ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
Արդեօք յաջողուե՞ց մեզ անկախութեան թանկ ու խիտ քսանհինգ տարիների ընթացքում կառուցել քաղաքացիական հասարակութիւն, հասնել սեռերի փաստացի իրաւահաւասարութեան:
Հանրային, քաղաքական կեանքի բազմաթիւ երեւոյթների պէս, այս հարցին նոյնպէս դժուար է միանշանակ պատասխան տալը:
Եթէ քաղաքացիական հասարակութիւնը դիտարկենք որպէս հասարակական կազմակերպութիւնների, հիմնարկների կամ խմբերի կամաւոր գործառոյթ, որի շուրջ համախմբւում են տուեալ երկրի քաղաքացիները` փոփոխելու-հակազդելու որեւէ մասնաւոր կամ պետութեան կողմից որդեգրուած քաղաքական, ընկերային տնտեսական գործընթաց (սա Լոնտոնի քաղաքական դպրոցի սահմանումն է), ապա դժուար է դրական գնահատական տալը:
Քաղաքացիական հասարակութիւնը նաեւ հանրութեան տարբեր շերտերի, այդ թւում` կանանց եւ տղամարդկանց համագործակցութեան ու փոխազդեցութեան բազմաշերտ յարաբերութիւն է ենթադրում, ուր անխուսափելի անհրաժեշտութիւն են պետութեան կողմից երաշխաւորուած մարդկային իրաւունքներն ու ազատութիւնները, անհատի տնտեսական անկախութիւնը, նրա անհատական իրացման ու անհատական ինքնորոշման իրաւունքը:
Եւ, ի հարկէ, սրանք ժողովրդավարական պետութեան արմատական բաղադրիչներն են, օդի պէս անհրաժեշտ ոչ միայն ընկերային պետութեան, այլեւ` հանրային ու քաղաքակրթական առաջընթացի համար:
Հայաստանի Հանրապետութեան եւ ոչ մի օրէնք սեռերի անիրաւահաւասարութեան հիմք չի տալիս, աւելի՛ն. այն հասարակական եւ քաղաքական կեանքի բոլոր ոլորտներում տղամարդկանց եւ կանանց հաւասար իրաւունքներ ու հնարաւորութիւններ է երաշխաւորում:
Բայց, ինչպէս սիրում եմ ասել, մենք երկու ճշմարտութիւնների Հայաստանում ենք ապրում, մէկը` թղթի վրայ, սեւը սպիտակի վրայ գրած, միւսը` իրական. դժուար, անհասկանալի, իրերամերժ ծայրայեղութիւնների Հայաստանը:
2014-ին, ըստ Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) սեռերի իրաւահաւասարութեան վարկանիշի,` 142 երկրների մէջ Հայաստանը 103-րդ տեղում է: Այս վարկանիշը ձեւաւորւում է տնտեսական, կրթական, առողջապահական ոլորտներում սեռերի հնարաւորութիւնների, իրացման մակարդակով, ինչպէս նաեւ` քաղաքական կեանքում կանանց մասնակցութեան ցուցանիշներով:
Իսկ անկախութիւնից այսդին Հայաստանն ընդունել է տասնեակ իրաւական աքթեր ու նոյնքան էլ միջազգային համաձայնագրեր, ներառեալ ՄԱԿ-ի մի քանի հռչակագրեր` յանձնառութիւն ստանձնելով պաշտպանել մարդու հիմնարար իրաւունքները, վերացնել սեռերի միջեւ խտրականութեան բոլոր դրսեւորումները: Հայաստանի Հանրապետութեան ստանձնած միջազգային պատաւորութիւնների շրջագծում է նաեւ խորհրդարանում կանանց ընդգրկուածութեան 30 տոկոսանոց շեմի հաստատումը: Այնուամենայնիւ, փաստացի պատկերն այլ է, ու մենք, այս առումով, յայտնուել ենք Ղանայի ու Մալեզիայի հետ ոչ այնքան պատուաբեր հարթակում (10.7 տոկոս):
Պատճառներն ի հարկէ յստակ են, բացայայտ եւ` ոչ, հասկանալի եւ` ոչ, մեծ մասը բացատրուող մեր պատմական նստուածքով, քաղաքական մշակոյթի որակներով եւ, անշուշտ, քաղաքական պարունակով:
Աղքատութեան, գործազրկութեան, փտածութեան, ինքնավերարտադրուող քաղաքական մշակոյթի ու արժէքների ներկայ անկման պայմաններում կանանց անկաշկանդ ու ազատ քաղաքական իրացման մասին խօսելն իրատեսական չէ, բայց նոյնքան էլ արդարացուած չէ սպասելը, մինչ կը հասունանայ իշխանութիւն իրականացնողների քաղաքական կամքն ու ընտրողի քաղաքացիական գիտակցութիւնը: Ի վերջոյ, քաղաքականութիւն նշանակում է` փող եւ իշխանութիւն, երկուսից էլ դժուար է բաժանուելը:
Մինչ եւրոպական շատ երկրներ քաղաքականութեան մէջ չափաբաժնի նախասահմանումի համակարգից անցել են իրական հաւասարութեան գաղափարին, մեր հասարակութիւնը փորձում է քաղաքականութեան մէջ կանանց մասնակցութիւնն ապահովելու չափաբաժնի նախասահմանումը աշխատող մեքանիզմներ ճշդել:
Այն, որ Ռուանտայի, Պոլիվիայի կամ Անկոլայի խորհրդարաններում կանայք 50 տոկոսից անց են, դեռ չի նշանակում, որ նշուած երկրները կայուն զարգացման ու ժողովրդավարութեան առաջամարտիկներ են: Եւ այնուամենայնիւ, ժողովրդավարութեան թոյլ ու խոցելի մակարդակ ունեցող երկրներում, չափաբաժնի նախասահմանումը շարունակում է մնալ կանանց ընկերային ու քաղաքական դերակատարութիւնը ապահովող հիմնական միջոցը:
Իսկ մինչ այդ սպասենք քաղաքական ու բարոյական կլիմայի այն փոփոխութեանը, որը հնարաւոր կը դարձնի վեր կանգնել իշխանութիւնն ամէն գնով պահելու կործանարար վարքից:
Ի վերջոյ, աղքատացնում ենք սեփական երկիրը` չօգտագործելով այդքան թանկ մարդկային պաշարը:
Յստակ է, ժողովրդավարական որեւէ գործընթաց չի կարող ամբողջական ու անդառնալի լինել առանց կանանց իրաւահաւասար դերակատարութեան: