ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Սրճարանում Աղաւնի Սահակեանն ու լուսանկարիչ Յակոբ Պօղոսեանն արդէն խօսում էին, երբ նրանց միացայ: Առաջին հայեացքից անակնկալի եկայ, երբ տեսայ Աղաւնուն:
Յարդարուած վարսերով, վարդագոյն շրթներկով եւ մանուշակագոյն երանգով եղունգներով մի կին է նստել մեր դիմաց: Մազափունջը երբեմն ծածկում է նրա աչքերը: Մտածում եմ. «Այս կինը մասնակցել է պատերազմին»: Յակոբը մեր հարցազրոյցներից շատերի ժամանակ լուսանկարներ է նուիրում մեր զրուցակիցներին, այն լուսանկարները, որոնք արուել են պատերազմի եւ խաղաղութեան ժամանակ: Աղաւնին վերցնում է այդ լուսանկարները: Մենք լռում ենք, նա հատ-հատ նայում է դրանք: Ժամանակը, կարծես, լողում է այդ լուսանկարների վրայով: Փորձում եմ հասկանալ, թէ ինչ է զգում այդ նկարները նայելիս: Յետոյ որոշում եմ հարցնել, թէեւ նման հարցերը յաճախ անիմաստ են լինում: «Ամէն ինչ զգում ես` ե՛ւ ջերմութիւն, ե՛ւ ցաւ, ե՛ւ նոյնիսկ հաճոյք: Ոչ մի բան հէնց այնպէս չի անցնում, նոյնիսկ չի էլ անցնում: Երբեմն կարող եմ յիշել` առանց նկարները նայելու: Պատահում է այնպէս, որ մարդկանց յիշում եմ, յետոյ եմ նկարը նայում, այլ` ոչ թէ հակառակը», ասում է նա: Շարունակում եմ հարցս, թէ արդեօք ծա՞նր է յիշողութիւնների բեռը, թէ՞ յարմարուել է: «Ո՛չ, ցաւօք սրտի, ծանր է, նոյնիսկ ժամանակը չի օգնում, որ ընտելանում», պատասխանում է:
«Պատերազմ Հո Արծաթեայ Զարդերով Չէի՞ Գնալու»:
Աղաւնու հետ մեր զրոյցը սպիտակ կտորի վրայ ասեղնագործութեան է նմանւում: Թելերը նրա յիշողութիւններն են, որոնք ամէն օր նրա հետ են: Երբ հարցս սկսում եմ «յիշո՞ւմ էք» բայով, նա միանգամից աւելացնում է. «Ես ոչ մի բան չեմ մոռացել, որ յիշելու կարիք լինի»: Ես ժպտում եմ:
Երբ ճակատ մեկնեց, հայրն ու մայրն արդէն չկային, բայց, ասում է, եթէ ողջ լինէին, իրենք էլ գուցէ գային:
Մասնագիտութեամբ լեզուաբան է: Աւարտել է Բրիւսովի անուան լեզուաբանական համալսարանի ֆրանսերէնի բաժինը: Բացի նրանից, որ հիմնարկում բուժքրոջ գործի էր անցել, Արցախ գնալուց առաջ վիրաբոյժի մօտ փորձի շրջան էր անցել: Արցախ գնալուց առաջ ժամանակաւոր աշխատում էր «Նաիրիտ» գործարանի գրադարանում:
«Ուզում էի թարգմանիչ աշխատել այդտեղ, քանի որ աւելի շատ անգլերէն գրականութիւն էր, տնօրէնը խնդրեց մի որոշ ժամանակ աշխատել գրադարանում: Այդ ժամանակ «Նաիրիտ»-ում շտաբ ձեւաւորուեց` պատերազմական գօտում բնակչութեանը օգնելու: Մենք օգնում էինք Բերդաձորին», պատմում է Աղաւնին: Իրենց օգնութիւնը տանում էին կառավարութեան առաջին յարկում գործող շտաբ, որտեղից էլ ուղարկում էին Արցախ: Մի օր էլ, երբ օգնութիւն էին տարել, պատմում է զրուցակիցս, ինքը խնդրել է, որ իրեն էլ ուղարկեն Արցախ: Շտաբի աշխատակիցն ասել է` եթէ քեզ ուղարկեմ, այդ դէպքում ամբողջ սնունդը չենք կարող ուղարկել: Աղաւնին ասել էր, որ կը սպասի:
Այնուհետ դիմել էր «Ղարաբաղ» կոմիտէ` իրեն Արցախ ուղարկելու համար: «Որոշեցի գնալ, որովհետեւ անորոշութեանը չէի դիմանում: Այսինքն` ամէն բան լսում էինք` զոհեր, վիրաւորներ, եւ նոյնիսկ յաճախ չէինք հաւատում այդ տեղեկութիւններին», պարզաբանում է նա: 1992 թ. ապրիլի 3-ին էլ նա գնաց Արցախ: Իսկ Արցախ գնալուց առաջ արծաթեայ բոլոր զարդերը բաժանել էր ընկերուհիներին` որպէս յիշատակ իրենից, ասելով` «չգիտեմ, կը գա՞մ, թէ՞ չեմ գայ»: Օդանաւակայանում ընկերուհին` Նունէն, հայելի էր գնել իր համար: Հայելին ու սանրը յարդարման միակ պարագաներն էին, որ տարել էր իր հետ: «Պատերազմ հո արծաթեայ զարդերով չէի՞ գնալու», ծիծաղում է:
Արցախ էին գնացել ուղղաթիռով, որտեղ կային նաեւ «աշխարհի» բժիշկները: Ուղղաթիռի մէջ տիզելային վառելիքով 2 տակառ կար ու նաեւ` Երեւանում մահացած մի ստեփանակերտցու դի: Տակառները ծակուել էին, ու վառելիքը դուրս էր գալիս: Աղաւնին պատմում է, որ իր մօտ սպիտակ կտորներ կային, որոնք բարեկամուհին էր դրել իր հետ վիրակապերի համար, հանել էր, դրել տակառների վրայ, որպէսզի վառելիքը ներծծուի: «Ֆրանսացի բժիշկներից մէկի հետ սկսեցի խօսել ֆրանսերէն: Ասացի` ինչ ահաւոր է, հիմա ուղղաթիռին մի բան լինի, էս խեղճ մարդը, որ մահացել է, մահացած էլ չի հասնի իր հողին: Միշելն ասաց` Աղաւնի՛, էսքանս ողջ մարդիկ ենք, չես մտածում մեր մասին, մտածում ես մահացածի՞ մասին», յիշում է զրուցակիցս:
Խոջալուի օդակայանում էին իջել, յետոյ բեռնատարով գնացել զինուորական հիւանդանոց, այդտեղից էլ` շտաբ: Կոմանդոսն էր այնտեղ: Նրան ասել էին, որ դիրքեր են ուզում գնալ: «Ուղարկէք «26»: Այսպէս ասաց Կոմանդոսը: Չգիտէի էլ, թէ ինչ դիրքեր են դրանք: Ասացի` լաւ, շնորհակալութիւն: Կոմանդոսն ասաց` ի՞նչ շնորհակալութիւն, գնացէ՛ք-գնացէ՛ք, վաղը յետ էք գալու: Կարծում էր` յետ ենք գալու», այս մասին պատմելիս ժպտում է: Նրա ժպիտի ժամանակ ուշադիր նայում եմ աչքերին, իսկ նա հայեացքը կախում է սեղանին:
«Հէնց առաջին օրը բարձրացանք դիրքեր: Էդ բնութիւնը կախարդական էր` ցեխ էր, անձրեւ էր, բայց մի հրաշք անտառ էր, դրախտային էր: «26»-ի դիրքերն էին», ասում է «26»-ի բուժքոյրը, յետոյ աւելացնում, որ իրեն ամենադժուար պահերին օգնել է բնութիւնը:
«Առաջին Կրակոցս Դէպի Շուշի Էր»
Մեր զրոյցը բազմաճիւղ է: Մենք խօսում ենք պատերազմական դրուագներից, կենցաղային պայմաններից, ճաշ եփելուց: «Պատերազմի դաշտում կարեւոր ու երկրորդական գործեր չկան: Եթէ պէտք է, ճաշ պիտի պատրաստես, եթէ պէտք է, էրեխեքի շորերը պիտի լուանաս», նկատում է բուժքոյրը: Նա ազատամարտիկ տղաների մասին խօսելիս երբեմն ասում է «էրեխեքը»: Մանկավարժական սովորութիւն է, բացի դրանից, տարիքով էլ մեծ էր նրանցից:
«Պլինտաժի դիմաց նստում էինք, կարտոֆիլ մաքրում: Շուշիից որ կրակում էին, մեր անտառի ծառերն էլ շատ բարձր էին, ճրթճրթիւնը, որ փամփուշտները կպնում էին, ճիւղերը կոտրւում էին, լսում էինք: Ու ամենակարեւորը չէինք վախենում,- ասում է նա` ընդգծելով,- հայրս շատ խորհուրդներ ու քոտեր է տուել ինձ: Ասում էր` վախենալ պէտք չէ, մարդ ինքը պէտք է հանի իր վախը: Որ վախենաս, աւելի վատ կը լինի»:
Աղաւնու պատմելով` «26»-ի դիրքերը նպաստաւոր չէին: «Եթէ մի անգամ գլուխներս հանէինք, նրանք կարող էին ամէն մէկի համար մի արկ բաց թողնել: Շատ ունէին, իսկ մենք ամէն ինչին չէ, որ պատասխանում էինք: Զինամթերքը շատ չէր, իրենք կարող է 4-5 հատ կրակէին, նոր մենք մի պատասխան տայինք: Երբ արկերը գալիս էին, մի տղայ ունէինք, ասում էր` էս մերը չի, ոնց որ զգում էր, որ անցնելու է կամ ընկնելու է… Դրա համար աւելի լաւ է ցայթնոթի մէջ չընկնես», յիշում է Աղաւնին:
«Ի միջիայլոց, ես ամենառաջին կրակոցս արել եմ դէպի Շուշի: Արայիկն ասաց` կ՛ուզե՞ս կրակես, ասացի` հա: 7 անգամ կրակել եմ, ասացի` առաջինը դու կրակիր, յետոյ` ես: Յետոյ ասացի` Արայիկ, բայց յետոյ չեն խօսա՞յ, որ ի զուր կրակում ենք: Ասաց` ի զո՞ւր է, բա սովորում ես կրակել», սա պատմելիս ժպտում է:
Աղաւնու շարժումներում նրբութիւն կայ: Նրա խնամուած մատներին եմ նայում ու մտածում` տեսնես, ոնց է զէնք բռնել: Յետոյ հարցնում եմ, թէ զէնք ունէ՞ր արդեօք: Ասում է` զէնք չի սիրել, բայց յետոյ Եուրա Յովհաննիսեանը` «26»-ի Եուրան, իր ԱԿՍ-ն էր (ծալովի կոթով ինքնաձիգ) նուիրել, չնայած կրկին հրաժարւում էր վերցնել:
«Ամբողջ Մայիսմէկեան Փողոցի
Ցուցանակները Ջարդեցինք»
«Շուշիի ազատագրման օրը մի մտքի վրայ բռնացրի ինձ: «Յո երթասի» մէջ, որ նկարագրում է, թէ ինչպէս Ներոնը վառեց Հռոմն ու հիանում էր դրանով, միշտ մտածում էի` ո՛նց կարելի է հիանալ դրանով: Իսկ երբ տեսայ Շուշիի այրուող հիւանդանոցը, սկսեցի ուրախանալ, որովհետեւ դա նշանակում էր, որ մերոնք մէջն էին, իրենք են տիրապետում դրութեանը: Մէկ էլ յանկարծ ուշքի եկայ, թէ ինչի՛ վրայ եմ ուրախանում: Վազելով գնացի, ասացի` էրեխէք դուրս եկէք, տեսէք», պատմում է պատերազմի բուժքոյրը:
Մայիսի 13-ին առաջին անգամ են մտել ազատագրուած Շուշի: Յիշում է, որ մթնշաղ էր, եւ առաջին տեղը, որ մտել են, Ղազանչեցոց եկեղեցին էր: «Բարձրացայ մինչեւ երկրորդ յարկ, ապշած էի, շօշափում էի, տեսնեմ, իրօք իրականութիւն էր, թէ երազ էր: Մոմեր ունէինք, վառեցինք: Առաւօտեան նորից մտանք, բայց ուրիշ էր առաջին զգացողութիւնը», ասում է զրուցակիցս: Յետոյ նշում է, որ մի բան կար, որ ճնշում էր իրեն: «Արայիկի հետ քայլում էինք: Ինքն էլ այդ ճնշուածութիւնը զգում էր: Քայլեցինք, քայլեցինք, ասացի` Արայի՛կ, ես գտայ դրա պատճառը, ա՛յ, էս ապուշների տառերն են, արի, ի՞նչ կը լինի, ջարդենք էդ ցուցանակները: Ամբողջ Մայիսմէկեան փողոցի ցուցանակները ջարդեցինք է՛լ ինքնաձիգով, է՛լ փայտով, է՛լ քարով», ասում է նա:
