Հայաստանի Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, հիւրընկալեց Ֆրանսայի Մարսէյ քաղաքի ղեկավարին` քաղաքապետ Ժան Քլոտ Կոտենին: Ժան Քլոտ Կոտենը Ֆրանսայի ծերակոյտի անդամ է, Հայոց ցեղասպանութեան ճանաչման ջատագովներից մէկը: Նա, անսալով մեր խնդրանքին, կարճ հարցազրոյց տուեց «Հայերն այսօր»-ին:
ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Կոտեն, Մարսէյը Ֆրանսայի առաջին քաղաքն էր, որը 1915 թուականի Ցեղասպանութիւնից յետոյ իր գիրկն առաւ հազարաւոր հայերի: Մօտ հարիւր տարի մարսելահայերը երախտագիտութեամբ են յիշում բոլոր նրանց, ովքեր հիւրընկալեցին, օգնեցին, որպէսզի Եղեռնից մազապուրծ մարդիկ յարկ ու ջերմութիւն ունենան:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Ընդհատեմ ձեզ` կռահելով հարցը: Մարսէյը եղել է ու կայ հայերի քաղաքը: Շատ յաճախ հէնց այդպէս էլ ասում ենք` հայերի Մարսէյ: Հայկականութիւն կայ քաղաքում, մի շարք թաղամասերում` հայկական քոլորիտ ու շունչ: Երբեմն այն տպաւորութիւնն է, թէ քայլում ես բուն հայկական քաղաքում, չնայած վերջին շրջանում այստեղ էլ պակասել են հայերէնով խօսող մարդիկ: Հսկայական են այն ներդրումները, որոնք ֆրանսական այս հինաւուրց քաղաքում կատարել են մեր եղբայր հայերը: Ես միշտ հպարտանում եմ, որ կառավարում եմ մի քաղաք, որտեղի բնակիչների մեծ մասը, մասնաւորաբար հայերը, վստահել են ինձ, իմ ընտրողներն են եղել: Գիտեմ, որ Հայաստանում շատ լաւ գիտեն մեր քաղաքի պատմութիւնը, հետաքրքրուած են մեր քաղաքով: Եւ այդ հետաքրքրութեան հիմքում հայ բնակչութեան ջանքերն են: Մի քանի օր է` Երեւանում եմ, եւ ամէն տեղ ինձ ընդունում են իբրեւ հարազատի: Սա հայերի շնորհիւ է, որոնք միշտ մեր քաղաքում իրենց լաւ գործերով են առանձնացել: Նաեւ փոխքաղաքապետն է հայ, ինչը նշանակում է, որ ունեմ հայերի մեծ աջակցութիւնը: Առհասարակ նշեմ, որ հայերը երախտագէտ մարդիկ են, գիտեն գնահատել, հաւատարիմ լինել:
Հ.- Դուք մեծ ներդրում ունէք Ցեղասպանութեան ճանաչման, Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող յօդուածի շուրջ հետաքրքրութիւն ձեւաւորելու գործում: Յաճախ էք կրքոտ եւ սկզբունքային ելոյթներ ունեցել: Արդեօ՞ք այդ յօդուածը նորից կ՛ընդգրկուի օրէնսդիրի օրակարգում:
Պ.- Միանշանակ: Ֆրանսան նոր նախագահ ունեցաւ, որը, բնականաբար, պիտի առաջին հերթին զբաղուէր երկրի տնտեսութեան եւ նոր քաղաքական զարգացումների հարցերով: Այդ յօդուածը փոքր-ինչ յետ մղուեց: Գիտեմ, որ հայերը թէ՛ Ֆրանսայում, թէ՛ Հայաստանում յուզմունք ապրեցին, անգամ` հիասթափութիւն: Սակայն այս ամէնը ժամանակաւոր է, որովհետեւ Ֆրանսան չի կարող յետ կանգնել մի քայլից, որը գերակայ է հռչակել: Մենք ամէն ինչ պիտի անենք, որպէսզի այդ յօդուածն օրէնքի ուժ ստանայ: Սա պէտք է ոչ միայն հայերին: Բոլորիս է պէտք, որպէսզի այլեւս չկրկնուեն նման ողբերգութիւնները: Մենք ապրում ենք այսօր նաեւ ապագայի համար: Իսկ ապագայում մեզ չեն ների, եթէ ինչ-որ տեղ նման ողբերգութիւն լինի: Մենք նաեւ պատասխանատու ենք մեր համաքաղաքացի հայերի առջեւ: Բոլորս խոստումներ ենք տուել, իսկ խոստումները նրա համար են, որպէսզի հրամայաբար կատարուեն:
Հ.- Յատկապէս Հայաստանում անկախութեան հռչակումից յետոյ սերտացան հայ-ֆրանսական կապերը: Տեւական ժամանակ անգամ Ֆրանսան համարւում էր տարածաշրջանում Հայաստանի ամենամեծ բարեկամը: Ի՞նչ նոր նախաձեռնութիւններ կան ընդլայնելու հայ-ֆրանսական բարեկամական կապերը:
Պ.- Մեր բարեկամութիւնն այնպիսին է, որ յաճախ ծրագրեր պէտք էլ չեն: Անխախտ բարեկամութիւնը ծրագրերով չէ: Սակայն, ի հարկէ, պէտք են նաեւ ծրագրեր: Ես հանդիպեցի Երեւանի երիտասարդ քաղաքապետի հետ, սփիւռքի նախարարի հետ, որը շատ եռանդուն անձնաւորութիւն է: Քննարկեցինք մեր հետագայ անելիքները, մասնաւորաբար` Ֆրանսայում ապրող ձեր հայրենակիցներին վերաբերող հարցեր: Երեւանի հետ մենք կ՛ընդլայնենք մեր համագործակցութիւնը, կը փորձենք առեւտրի եւ մշակոյթի ասպարէզում նոր յաջողութիւնների հասնել: Կ՛աջակցենք այն բանին, որ շատ հայ երիտասարդներ գան Հայաստան, ծանօթանան երկրին, մեր քաղաքում մի շարք հայկական մշակութային ծրագրեր կեանքի կը կոչենք… Աւելացնեմ, որ հիացած եմ Երեւանով, Հայաստանով: Շատ տաք երկիր է Հայաստանը…
Հ.- Պարո՛ն Կոտեն, գիտեմ, որ շտապում էք, ուստի շատ չեմ ծանրաբեռնում ձեզ: Թոյլ տուէք յայտնել շնորհակալութիւն եւ մաղթել յաջողութիւններ:
Պ.- Շնորհակալութիւն:


