ԱՐՄԷՆ ՃԵՆՏԵՐԵՃԵԱՆ
Յարգելի՛ ընթերցող, աւելի քան քառասունհինգ տարիների իմ մանկավարժական եւ կատարողական-համերգային կեանքը յուշում է ինձ մասնագիտական փորձս դուրս բերել սոսկ դասարանական, բեմական ասպարէզներից եւ հասու դարձնել դրանք լայն շրջանակներին: Մասնաւորապէս մանկավարժներին, աշակերտներին, ծնողներին, եւ, ինչո՞ւ ոչ ընդհանրապէս մտաւորական լայն հանրութեանը: Կեանքը իրաւացիօրէն թելադրում է դա, քանզի, այո՛, մեծ մարդու եւ պատանու, դասատուի եւ սանի, կատարողի եւ ունկնդրի փոխառնչութիւնը չի սահմանափակւում զուտ արտաքին ճանաչմամբ: Կարեւոր է մարդկային բազմակողմանի, հոգեբանական, գիտական փոխճանաչումը, բազմաշերտ փոխիմացութիւնը:
Ելնելով այս մտածումներից եւ քաջատեղեակ լինելով «Ազդակ» օրաթերթի մեծ եւ աւելի ու աւելի աճող (թէ՛ անմիջական, թէ՛ համացանցային) ընթերցողների քանակին` ե՛ւ սփիւռքում, ե՛ւ Հայաստանում, առաջարկում եմ խմբագրութեանը այս յօդուածս:
Ջութակն ի սկզբանէ համարուել է լարային գործիքների թագուհին, որի կատարողական գաղտնիքներին տիրապետելու համար ջութակահարից պահանջւում է անսահման սէր երաժշտութեան նկատմամբ, աշխատասիրութիւն եւ նուիրուածութիւն, որոնք պէտք է սերմանել աշակերտների մէջ հէնց առաջին քայլերից: Դասաւանդման հիմնական անկիւնաքարը պէտք է լինի աշակերտի ֆիզիքական տուեալների եւ հոգեւոր արտայայտչամիջոցների բացայայտումն ու ներդաշնակ ամբողջականութեան ստեղծումը: Ջութակի մասնագիտական կատարողական պարապմունքները, ի տարբերութիւն դասարանային խմբակային պարապմունքների, խիստ անհատական են: Եթէ դասարանային պարապմունքների ժամանակ, մէկ դասաժամի ընթացքում, իւրաքանչիւր աշակերտին յատկացուած ժամանակահատուածը խիստ սահմանափակ է, ապա անհատական պարապմունքների ընթացքում աշակերտը անընդհատ գտնւում է ուսուցչի ուշադրութեան կենտրոնում: Դասաւանդման յաջողութիւնը էականօրէն կախուած է ուսուցիչ-աշակերտ հոգեւոր կապի եւ փոխըմբռնման աստիճանից: Ուսուցիչը պէտք է կարողանայ արժեւորել աշակերտի բարոյա-հոգեբանական անհատական յատկանիշները, դառնալով աշակերտի համար ոչ միայն ջութակի դասատու, այլեւ աւագ ընկեր: Միայն ճիշդ կառուցուած նման յարաբերութիւնների արդիւնքում աստիճանաբար կը ստեղծուի եռակողմ կամուրջ աշակերտի, ուսուցչի եւ «Նորին Գերազանցութիւն» երաժշտութեան միջեւ: Այս ամէնին հասնելու համար հէնց առաջին պարապմունքներից ուսուցիչը պէտք է մեծ համբերատարութեամբ ուսումնասիրի աշակերտի նախասիրութիւնները: Ըստ ընդունակութիւնների առաւել եւ թերի կողմերի, կարողանայ ճիշդ տնօրինել ամէն մի րոպէն եւ դասաժամի ընթացքը ընդհանրապէս:
Ջութակահարի տեխնիկական եւ կատարողական յաջողութիւնները անմիջականօրէն կախուած են երկու ձեռքերի ճիշդ դրուածքից: Այս առումով ուսուցիչը հաւասարապէս պէտք է ուշադրութիւն դարձնի աշակերտի թէ՛ աջ եւ թէ՛ ձախ ձեռքերի զուգահեռ զարգացման վրայ: Շատ յաճախ, ուշադրութիւնը սեւեռելով ձախ ձեռքի տեխնիկական զարգացման վրայ` աշակերտի մօտ լուրջ թերութիւններ են նկատւում աջ ձեռքի դրուածքի մէջ: Հետեւաբար հէնց առաջին պարապմունքներից պէտք է լուրջ ուշադրութիւն դարձնել երկու ձեռքերի հաւասարաչափ զարգացմանը, որի արդիւնքում աշակերտների մօտ ձախ ձեռքի տեխնիկական աճմանը զուգընթաց կ՛ապահովուի հնչիւնի յստակ, վստահ եւ սահունձայնարտադրութիւն: Հակառակ դէպքում, աջ ձեռքի զարգացման ժամանակ բացթողումները հետագայում շտկելու համար կը պահանջեն բաւականին մեծ ջանքեր եւ ժամանակ:
Ջութակի դասարանում սովորող աշակերտին առաջին պարապմունքների ժամանակ պէտք է ծանօթացնել գործիքի եւ աղեղի առանձին մասերի կառուցուածքային առանձնայատկութիւններին: Այնուհետեւ մանրակրկիտ պէտք է աշխատել ձեռքերի դրուածքի վրայ: Խիստ անհրաժեշտ է հետեւել, որպէսզի պարապելու ժամանակ ապահովուի երեխայի մկանային համակարգի ազատութիւնը, քանի որ ձեռքերից իւրաքանչիւրում կուտակուած մկանային լարումը անմիջապէս փոխանցւում է միւսին: Այս առումով անհրաժեշտ է հետեւել, որպէսզի պարապմունքների առաջին երկու ամիսների ընթացքում աշակերտը 5-10 րոպէ պարապելուց յետոյ հանգստանայ` թուլացնելով ձեռքերի մկանային լարումը: Ուսումնառութեան սկզբնական շրջանում կարեւորւում է նաեւ աշակերտի կեցուածքը: Պէտք է հետեւել, որպէսզի երեխային ողնաշարը լինի ուղիղ, ձեռքերը ազատ, ուսերը բնական դիրքով, իսկ գլուխը երբեք թեքուած չլինի դէպի աջ:
Բաւականին լաւ արդիւնք է տալիս, երբ ազատ լարի վրայ վարժութիւններ կատարելիս երեխային առաջարկւում է քայլել սենեակում, նստել աթոռին եւ յետոյ նորից քայլել: Այսպիսի վարժանքը թուլացնում է ձեռքերի եւ ամբողջ մարմնի մկանային լարումները: Ազատ լարի վրայ վարժութիւնների կատարմանը զուգընթաց պէտք է նաեւ սկսել աշխատել ձախ ձեռքի մատների անսխալ դասաւորութեան վրայ` տօն-կիսատօնային համակարգի տիրոյթում: Շատ կարեւոր է, որպէսզի ձախ ձեռքի վարժանքի ընթացքում, հէնց առաջին դասերից աշակերտի լսողական գործիքը վարժեցնել վերահսկելու հնչիւնային մաքրութիւնը, թոյլ չտալով հնչեցնել ոչ մի կեղծ (falsch) նոթա: Ինչ խօսք, այս գործընթացը երկու կողմերից էլ պահանջում է մեծ համբերատարութիւն եւ աշխատանք, որի արդիւնքում աշակերտի մօտ առաջանում է պատասխանատուութիւն գործիքի վրայ միշտ մաքուր հնչողութեամբ նուագելու նկատմամբ:
Ջութակի դասաւանդման մէջ կարեւորւում է նաեւ ուսուցչի կողմից ընտրած ծրագիրը, որը պէտք է բխի իւրաքանչիւր աշակերտի ընդունակութիւնների մակարդակից: Պէտք չէ մոռանալ, որ միայն վարժութիւնների եւ էթիւտների ճիշդ ընտրած հերթականութիւնը, ինչպէս նաեւ դասաւանդուող նիւթի մատչելիութիւնը կարող են ապահովել ցանկացած արդիւնքը: Դասաւանդման կարեւորագոյն խնդիրներից է նաեւ դասի անցկացման հետաքրքիր եւ գրաւիչ տեխնիկան, որպէսզի երեխան չձանձրանայ եւ ամէն անգամ սիրով ներկայանայ դասերին:
Ընդհանրապէս մանկավարժը պէտք է լինի խստապահանջ եւ հետեւողական, միեւնոյն ժամանակ` բարի եւ ներողամիտ:
Աւելի հասուն տարիքում դասատուի խնդիրն է կարողանալ պատանի ջութակահարին վարժեցնել ստեղծագործութեան մեկնաբանման այլընտրանքային տարբերակներին:
Հարկ եմ համարում նշել, որ բացի կատարողական, տեխնիկական, երաժշտութեան մեկնաբանման եւ այլ բազմաթիւ յատկանիշներից, ուսուցչի բարձրակարգ արհեստավարժութիւնը դրսեւորւում է նաեւ նրանում, որ կարողանայ աշակերտին սովորեցնել ոչ միայն անթերի նուագել, այլ նաեւ դաստիարակել երաժիշտ` մարդկային եւ հայեցի բարձր արժանիքներով: Բնականաբար այս ամէնին կարելի է հասնել միայն ու միայն ազնուութեան, մարդասիրութեան, աշխատասիրութեան, օրինակելի վարքի, մասնագիտական նուիրուածութեան, կարգապահութեան սեփական օրինակով:
ԱՐՄԷՆ ՃԵՆՏԵՐԵՃԵԱՆ
Համազգայինի «Բարսեղ Կանաչեան» երաժշտական քոլեճի
վարիչ-տնօրէն