Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Փայփայե՛լ Վրաստանի Եւ Իրանի Հետ Յարաբերութիւնները

January 12, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Եւրասիական տնտեսական միութեանը (ԵՏՄ) անդամակցութիւնից հետ Հայաստանի համար աւելի է կարեւորւում համագործակցութեան բարձր մակարդակը անմիջական երկու հարեւաններ Իրանի եւ Վրաստանի հետ: Միւս երկու հարեւանների` Ազրպէյճանի եւ Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորում մօտ ապագայում քիչ հաւանական է: Ինչպիսի՞ն էր Երեւան-Թիֆիլիսի եւ Երեւան-Թեհրան գործընկերութիւնը 2014-ին եւ ի՞նչ ակնկալիքներ կան:

2015-ը հայ-վրացական յարաբերութիւնների համար կարող է դառնալ փորձութեան տարի, քանի որ 2014-ին Վրաստանը Եւրոպական Միութեան հետ ստորագրել է Ազատ առեւտրի գօտու համաձայնագիր, մինչդեռ Հայաստանը միացել է ԵՏՄ-ին: Հաշուի առնելով այն իրականութիւնը, որ Վրաստանի տարածքով է իրականացւում Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառութեան շուրջ 70 տոկոսը, առաջին հերթին կարող է տուժել Հայաստանը:

Պաշտօնեաները, սակայն, հաւաստիացնում են, որ Հայաստանը պահպանելու է Վրաստանի հետ ազատ առեւտրի դրութիւնը: Աւելի՛ն. Հայաստանի եւ Վրաստանի նախագահները անցեալ տարի կայացած հանդիպումներից մէկի ժամանակ հաւաստիացրին, թէ Հայաստանի անդամակցութիւնը ԵՏՄ-ին եւ Վրաստանի մերձեցումը Եւրոպական Միութեանը փոխադարձ շահաւէտ կը լինի:

Վրաստանի հետ Հայաստանի առեւտրաշրջանառութիւնը 2014-ի առաջին ինը ամիսներին կազմել է 117 միլիառ տոլար: Թէեւ Հայաստանը Վրաստանի առեւտրային գործընկերների առաջին տասնեակում է, սակայն ապրանքաշրջանառութիւնը հեռու է այն ներուժից, որ ունեն երկու հարեւանները: Վրաստանի տարածքով է իրականացւում նաեւ ցամաքային ապրանքաշրջանառութիւնը եւ հաղորդակցութիւնը Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ:

Վրաստանի երկու գլխաւոր առեւտրային գործընկերները Թուրքիան եւ Ազրպէյճանն են: Այս իրականութիւնը, ինչպէս նաեւ Թիֆլիսի-Անգարա եւ Թիֆլիսի-Պաքու ռազմավարական գործընկերութիւնը, իր ազդեցութիւնն է թողնում Վրաստանի արտաքին քաղաքականութեան վրայ: Կասպեան աւազանից դուրս եկող հիմնական ուժանիւթի խողովակաշարերը անցնում են Վրաստանի տարածքով: Վրաստանը փաստացի այն օղակն է, որը միմեանց կապում է թուրքալեզու երկու պետութիւններին, որոնք շրջափակման ճանապարհով փորձում են տնտեսապէս ծնկի բերել Հայաստանը: Վրաստանը անուղղակի կերպով ներքաշւում է Հայաստանի շրջափակման մէջ:

Սպասւում է, որ 2015-ին կ՛աւարտուի Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարութիւնը, որով Ազրպէյճան ու Թուրքիան կը կապուեն երկաթուղով: Այս նախագիծը եւս ունի Հայաստանը տնտեսապէս եւ քաղաքական իմաստով մեկուսացնելու նպատակ: Բացի այդ, Կարս-Ախալքալաք երկաթուղու գործարկումը աւելի կը հեռացնի Կարս-Գիւմրի երկաթուղու վերագործարկման հնարաւորութիւնը: Վերջին անգամ Կարս-Գիւմրի հանգոյցը գործել է 1993-ին:

Կովկասեան հակամարտութիւնները հայ-վրացական յարաբերութիւնների վրայ բացասաբար են անդրադառնում, քանի որ, ունենալով Աբխազիայի եւ Հարաւային Օսեթիայի խնդիրները, Թիֆլիսը Լեռնային Ղարաբաղի հարցում աջակցում եւ պաշտպանում է Պաքուի տեսակէտները, այդ թուում` միջազգային քուէարկութիւններում: Իր հերթին Հայաստանը, շարունակելով Աբխազիան եւ Հարաւային Օսեթիան չճանաչելու իր քաղաքականութիւնը, միջազգային քուէարկութիւններում չի պաշտպանում վրացական նախաձեռնութիւնները:

Տարուայ ընթացքում եղան բարձրաստիճան մի քանի փոխադարձ այցեր: Փետրուարին պաշտօնական այցով Երեւան ժամանեց նախագահ Կիորկի Մարկուելաշուիլին: Ապրիլին Հայաստանի եւ Վրաստանի նախագահները հանդիպեցին Փրակայում, իսկ յունիսին պաշտօնական այցով Թիֆլիս մեկնեց Սերժ Սարգսեանը: Բարձր մակարդակի բանակցութիւնների ընթացքում հայկական կողմը ընդգծում էր, որ հայ-վրացական գործընկերութեան հետեւողական ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքականութեան գերակայութիւններից է, իսկ տարածաշրջանում առկայ փխրուն կայունութիւնն ու խաղաղութիւնը մեծապէս պայմանաւորուած է Հայաստան-Վրաստան համագործակցութեան ամրութեամբ: Տարուայ ընթացքում տեղի ունեցան նախ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերի փոխադարձ այցեր:

Միմեանց նուազագոյն պահանջները եւ ցանկութիւնները բաւարարելու գիտակցութիւնը Հայաստան-Իրան յարաբերութիւնների անկիւնաքարն է: Լինելով իսլամի շիի ուղղութեան հետեւորդ պետութիւն, Իրանը Հայաստանի հակառակորդ շիական Ազրպէյճանի հետ յարաբերութիւններում առաջնորդւում է ոչ թէ կրօնական համերաշխութեան սկզբունքներով, այլ` սեփական շահերով ու աշխարհաքաղաքական հաշուարկներով:

Ի տարբերութիւն Թուրքիայի, որը ղարաբաղեան կարգաւորման հարցում ակնյայտ ազրպէյճանամէտ դիրքորոշում է որդեգրել, Իրանը շարունակում է դրական չէզոքութիւն պահպանել: Օգոստոսեան հայ-ազրպէյճանական լարուածութեան օրերին Թեհրանը Երեւանին եւ Պաքուին յորդորեց խաղաղ բանակցային ճանապարհով հասնել համաձայնութեան եւ զսպուածութեան կոչ ուղղեց: Իսկ այն օրը, երբ նախագահ Ռոհանին պաշտօնական այցով մեկնում էր Պաքու, ազրպէյճանական զինուժը խոցեց ուսումնավարժական թռիչք կատարող հայկական Մի-24 ուղղաթիռը: Պաքւում Ռոհանին ակնարկեց, որ Լեռնային Ղարաբաղում առկայ սթաթուս-քուոն անընդունելի է Իրանի համար: Միւս կողմից, Իրանի նախագահը յայտարարեց, որ ղարաբաղեան խնդիրը պէտք է լուծուի քաղաքական ճանապարհով եւ այն չունի ռազմական լուծում:

Երեւանի տեսանկիւնից` հայ-իրանական յարաբերութիւնների ամրութիւնը առաջնային է մի քանի տեսանկիւններից: Նախ, Հայաստանի համար Իրանը կարեւոր է իր աշխարհագրական դիրքով: Երկրորդ, Իրանը  հակակշռում է Թուրքիայի ազդեցութիւնը տարածաշրջանում: Երրորդ, Թուրքիայի եւ Ազրպէյճանի շարունակուող շրջափակման պայմաններում Հայաստանի համար Իրանը ելք է դէպի արտաքին աշխարհ եւ ուժանիւթի հարցում հնարաւոր այլընտրանք է:

Իրանի հետ առեւտուրը տարուայ ինը ամիսներին կազմեց 206 միլիոն տոլար:  Իրան-հայաստան տնտեսական յարաբերութիւնները հնարաւոր չեղաւ դուրս բերել պարզ առեւտրային յարաբերութիւնների մակարդակից: Իրան-հայաստան կազատարի կառուցումից ի վեր, չնայած բազմաթիւ հաւաստիացումներին` հայ-իրանական որեւէ նախագիծ չի իրականացուել եւ անգամ չի մեկնարկել:

2008-ին Սերժ Սարգսեանը յայտարարեց, որ առաջիկայ տարիներին սկսուելու է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարութիւնը: Այդ նախագիծը, սակայն, տեղից չի շարժւում: Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման դէպքում երկաթուղային հաղորդակցութեամբ Հայաստանի վրայով կարող են միմեանց կապուել Իրանն ու Վրաստանը:

Թեհրանը, թուում է, շահագրգռուած է Իրանը Վրաստանին կապող եւ Ազրպէյճանի տարածքով անցնող երկաթուղային նախագծի իրագործումով: Ներկայում ընթանում է Իրանն Ազրպէյճանին կապող երկաթուղու շինարարութիւնը: Նախքան ղարաբաղեան պատերազմը եւ խորհրդային տարիներին` Իրանը Ազրպէյճանի, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Վրաստանի հետ կապւում էր Նախիջեւանի երկաթուղով` Թաւրիզ-Ճուլֆայ հատուածով: Այն այսօր չի գործում:

Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլթ ելեկտրական գծի եւ Արաքս գետի երկու ափերին ջրաելեկտրակայանների կառուցումը, որոնց մասին տարիներ ի վեր յայտարարում են Երեւանն ու Թեհրանը, դեռեւս չի սկսուել:

2014-ին հայ-իրանական յարաբերութիւնները, ընդհանուր առմամբ, զուրկ էին նշանակալի իրադարձութիւններից: Նախագահների մակարդակով այցեր չեղան: Մայիսին պաշտօնական այցով Թեհրան մեկնեց Հայաստանի արտաքին գործոց նախարարը, իսկ  հոկտեմբերին` վարչապետը:

Հայաստանը եւ Իրանը ստորագրեցին զբօսաշրջային յուշագիր: Երկու երկրների միջեւ զբօսաշրջութիւնը հիմնականում մէկ ուղղութեամբ է. եթէ իրանցիների համար Հայաստանը դարձել է զբօսաշրջութեան նախընտրելի վայր, ապա շատ քիչ թուով հայաստանցիներ են այցելում Իրան: Այսպէս, 2013-ի ընթացքում Իրանից Հայաստան է այցելել 110 հազար, իսկ Հայաստանից Իրան` ընդամէնը 5.400 մարդ:

Հայկական ուսումնասիրութիւնների ԱՆԻ կենտրոն

Յատուկ «Ազդակ»-ի համար

Նախորդը

Խմբագրական «Հայրենիք»-ի. Աւա՜ղ… «Մայրամուտ»

Յաջորդը

Ստեփան Փարթամեանի «Yes, We Have Expanded» Կոթողային Հրատարակութիւնը

RelatedPosts

Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պարտաւորեցնէ Պահպանել Մեր Ինքնութիւնն Ու Այնճարի Հայեցի Դիմագիծը, Զօրացնել Հայաստանը Եւ Պահպանել Լիբանանի Հայկական Ներկայութիւնը*
Անդրադարձ

Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պարտաւորեցնէ Պահպանել Մեր Ինքնութիւնն Ու Այնճարի Հայեցի Դիմագիծը, Զօրացնել Հայաստանը Եւ Պահպանել Լիբանանի Հայկական Ներկայութիւնը*

September 24, 2026
Ուսանողութիւնը Եւ Մենք
Անդրադարձ

Կայունութիւնը Երաշխիք Է Հեղինակութեան

September 24, 2026
Գաղափարը
Անդրադարձ

Գաղափարը

September 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.