Մարտակերտի Կարմիր Վարդերը
Աղաւնու պատերազմական լուսանկարներից մէկն արուել է 1994-ի մայիսի 12-ին` հրադադարի հաստատման օրը: Այդ օրը Մարտակերտում էին: Հրետանու շտաբը գտնւում էր Մարտակերտի «Ջրաբերդ» հիւրանոցում, բուժկէտն էլ լիւքս համարներից մէկում էր: Լուսանկարում կանանց ձեռքին կարմիր վարդեր են: Հարցնում եմ` որտեղի՞ց էին: Ասում է` Մարտակերտից: Յետոյ միանգամից մազափունջը թեթեւ հետ է գնում, երեւում են նրա խորը աչքերը: Մարտակերտի թաւշեայ կարմիր վարդերը շատ էր սիրում նաեւ Կարինէն (Կարինէ Գէորգեանը, ում հետ Աղաւնին ծանօթ էր դեռ «Նաիրիտում» աշխատելիս: Նա քլորի արտադրամասի պետն էր). «Կարինէի եւ Եուրայի զոհուելուց յետոյ ես խոստացայ, որ իրենց գործը կը շարունակեմ եւս 10 տարի: Ամէն տարի նրանց համար կարմիր վարդեր էի տանում Մարտակերտից»:
Կարինէն զոհուեց 1993 թ. յունիսի 13-ին, իսկ Եուրա Յովհաննիսեանը` նոյն թուականի յունիսի 27-ին: Երկուսն էլ զոհուեցին Մաղաւուզում:
Յաղթականը, Որ Պահել Է Պէտք
Պատերազմի ամենամեծ ձեռքբերումը յաղթանակն էր, ասում է Աղաւնին. «Այդ յաղթանակը պահելու հարցում թերացել ենք բոլորս` ամենալաւ կռուողից մինչեւ ամենավատ ղեկավարը: Դա մեր բոլորի սխալն է: Անգամ այն ձեռքբերուածը, որ ամենասուրբն էր, դա էլ աղաւաղուեց»:
Այսօր պատերազմի մասին բոլոր փաստերը, Աղաւնու խօսքով, աղաւաղւում են, մինչդեռ ականատեսները լռում են: «Հիմա տեսնո՞ւմ ես` ազատամարտիկները քանի շերտի են բաժանուել: Դա մեր ամօթն է: Իրենք բոլորն, առանձին-առանձին վերցրած, կռուել են, աւանդ ունեն` ամէն մէկն իր չափով: Իսկ նրանք, ովքեր չգիտեն ձեռք բերածի գինը, բոլորին հանել են իրար դէմ: Էս ի՞նչ վիճակ է: Կանգնած ենք այս շահած յաղթանակը կորցնելու եզրին», ասում է Աղաւնին:
Անցեալի մասին երբ խօսում էինք, նրա ձայներանգի պէս մեղմութիւն կար, ներկայի դէպքում` հակառակն է:
«Այսօրուայ հերոսները չեն փոխուել, ուղղակի մարդիկ են ասպարէզ եկել, ովքեր ներկայանում են` որպէս հերոս: Հիմա էսքանս որ ողջ ենք մնացել, չգիտեմ` պատահաբա՞ր, թէ՞ ոնց, ուրեմն, առաքելութիւն ունենք անելու, չէ՞: Զոհուածների արիւնը հէնց այնպէս պիտի գնա՞յ, էդ ո՞նց եղաւ, որ հիմա իրենց ստրուկն ենք: Կամ էդ մի քանի թափթփուկների համա՞ր ենք արել, որ իրենք թալանեն, հարստանան, ուռճանան», ասում է նա:
«Նոյն խրամատի մարդիկ հիմա դիմացի խրամատից են իրար նայում: Ո՞նց կարելի է: Բայց միեւնոյնն է` արդարութիւնը միշտ էլ յաղթում է», նշում է զրուցակիցս:
Ազատամարտիկը, ըստ նրա, մարդու տեսակ է, որ ոչ միայն կռուի դաշտում, այլեւ առօրեայ կեանքում ունի իր որակը: Ազատամարտիկը նաեւ դպրոց է: Օրինակ, նշում է Եուրա Յովհաննիսեանին: Ասում է` երբեք թոյլ չէր տալիս կռուի ժամանակ բացի սննդից եւ զէնքից այլ բան վերցնել, իր օրինակով առաջինն էր ցոյց տալիս դա: Մի անգամ տղաներից մէկը ձայնագրիչ մեքենայ էր վերցրել հետախոյզների «Ուրալի» համար, երբ Եուրան դուռը բացել էր եւ տեսել դա, առանց հարցնելու, թէ ով է վերցրել, ջարդել էր:
Հարցնում եմ մետալներից: Ասում է` ստացել է «մայրական երախտագիտութիւն», «անբասիր ծառայութեան համար», «Շուշիի ազատագրման համար», «արիութեան համար», «Վազգէն Սարգսեան», բայց իր համար ամենակարեւոր մետալը համարում է յաղթանակը: Իսկ այն ոչ ոք չի կարող յանձնել. այն պէտք է կարողանաս պահել:
Օրագրութիւնը
Մեր զրոյցի աւարտին եմ իմանում, որ Աղաւնին պատերազմական դաշտի օրագրութիւն է արել, նոյնիսկ բանաստեղծութիւններ է գրել: Ասում է` դեռ չի հրապարակել, կը հրապարակի, երբ ժամանակը գայ: Մենք երկար զրուցում ենք: Աղաւնին անուն առ անուն յիշում է պատերազմի մասնակիցներին: Երբեմն հերթով առանձնացնում է, օրինակ, բժիշկ Արցախ Բունիաթեանին, ով, ըստ նրա, ոչ միայն լաւ մարդ էր, այլեւ լաւ բժշիկ: Ամէն վիրաւորի վիրակապելիս կամ վիրահատելիս գրում էր նրանց մասին, յայտնի է նրա «արիւնոտ Մարտակերտ» շարքը: Բացի դրանից, Ա. Բունիաթեանը Նժդեհի մասունքները բերողներից, պահպանողներից մէկն է եղել:
«Պատերազմը նաեւ դաստիարակում է մարդուն: Մէկ-մէկ ինձ ասում են` երբ պատերազմում ես լինում, կոշտանում ես, բայց չեմ ընդունում դա: Պատերազմը մարդու հոգին աւելի է նրբացնում, որովհետեւ դու էնքան ցաւ ես տեսնում: Միշտ գթասրտութեան, օգնելու հետ գործ ունես», ասում է զրուցակիցս: Իր համար սովորական չի դարձել վիրաւորներ տեսնելը: Այս մասին անշտապ է խօսում: Ասում է` երեւոյթին կարող ես վարժուել, բայց` ոչ ապրումներին:
«Կանայք կան, որ ծխում են, ասում են` պատերազմից է, բայց չեմ ընդունում, դա չի օգնում: Բուժքոյրերի` պատերազմի դաշտում լինելու գրաւականներից մէկն իրենց կանացիութիւնն էր, սաստում էիր դրանով: Ամենավատ պահերին էլ, երբ հայհոյում էին թուրքին, հէնց տեսնում էին, որ մենք էլ իրենց կողքին էինք, լռում էին», նշում է Աղաւնին:
Մեր զրոյցի վերջում նա պայուսակից հանում է կանաչ շապիկով տետրն ու կարդում իր գրած բանաստեղծութիւններից երկուսը: Մէկն արդարութեան մասին է, միւսն` այն մասին, երբ երկչոտին «արիութեան» մետալ էին տուել: Բանաստեղծութիւնների վերջում ամսաթիւն է, որ գրուած է Մարտակերտում եւ` «Աղուն» ստորագրութիւնը: Սրճարանից դուրս ենք գալիս, քայլում ենք, ու այն զգացողութիւնն է, որ մեր զրոյցը, կարծես, կիսատ է մնացել: Ասելիքի խտութիւնն է պատճառը: Հպանցիկ հարցնում եմ նրան, թէ կարօտո՞ւմ է արդեօք Ղարաբաղը: Մի քանի վայրկեան անց է պատասխանում` «Այո՛… Շա՛տ»…
«Հետք»
Լուսանկարները`
Յակոբ Պօղոսեանի, Մաքս Սիվասլեանի,
Ռուբէն Մանգասարեանի, Զաւէն Խաչիկեանի