ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Աղաբեկեան, կարելի՞ է ասել, որ ԼՂՀ-ի վերաբնակեցումը օրակարգային հարց է իշխանութիւնների սեղանին: Ին՞չ կարող ենք արձանագրել այս առումով:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Լեռնային Ղարաբաղի իշխանութիւնները առկայ մարտահրաւէրների շարքից թիւ մէկ մարտահրաւէր են դիտարկում բնակչութեան թիւը եւ նրա կայուն աճը: Բոլոր ժամանակներում Արցախի քաղաքական իշխանութիւնները տարբեր լուծումներ են առաջարկել այս խնդրի լուծման համար: Այսօրուայ իշխանութիւնների քաղաքական ուղղութիւնը միտուած է խթանելու բնակչութեան բնական աճը: Իրականացւում են տարաբնոյթ ծրագրեր երիտասարդ զոյգերին, բազմազաւակ ընտանիքներին աջակցելու համար: Յաջողութեամբ իրականացւում է ծնելիութեան եւ բազմազաւակութեան խթանման ծրագիրը, որով ընտանիքում ծնուած երրորդ եւ աւելի երեխաներին տրւում է միանուագ նպաստ, ինչպէս նաեւ ծնուած երեխաների անունով աւանդներ է ձեւակերպւում, որի օգտագործման իրաւունքը երեխային է, 18 տարին լրանալուց յետոյ:
Սակայն բնակչութեան թուի կայուն աճը բաւարար չէ բնակչութեան արտայայտուած աճ ապահովելու համար: Այն հնարաւոր է միայն ճիշտ ներգաղթ կազմակերպելու միջոցով:
Անհրաժեշտ է իրականացնել ինչպէս վերաբնակեցման, այնպէս էլ տարաբնակեցման ծրագրեր: Միաժամանակ մենք գիտակցում ենք ընկերային եւ մշակութային խոչընդոտների առկայութիւնը նշուած ծրագրերը իրականացնելու համար:
Հ.- Ին՞չ պաշարների եւ միջոցների հաշուին պէտք է իրականացնել վերաբնակեցման քաղաքականութիւնը:
Պ.- Թիւ մէկ հարստութիւնը, որը հնարաւորութիւն է տալիս առանց լուրջ ընկերային խոչընդոտների իրականացնել վերաբնակեցում, դա մեր հողային հարստութիւններն են Քաշաթաղի եւ Շահումեանի շրջաններում: Մենք հնարաւորութիւն ունենք տարածքներ առաջարկելու ինչպէս վերաբնակիչներին, այնպէս էլ առանձին տնտեսութիւններին, որոնք կը ստեղծեն նոր աշխատատեղեր:
Յաջորդ պայմանը, որը մեզ հնարաւորութիւն է տալիս իրականացնելու ներգաղթը, դա արտադրական նշանակութեան նոր աշխատատեղերի ստեղծումն է: ԼՂՀ օրէնսդրութիւնը նպաստաւոր եւ շահագրգռող է պիզնես կազմակերպելու եւ նոր աշխատատեղեր ստեղծելու համար:
Աստուածաշնչեան «Զաւակիդ մեծացրու բարեբեր հողի վրայ» արտայայտութիւնը իսկ ասուած է Արցախի համար:
Սակայն պիւտճէական սահմանափակ միջոցները բաւարար չեն ընկերային կարեւորագոյն մի այնպիսի խնդրի լուծման համար, ինչպիսին բնակարաններով կամ առանձնատներով ապահովում է: Այս խնդրի լուծումը հնարաւոր է միայն ԼՂՀ-ի անվտանգութեամբ մտահոգ ողջ հայ ժողովրդի ուժերով:
Մեր ժողովրդին այս կարեւորագոյն խնդրի լուծմանը մասնակից դարձնելու համար ԼՂՀ-ի կառավարութիւնը 2013 թուականին նախաձեռնել է Ազգային վիճակախաղ, որի առաջացած ողջ շահոյթը ուղղուելու է վերաբնակեցման ծրագրերին:
Պետական վիճակախաղերը կազմակերպում են այն երկրները, որոնք ունեն սահմանափակ պիւտճէական հնարաւորութիւններ, կամ սահմանափակ բնական միջոցներ, սակայն բնակչութեան շրջանում ունեն քաղաքական վստահութիւն:
Այսօր ԼՂՀ-ի իշխանութիւնները ունեն բաւարար քաղաքական վստահութիւն ոչ միայն Արցախում, այլ նաեւ Հայաստանում եւ սփիւռքում:
Համոզուած եմ վիճակախաղը լինելու է յաջող եւ շարունակական:
Հ.- Ին՞չ է իրենից ներկայացնում վիճակախաղի ընթացակարգը եւ ի՞նչ է խաղարկուելու:
Պ.- Վիճակախաղով խաղարկութեան է դրուելու Արցախում արտադրուող ապրանքների առաւելագոյն քանակութիւն. բնակարաններ Ստեփանակերտ քաղաքում, Արցախում արտադրուած ձեռագործ գորգեր, տուրիստական ուղեգրեր դէպի Արցախ եւ այլն:
Վիճակախաղը խաղարկուելու է Արցախի համար խորհրդանշական օր` 2013 թուականի դեկտեմբերի 28-ին (Առաջին Գերագոյն խորհրդի ընտրութիւններ): Այն շրջանառութեան է դրուել մէկ այլ խորհրդանշական օր` Մայիսի 9-ին:
Իւրաքանչիւր հայ, անկախ բնակութեան վայրից, պէտք է գիտակցի, որ ձեռք բերելով վիճակախաղի տոմսը` իր մասնակցութիւնը կ՛ունենայ Արցախի վերաբնակեցմանը: Առաջարկում եմ` բոլորս գործի անցնենք:
Արցախում` Հայաստանում եւ սփիւռքում բնակուող իմ հայրենակից, շտապիր ձեռք բերել 1 վիճակախաղի տոմս` վճարելով ընդամէնը 2000 դրամ:
14.05.2013


