Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Կրծքագեղձի Քաղցկեղն Ինքնուրոյն Հիւանդութիւն Չէ, Այլ Հինգ Տարբեր Հիւանդութիւնների Միացութիւն Է

March 21, 2014
| Առողջապահական - Բժշկագիտական, Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

Զրոյցը`  ԺԱՍՄԵՆ ՎԻԼԵԱՆԻ

Ardem-Sdepanian1Ոմանք արագ քայլելով գնում ու գալիս էին, ոմանք, թէեւ նստած էին, բայց մտորումների մէջ ընկած` անհանգիստ շարժումներով խաղում էին իրենց մատների հետ, կային մարդիկ, որոնք ուղղակի քարացած էին: Ու թէեւ իւրաքանչիւրի դրսեւորումները տարբեր էին, սակայն նրանց բոլորի հայեացքը նոյնն էր: Այս կանանց աչքերում տենդային տագնապ կար: «Ի՞նչ անեմ… Մտքովս չէր անցնի: Ինչո՞ւ, ինչո՞ւ… Մի՞թէ վերջ», մօտաւորապէս այսպիսի մտքեր կարելի էր կարդալ «Նայիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիայի ծառայութեան ղեկավարի գրասենեակի առջեւ հաւաքուած կանանց հայեացքում:

Այն, որ քաղցկեղ ախտորոշումը մարդկանց համար հնչում է որպէս դատավճիռ եւ փոխում է նրանց մտածողութիւնը, երեւի թէ բնական է: Գուցէ նաեւ բնական է այն, որ, անկախ ընկերային կարգավիճակից, հիւանդների մտքով առաջին հերթին անցնում է բուժում ստանալ արտերկրում: Սակայն, ի զարմանս մեզ, «Նայիրի» բժշկական կենտրոնում հարցման մասնակից հիւանդների գերակշիռ մասը համոզուած էր. «Ե՛ւ վիրահատութիւնը, ե՛ւ հետագայ բուժումը այստեղ ենք ստանալու»: Հիւանդների այս վստահութիւնը պայմանաւորուած էր նաեւ օնկոգինեկոլոգիական ծառայութեան ղեկավարի մասնագիտական հմտութիւնների նկատմամբ վստահութեամբ: «Նշանաւոր վիրաբուժներն ասում են, որ նրա մասնագիտական չափանիշները չեն զիջում եւրոպականին», մեզ հետ զրոյցում նշում էին այցելուները: Չվիճարկելով այս հարցը, այնուհանդերձ, պէտք է նկատենք, որ գնալով Հայաստանում մեծանում է արտերկրում բուժում ստանալու մղումը: Ինչո՞վ է սա պայմանաւորուած: Հայաստանի օնկոլոգիական ոլորտը ինչ-որ չափանիշներով յե՞տ է մնում աշխարհի զարգացումներից, թէ՞ խնդիրը տեղական բժշկութեան նկատմամբ անվստահութիւնն է: Այս եւ օնկոլոգիայի հրատապ հարցերի շուրջ զրուցեցինք «Նայիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայութեան ղեկավար, Մ. Հերացու անուան ԲՊՀ-ի դոցենտ (ընկալաւոր, Ա.)  Արտեմ Ստեփանեանի հետ:

«Համագործակցում Ենք Եւրոպայի
Օնկոլոգիական Միութեան Հետ»

– Կարծում եմ` դա բազմակոմպոնենտային խնդիր է, որը ներառում է ձեր թուարկած գործօնները եւս: Ի հարկէ, Հայաստանը, չլինելով աշխարհի գերզարգացած հարուստ երկիր, հնարաւոր է, որ ոչ միայն օնկոլոգիական, այլեւ այլ ոլորտներում յետ մնացած լինի գերզարգացած երկրներից: Ցանկացած մասնագիտութիւն, ոլորտ զարգացնելու համար անհրաժեշտ է մի քանի բան` բարձրորակ բարձրագոյն կրթութիւն եւ մարդուժ: Այս գործօնը լուրջ խնդիր է նաեւ զարգացած երկրներում, քանի որ պահանջում է խոշոր ներդրումներ: Կարեւոր նախապայման է բարձր արհեստագիտական սարքաւորումների առկայութիւնը: Յաջորդ գործօնը պացիենտների (պարագաների, հիւանդների, Ա.) հոգեբանութիւնն է. Միացեալ Նահանգներից մարդիկ բուժում ստանալու համար մեկնում են Գերմանիա, Գերմանիայից` Միացեալ Նահանգներ, ԱՊՀ երկրներից` Իսրայէլ:

Հ.- Խօսելը ներդրումներից միշտ աւելի հեշտ է: Ձեր կենտրոնում օնկոգինեկոլոգիայի մասով ի՞նչ ներդրումային քաղաքականութիւն է տարւում:

Պ.- Վերը նշուած գործօնները նկատի ունենալով` 2008-ին փորձեցինք ստեղծել մի կենտրոն, որը համապատասխանի միջազգային չափանիշներին: «Նայիրի» բժշկական կենտրոնի սարքաւորումների, պայմանների յագեցուածութիւնը եւ մասնագէտների պատրաստուածութեան մակարդակը ոչնչով չեն զիջում եւրոպական առաջատար դարմանատներին: Այս ոլորտում մենք կարողացանք ստեղծել մի ծառայութիւն, որը ոչնչով չի զիջում աշխարհի զարգացած դարմանատներին: Յիշեալ ձեռքբերումը պայմանաւորուած է առաջին հերթին այս բժշկական կենտրոնի ղեկավարութեան իրականացրած քաղաքականութեամբ. սարքաւորումների եւ բարձրորակ մարդուժի հարցում դրամ չեն տնտեսւում:

Հ.- Համագործակցո՞ւմ էք եւրոպական դարմանատների հետ:

Պ.- Մեր ծառայութիւնը հիմնականում համագործակցում է Եւրոպայի օնկոգինեկոլոգիական միութեան հետ, որում ընդգրկուած են լաւագոյն դարմանատների ներկայացուցիչներ եւ ղեկավարներ: Գործում է նաեւ միջազգային կոնսիլիում, որի կազմում են մեր բաժանմունքի մասնագէտները, վիրաբուժները, քիմիաբուժներն ու ճառագայթաբանները, ինչպէս նաեւ եւրոպական խոշորագոյն դարմանատների դասախօսներ: Այս կառոյցը մեզ հնարաւորութիւն է տալիս բարդ դէպքերում միասնաբար քննարկելու հետազօտման եւ բուժման ծրագիր: Արդիւնքում մեր բժշկական կենտրոնի հզօր մարդուժի եւ սարքաւորումների ներուժին գումարւում են արտասահմանցի գործընկերների խորհրդատուութիւնները: Այսպիսով, հիւանդները, գտնուելով Հայաստանում, հնարաւորութիւն են ունենում բուժում ստանալու եւրոպական չափանիշներով: Ի դէպ, ձեզ ասեմ, որ նոյն Եւրոպայում եւ Միացեալ Նահանգներում ամէն ինչ այդպէս լաւ չէ, ինչպէս կարող է թուալ հեռուից: Այնտեղ էլ լաւ հիւանդանոցները, մասնագէտները շատ չեն: Եւ մեզ յաջողուել է կապ հաստատել դրանցից լաւագոյնների հետ: Ոչ միայն բժշկութեան, այլեւ բոլոր ոլորտներում ստեղծուած է բաց տեղեկատուական դաշտ: Այսինքն` փակ դարմանատներ, փակ աշխատելաձեւը մնացին անցած դարում: Առանց տեղեկատուութեան փոխանակման հնարաւոր չէ ապահովել բուժման բարձր որակ` յատկապէս ուռուցքաբանութեան ոլորտում, քանի որ այն ամենաարագ զարգացող եւ փոփոխուող ոլորտներից է:

Հ.- Ամէն դէպքում, չէ՞ք կարծում, որ արտերկրում բուժուելու մարդկանց ցանկութիւնը բացատրւում է նաեւ հոգեբանական խնդրով: 

Պ.- Հիմնականում մարդկանց հոգեբանութեան վրայ ազդում են որոշ մարդիկ, ովքեր հետապնդում են իրենց տնտեսական շահը: Կան ձեւաւորուած փոքրիկ ընկերութիւններ, որոնք արտերկրում բուժում ստանալու համար շրջապտոյտներ են կազմակերպում: Սակայն նոյն այդ պացիենտները (պարագաները, Ա.) տեղեկացուած չեն, թէ բուժման ծախսերի մէջ որքան շահոյթ ունեն այդ ընկերութիւնները: Նման մարդկանց, ովքեր այդ պիզնըսով են զբաղւում, յորդորում եմ, որ ներդրում անեն սեփական երկրի բժշկութեան մէջ:

Հ.- Ուրիշից պահանջելուց առաջ երեւի ճիշդ է, երբ մարդն ինքն իրեն հարցնի. «Ի՞նչ ներդրում եմ կատարել ես»:

Պ.- Բազմիցս արտերկրի առաջատար դարմանատներից աշխատանքի հրաւէրներ եմ ստացել, այո՛, հնարաւորութիւն ունեցել եմ եւ ունեմ մեկնելու եւ աշխատելու արտերկրում` ոչինչ ինձ չի խանգարում: Սակայն ես փորձում եմ զարգացած դարմանատների փորձը ներդրել այստեղ:

«Քաղցկեղն Ընդամէնը Ախտորոշում Է,
Այլ` Ոչ Դատավճիռ»

Հ.- Գնալով նկատւում է քաղցկեղի տարածման միտում, բացի ժառանգականութիւնից, ի՞նչ գործօններով է այն պայմանաւորուած, արդեօք արտաքին կամ ընկերային գործօնները ազդեցութիւն ունե՞ն:

Պ.- Գոյութիւն ունեն արտաքին քաղցկեղածին գործօններ, որոնք սերտօրէն կապուած են քաղաքակրթութեան հետ, եւ որքան բարձրանում է կեանքի որակը, զարմանալիօրէն այդքան մեծանում է քաղցկեղով հիւանդանալու հաւանականութիւնը: Գործօնների մէջ առաջինը ադինամիան է. ինքնաշարժներ ունենալու պատճառով մարդիկ քիչ են շարժւում: Բացի այդ, սննդի որակն է. սննդամթերքի քանակը եւ տեսակներն աւելացել են, սակայն որակի մասին ոչինչ չի ասւում, ինչը լուրջ խնդիր է: Օրինակ, կիսաֆաբրիկատները քաղցկեղածին մեծաքանակ նիւթեր են պարունակում: Յաջորդը, ի հարկէ, մթնոլորտի աղտոտուածութիւնն է: Ինչ վերաբերում է ընկերային գործօնին, ապա այն մեծ դեր չի խաղում: Սակայն հիւանդութեան բացայայտման կամ բարձիթողի վիճակի հարցում այդ գործօնը զգալի է: Այնուհանդերձ, հիւանդութեան առաջացման հարցում ժառանգականութիւնը հիմնական գործօնն է, քանի որ այն առաջանում է ժառանգական ծինի մուտացիայի պատճառով: Անշուշտ, արտաքին մթնոլորտային գործօնները կարող են նպաստել հիւանդութեան զարգացմանը, սակայն մարդու ժառանգականութեան մէջ եթէ ծինի մուտացիա չկայ, ապա այդ գործօնների ազդեցութիւնը շատ աւելի թոյլ է:

Հ.- Մենք` հայերս, հին ազգ ենք, եւ այս առումով ժառանգական ծինն ի՞նչ մուտացիոն փոփոխութեան է ենթարկուել: Կա՞յ նման ուսումնասիրութիւն:

Ardem-Sdepanian2Պ.- Հինաւուրց լինելը այդքան կապ չունի, որովհետեւ, երբ հետեւում ես քաղցկեղ հիւանդութեան յաճախականութեան դինամիկային, ապա ամենաբարձր ցուցանիշը գրանցուած է Դանիայում, Հոլանտայում եւ Միացեալ Նահանգներում: Յետխորհրդային երկրներում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղերից մէկը: Միջազգային վիճակագրութեան տուեալներով` 33-րդ տեղում է:

Հ.- Ինչո՞վ է դա պայմանաւորուած:

Պ.- Այդ առումով մի քանի տեսութիւններ կան: Սակայն քանի որ մենք խօսում ենք մի հիւանդութեան շուրջ, որի մասին, ցաւօք, բժշկութիւնը աւելի շատ չգիտի, քան գիտի, ապա այդ հարցին, թերեւս, ոչ ոք պատասխան չունի:

Հ.- Ասում են` քաղցկեղի տարածմանը զուգահեռ մեծանում է նաեւ բուժման արդիւնաւէտութիւնը: Արդեօ՞ք այդպէս է:

Պ.- Շատ կարեւոր հարց բարձրացրիք: Դրա բուժման հարցում մենք շատ լաւ արդիւնքների ենք հասնում, ինչը պայմանաւորուած է մի քանի գործօններով: Առաջին` մենք սովորել ենք յայտնաբերել հիւանդութիւնը վաղ շրջանում: Երկրորդ` այժմ ունենք շատ հզօր վիրաբուժութիւն, եւ երրորդ` մեծ նուաճում ունենք ինչպէս դեղորայքաբուժութեան, այնպէս էլ նորագոյն քիմիաբուժութեան մէջ: Դրա մասին փաստում է վիճակագրութիւնը, ըստ որի` շատ դէպքերում մահացութեան ցուցանիշը աւելի ցածր է, քան շաքարային շաքարախտաւորի կամ սրտամկանային կաթուածի դէպքերում: Սակայն նման հիւանդութիւնների դէպքում աժիոտաժ չի ստեղծւում, ինչպէս քաղցկեղի դէպքում, ինչը մեծապէս վնասում է հիւանդին:

Հ.- Գուցէ դա տեղեկատուութեան բացակայութեան հետեւա՞նք է:

Պ.- Միանշանակ` այո:

Հ.- Ձեր անձնական վիճակագրութիւնը բուժման վերաբերեալ ի՞նչ է փաստում:

Պ.- Մեր ոլորտում բուժման արդիւնաւէտութիւնը գնահատւում է կեանքի տեւողութեամբ: Բուժում ստացած պարագաների կեանքի տեւողութիւնը ամբողջապէս համապատասխանում է Եւրոպայի եւ Միացեալ Նահանգների զարգացած դարմանատներում բուժում ստացած պարագաների կեանքի տեւողութեանը: Եւ դա բնական է: Եթէ դնում ես նոյն ախտորոշումը, իրականացնում ես նոյն բուժումը, կատարում ես նոյն վիրահատութիւնը, կիրառում ես նոյն դեղամիջոցները, ինչ համաշխարհային բժշկութիւնը, ապա արդիւնաւէտութեան տարբերութիւն չես կարող ունենալ:

«Իւրաքանչիւր Մասնագէտ Իր Տեսակէտն Ունի,
Եւ Չէի Ցանկանայ Դրանք Մեկնաբանել»

Հ.- Քաղցկեղի յայտնաբերման, բուժման աւանդական տեսութիւններից բացի, ինչպիսի՞ նոր տեսութիւններ են ի յայտ եկել:

Պ.- Ուռուցքաբանութեան մէջ այժմ գործում է գենոմիկա նոր ուղղութիւնը: Եւ բոլոր այն քայլերը, որոնք մեզ մօտեցնում են այս հիւանդութեան վերջնական բուժմանը, հիմնականում ուղղուած են մարդու գենոմի ուսումնասիրութեանը եւ այդ ծիների մուտացիայի բացայայտմանը: Ապացուցուած է, որ մուտացուած ծիների յայտնաբերման եւ դրանց շտկման արդիւնքում մենք կարողանում ենք բուժել քաղցկեղի որոշ ձեւեր:

Հ.- Այդ դէպքում, յստակեցնենք, 20 տարի առաջ եւ հիմա. որքա՞ն է մեծացել բուժման արդիւնաւէտութեան հաւանականութիւնը:

Պ.- Մի պարզ օրինակ բերեմ. ժամանակին պարզ չէր, թէ ինչո՞ւ կրծքագեղձի քաղցկեղի որոշ տեսակներ շատ յարձակողական էին ընթանում եւ բերում էին վախճանի, որոշ ձեւերը` ոչ: Պարզուեց, որ դա HER2/neu ծինի մուտացիայի հետեւանք է: Այժմ կրծքագեղձի քաղցկեղով բոլոր պարագաների մօտ որոշւում է այդ ծինի փոփոխութիւնը: Դրա յայտնաբերման դէպքում նշանակւում է «Հերցեպտին» դեղամիջոցը: Այն պարագաները, որոնք մինչ «Հերցեպտին»-ի յայտնաբերումը կարճ կեանք ունէին, հիմա մեծ յաջողութեամբ բուժւում են:

Հ.- Վերջերս օնկոգինեկոլոգիայում սկսեցին իրականացնել նաեւ կրծքագեղձի վիրահատութիւններ, ինչը Հայաստանի որոշ մասնագէտներ քննադատում են: Եւ քանի որ դուք եւս կատարում էք կրծքագեղձի վիրահատութիւն, ապա մեկնաբանէք` ինչո՞վ են պայմանաւորուած այդ քննադատութիւնները:

Պ.- Իւրաքանչիւր մասնագէտ իր տեսակէտն ունի, եւ ես չէի ցանկանայ դրանք մեկնաբանել: Վերջին հինգ տարում միջազգային փորձում պարզուեց, որ կրծքագեղձի քաղցկեղն ինքնուրոյն հիւանդութիւն չէ, այլ հինգ տարբեր հիւանդութիւնների միացութիւն է, որոնք զարգանում եւ տարբեր բուժում են պահանջում: Քանի որ կանանց սեռական համակարգը մի ամբողջական համակարգ է, ապա դժուար է տարանջատել մէկը միւսից: Այդ համակարգում առաջացած քաղցկեղը սերտօրէն կապուած է լինում միւս օրգանի հետ: Դա վերաբերում է ձուարանի եւ կրծքագեղձի քաղցկեղներին, որոնց առաջացումը եւ աճը խթանւում են ձուարանների կողմից: Դրանք ձուարանների հորմոնների նկատմամբ զգայուն ուռուցքներն են: Այս դէպքում բուժումը չի իրականացւում «Հերցեպտին»-ով կամ հորմոններով, քանի որ այդ ուռուցքները քիմիաբուժութեան նկատմամբ ցածր զգայականութիւն ունեն:

Հ.- Քիչ առաջ դուք ձեր հիւանդներից մէկին, որը յուզուած էր եւ չէր ուզում ստանալ քիմիաբուժութիւն, ասացիք. «Վերջին անգամ եմ խորհուրդ տալիս, այլեւս չեմ ասի` գնացէք, ստացէք քիմիաբուժութիւն, եւ հանգիստ ապրէք»: Հիմա, եթէ ձեր վերը նշուած տեսակէտը նա կարդայ, երեւի թէ ձեզ հետ կը կռուի:

Պ.- Այն, ինչ խորհուրդ տուեցի իմ հիւանդին, խորհուրդ կը տայի իմ հարազատին նոյնպէս: Ինչ վերաբերում է հորմոնային բուժման արդիւնաւէտութեանը, ապա դա տեսութիւն է, եւ վաղը, միւս օրը կարող է պարզուել, որ նոյն հորմոնային կախուածութեան ուռուցքների մէջ կան այդպիսիք, որոնք զգայուն չեն հորմոնների նկատմամբ: Այդ տարանջատումը դեռեւս գոյութիւն չունի: Իմ սեփական փորձից կարող եմ ասել, որ կրծքագեղձի այն ուռուցքները, որոնք զգայուն են հորմոնների նկատմամբ, կարող են զգայուն լինել նաեւ քիմիաբուժութեան նկատմամբ: Այնպէս որ, բուժման մէջ, յատկապէս երբ հիւանդը երիտասարդ է, անպայման նշանակւում է քիմիաբուժութիւն:

Հ.- Բարորակ ուռուցքի չարորակի անցման սահմանը որտե՞ղ է:

Պ.- Կրծքագեղձի չարորակ ուռուցքները հիմնականում չեն առաջանում բարորակներից, շատ հազուադէպ դէպքերում է, որ բարորակ ուռուցքը չարորակի է վերածւում:

Հ.- Իսկ գինեկոլոգիայի՞ դէպքում: 

Պ.- Կան մի քանի բարորակ ուռուցքներ, որոնք կարող են վերածուել քաղցկեղի` ձուարանի կիստաները եւ արգանդի լորձաթաղանթի պոլիպները: Դրանց նկատմամբ կանայք պէտք է ուշադիր լինեն: Արգանդի խոռոչի լորձաթաղանթի եւ ձուարանի քաղցկեղը լինում է երկու տիպի` խիստ եւ պակաս յարձակունակ: Եւ բարորակ ուռուցքներից զարգացող քաղցկեղները միշտ շատ աւելի բարենպաստ ընթացք են ունենում եւ հեշտ են ենթարկւում բուժման, քան` ինքնուրոյն զարգացած չարորակ ուռուցքները:

«Բարձր Որակումներ Չեմ Սիրում»

Հ.- Մեր զրոյցի սկզբում դուք ասացիք, որ մերժում էք արտերկրի հրաւէրները, դա հայրենասիրութեա՞մբ է պայմանաւորուած: 

Պ.- Բարձր որակումներ չեմ սիրում: Ցանկացած մարդ, կարծում եմ, առաջին հերթին պէտք է փորձի իր տունը մաքուր պահել եւ ոչ թէ հարեւանի մաքուր տանը հիւրի կարգավիճակով բնակուի:

Հ.- Նման ձեւով շատերն են խօսել, բայց տարիներ յետոյ հեռացել են երկրից, այդ թւում` ճանաչուած բժիշկներ:

Պ.- Ցանկացած պայքարում կան նաեւ պարտուողներ:

Հ.- Ձեր դէպքում պարտութիւնը բացառո՞ւմ էք:

Պ.- Կեանքը այնպիսի բան է, որ հարիւր տոկոսով որեւէ բան բացառել չի կարելի: Ես գիտեմ, որ զբաղւում եմ գործով, եւ ցանկացած գործի մէջ կան նաեւ դժուարութիւններ: Շատերը կարող են մեզ չհասկանալ, հնարաւոր է եւ փնովեն, քննադատեն, բայց մենք գիտենք, որ գործ ունենք այնպիսի հիւանդութեան հետ, որի դէմ պայքարում միշտ չէ, որ յաղթում ես, լինում են նաեւ պարտութիւններ, ինչը դիմացինի մէջ առաջացնում է բացասական վերաբերմունք: Սակայն դա հիմք չէ, որ վիրաւորուածի կեցուածք ընդունեմ եւ հեռանամ երկրից: Հիմնականում ինչպէ՞ս են որոշ մարդիկ մտածում. «Ես հանճար եմ, բայց ոչ ոք ինձ ձեռքերի վրայ չի պահում»: Եթէ բժիշկը սպասում է, որ իրեն ձեռքերի վրայ պահեն, ապա պէտք է փոխի մասնագիտութիւնը, դառնայ երգիչ:

Հ.- Ընդհանրապէս բժշկութեան մէջ օնկոլոգիան ծանր ոլորտ է, որից պտուղներ քաղելը շատ դժուար է: Ինչո՞ւ այս ոլորտը ընտրեցիք, բժշկութեան մէջ կան ոլորտներ, որտեղ ե՛ւ ճանաչումը, ե՛ւ պտուղները հեշտութեամբ են նուաճւում: 

Պ.- Քո արածից պէտք է բաւարարուածութիւն զգաս: Սակայն կայ բաւարարուածութեան մի քանի տեսակ` նիւթական եւ հոգեբանական: Վերջինիս դէպքում ինքնագնահատականն աւելի մեծ է, որովհետեւ յաղթանակն աւելի մեծ է: Ամենակարեւորը այն է, որ մարդն ինքն իր հետ ներդաշնակութեան մէջ լինի: Մարդը պէտք է զբաղուի այն գործով, որը իրեն տալիս է բաւարարուածութիւն եւ բարձրացնում է ինքնագնահատականը: Այս գործօնները յատկապէս կարեւոր են տղամարդու համար: Կարծում եմ` իսկական տղամարդն ինքն իրեն յարգում է այն դէպքում, երբ իրենից հզօր թշնամուն է յաղթահարում:

Հ.- Որքան հասկացայ, դուք սիրում էք դժուարութիւններ յաղթահարել, պայքարող անհատներից էք:

Պ.- Ցանկացած տղամարդու մէջ դա դրուած է ծինաբանօրէն:

 

 

 

Նախորդը

Արուեստի Աշխարհէն. «Ամէն Բանէ Առաջ Կը Ներգրաւուինք Անտեսանելի Կախարդանքներով»

Յաջորդը

Իսրայէլի Նախկին Նախարարը Կը Քննադատէ Նեթանիահուի Կառավարութիւնը, «Նախքան Թուրքիոյ Հետ Յարաբերութիւններու Վատթարացումը, Հայոց Ցեղասպանութիւնը Մերժեցիք»

RelatedPosts

«Իւրաքանչիւր Նոր Բեմ Իր Փորձառութիւնը Կը Բերէ, Սակայն Հնդկաստանի Եւ Չինաստանի Մէջ Ելոյթ Ունենալը Ինծի Համար Տարբեր Նշանակութիւն Ունէր»,  «Ազդակ»-ին Կ՛ըսէ Շողիկ Թորոսեան
Հարցազրոյց

«Իւրաքանչիւր Նոր Բեմ Իր Փորձառութիւնը Կը Բերէ, Սակայն Հնդկաստանի Եւ Չինաստանի Մէջ Ելոյթ Ունենալը Ինծի Համար Տարբեր Նշանակութիւն Ունէր», «Ազդակ»-ին Կ՛ըսէ Շողիկ Թորոսեան

October 20, 2026
Հայագիտութիւն Մագիստրոսական Ծրագիր` Հայագիտական Համակողմանի Գիտելիքի Կարելիութիւն
Անդրադարձ

«Մեղու»-ն Ծնած Է Սէրէն»

October 16, 2026
«Ունկնդիրներուն Հաւատարմութիւնն Է, Որ «Վանայ Ձայն»-ին Ուժ Կու Տայ Իր Երթը Շարունակելու 40-Ամեակէն Անդին»  «Ազդակ»-ին Կ՛ըսէ «Վանայ Ձայն»-ի  Տնօրէն Վիգէն Աւագեան
Հարցազրոյց

«Ունկնդիրներուն Հաւատարմութիւնն Է, Որ «Վանայ Ձայն»-ին Ուժ Կու Տայ Իր Երթը Շարունակելու 40-Ամեակէն Անդին» «Ազդակ»-ին Կ՛ըսէ «Վանայ Ձայն»-ի Տնօրէն Վիգէն Աւագեան

October 13, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.