընկալեն քաղաքացիների պահանջը, իսկ ցուցարարները բաւարարուած` վայր դնեն դրօշները եւ կեանքը շարունակուի իր բնական հունով: Սակայն իրավիճակը ցոյց է տալիս, որ մեզ թէժ ամառ է սպասում եւ երիտասարդները հանգստանալու նպատակ չունեն, մինչեւ սեղանին չդրուի իրենց պահանջների լուծումը:
Իշխանութիւններն ունեն խաղաղ լուծման երկու տարբերակ.
1.- Պահանջների իրականացում
2.- Ամբողջական իշխանափոխութիւն
Պահանջները չիրականացնելու պարագային, թշնամանքը իշխանութիւնների նկատմամբ տարածուելու է, եւ հաւանական է լինի 1988-ի ցոյցերի բազմութիւնը: Ժողովուրդը աւելի մեծ հոսքերով հաւաքուելու եւ պահանջելու է իրական, շօշափելի փոփոխութիւն: