ԹԻԵՐԻ ՄԷՅՍԱՆ
Տնտեսական կը դառնա՞յ արդեօք նոր դաշինքը Թուրքիայի եւ Ֆրանսայի միջեւ, եւ կը յանգեցնի՞ այն արդեօք Թուրքիայի անդամակցութեանը Եւրոմիութեանը, թէ՞ այն զուտ քաղաքական է: Վերջինի պարագայում` պէ՞տք է արդեօք Փարիզը խրախուսի Անգարային իր բոլոր գործերում: Եւ կը վճռի՞ արդեօք սատարել Ցեղասպանութեան հարցում:
Արդէն երկրորդ անգամ Օպամայի վարչակազմը մեղադրում է Թուրքիային Իսլամական պետութեանն աջակցելու համար: Առաջին մեղադրանքն արուել է հոկտեմբերի 2-ին Միացեալ Նահանգների փոխնախագահ Ճօ Պայտընի կողմից Հարվըրտի տնտեսութեան դպրոցում ելոյթի ժամանակ: Հոկտեմբերի 23-ին Քառնեկի հիմնադրամում նրան յաջորդեց ֆինանսների փոխնախարար Տէյվիտ Քոհէնը: Երկուսն էլ Անգարային մեղադրեցին ժիհատականներին աջակցելու եւ քարիւղի վաճառքի մէջ, որը նրանք գողանում են Իրաքում եւ Սուրիայում:
Նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի հերքումներից յետոյ Ճօ Պայտընը վերջինին յայտնեց իր ներողութիւնը: Թուրքական կառավարութիւնն այն ժամանակ թոյլ տուեց փեշմերկաներին` օգնութեան գալ «Իսլամական պետութեան» կողմից պաշարուած Արաբ Բունարի սուրիական քրտերին: Աւաղ: Անգարայի գործողութիւնները չհամոզեցին Ուաշինկթընին, եւ վերջինը վերսկսեց իր մեղադրանքները:
Թուրքիան Եւ Ցեղային Զտման Հարցը
Ես չեմ կարծում, թէ այն, ինչում մեղադրում են Թուրքիային, աջակցութիւն է ժիհատականներին: Թուրքիան նրանց հանդէպ գործում է` համաձայն ամերիկեան ծրագրի եւ, առնուազն, մինչեւ հոկտեմբերի կէսը «Իսլամական պետութեան» գաղտնի սպասարկութեանց վերահսկողութեան տակ էր: Սակայն Ուաշինկթընը չի կարող թոյլ տալ, որ ՕԹԱՆ-ի անդամն ակնյայտօրէն ներքաշուած լինէր զանգուածային սպանութիւնների մէջ, որոնցով սպառնում են Արաբ Բունարի բնակիչներին: Օպամայի վարչակազմի քաղաքականութիւնը պարզ է. «Իսլամական Պետութիւն» ստեղծուել է այն բանի համար, որ կատարի այն, ինչը թոյլատրուած չէ ՕԹԱՆ-ին` ցեղային զտում, եւ այնպէս, որպէսզի դաշինքի անդամները կարողանան պնդել, որ դրա հետ ոչ մի կապ չունեն: Քրտերի զանգուածային սպանութիւնները հարկաւոր չեն Ուաշինկթընին, իսկ Թուրքիայի մասնակցութիւնը դրանցում յանցագործութիւն կը լինէր մարդկութեան դէմ:
Թուրքիայի գործողութիւնները կարող են չկանխամտածուած թուալ: Եւ սա է խնդրի էութիւնը: Թուրքիան ոչնչապաշտ պետութիւն է: Չի կոտորել 1,4 միլիոն հայերի, 200.000 ասորիների` ու քրիստոնեայ յոյների, ոչ էլ 50.000 ասորիների` Պարսկաստանում 1914-1948, եւ 800.000 հայերի ու յոյների` 1919-1925: Ապրիլի 23-ի իր ցաւակցութիւնում, որը շատ հեռու էր իրենց պատմութեան այդ արիւնոտ էջն ընդմիշտ փակելուց, Էրտողանը, ընդհակառակը, ցուցադրեց Թուրքիայի` երիտթուրքերի յանցանքն ընդունելու անկարողութիւնը:
Անգարան նախկինում փորձում էր վերացնել ՔԱԿ-ի քրտերին: Նրանցից շատերը փախան Սիրիա: Նախագահ Ասատը նրանց սուրիական քաղաքացիութիւն տուեց, եւ երբ սկսուեց պատերազմը, զէնք տուեց, որպէսզի պաշտպանեն հայրենի հողը: Այնպէս որ, Անգարայի համար նրանց զանգուածային ոչնչացումը լաւ նորութիւն կը լինէր, իսկ «Իսլամական պետութեան» առանց կողմնակի օգնութեան կը կարողանար անել այդ կեղտոտ աշխատանքը…
Թուրքիայի Յանցակցութիւնը Վերջերս
Տեղի Ունեցած Ցեղային Զտումներին
Պոսնիա-Հերցեկովինայի պատերազմի ժամանակ (1992-1995) թուրքական զօրքերն աջակցում էին Ուսամա Պըն Լատենի «Արաբական լեգէոն»-ին, որն ցեղային զտում էր իրականացնում երկրում` ուղղափառ սերպերի սպանութիւններ իրագործելով: Այդ պատերազմից յետոյ ողջ մնացած Ժիհատականները միացան Սուրիայում զինուած կազմաւորումներին, որոնցից մէկն էլ «Իսլամական պետութիւն»-ն է:
1998թ. թուրքական զօրքերը մասնակցեցին Քոսովոյի ազատագրական բանակ (ՔԱԲ) զինուած կազմաւորումներին, որոնց ահաբեկչական գործողութիւնները վկայում էին ՕԹԱՆ-ի միջամտութեան մասին եւ ճնշւում էին եուկոսլաւական կառավարութեան կողմից: Յաջորդ պատերազմի ժամանակ Հաքան Ֆիտանը (Թուրքիայի ներկայիս յատուկ ծառայութիւնների ղեկավարը) կապաւոր գործակալ էր Թուրքիայի եւ ՕԹԱՆ-ի միջեւ: Արդիւնքում` ՔԱԲ-ը դուրս քշեց ուղղափառ սերպերին եւ պղծեց նրանց սրբավայրերը: 2011թ. Հաքան Ֆիտանը ժիհատականներին Սուրիա ուղարկելուց առաջ նրանց ուղարկում էր Քոսովօ` ուսանելու ՔԱԲ մասնագէտների ղեկավարութեամբ:
Իրաքի բռնագրաւման ժամանակ այդ երկրի վերաձեւման նպատակով Միացեալ Նահանգներ պաշտօնապէս յենւում էր Թուրքիայի եւ Սէուտական Արաբիայի վրայ: Այդ շրջանում իրականացուող քաղաքականութիւնը յանգեցրեց քաղաքացիական պատերազմի եւ խաղաղ քաղաքացիների, հիմնականում` շիի եւ քրիստոնեայ, շարունակական սպանութիւնների: Սպիտակ տան` պետական անվտանգութեան գծով նախկին խորհրդական Ռիչըրտ Ֆալքենրաթի խոստովանութեամբ, այդ քաղաքականութիւնը վարւում էր այն նպատակով, որպէսզի արգելափակուէր ժիհատականութիւնը, այն օգտագործուէր միայն այդ տարածքում եւ թոյլ չտրուէր դրա տարածումը Միացեալ Նահանգների տարածքում: 2013թ. սեպտեմբերին Սուրիական ազատ բանակի (զինուած կազմաւորումներ, որոնք կռւում են ֆրանսական գաղութացման դրօշի ներքոյ եւ աջակցւում են Ֆրանսայի կողմից) հարիւրաւոր ճիհատականներ, «Նուսրա ճակատ»-ի («Քայիտայի» սուրիական ճիւղը) զինեալների հետ համատեղ, Թուրքիայից ներխուժեցին Սուրիա, որտեղ նրանք, զաւթելով Մաալուլա գիւղը, բռնաբարում էին կանանց, սպաննում տղամարդկանց եւ պղծում եկեղեցիները: Մաալուլան ռազմավարական ոչ մի հետաքրքրութիւն չի ներկայացնում: Այդ գրոհը մի նպատակ էր հետապնդում` քշել քրիստոնեաներին, որոնց համար Մաալուլան Սուրիայի խորհրդանիշն էր գրեթէ երկու հազարամեակ:
2014թ. մարտին «Նուսրա ճակատ»-ի եւ «Իսլամի բանակ»-ի (սէուտամէտ կազմաւորումներ) հարիւրաւոր ժիհատականներ թուրք զինուորականների գլխաւորութեամբ Թուրքիայից ներխուժեցին Սուրիա եւ գրաւեցին Քեսապ քաղաքը: Բնակչութիւնը հեռացաւ քաղաքից եւ խուսափեց զանգուածային սպանութիւններից: Երբ Սուրիական արաբական բանակը հասաւ օգնութեան, Թուրքիան հանդէս եկաւ նրա դէմ եւ խփեց նրա ինքնաթիռներից մէկը: Քեսապը ռազմավարական հետաքրքրութիւն է ներկայացնում ՕԹԱՆ-ի համար` մօտակայքում ռուսական ռատիօ տեղայնացման կայանի գտնուելու պատճառով, որը հետեւում է Ինճիրլիքի թուրքական ռազմակայանին: Քեսապում ապրում են հայեր, որոնք լքել էին իրենց երկիրը թուրքերի կողմից իրականացուած զանգուածային սպանութիւնների ժամանակ:
Արտօնո՞ւմ Է Արդեօք Ներկայիս
Թուրքիան Ցեղասպանութիւն
Ծագում է հետեւեալ հարցը: Ժխտելով հայերի եւ ազգային փոքրամասնութիւնների, հիմնականում` քրիստոնեայ, զանգուածային սպանութիւնները 1915-1925թթ. Միութիւն եւ առաջադիմութիւն կոմիտէի կողմից` դրանով իսկ Թուրքիան արդեօ՞ք չի հաստատում այն, որ ցեղասպանութիւնը յանցագործութիւն չէ, այլ ընդամէնը` միւսներին հաւասար քաղաքական միջոց:
Թուրքիայի կառավարութեան քաղաքականութիւնը հիմնւում է «Տաւութօղլուի տոքթրինի» վրայ (ներկայիս վարչապետի անունով): Ըստ քաղաքագիտութեան այս փրոֆէսորի, Թուրքիան պէտք է վերականգնի իր ազդեցութիւնը Մերձաւոր Արեւելքում` իսլամութեան հիման վրայ, ինչպէս Օսմանեան կայսրութեան դարաշրջանում էր: Սկզբում Էրտողանի կառավարութիւնը հանդէս էր գալիս Օսմանեան կայսրութեան անկումից յետոյ առկախ մնացած հակամարտութիւնները լուծելու օգտին, ինչը նա կոչում էր «զրօ խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականութիւն: Առիթն օգտագործելով` Սուրիան եւ Իրանը ստեղծեցին ազատ առեւտրի գօտի, որն իսկական տնտեսական մեծ աճ առաջացրեց երեք երկրներում: Բայց 2011թ. Լիպիայի դէմ ՕԹԱՆ պատերազմի ժամանակ Թուրքիան մոռացաւ իր հաշտարար դերի մասին եւ սկսեց ներկայանալ որպէս ռազմատենչ տէրութիւն: Դրանից յետոյ կռուեց իր բոլոր հարեւանների հետ` Ազրպէյճանից բացի:
Ֆրանսական Աջակցութիւնը Թուրքիային
Լիպիայի եւ Սուրիայի դէմ պատերազմների ժամանակ Թուրքիան եւ Ֆրանսան այն աստիճան մերձեցան, որ ստեղծեցին իսկական ուխտ` Ֆրանչիսկոս Ա.-ի եւ Սիւլէյման Սքանչելիի ֆրանք-օսմանեան միութեան նման, որը գոյութիւն ունեցաւ երկուսուկէս դար եւ աւարտուեց Նափոլէոն Պոնափարթի օրօք` ոչ երկար ժամանակով կրկին մէջտեղ գալով Խրիմի պատերազմի ժամանակ: Նոր դաշինքը հաստատուեց Ֆրանսայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆապիուսի կողմից, որը 2013թ. փետրուարին հանեց ֆրանսական վեթոն Եւրոպական Միութեան Թուրքիայի անդամակցութեան վրայից եւ պարտաւորութիւն ստանձնեց սատարել միութեանը նրա անդամակցութեան:
Այդ նոյն ժամանակ Ֆրանսուա Հոլլանտը եւ Լորան Ֆապիուսը, Ռեճեփ Թայիփ Էրտողանն ու Ահմեթ Տաւութօղլուն պատուիրեցին նախագահ Պաշշար Ասատի եւ արտաքին գործերի նախարար Ուալիտ Մուալլէմի սպանութիւնը նախագահական պալատն սպասարկող անձնակազմի օգնութեամբ: Սակայն այդ գործողութիւնը խափանուեց:
