ԼՈՒՍԻՆԷ ԲԱՐՍԵՂԵԱՆ
Ստորեւ տրուած հարցազրոյցին մէջ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի փոխներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղուան Վարդանեան կ՛անդրադառնայ Երեւանի աւագանիի ընտրութիւններուն ընդդիմութեան ձախողութեան պատճառներուն եւ հետագայ ընելիքներուն:
ՀԱՐՑՈՒՄ.- Պարոն Վարդանեան, աւագանու ընտրութիւններից առաջ տեւական ժամանակ` ընդդիմադիր ուժերով փորձում էիք միասնաբար հանդէս գալ, ինչը, սակայն, չստացուեց: Հիմա այդ նոյն ուժերը ընտրութիւնները դատապարտող յայտարարութիւններ են անում: Պարզ չէ՞ր, որ եթէ միաւորումը չստացուեց, այս պատկերն էր լինելու:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Դժուար է ասել` թերեւս պարզ էր, բայց գուցէ այդքան էլ յստակ չէր: Ակնյայտօրէն` եթէ նախընտրական միաւորում գոյանար, գուցէ պատկերը տարբեր կը լինէր: Եթէ մենք ունենայինք այնպիսի մթնոլորտ եւ ընտրութիւնների քաղաքական կարեւորութեան ընկալում, գուցէ մարդիկ էլ հաւատային փոփոխութիւններին: Կարող էր նաեւ յետընտրական դաշինքը նման ընկալման հնարաւորութիւն տալ: Փաստօրէն, երկուսն էլ չեղաւ:
Հ.- Երբ միաւորումը տեղի չունեցաւ, նաեւ պարզ չէ՞ր, որ յետընտրական դաշինք էլ չի լինի, անիմաստ չէի՞ն այդ յայտարարութիւնները յետընտրական դաշինքի մասին:
Պ.- Մենք իսկապէս անկեղծ ենք եղել: Դաշնակցութիւնը առաւելագոյնն արել է, որ նախընտրական դաշինքը հնարաւոր դառնայ, եւ եթէ դա չեղաւ, գոնէ յետընտրականի հիմքերը ստեղծուեն: Մենք մեզնից կախուածը արել ենք, փորձել ենք: Եթէ ընդդիմութիւնը գումարային մեծամասնութիւն ունենար, այն ուժը, որ չէր միաւորուի, քաղաքական դիակ կը դառնար: Մենք այսպէս էինք մտածում: Սա արդէն անցեալ է: Այն ինչ եղել է, եղել է:
Հ.- Բայց թերեւս աւելորդ չէ, քանի որ նման պատկեր եղաւ. Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնը կրկին իր մեթոտներով այդքան ձայն վերցրեց ու հիմա աւագանիում ընդդիմութիւնը ներկայացուած է միայն «Ժառանգութեան» ընդամէնը 7 տեղով: Եւ հասկանալի է, որ այնտեղ ըստ էութեան, գրեթէ ոչինչ անել հնարաւոր չէ:
Պ.- Ունենք այն, ինչ ունենք: Կայ Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնը` իր յայտնի մեթոտներով, կայ «Ժառանգութիւն»-ը, կայ Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւնը: Եթէ այս երկու ուժը աւագանիում անեն այն, ինչի մասին խօսում էին նախընտրական շրջանում, հետաքրքիր կը լինի, վատ չի լինի: Ի հարկէ, որոշումները կը կայացուեն, բայց պայքար կը լինի եւ մարդիկ իրենց տեսակէտները կ՛արտայայտեն, բանավէճ կը լինի, բնական է: Թէեւ վստահ չեմ, որ այդպէս կը լինի: Վստահ չեմ նաեւ, որ երբ ամբողջ իշխանութիւնը վերեւից ներքեւ Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնն է, իրենց ամենաաշխուժ գործունէութիւնը որեւէ արդիւնք կը տայ: Բայց կեանքը շարունակւում է եւ սա վերջը չէ, սա ընդհակառակը` սկիզբն է:
Հ.- Պարոն Վարդանեան, հիմա ակնյայտ է, որ ունենք ահաւոր թոյլ վիճակում գտնուող ընդդիմութիւն: Կարո՞ղ էք ասել, ով է մեղաւոր դրա համար:
Պ.- Ես սովոր եմ առաջինը ինձ մեղադրել, որ մենք չենք կարողացել մեր քաղաքացիների մօտ վստահութիւն եւ փոփոխութիւնների հնարաւորութիւն ներշնչել: Առաջին մեղաւորը մենք ենք: Այո, մենք գիտենք` ընտրութիւնները ինչպէս, ինչ մեթոտներով են կայացել: Բայց այսօր նոյնիսկ խնդիրն այդ չէ: Խնդիրը մենք ենք եւ մենք փորձելու ենք հասկանալ, թէ ինչ կարող էինք անել, որ չենք արել:
Հ.- ՀՅԴ-ն քանի՞ անդամ ունի:
Պ.- Մօտ 5 հազար:
Հ.- Այսինքն, ստացւում է, որ միայն ՀՅԴ անդամներն ու իրենց ընտանիքի անդամներն են ձեզ ձայն տուել, կողքից ձայներ չեն եղել: Դուք ասում էք, որ նաեւ դուք էք մեղաւոր այդ ամէնի համար, աւելի յստակ կարո՞ղ էք ասել` որն է ձեր մեղքը:
Պ.- Մենք չենք կարողացել մարդկանց մէջ փոխել հոգեբանութիւնը, մտածողութիւնը, որ առաջինը մեզանից պիտի սկսէինք: Մեծ հաշուով` մենք չենք կարողացել մարդկանց համոզել, որ իշխանութիւնները յաւերժ չեն, որ փողը թուղթ է, որ վախը, մարդկանց ճնշելը, վախով քուէարկելը լաւ տեղ չի տանելու: Չենք յաջողել: Հիմա հետեւութիւններ պիտի անենք:
Հ.– Այդ վախը 2008-ին էլ կար, յետոյ էլ կար, բայց տեսանք, որ մարդիկ գնացին ու քուէարկեցին ընդդիմութեան օգտին:
Պ.- 2013-ին էլ քուէարկեցին: Բայց ընդամէնը երկու ամիս յետոյ նորից պետական ամբողջ համակարգը վերածուեց ընտրական համակարգի եւ ամբողջական ընտրակաշառք: Մենք թէժ գիծ ստեղծեցինք, բոլոր ահազանգերը փոխանցեցինք ոստիկանութիւն: Ահազանգերը տարբեր բնոյթի էին` օրինակ, Չարենցի փողոցում պայմանական ասած, Կիրակոսը, որը յայտնի է այդ թաղամասում, ընտրակաշառք է բաժանում, Էրեբունիում այսինչ շէնքում համատիրութեան նախագահ այսինչը ընտրակաշառք է բաժանում: Նոյն օրը լրագրողները վարչապետին ահազանգել էին` հանրապետականները ընտրակաշառք են բաժանում: Վարչապետն ասել էր` յերիւրանքներ են: Վստահ եմ` եթէ Չարենցի փողոցի պայմանական Կիրակոսին եւ Էրեբունի թաղամասի պայմանական Բաղդասարին ոստիկանութիւնը հարցնի, նրանք էլ են ասելու` յերիւրանքներ են: Այսինքն, նոյնն են ասելու, ինչ վարչապետը: Բնական է, մեր անբնական իրականութիւնն է:
Հ.- Հիմա ի՞նչ է անելու ընդդիմութիւնը` մինչեւ յաջորդ ընտրութիւններ:
Պ.- Յաջորդ ընտրութիւնները մի քանի տարի յետոյ են: Մենք ունենք անելիք մեր ներսում` առաջին հերթին մեր խնդիրները հասկանալու, մեր առջեւ դրուած խնդիրները լուծելու առումով: Ասացի արդէն, միանձնեայ իշխանութիւն կայ, թող աշխատեն, արդիւնքներին կը հետեւենք: Մենք զբաղուելու ենք առաջին հերթին մեզանով, փորձելու ենք աշխուժ, գիտակից, մտաւորական, լուրջ մարդկանց մտքի եւ աշխատանքի դաշտ ստեղծել:
armtimes.am
9 մայիս, 2013


