Յ. Յ.
Փոքրիկը մահացաւ: Փոքրիկը չուզեց ապրել: Փոքրիկն այս կեղտոտ աշխարհում անելիք չունէր: Ի՞նչ էր անելու, եթէ ապրէր: Ապրողները, տառապելուց, ստորանալուց եւ ստորացուելուց բացի, էլ ի՞նչ են անում: Չէ, նա չվախեցաւ դժուարութիւններից, նա պինդ տղայ էր, պարզապէս չուզեց ապրել: Փոքրիկն աւելին գիտէր, քան` մենք: Նա նոյնիսկ աւելին գիտէր, քան մնացածները: Նա գիտէր նաեւ, թէ մնացածներն ինչ գիտեն, ինչ են մտածում եւ ինչ են խօսում: Նա լսեց, զգաց, թէ որքա՜ն պատեհապաշտ է դարձել աշխարհը, այն աշխարհը, որին հանդիպեց վեց ամիս առաջ: Բայց այն ժամանակ պահապան մայր ունէր, հայր ունէր, քոյր, պապ, տատ… Ամէն ինչ ունէր: Նա փոքր էր, բայց արդէն լաւ էր ճանաչում բոլոր համազգեստաւորներին, հրաշալի արդէն գիտէր քծնող եւ սողացող ասուն կենդանիներին: Փոքրիկը նայել էր շուրջը, տեսել խղճահար դէմքեր` ցաւացող մարդկանց, նրանց միջից զատել էր անկեղծին` կեղծաւորից, կրակից շագանակ հանողներին, օդերում զվռնողներին: Նա հասցրեց տեսնել խելօքին` խեղճ, յիմարին` իշխող, ճշդախօսին` խոցուած իր խօսքի համար, սուտասանին` մեծարուած, քծնողին` տեղաւորուած: Տեսաւ բազում պաշտօնեաներ, տեսաւ բազում խելացի անտեսուած մարդիկ ու հասկացաւ, որ էս աշխարհը ծուռ է, իսկ ծուռ աշխարհում առանց նրանց` իր հարազատների, աւելի կը մոլորուի: Փոքրիկը հեռացաւ` երկրային կեանքի կարօտ, դառնացած, յոգնած: Այդքան փոքր, բայց արդէն զզուած հեռացաւ: Նա գնաց: Նա հիմա ճանապարհին է, որի վերջում հարազատներն են սպասում: Նրանք էլ չուզեցին, որ փոքրիկը մնար: Մնար ի՞նչ անէր էս ծուռ աշխարում, էս պատեհապաշտների որջում ապրել կը լինի՞: Հիմա իր քաղաքում սուգ է, ոչ պաշտօնապէս: Հալալ մարդիկ սգում են, հարամները… Հէնց դա է, որ զզուելի է, գարշահոտը տարել ու բաց են թողել սգի քաղաքի վերածուած երբեմնի ուրախ քաղաքում: Իսկ քաղաքը սառել է, կենդանութեան ոչ մի նշոյլ: Քաղաքը մեռած է: Մեռնող քաղաքում ժպիտ կը լինի՞: Երեսներին մէկ էլ գուցէ ժպիտ երեւայ, երբ վերեւից մի օր սպիտակ փետուրը լող տալով իջնի ու ասի` ես եկայ, ես կը պահպանեմ Ձեզ, որ էլ երբեք գորշ մարդիկ, սեւ դեւերը, կարմրաթուշ զոմպիները մեր քաղաք չմտնեն, ես եկայ, որ ասեմ` պէտք չէ ողբալ ինձ համար, ինձ համար պայքարէք, որ կարողանաք ապրել:
«Երկիր»