Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Ազրպէյճանի Հասարակութիւնը Եւ Ընդդիմութիւնը Զրկուած Են Սահմանադրական Իրաւունքներից». Թաթուլ Յակոբեանի Զրոյցը Ազրպէյճանի Յայտնի Քաղաքագէտ Զարտուշթ Ալիզատէի Հետ

September 23, 2013
| Անդրադարձ, Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

Հոկտեմբերի 9-ին Ազրպէյճանում, իսկ հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայանալու են նախագահական ընտրութիւններ: Սպասւում է, որ Վրաստանում կը լինեն ամենամրցակցային ընտրութիւնները այդ երկրի անկախութիւնից ի վեր: Ազրպէյճանի դէպքում ամէն ինչ աւելի պարզ է ու կանխատեսելի: Իլհամ Ալիեւը, ամենայն հաւանականութեամբ, երրորդ անգամ անընդմէջ կը զբաղեցնի նախագահի պաշտօնը: Ազրպէյճանի ներքաղաքական իրավիճակի եւ ընտրութիւնների մասին մենք զրուցեցինք ազրպէյճանցի նշանաւոր քաղաքագէտ Զարտուշթ Ալիզատէի հետ: 1988-ին Ալիզատէն մտաւ քաղաքականութիւն, դարձաւ Ազրպէյճանի Ժողճակատի հիմնադիրներից, սակայն կարճ ժամանակ անց հեռացաւ քաղաքականութիւնից եւ զբաղուեց հասարակական ու փորձագիտական-քաղաքագիտական գործունէութեամբ: Մասնագիտութեամբ արեւելագէտ է, եղել Խորհրդային Միութիւնում նշանաւոր արաբագէտ-թարգմանիչ: Ազրպէյճանի նորագոյն պատմութեան` 1988-1992-ական թուականների մասին ռուսերէնով գրել է «Երկրորդ հանրապետութեան վերջը» հրաշալի աշխատութիւնը: Ալիզատէի հետ իմ զրոյցը կայացաւ սեպտեմբերի 14-ին Վրաստանում` հայ-վրաց-ազրպէյճանական սահմանային վրացական ազրպէյճանաբնակ Թեկալի գիւղում:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ.- Հոկտեմբերի 9-ին Ազրպէյճանում կայանալու են նախագահական ընտրութիւններ: Կարելի է՞ ակնկալել անակնկալներ, թէ՞ լինելու է այնպէս, ինչպէս մտածում ենք: 

ԶԱՐՏՈՒՇԹ ԱԼԻԶԱՏԷ.- Կովկասեան հանրապետութիւններում ընտրութիւնների արդիւնքները կանխորոշուած են: Քաղաքական համակարգերի էութիւնը թոյլ չի տալիս ակնկալել անակնկալներ: Սովորաբար գործադիր իշխանութիւնը անում է ամէն բան, որպէսզի ապահովի իր յաղթանակը: Երբեմն օգտագործւում են վարչական միջոցները, երբեմն` բացայայտ ճնշումներն ու բռնութիւնները, երբեմն` ահաբեկումները, եւ դա բնորոշ է հարաւկովկասեան բոլոր հանրապետութիւններին: Համեմատութեան մէջ` Վրաստանում ընտրութիւնները փոքր-ինչ տանելի են, մի քիչ աւելի պակաս` Հայաստանում, եւ աւելի պակաս` Ազրպէյճանում: Միանշանակ կարող ենք ասել. լինելու է այն, ինչ բոլորս մտածում ենք:

Թ. Յ.- Անցեալ տարի Վրաստանի խորհրդարանական ընտրութիւններում յաղթեց ընդդիմութիւնը: Հայաստանում ընդդիմութիւնը նախագահական ընտրութիւններում երբեմն հասնում է որոշակի յաջողութիւնների, ինչպէս եղաւ 2013-ին, երբ ընդդիմութեան թեկնածուն ստացաւ 37 տոկոս: Հարեւանութեամբ «Արաբական գարուն»-ն է: Այս գործընթացները որեւէ ազդեցութիւն չե՞ն թողնում Ազրպէյճանի ներքաղաքական վիճակի եւ ընտրութիւնների վրայ: Որքանով ես եմ հասկանում, Ազրպէյճանում համեմատաբար վերջին արդար ընտրութիւնները կայացել են 1992-ի ամրանը, երբ նախագահ ընտրուեց Ապուլֆազ Էլչիպէյը: 

Զ. Ա.-1992-ի նախագահական ընտրութիւնները եւս կեղծուել են: Ես կարծում եմ` Ազրպէյճանում համեմատաբար ազատ եւ արդար ընտրութիւններ են եղել 1990-ի աշնանը, երբ Ազրպէյճանում կայացան խորհրդարանական ընտրութիւններ: Դրանք այն ժամանակներն էին, երբ Միխայիլ Կորպաչովը նախագահ էր, իսկ Խորհրդային Միութիւնը դեռ չէր փլուզուել: Դրանից յետոյ Ազրպէյճանում գործող իշխանութիւնները միշտ կեղծել են ընտրութիւնները: Ինչ վերաբերում է «Արաբական գարուն»-ին, ապա դա տեղի է ունենում այն երկրներում, որտեղ իշխող համակարգը` վերնախաւը, պառակտւում է:

Թ. Յ.- Այսինքն «Արաբական գարուն»-ը չի անցնելու Հարաւային Կովկասի հանրապետութիւններից եւ ոչ մէկով:

Զ. Ա.- Քաղաքական գործընթացները բացատրւում են ժողովրդի որակական յատկանիշներով, ժողովրդի քաղաքական մշակոյթով: Հարաւային Կովկասի ժողովուրդների քաղաքական մշակոյթի վրայ ամենամեծ ազդեցութիւն թողել է պատմութիւնը: Մենք եղել ենք Իրանի Ղաճարների հարստութեան, ապա օսմանեան Թուրքիոյ ազդեցութեան տակ: Այդ կայսրութիւններում քաղաքական մշակոյթ, արեւմտեան ժողովրդավարական սերմեր չեն եղել: Մենք եղել են Ռուսական կայսրութեան մաս, որտեղ նոյնպէս քաղաքականութիւնը չի կրել եւրոպական մշակոյթ: Ապա մենք եղել ենք համայնավարական ամբողջատիրական համակարգում` ԽՍՀՄ կազմում, որտեղ քաղաքական գործընթացները որոշում էր մէկ կուսակցութիւն եւ մէկ անհատ: Ի՞նչ ժողովրդավարութեան մասին կարող է խօսք լինել: Մենք ամբողջատիրական մշակոյթների պտուղն ենք: Ահա այդ պատճառով է, որ հնարաւոր չէ հրաշքով կամ այլ միջոցով դառնալ ժողովրդավար պետութիւն:

Թ. Յ.- Դեռ որքա՞ն ժամանակ է Հարաւային Կովկասը մնալու այսպիսի պայմաններում: Քսան տարի շարունակ կովկասեան հանրապետութիւններում, աւելի կամ պակաս չափով, կեղծւում են ընտրութիւնները: Ինչպէ՞ս է հնարաւոր դուրս գալ այս փակ շղթայից:

Զ. Ա.- Դա հնարաւոր է անել մարդկանց կրթելով ու լուսաւորելով, դա հնարաւոր է կազմակերպութիւնների միջոցով: Որքան շատ լինեն այն քաղաքացիները, ովքեր գիտակցում են, թէ ինչ ասել է անձնական եւ ազգային արժանապատուութիւն, քաղաքացու արժանապատուութիւն, որքան նրանք համախմբուած կերպով միաւորուեն կազմակերպութիւններում, այնքան մեծ կը լինի հնարաւորութիւնը դուրս գալու այս փակ շղթայից: Իսկ մինչ այդ ոչինչ չի ստացուի: Ես բերեմ օրինակը: Օրինակ, դու` Թաթուլ, ուզում ես քարից տուն կառուցել: Ի՞նչ է պէտք դրա համար:

Թ. Յ.-  Քար է պէտք:

Զ. Ա.- Այո՛, քար է պէտք: Հիմա մենք ուզում ենք կառուցել ժողովրդավարական հասարակութիւն: Ուրեմն մեզ անհրաժեշտ է ժողովրդավար քաղաքացին: Երբ քարը չունես, չես կարող փայտից քարէ տուն կառուցել: Մենք չունենք ժողովրդավար քաղաքացին, ուրեմն չենք  կարող ունենալ ժողովրդավարական հասարակութիւն եւ ժողովրդավարական, ազատ ընտրութիւններ:

Թ. Յ.-  Ազրպէյճանում այսօր կա՞յ որեւէ ընդդիմադիր գործիչ կամ կուսակցութիւն, դաշինք, որը ի վիճակի է ձեռնոց նետել իշխող վարչակարգին` Իլհամ Ալիեւին: Խօսքը չի վերաբերում Ալիեւին յաղթելու մասին: Գոնէ ստանալ քուէների 20-30 տոկոսը, որպէսզի վարչախումբը հասկանայ, որ Ազրպէյճանում ամէն ինչ այնպէս չէ, ինչպէս ցուցադրում է պետական հեռուստատեսութիւնը:

Զ. Ա.- Նախ պէտք է ասեմ, որ իշխանութիւնները շատ լաւ տեղեակ են ժողովրդի տրամադրութիւններին: Նրանք ունեն իրենց յատուկ ծառայութիւնները, անց են կացնում հանրային հարցումներ, նրանց զեկուցում են հասարակութեան մօտ առկայ իրական տրամադրութիւնների մասին: Իշխանութիւնները մեծացնում են ճնշումները եւ հարիւր տոկոսով վերահսկողութեան տակ պահում ընտրական գործընթացները: Ընտրութիւնները միայն ընտրութեան օրով չեն սահմանափակւում: Մեզ մօտ` Ազրպէյճանում, հինգ տարի հասարակութիւնը եւ ընդդիմութիւնը եղել են արգելափակուած, զրկուած են եղել սահմանադրական բոլոր իրաւունքներից: Այսօր, նախընտրական կարճ ժամանակահատուածում, ընդդիմութեան համար անհնար է դառնում որեւէ յաջողութիւն ակնկալելը: Բացի այդ, իշխանութիւնները թոյլ չեն տալիս, որպէսզի իրական ընդդիմադիրները ներգրաւուեն նախագահական պայքարի մէջ: Ամիսներ առաջ արգելափակեցին եւ ձերբակալեցին երիտասարդ, խոստումնալից, արեւմտեան արժէքներով առաջնորդուող Իլկար Մամետովին: Ապա արգելափակեցին յայտնի բեմադրիչ Ռուստամ Իպրահիմպեկովին: Իշխանութիւնները թոյլ են տուել նախագահական ընտրութիւններին մասնակցել այնպիսի թեկնածուների, ովքեր ունակ չեն զօրաշարժի ենթարկել հասարակութիւնը, նրանք չեն կարող լինել արժանի այլընտրանք: Իլհամ Ալիեւին մնացել է, որպէսզի այս ընտրապայքարում նստի ինքնաշարժը եւ անցնի վերջին հարիւր մեթրը:

Թ. Յ.- Ընտրութիւնները կեղծելու հարցում ի՞նչ դերակատարութիւն ունեն Ռուսաստանն ու Արեւմուտքը: Թէ՞ ժամանակն է գիտակցելու, որ այն ինչ կատարւում է, մեղաւոր ենք մենք, իսկ արդար, ժողովրդավարական ընտրութիւններ անցկացնելու բանալին մեր ձեռքերում է, այն Մոսկուայում, Պրիւքսէլում կամ Ուաշինթընում չէ: 

Զ. Ա.- Անշուշտ, հիմնական բանալին մեր ձեռքում է, բայց պէտք է յիշենք, որ ժողովրդավարութիւնը հայերը, ազրպէյճանցիները եւ վրացիները չեն յայտնաբերել: Ժողովրդավարութիւնը սկիզբ է առել Յունաստանում, ապա տարածուել` Եւրոպայում, Արեւմուտքում: Արեւմտեան ժողովրդավարական երկրները մի կողմից` յորդորում են մեզ անցկացնել ազատ,արդար ընտրութիւններ, միւս կողմից շատ բեղուն համագործակցում են այն մարդկանց հետ, որոնք բռնաբարում են ժողովրդավարական սկզբունքները: Իսկ Ռուսաստանը իւրաքանչիւր ընտրութիւններից առաջ Հայաստան եւ Ազրպէյճան է գործուղում քաղաքական արհեստագէտների, ովքեր տեղերում սովորեցնում են, թէ ինչպէս պէտք է կեղծել, ապա ուղարկում են իրենց դիտորդներին, ովքեր յայտարարում են, թէ այսպիսի փայլուն ընտրութիւններ չեն եղել ողջ աշխարհում: Ու այսպէս շարունակւում է իւրաքանչիւր ընտրութիւնների ընթացքում: Նոյն գործով են զբաղւում նաեւ ԵԱՀԿ դիտորդները: Ազրպէյճանի իշխանութիւնները կարողանում են կաշառել եւ գնել արեւմտեան այդ դիտորդների մի մասին, ովքեր կեղծուած ընտրութիւններից յետոյ յայտարարում են, թէ անց են կացուել տանելի ընտրութիւններ, մէկ քայլ առաջընթաց է գրանցուել: Եթէ Արեւմուտքը մեզ մարդ է համարում եւ յորդորում է անցկացնել արդար, ժողովրդավարական ընտրութիւններ, միւս կողմից` ճնշումներ չի բանեցնում կեղծարարների, իրականում` յանցագործների վրայ, ապա այդ կոչերը որեւէ ազդեցութիւն չունեն:

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

 

Նախորդը

Խմբագրական «Հորիզոն»-ի. Որպէսզի Յաւերժ Ամրագրենք Վերանկախացած Պետականութեան Գոյատեւելիութիւնը

Յաջորդը

Ցեղասպանութեան Պատասխանատուութեան Մասին Նշանաւոր Փորձագէտի Վերջին Խօսքերը` Թուրքիոյ

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.