ԱՐՄԻՆԷ ՎԱՐԴԱՆԵԱՆ

«Գիւմրիի ողբերգութիւնը պատահականութիւն չէր, այն ձեռնտու էր որոշ շրջանակների», 168.am-ի հետ զրոյցում այս մասին ասաց Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի արեւելագիտութեան հիմնարկի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլժիէի ուսումնասիրութեան կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանտր Սքաքովը` անդրադառնալով Հայաստանում բարձրացած հակառուսական տրամադրութիւններին եւ Ռուսաստանի կողմից դրանց մեղմման անհրաժեշտութեանը: Նա նշեց, որ յանցագործութեան իրականացման գլխաւոր հարցերը մնում են մութ, եւ դրանցից մէկն այդ հրէշաւոր յանցագործութեան դրդապատճառն է: Սքաքովն ուշադրութիւն հրաւիրեց այն հանգամանքի վրայ, որ յանցագործութիւնը տեղի ունեցաւ Հայաստանի` ԵՏՄ անդամակցութիւնից անմիջապէս յետոյ: «Ես տպաւորութիւն ունեմ, որ այս ողբերգութիւնն ամէնեւին էլ պատահականութիւն չէր, այլ` յստակ նպատակ ունեցող գործողութիւն, որը հայ-ռուսական յարաբերութիւնները դնում է հարուածի տակ: Կան շատերը, որոնք այս հարցում հետաքրքրուած են ու այս միջադէպը կ՛օգտագործեն հէնց այդ նպատակներով եւ սեպ կը խրեն հայ-ռուսական յարաբերութիւններում: Ես կարծում եմ, որ այս հարցում հետաքրքրուած կողմերը ե՛ւ Հայաստանում են, ե՛ւ Հայաստանից դուրս` Ազրպէյճանում կամ մէկ այլ տեղում: Ուստի ես մտածում եմ, որ այստեղ պատահականութիւնը չէ գլխաւորը», մեկնաբանեց Սքաքովը: Վերջինիս գնահատմամբ` Ռուսաստանի պաշտօնական կեցուածքն ու յայտարարութիւնները տեղի ունեցողի վերաբերեալ բաւականին մեղկ են: Թէեւ, նրա խօսքով, պէտք է հասկանալ, որ կայ նաեւ իրաւական երկիմաստութիւն: «Ի՞նչ անել դրա հետ: Պէտք է կողմերն ամէն ինչ անեն գործն այս իրաւական փակուղուց դուրս բերելու համար: Բարոյականութեան սկզբունքներից ելնելով` գտնում եմ, որ յանցագործը պէտք է դատապարտուի եւ պատիժը կրի Հայաստանում, եւ ռուս իրաւապահ համակարգը պէտք է աջակցի այդ նպատակով: Մեղմ ասած, տեղի ունեցածը ձեռնտու չէ Ռուսաստանի համար: Իմ կարծիքով` ցանկութեան դէպքում դժուար չէ մոլագար կամ խելագար գտնելն ու նման յանցագործութեան ուղղորդելը», նման կարծիք յայտնեց Սքաքովը: Ռուսաստանը, նրա համոզմամբ, պէտք է յարգելով իրաւական կանոնները` ամէն ինչ անի, որպէսզի յանցագործը պատժուի Հայաստանում, որի արդիւնքում էլ հակառուսական տրամադրութիւնները կը մարեն: