ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Ինչպէս յայտնի է, անցած ողջ շաբաթուայ ընթացքում ԼՂՀ-ում էր համաշխարհային յայտնի ռուսական օփերային երգչուհի Լիւպով Քազարնովսքայան, ով այստեղ անցած Պատանի երաժիշտների «Տնջրէ» 4-րդ միջազգային փառատօնի շրջանակներում վարպետութեան դասեր է անցկացրել Արցախից, Հայաստանից եւ Ռուսաստանից տաղանդաւոր վոքալիսթների համար:
Շաբաթը հանրապետութիւնում անցաւ դասական երաժշտութեան նշանաբանի ներքոյ, որի հետ հաղորդակցութեան բերկրանքն արցախցիներին պատճառեցին գրեթէ տասնեակ արտասահմանեան երկրների ներկայացուցիչներ, ովքեր ունկնդիրներին գերեցին իրենց հիասքանչ արուեստով:
«Տնջրէ» փառատօնն իրաւամբ դարձաւ մեծ կարեւորութեան երաժշտական իրադարձութիւն, քանզի արդէն չորրորդ անգամ է աշխարհին ցուցադրում արցախցիների սրտաբաց ու սիրալիր լինելը, արարելու, միւս ժողովուրդների հետ մշակութային երկխօսութիւն զարգացնելու նրանց անսահման ցանկութիւնը: Եւ պէտք է ասել` Արցախին յաջողւում է ընդհանուր լեզու գտնել աշխարհի շատ երկրների, բայց… միայն թէ ո՛չ Ազրպէյճանի հետ, եւ ո՛չ իր մեղքով: Վերջինիս վերաբերմունքն Արցախի հանդէպ յայտնի է. այն բնորոշւում է մէկ բառով` ատելութիւն:
Աւելի որոշակի: Լիւպով Քազարնովսքայայի` ԼՂՀ կատարած այցը ու նրա անցկացրած վարպետաց դասերը, բնականաբար, առնչութիւն ունեն զուտ մշակութային ոլորտի հետ եւ չափազանց հեռու են քաղաքականութիւնից: Սակայն Ազրպէյճանի իշխանութիւններին, որոնք արդէն վաղուց կորցրել են իրողութիւնը համարժէք ընկալելու կարողութիւնը, յաջողուեց քաղաքականացնել այդ խիստ մշակութային իրադարձութիւնն անգամ: Այցի ծրագրի համաձայն, Լիւպով Քազարնովսքայան յուլիսի 6-ին մեկնեց ԼՂՀ-ից եւ հէնց նոյն օրն էլ Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարութեան կողմից ներառուեց անցանկալի անձանց ցուցակում, անձանց, որոնց արգելւում է մուտք գործել այդ երկիր:
Այդ ի՞նչ սպառնալիք տեսաւ իր համար պաշտօնական Պաքուն համաշխարհային օփերային աստղի գործողութիւններում եւ ի՞նչ է նրան մեղսագրում: «Ռուսական օփերային երգչուհի Լիւպով Քազարնովսքայան, խախտելով «Ազրպէյճանի պետական սահմանի մասին» օրէնքը, ապօրինի այց է կատարել չճանաչուած Լեռնային Ղարաբաղի տարածք», յայտարարել է Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարութեան մամլոյ քարտուղարը: Որպէս տեղեկութիւն` նշենք, որ Ազրպէյճանում առաջին տարին չէ, որ գոյութիւն ունի «սեւ ցուցակ», ուր մտցւում են արտասահմանցի քաղաքացիներ, ովքեր ԼՂՀ են այցելել… առանց պաշտօնական Պաքուի հետ համաձայնութեան, եւ այսօր այդ ցուցակում «գրանցուած են» շուրջ 400 անձինք: Իրավիճակի զաւեշտականութիւնը, որի մէջ յայտնուել է Ազրպէյճանը, այն է, որ, ինչպէս մենք բազմիցս նշել ենք անցեալում, միայն ու միայն ղարաբաղեան իշխանութիւնների իրաւասութեանն է պատկանում առանձնաշնորհը` որոշելու, թէ ով կարող է կամ չի կարող այցելել ԼՂՀ: Որպէս ասուածի համոզիչ օրինակ` բերենք հետեւեալ փաստը. հակառակ Ազրպէյճանի` Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ զեկուցող Ռոբերտ Ուոլթերի Արցախ այցին հասնելու ջանքերին, Պաքուին դա չի յաջողւում այն պարզ պատճառով, որ բրիտանացի եւրախորհրդարանականի` ակնյայտօրէն վարձուած լինելու պատճառով պաշտօնական Ստեփանակերտն իր թոյլտուութիւնը չի տալիս:
Այլ խօսքով, Ազրպէյճանի իշխանութիւնների թոյլտուութիւնը պարզապէս ձեւականութիւն է, որը կարող է ծառայել միայն պաշտօնական Պաքուի չարդարացուած յաւակնութիւնների ինքնաբաւարարմանը:
Դառնանք, սակայն, Լիւպով Քազարնովսքայայի պատմութեանը, աւելի ճիշդ` Ազրպէյճանի գործողութիւնների վերաբերեալ նրա արձագանգին: Ստեփանակերտում պատասխանելով այն հարցին, թէ ինչպէ՞ս է ինքը վերաբերւում այն բանին, որ կարող է յայտնուել Ազրպէյճանի «սեւ ցուցակ»-ում, Լիւպով Իւրեւնան առաւելագոյնս անկեղծ էր. «Ճիշդն ասած, դա ինձ չի յուզում»: Ընդ որում, նա չկարողացաւ թաքցնել իր զարմանքը, որ խաղաղութեան, սիրոյ, ստեղծարար աշխատանքի կոչելու համար մարդիկ յայտնւում են «սեւ ցուցակ»-ներում: Թէեւ Արցախում մենք վաղուց արդէն չենք զարմանում Պաքուի իշխանութիւնների` ողջամիտ տրամաբանութեան սահմաններում չտեղաւորուող գործողութիւններից:
Ի հարկէ, Ազրպէյճանի ղեկավարութիւնը, յամառօրէն պնդելով Արցախ կատարուելիք այցերն իր հետ համաձայնեցնելու անհրաժեշտութիւնը, դրանով իսկ փորձում է միջազգային հանրակցութեան առաջ հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր պատրանքային, գոյութիւն չունեցող իրաւասութիւնը: Բայց` ոչ միայն: Այդ կերպ Պաքուն ձգտում է խոչընդոտել արտասահմանեան երկրների ներկայացուցիչների այցերին Լեռնային Ղարաբաղ, ինչը բխում է ԼՂՀ-ի լիակատար մեկուսացման իր քաղաքականութիւնից, որը նրան թոյլ կը տար աշխարհում մեր պետութեան վերաբերեալ ստայօդ տեղեկատուութիւն տարածել` ձեւաւորելով նրա բացասական կերպարը: Նրան բնաւ պէտք չէ, որ Արցախի մասին իրական ճշմարտութիւնը դառնայ միջազգային լայն հանրութեան սեփականութիւնը, քանի որ այն ի չիք է դարձնում ազրպէյճանական պաշտօնական քարոզչութեան կողմից յօրինուող սուտը: Տուեալ որոշակի դէպքում որպէս այդ ճշմարտութեան կրող հանդէս է գալիս Լիւպով Քազարնովսքայան:
Երգչուհին չկարողացաւ թաքցնել Ղարաբաղի նկատմամբ իր հիացմունքը, որը, նրա խօսքով, «մտնում էր Մեծ Հայքի տարածք», եւ որը «պահպանեց իր ինքնութիւնը, իր ոգին, իր մշակոյթը, իր աւանդոյթները»: Համաձայնենք, օփերային աստղի խարազանող այդ արտայայտութիւնն ասես ապտակ է Ազրպէյճանին, որը ճգնում է աշխարհին ապացուցել անապացուցելին` Արցախը չի պատկանում արցախցիներին: Եւ, ի հարկէ, Լիւպով Քազարնովսքայայի սոսկ այդ բացայայտումը բաւական էր Ազրպէյճանին, որ նրան հաշուառէր նոն կրաթա, այսինքն` իր համար անցանկալի անձանց ցուցակում:
Կեանքը ցոյց տուեց, որ Լեռնային Ղարաբաղին երկաթէ վարագոյրով աշխարհից անջրպետելու Ազրպէյճանի ճիգերն ապարդիւն են: Տարբեր երկրներից ԼՂՀ են այցելել եւ կ՛այցելեն քաղաքական գործիչներ ու գործարարներ, փորձագէտներ ու քաղաքագէտներ, մշակոյթի եւ արուեստի ներկայացուցիչներ, զբօսաշրջիկներ, որոնց չեն կարող յետ պահել Ազրպէյճանի իշխանութիւնների արգելող եւ պատժիչ միջոցները: Ուշագրաւ մի հանգամանք. Ստեփանակերտում իր սաների կալա-համերգին Լիւպով Քազարնովսքայան ասաց, որ իրեն յաճախ են հարցնում` չի՞ վախենում Լեռնային Ղարաբաղ գնալուց: «Յոյս մի՛ պահէք», ոչ առանց հումորի պատասխանել է նա: