Բանաստեղծ Արտեմ Յարութիւնեան լոյս ընծայած է ծաւալուն հատոր մը, 654 էջ, լոյս տեսած` 2010-ին. ՀԵՌՈՒՍՏԱՊՈԷՄՆԵՐ «ՇՈՒՇԻ» ԵՒ «ԲԱԲԵԼՈՆ» ՀԻՒՐԱՆՈՑՆԵՐԻ ԱՇՏԱՐԱԿԻՑ: Արտեմ Յարութիւնեան ծնած է 1945-ին, Ստեփանակերտ: Տիրացած է համալսարանական բարձրագոյն աստիճաններու: Հմուտ է նաեւ միջազգային գրականութեան: Լոյս ընծայած է բանաստեղծութեան հատորներ. «Նշանների երկիր» (1973), «Տեսադաշտ» (1979), «ՇԵՄ» (1984), «Ներկայութեան խօսքեր» (1988), «Նամակ Նոյին» (1994), որ անգլերէնով լոյս տեսած է Նիւ Եորքի մէջ, «Յուդայի արձակուրդը» (2003), հրատարակած է օտար գրողներու գործեր, դասախօսած է օտարերկրեայ համալսարաններու մէջ, եղած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դեսպան` Ուաշինկթընի մէջ: Արժանացած է բազմաթիւ պետական մրցանակներու: Գէորգ Էմին ըսած է «Նամակ Նոյին» ժողովածուի մասին, որ Արտեմ Յարութիւնեանը «վերստեղծում ու դատապարտում է ժամանակակից աշխարհի հրէշաւոր արատները` ցեղասպանութիւն, ազգերի տեղահանութիւն, անարդար եւ մահաբեր պատերազմներ, մարդկային եւ պետական խղճի փոշիացում»… Բանաստեղծը, նախաբանին մէջ կ’ըսէ. «Բանաստեղծութիւնների փունջ, որոնց թեման հոգեւոր-քաղաքական-իրապաշտ զիկզակումների սիւրռէալ-կոմիկական-ողբերգական գրոտեսգային շուրջպարն է` մարդկային ցեղի սպասելիքների պլուզ աչքի ներքոյ… Սրանք, այս «լիրիկները», գրում են միայն իրանց համար, եւ մէկ էլ հիւծուած-«լիրիկական» թաթիկներ ունեցող մի դարչօ քննադատ… … Յանկարծ թմբուկի ձայն. նոյն «լիրիկիկան» քոսով վարակուած կիսակոյր հայեացքով քննադատներ, որ «լիրիկա» են որոնում գրականութեան (կարդա՛` հակագրականութեան) ինստիտուտի զառամախտով հիւանդ «քիւնջերու», որի նախկին տնօրէնը` քեավառա Կանտը, պսէօդոէալիզմի իր եփուկն է մոգոնում-խառնում իր գեղի հսկայ շերեփով…»: Հակադասական հակաքնարական կնիքով կ’արտայայտուի ժամանակակից բանաստեղծ Արտեմ Յարութիւնեան:
————————————
Արդեօք Գիտակցո՞ւմ Են, Որ
Արցախի Ռազմագծում Կանգնած…
Արդեօք գիտակցո՞ւմ են Երեւանում,
Աբովեան
եւ
Մաշտոց
փողոցներով զբօսնող
(պերճացող խանութների կողքով)
օլիկարխ Դարչոն
եւ գեղեցկութեան սրահում
մազ սարքող Կեկելը,
նաեւ
հարուստ ծնողի որդի
քաղքենի Բրդոն,
որ անհոգ նստած է
Տէրեան փողոցի սրճարաններից մէկում
կապուչինոյի փրփուրը
հեշտասէր շուրթին,
արդեօք գիտակցո՞ւմ են նրանք,
որ Արցախի ռազմագծում կանգնած,
հայկական սահմանը հսկող
կոշտաձեռ տղան,
ամէն վայրկեան փրկում-պաշտպանում է
ոչ միայն Հայաստանը,
ոչ միայն Արցախը, այլեւ ակամայ` նրանց փուչ հոգին
եւ կեանքը հեշտագին…
Ես Հայ Եմ, Արցախից
Ես հայ եմ, Արցախից, որովհետեւ մայրս`
Շամիրամ Ռուբէնի Զաքարեանը,
հէնց նոր Արցախի սեղանին դրեց
սիրելի ճաշս` կճեխաշը,
եւ տաք գոլորշին ճիւղաւորուելով`
դարձաւ կորսուած հողերի քարտէս:
Հայ եմ, որովհետեւ տեսնում եմ
ազգիս աղքատացումը,
սեմուշկա ծախող ագռաւազգեստ պառաւների
համբարձումը երկինք`
արեւածաղկի տոպրակի ետեւից,
եւ նրանց տխուր վայրէջքը քաղաքական խենթ
հարուածից ծռուած մայթին,
կարկատած տոպրակի մէջ` յոյսի սերմեր,
իսկ խեւութեան մէջ` բիբլիական բարութիւն:
Հայ եմ, որովհետեւ շումերներից, հիթիթներից,
աքքադացիներից յետոյ դեռ ապրում եմ Երեւանում,
Տէրեան փողոցում, Արարատ լերան դէմ-դիմաց:
Հայ եմ, որովհետեւ տեսնում եմ աշխարհի
ողբանոց դառնալը,
իսկ հեռուստախցում քաղաքական աղբանոցը
ծխում է իր լուրերի գարշահոտը,
ուր պայթիւնից կիսուած մարմինը սոսկ կէտագիծ է,
ելեկտրոնային նշան, ո՛չ ծնող ունի, ո՛չ արիւն,
սոսկ կէտ-գիծ, գիծ-կէտ`
ահա պատրանքը մաֆիոզ մոգերի,
որով կերակրւում ենք ամէն օր:
Հայ եմ, որովհետեւ 14 տարեկանում
կարդացի Ուիթմենի «Ողջոյն աշխարհին» պոէմը,
ուր հայերը մի օր պէտք է վերջնականապէս
բարձրանան լեառն Արարատ
դնելով մաքառման եռագոյնը ձիւնոտ գլխին`
արիւնոտուած նահապետի:
Հայ եմ, որովհետեւ բոլոր կրօնները անասելի
դաժան են եւ անտարբեր`
ընկած հոգու խորխորատի առաջ:
Հայ եմ, որովհետեւ բաց են դռները լոմբարդի,
եւ սարդ կայ ամէն անկիւնում,
ժողովուրդն այլեւս ոչինչ չունի`
թշուառութեան երախը փակելու:
Հայ եմ` զարմացած, որ հայ ջահելը
կարող է դիմանալ մօտեցող թշուառութեանը`
գրպանում ունենալով քսան լումայ
եւ աթոմային ռումբի ահագնացում:
Հայ եմ, որովհետեւ սիրում եմ այս երկիրը`
հայրենի Արցախից մինչեւ Դիլիջան
եւ Լոս Անճելըսի հայ համայնք:
Հայ եմ, որովհետեւ պատուհանից երեւացող
դաշտն ու անտառը օրէցօր
սրբանում են` հանց Արշիլ Կորքու նկար
եւ տարածւում երազի քարէ պատռուածքում:
Եւ վերջապէս հայ եմ, որովհետեւ հայրս`
Շուշիից, եւ մայրս` Պիթլիսից,
ինձ սովորեցրել են կրկնել Նարեկացու տողերը`
«Եւ հիմա որտեղի՞ց գտնենք մխիթարութիւն
այսքան վշտերի համար»:


