ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
1921թ. ապրիլի 2-ը քսաներորդ դարի եւ ընդհանրապէս հայոց պատմութեան տխուր օրերից է: Ոչ ոք կամ գրեթէ ոչ ոք Հայաստանում եւ սփիւռքում այդ օրը չի յիշում: 94 տարի առաջ այս օրը ռուսական (պոլշեւիկեան) բանակի օգնութեամբ Յեղկոմը վերադարձաւ Երեւան, եւ փետրուարեան ապստամբութիւնը ճնշուեց: Հայրենիքի փրկութեան կոմիտէն Սիմոն Վրացեանի, Յովհաննէս Քաջազնունու եւ բոլոր կռուող ուժերի ու գրեթէ ողջ մտաւորականութեան հետ` շուրջ 10 հազար մարդ ոտքով, ուժասպառ եւ հիւծուած հասաւ Զանգեզուր, այնտեղից մի քանի ամիս անց Արաքսի վրայով անցան Պարսկաստանի տարածք:
Խորհրդային տարիներին նոյեմբերի 29-ը նշւում էր եւ տօնւում որպէս Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օր, թէեւ 1920-ի դեկտեմբերի 2-ին էր, որ անկախ Հայաստանում իշխանութեան ղեկին գտնուող ՀՅԴ-ն առանց կռուի ու կրակոցի, գիտակցելով, որ կռիւն ու կրակոցը միայն նորանոր ողբերգութիւններ կը բերեն Հայաստանի տառապեալ ժողովրդին, իշխանութիւնը յանձնեց Բաքուից Երեւան հասած Յեղկոմի հայ պոլշեւիկներին: Միակ պաշտօնական դէմքը դաշնակցական Արշակ Յովհաննիսեանն էր, որ դէմ էր իշխանութիւնը խաղաղ ճանապարհով հայ պոլշեւիկներին յանձնելու ՀՅԴ որոշմանը եւ անգամ առաջարկում էր ձերբակալել ռուս կոմիսար Պորիս Լեկրանին:
Գուցէ արդարացուա՞ծ է հէնց ապրիլի 2-ը համարել Հայաստանի Առաջին Հանրապետութեան անկման օր, այլ ոչ` դեկտեմբերի 2-ը: Գուցէ արդարացուա՞ծ է Հայաստանի Հանրապետութեան կեանքը համարել գրեթէ երեք տարի (1918-ի մայիսի 28-ից մինչեւ 1921-ի ապրիլի 2):
Ճիշդ է նաեւ, որ իշխանութիւնից ՀՅԴ-ի հեռացումը դեռ չէր նշանակում Հայաստանի Հանրապետութեան անկախութեան կորուստ: Երկու տարի` մինչեւ 1922թ. դեկտեմբեր, Խորհրդային Հայաստանը թէեւ ձեւականօրէն, բայց անկախ էր: 1920թ. մայիսին Ալեքսանդրապոլսում (այսօրուայ Կիւմրի) իշխանութիւնը դաշնակցական կառավարութիւնից զէնքի ուժով գրաւելու անյաջող փորձ արել էին հայ պոլշեւիկները: 1921թ. փետրուարին նրանց դէմ ապստամբեցին իշխանութիւնը մի քանի ամիս առաջ առանց կրակոցի յանձնած դաշնակցականները:
Պատճառը պոլշեւիկների իրականացրած հալածանքներն ու բռնութիւններն էին: Հայաստանի նախարարներից Աբրահամ Գիւլխանդանեանի վկայութեամբ` պոլշեւիկեան կառավարութեան առաջին գործը եղաւ բանտերը նետել դաշնակցական նախարարներին, խորհրդարանի կարեւոր անդամներին. «Հրաւիրելով բոլոր հայ սպաներին իբր թէ ցուցակագրութեան համար` ամբողջ շէնքը շրջապատեցին կարմիր զինուորներով, բանտարկեցին աւելի քան 1500 սպաներ, որոնց մէջ զօրավարներ Նազարբէկեանին, Սիլիկեանին, Հախվերդեանին: Ապա ոտքով, ձեան վրայ, ցուրտ ձմրանը, առանց տաք հագուստի, բոլորին քշեցին Ռուսաստան: Նրանցից շատերը ցրտից մեռան: Փետրուար ամսին ամէն գիշեր դահիճները մտնում էին բանտը եւ դուրս կանչելով մէկին կամ միւսին, տանում էին` գնդակահարում կամ կացնահարում: Բանտարկուածները, որոնք Հայաստանի մեծ մասամբ կարեւոր գործիչներն էին, գիշեր ժամանակ սարսափով սպասում էին, թէ ահա կը գան ու կը տանեն գնդակահարելու: Այս բոլոր սարսափները տեսնելով` Հայաստանի ամբողջ բնակչութիւնը, առանց սեռի ու տարիքի խտրութեան` ծառացաւ պոլշեւիկ ոճրագործների դէմ»:
Միւս կողմից` քեմալականներն էին թալանում Շիրակի սովահար գիւղերը, եւ հիասթափութիւնն ու զզուանքը թուրք-պոլշեւիկներից կատարեալ էր: «Հայաստանի կոմիտէի յանձնարարութեամբ ես մի քանի տեսակցութիւն ունեցայ Յեղկոմի նախագահ Կասեանի եւ Արտակարգ յանձնաժողովի` Չեկայի վարիչ Աթարբեկեանի հետ, որոնց ամէն կերպ աշխատում էի համոզել վերջ տալ այս կոյր քաղաքականութեանը»,- գրում է Սիմոն Վրացեանը, ով դէմ էր յեղափոխութեանը, սակայն հակառակ այդ իրողութեանը` գլխաւորեց Հայրենիքի փրկութեան կոմիտէն:
1921թ. փետրուարի լոյս 10-ի գիշերը Երեւանում ձերբակալւում են 200-ից աւելի դաշնակցականներ, եւ այս դէպքը եղաւ վերջին կաթիլը, որից յետոյ պայթում է ժողովրդական զայրոյթը: Կոտայքի Զար գիւղում տեղի է ունենում խորհրդակցութիւն, որոշւում է յեղաշրջում իրականացնել: Ապստամբ ուժերի պետ է նշանակւում անկուսակցական սպայ Կուռօ Թարխանեանը, ով մի քանի ամիս առաջ Իգդիր-մարգարայ հատուածում մարտնչել էր թուրքական ուժերի դէմ:
Փետրուարի 18-ին ապստամբները գրաւեցին Երեւանը, Վրացեանի ղեկավարութեամբ ստեղծուեց Հայրենիքի փրկութեան կոմիտէ, Յեղկոմը հեռացաւ Ղամարլու-վեդիի շրջան: Վրացեանի խօսքերով` «Փետրուարի 18-ին Երեւանն այլեւս զարդարուած էր եռագոյն դրօշներով: Յուզիչ էր ու ցնցիչ այն վայրկեանը, երբ ժողովրդական ցասման տակ խորտակուեցին պոլշեւիկեան արիւնոտ բանտի ու Չեկայի դռները եւ հազարաւոր բանտարկեալներ դուրս եկան եռագոյն դրօշներով պճնուած փողոցը»:
«Ճառերը շարունակուեցին, իսկ մենք անցանք կառավարութեան տուն: Նոր էինք ներս մտել, երբ իրար յետեւից սկսեցին գալ շնորհաւորելու օտար պետութիւնների ներկայացուցիչները եւ քաղաքական կուսակցութիւնների ու հասարակական կազմակերպութիւնների պատգամաւորութիւնները: Մասնաւորապէս, բուռն ուրախութիւն էր արտայայտում Անգարայի ներկայացուցիչ Պեհաէտտինը, որը շտապել էր առաջինը շնորհաւորել եւ շատ վշտացած էր երեւում, որ իրենից առաջ արդէն պարսից ներկայացուցիչն ու ամերիկացիները շնորհաւորել էին», գրում է Վրացեանը:
Գիւլխանդանեանի խօսքերով, նոր կառավարութիւնը անհրաժեշտ համարեց հեռագրել արտասահման` Մոսկուա, Թեհրան, Անգարա եւ Թիֆլիս` հաղորդելով Հայաստանում յեղաշրջման մասին: «Այն ժամանակ, երբ Հայաստանում խորտակուեց պոլշեւիկեան լուծը, Վրաստանի սահմանագլուխների վրայ կռիւներ էին սկսուել, եւ պոլշեւիկները սպառնում էին Թիֆլիսին: Փետրուարի 21-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարը շնորհաւորեց յեղաշրջումը եւ առաջարկեց զինուորական դաշինք կնքել պոլշեւիկների դէմ: Սակայն դա ուշացած առաջարկ էր, որովհետեւ ընդամէնը երեք օր անց Թիֆլիսն ընկաւ պոլշեւիկների ձեռքը: Վրաստանի պոլշեւիկեան յեղկոմը մտնելով Վրաստան` երբեք չդիմեց այնպիսի բռնութիւնների, ինչպիսիք հայ պոլշեւիկները գործադրեցին Հայաստանում»:
Կարօ Սասունին գրում է, որ Հայրենիքի փրկութեան կոմիտէն ռատիոյով աշխարհին յայտնել է Հայաստանում տեղի ունեցող յեղափոխութեան մասին. «Մասնաւոր մի ռատիօ-հեռագիր ուղղուեց Լենինին, (որում) յոյս էր յայտնւում, որ Ռուսաստանը պիտի դադարեցնի թշնամական գործողութիւնները եւ բարեկամական ձեռք մեկնի Հայաստանի աշխատաւորութեանը»:
ԱՆԻ կենտրոն