2013թ. ամրանը Թուրքիան քիմիական գրոհ ձեռնարկեց Ղութայում` դրանում մեղադրելով Սուրիային: Աջակցութիւն ստանալով Ֆրանսայի կողմից` այն փորձեց ներգրաւել Միացեալ Նահանգները Սուրիայի մայրաքաղաքի ռմբակոծմանը եւ Սուրիական Արաբական Հանրապետութեան տապալմանը: Այս երկու երկրները փորձեցին Միացեալ Նահանգներին վերադարձնել Սուրիական Արաբական Հանրապետութեան տապալման նախնական ծրագրին:
ՄԱԿ Անվտանգութեան խորհրդին յանձնուած փաստաթուղթը վկայում է այն մասին, որ Միացեալ Նահանգների Քոնկրեսի փակ նիստում սուրիական ապստամբներին` ցեղային զտումներ իրականացնելու նպատակով, սպառազինելու եւ ֆինանսաւորելու մասին օրէնքի ընդունումից յետոյ Ֆրանսան եւ Թուրքիան շարունակում էին գաղտնի զինել «Նուսրա ճակատ»-ին (այսինքն` «Քաիտայի»), որպէսզի վերջինը պայքարէր «Իսլամական պետութեան» դէմ: Եւ այստեղ նոյնպէս խօսքն այն մասին է, որ Ուաշինկթընին հարկադրեն վերադառնալ նախնական նախագծին:
Նշենք, որ ոչ միայն Թուրքիան, այլ նաեւ Ֆրանսան էր զինում ժիհատականներին, որոնք գրոհում էին քրիստոնէական Մաալուլա եւ Քեսապ քաղաքները, բռնաբարում էին կանանց, սպաննում տղամարդկանց եւ պղծում նրանց եկեղեցիները:
Թուրքիան Կաշառում Է Ֆրանսական
Վերնախաւին
Եթէ մամուլում յաճախ յիշատակւում է Քաթարի կողմից ֆրանսական իշխող դասի կաշառման մասին, ապա ֆրանսացի քաղաքական գործիչներին Թուրքիայի կողմից տրուող վիթխարի կաշառքների մասին ոչ մի խօսք չի ասւում: Այդ փտածութեան ապացոյցն է ֆրանսական իշխանութիւնների լռութիւնը Թուրքիայում ներքին գործերի (լրագրողների, փաստաբանների եւ բարձրաստիճան սպաների մրցանշային թուով դատապարտումներ), միջազգային ահաբեկչութեանը սատարելու (թուրքական արդարադատութիւնը սահմանել է, որ Էրտողանը 12 անգամ հանդիպել է «Քայիտա»-ի ֆինանսիստի հետ։ Թուրքիայում «Քայիտա»-ի չորս ճամբար է գտնւում եւ այնտեղից տասնեակ հազարաւոր ժիհատականներ են ուղարկւում), Սուրիայի թալանի (Հալէպի շրջանում քանդել եւ Թուրքիա են ուղարկուել հազարաւոր գործարաններ) եւ զանգուածային սպանութիւնների (Մաալուլա, Քեսապ եւ մօտ ապագայում, հնարաւոր է` Արաբ Բունար) վերաբերեալ:
Թուրքական խնամակալութիւնը (փաթրոնատ)` Էրտողանի հաւատարիմ դաշնակիցը, 2009թ. ստեղծեց Վոսփորի հիմնարկը, որի նպատակն է զարգացնել կապերը երկու երկրների միջեւ: Հիմնարկի գիտական կոմիտէն, որը Ֆրանսայի կողմից գլխաւորում է Աննա Լովերկոնը, իր կազմում ընդգրկում է ֆրանսացի քաղաքական գործիչների սերուցքը Յանուն ժողովրդական շարժման միութիւնից (Ժան-Ֆրանսուա Քոպէ եւ Ալեն Ժիւփէ), Ընկերվարական կուսակցութիւնից (Էլիզապեթ Կիկու եւ Փիեռ Մոսքովիսի), նախագահ Հոլանտի մերձաւորներից (Ժան-Փիեռ Լույէ եւ Անրի տը Կաստրի) եւ անգամ` նախկին համայնավարների: Եւ այս ցուցակը կարելի է շարունակել:
Հասկանալի է` այս անձանց, որոնց մէջ կան յարգարժան մարդիկ, չի սազում հաւանութիւն տալ Անգարայի կողմից իրագործուող սպանութիւններին: Բայց նրանք անում են դա:
Չէ՞ որ Թուրքիայի հետ դաշինքի մէջ մտնելով` Ֆրանսան դառնում է նրա արիւնալի արարքների գործօն համամասնակիցը:
«ՎՈԼԹԷՐ. ՆԵԹ»
Թարգմ. Նորավանք