Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Քարվաճառ. Ազրպէյճանական Ներթափանցման Հետքերով

July 19, 2014
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Քարվաճառի շրջան ազրպէյճանական հետախուզական խմբի ներթափանցման մասին Արցախի եւ Հայաստանի իշխանութիւնները կասկածներ են ունեցել, ապա եւ համոզուել այն բանից յետոյ միայն, երբ Քարվաճառի Ճումեն բնակավայրից յուլիսի 4-ին անհետացել է 17-ամեայ Սմբատ Ցականեանը: Նման ենթադրութեան հիմք ինձ տալիս է պաշտօնական հաղորդագրութիւնների ժամանակագրութիւնն ու բովանդակութիւնը, տեղում անցկացրած հետազօտութիւնն ու բազմաթիւ զրոյցները շարքային քաղաքացիների ու այլ պատասխանատուների հետ:

Սմբատի հայրը` Մեխակ Ցականեանը, երեկոյեան որդուն թողնելով Ճումեն գիւղի իրենց տանը (այս հատուածում նրանք անասուններ էին պահում), առաւօտեան եկել-տեսել էր, որ որդին չկայ: Հայրը նկատել է, որ տնից նաեւ ուտելիք են տարել: Որդու անհետանալու առիթով նա դիմել է ոստիկանութիւն: Մինչեւ յուլիսի 10-ը` ամբողջ հինգ օր, հայկական լրատուամիջոցներում, ինչպէս նաեւ Քարվաճառի ու Վարդենիսի շրջաններում տագնապալի խօսակցութիւններ էին տարածւում, որ 17-ամեայ տղայի անհետանալը գուցէ կապուած է ազրպէյճանական ներթափանցման հետ:

Յուլիսի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի մամուլի ծառայութիւնը տարածեց առաջին հաղորդագրութիւնը. «Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի պետական սահմանահատուածում (Քարվաճառի ուղղութիւն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզական ներթափանցման փորձը: Պաշտպանութեան բանակի առաջապահ զօրամասերի կողմից ձեռնարկուած օփերաթիւ գործողութիւնների արդիւնքում` հակառակորդի հետախուզական խումբը ժամանակին յայտնաբերուել է, անդամների մի մասը ձերբակալուած են, միւսները դիմել են փախուստի: Գործողութեան արդիւնքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել»:

Յուլիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան բանակը հրապարակեց ազրպէյճանական կողմի հետախուզական խմբի եւ նրա գործողութիւնների մասին վկայող մի շարք լուսանկարներ` «պայմանաւորուած  հանգամանքով, որ ազրպէյճանական պաշտօնական լրատուամիջոցները հերքում են ազրպէյճանական հետախուզական խմբի ներթափանցման փորձի եւ խմբի որոշ անդամների գերեվարուելու մասին տեղեկատուութիւնը»: Արցախեան կողմը հրապարակեց նաեւ գերեվարուած, Միրպաշիրի շրջանի Ղափանլու գիւղում գրանցուած Շահպազ Կուլիեւի լուսանկարը:

Նոյն օրը Քարվաճառի շրջանում սպաննուել էր սպայ, 42-ամեայ Սարգիս Աբրահամեանը, վիրաւորուել եւս մի հայ կին: Պաշտօնական հաղորդագրութիւններից ոչ մի կերպ հնարաւոր չէր հասկանալ, թէ ի՞նչ պայմաններում է տեղի ունեցել ողբերգութիւնը, ի՞նչ կապ ունի սպայ Աբրահամեանը դէպքերի հետ: Յուլիսի 12-ին Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը յայտարարեց, որ հակառակորդի հետախուզական խմբի չէզոքացման ժամանակ հայ զինուորները ոչնչացրել են եւս մէկ հետախոյզի, սակայն փոխհրաձգութեան ժամանակ զոհուել է հայ սպայ եւ վիրաւորուել է մէկ կին:

Իրականում, սպաննուած սպայ Աբրահամեանը եւ նրան ուղեկցող, ծանր վիրաւորուած կինը, այսպէս ասենք` բախտ չունենալու պատճառով էին յայտնուել իրադարձութիւնների կիզակէտում: Այն բանից յետոյ, երբ Հայաստանի եւ Արցախի իշխանութիւնները համոզուեցին, որ 17-ամեայ Սմբատ Ցականեանի անհետացումը կապուած է ազրպէյճանական հետախուզական գործողութեան հետ, ողջ տարածքը (իսկ Քարվաճառի տարածքը անտառապատ է եւ աշխարհագրօրէն կտրտուած, հետեւաբար` վերահսկելու համար չափազանց դժուար) յայտնուեց բանակի, ոստիկանութեան, անվտանգութեան մարմինների ու բնակիչների մանրադիտակի տակ: Ազրպէյճանական խումբը արդէն զգացել էր, որ իրենց հետեւում են եւ պէտք է փորձէր դուրս գալ օղակից եւ յետ վերադառնար Ազրպէյճանի տարածք` հաւանաբար սահմանի այն հատուածով (հանքերի մօտ), որտեղ միանում են Քարվաճառի (Արցախ), Վարդենիսի (Հայաստան) եւ Դաշքեսանի (Ազրպէյճան) շրջանները:

Յունիսի 11-ին ժամը 17-ի սահմաններում ազրպէյճանական խումբը արդէն մօտեցել էր սահմանի այն հատուածին, որտեղ Հայաստանը, Արցախը եւ Ազրպէյճանը ունեն հատման ընդհանուր կէտ` այն է` Սոթքի շրջանում: Խմբի անդամները անտառապատ ձորակից դուրս են գալիս ճանապարհ (սա այն ճանապարհն է, որը վերանորոգւում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով) եւ կանգնեցնում այդ պահին դէպի Նոր Կարաչինար ընթացող մեքենային (Վարդենիսի շրջանի վերջին` Սոթք գիւղից յետոյ, Քարվաճառի շրջանի առաջին հանդիպող գիւղը Նոր Կարաչինարն է): Նրանք կանգնեցնում են մեքենան, ապա կրակում եւ տեղում սպաննում սպայ Աբրահամեանին, իսկ նրան ուղեկցող կնոջը, ով ուղեւորւում էր ամուսնու մօտ, ծանր վիրաւորում: Ազրպէյճանցիները փորձում են նստել ինքնաշարժը եւ շարժուել Սոթքի ուղղութեամբ: Ահա հէնց այդ ժամանակ էլ հայկական կողմը շուրջկալում եւ սպաննում է ազրպէյճանցիներից մէկին, որի անունը հաւանաբար Հասան է: Սա հաւանաբար այն նոյն Հասանն է, ով «Եութիուպ»-ում տեղադրուած յայտնի տեսանիւթում, որտեղ երեք ազրպէյճանցիները Քարվաճառի մի գետակի մօտ հորթի խորոված են ուտում, ասում է. «Որոշ (ազրպէյճանցի) զինուորականներ վախենում են գալ այս տարածք, ասում են` կը գնանք, այնտեղ սովամահ կը լինենք: Ջերմուկի շշի մէջ օղի է, անասնապահական ագարակից ենք վերցրել»:

Քարվաճառում իմ զրուցակիցներից ոմանք ասացին, որ Հասանը ժամանակին Վարդենիսում էր բնակւում, իսկ ձերբակալուած երկրորդ ազրպէյճանցին` Տիլհամ Ասքերովը, եղել է Քարվաճառի գիւղերից մէկի նախկին բնակիչներից: Նրա որդին` Քեռօղլու Ասքերովը ազրպէյճանական լրատուամիջոցներին ասել է. «Հայրս յաճախ էր գնում Ռուսաստան: Մենք մտածում էինք, որ նա այնտեղ է: Համացանցում կարդացինք, որ նա գնացել է հարազատ Քելբաջարի շրջան»:

Տիլհամ Ասքերովը այն տարածքից էր հեռացել, որտեղ գտնւում է Ճումեն գիւղն ու որտեղից անհետացել էր 17-ամեայ Սմբատ Ցականեանը: Տղային դին հնարաւոր եղաւ գտնել միայն այն բանից յետոյ, երբ ձերբակալուեց Ասքերովը: Սա ենթադրել է տալիս, որ հէնց նա է հայ ուժայիններին ցոյց տուել սպաննուած երիտասարդի դիակի գտնուելու ճշգրիտ վայրը:

Եթէ տարաբախտ Սմբատը չընկնէր ազրպէյճանցի հետազուխական խմբի ձեռքը, ապա պէտք չէ բացառել, որ ազրպէյճանցիները կը կարողանային յետ նահանջել այն արահետներով, որտեղով կարողացել էին ներթափանցել եւ այդ մասին գուցէ ոչ ոք չիմանար: Եւ գուցէ այդ մասին մենք իմանայինք` դիտելով համացանցում տեղադրուած տեսանիւթից: Հաշուի առնելով, որ հետախուզական խումբը զինուած էր, պէտք չէ բացառել նաեւ մէկ այլ տարբերակ. նրանք կը կարողանային աւելի շատ սպանութիւններ իրականացնել Քարվաճառի տարածքում, դրանք նկարահանել եւ տեղադրել համացանցում` հոգեբանական ճնշում գործադրելով Արցախի իշխանութիւնների, ինչպէս նաեւ ահ` տեղի հայ բնակչութեան վրայ:

Ազրպէյճանցիների կողմից սպաննուած Սմբատին հողին յանձնեցին Չարեքտար գիւղում` իր պապի կողքին: Ցականեանների ընտանիքը Ազրպէյճանի Չարտախլու գիւղում տունը կորցնելուց յետոյ նոր տուն եւ ապագայ էր կառուցում Արցախի Քարվաճառի շրջանի Նոր Էրքեջ գիւղում: Ամբատի հայրը եւ հարազատները յորդորում են Արցախի իշխանութիւններին, որպէսզի ոչ մի պարագայում ձերբակալուած ազրպէյճանցի մարդասպանները չվերադարձուեն Ազրպէյճան:

Այս օրերին համացանցում յայտնուեցին մի շարք տեսանիւթեր, որտեղ պարզ երեւում է, թէ ինչպէս են ազրպէյճանցիները ներթափանցում Արցախի տարածք, շրջում այնտեղ, վերադառնում եւ նկարահանումները` ի գիտութիւն հայկական կողմի, տեղադրում համացանցում: Կասկածից վեր է, որ նոյնն անում է նաեւ հայկական կողմը: Դրա ապացոյցները բազմաթիւ են: 1994-ի զինադադարից ի վեր բազմաթիւ են դէպքերը, երբ, օրինակ, ազրպէյճանցիները Հայաստանի Տաւուշի մարզում մի քանի քիլոմեթր խորացել են հայկական տարածք, գերել որեւէ հայի, իրենց հետ տարել Ազրպէյճան եւ միայն փրկագին տալով է հնարաւոր եղել այդ մարդկանց վերադարձնել տուն:

Իրաւամբ, աշխարհագրութիւնը, տեղանքի կտրտուածութիւնն ու այլ հանգամանքներ թոյլ չեն տալիս 100 տոկոսով վերահսկել հայ-ազրպէյճանական սահմանները, որոնց ընդհանուր երկարութիւնը հազար քիլոմեթրից աւելի է: Հակառակորդի ներթափանցումները 100 տոկոսով կանխելը գրեթէ բացառւում է, բայց դրա նուազագոյնի հասցնելը հայկական բանակի եւ միւս ծառայութիւնների պարտքն է:

Ազրպէյճանի ղեկավարութիւնը, առաջին հերթին Իլհամ Ալիեւը հրապարակաւ եւ ԵԱՀԿ Մինսքի խմբի  միջնորդների հետ զրոյցներում սպառնում են նոր պատերազմով ու հայկական կողմի հասցէին այլ սպառնալիքներով: Ազրպէյճանցիները փորձելու են գերել կամ պատանդել հայերի, որպէսզի փոխանակեն: Ակնյայտ է, որ ազրպէյճանական կողմը հանգիստ չի տալու եւ յատկապէս սահմանի Տաւուշի հատուածում իր նոր ձեռք բերած սպառազինութիւններով ոտնձգութիւններ է իրականացնելու սահմանամերձ գիւղերի, խաղաղ բնակիչների վրայ: Պէտք չէ բացառել, որ ազրպէյճանցիները սկսեն ահաբեկչական գործողութիւններ իրականացնել հայ դիւանագէտների եւ ընդհանրապէս Հայաստանից դուրս գտնուող հայերի վրայ:

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

 

Նախորդը

«Դժուար Թէ Լիբանանը Կարելի Ըլլայ Շրջանային Վտանգներէն Փրկել, Այնքան Ատեն Որ Հըզպալլա Սուրիոյ Մէջ Կը Գտնուի» Շեշտեց Հարիրի

Յաջորդը

Լեւոն Հայրապետեան Կալանաւորուեցաւ

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.