Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայաստանի Նախագահի Թեկնածուները. Ով` Ով Է

January 14, 2013
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Փետրուարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրութիւնների թեկնածուների անունները յայտնի են` Սերժ Սարգսեան, Րաֆֆի Յովհաննիսեան, Հրանտ Բագրատեան, Պարոյր Հայրիկեան, Արման Մելիքեան, Արամ Յարութիւնեան, Անդրէաս Ղուկասեան եւ Վարդան Սեդրակեան: Յունուարի 21-ից կը սկսուի պաշտօնական քարոզարշաւը:

Նախքան թեկնածուներին ներկայացնելը` մի քանի դիտարկում կատարենք: Նախագահական այս ընտրութիւնները նախորդ բոլոր հինգ (1991, 1996, 1998` արտահերթ, 2003 եւ 2008) ընտրութիւններից տարբերւում են նրանով, որ անց են կացւում ոչ մրցակցային պայմաններում: Գործող նախագահի յաղթանակը գրեթէ կանխորոշուած է, եթէ, անշուշտ, չլինեն անկանխատեսելի զարգացումներ: Երկրորդ` նախագահական այս ընտրութիւնները ո՛չ ներհայաստանեան եւ ո՛չ էլ համահայկական իմաստով լուրջ հետաքրքրութիւն չեն ներկայացնում, ինչի պատճառն այն է, որ արդիւնքները կանխատեսելի են: Երրորդ` նախագահական ընտրութիւններին իրենց թեկնածուներով չեն մասնակցում գործող խորհրդարանում ներկայացուած մի քանի կուսակցութիւններ` Բարգաւաճ Հայաստանը, Դաշնակցութիւնը, Հայ ազգային քոնկրեսը եւ Ազատ դեմոկրատները:

Դիւցազնագէտ Վարդան Սեդրակեանը այս անհամ ընտրութիւնների համ ու հոտն է: Նա հայ հասարակութեան լայն շրջանակներին մինչեւ իր առաջադրուելը գրեթէ անյայտ էր: Նա առաջիններից մէկն էր, ով ամիսներ առաջ յայտարարեց, որ դնելու է իր թեկնածութիւնը: Սեդրակեանը այսօր հայաստանեան լրատուամիջոցներում ամէնից շատ երեւացող դէմքերից է` իր հակասական, յաճախ անլուրջ յայտարարութիւններով ու խոստումներով: Այսպէս, գործազուրկ դիւցազնագէտը խոստանում է հայ ազգի մէջ արթնացնել իր ոգեղէն զօրութիւնը կամ երկրորդ փուլ դուրս գալ Սերժ Սարգսեանի հետ: Բայց ամէնից զաւեշտալին այն է, որ ինչպէս Հայաստանի ակադեմական շրջանակներն են պնդում, հայագիտութեան մէջ դիւցազնագէտ եզրոյթ ընդհանրապէս գոյութիւն չունի: Սեդրակեանի կենսագրականից պարզւում է, որ նա նուագում է թաւջութակ, իսկ մասնագիտութեամբ Ճարտարապետ-շինարար է: Հայկական դիւցազնավէպի ուսումնասիրութեամբ նա զբաղւում է 1998-ից: Հրատարակել է «Deusvult-Կամոքն Աստծոյ» գիրքը, որտեղ ներկայացրել է հայ-ռուսական եւ հայ-անգլոսաքսոնական դիւցազնավէպերի համեմատական վերլուծութիւնները: Սեդրակեանը 2007-ին մասնակցել է Ազգային ժողովի ընտրութիւններին` ստացել 5525 ձայն եւ պարտուել:

Անդրէաս Ղուկասեանը եւս անյայտ անուն է հայ հասարակութեանը: Նա միջազգային իրաւունքի մասնագէտ է: Ես ծանօթ եմ Ղուկասեանի հրապարակումներին, որոնք լուրջ են եւ խորքային, մասնաւորապէս` այն հրապարակումները, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան իրաւական կողմերին: Նախագահի թեկնածու Ղուկասեանը նախագահի միւս բոլոր թեկնածուներին, բացի Սերժ Սարգսեանից, արդէն կոչ է արել դուրս գալ ընտրապայքարից եւ այսպիսով, միասնաբար դուրս գալ իշխող քաղաքական ուժի կողմից «նախագծուած ու կանխորոշուած ընտրապայքարից», եւ միայնակ թողնել գործող նախագահին եւ «քաղաքացիական պայքար ծաւալել քրէասակաւապետական համակարգի դէմ» ու պահանջել Սերժ Սարգսեանի  հրաժարականը:

«Ազգային համաձայնութիւն» կուսակցութեան ղեկավար Արամ Յարութիւնեանը մասնակցել է նախագահական նախորդ` 2008-ի ընտրութիւններին` ստանալով ընդամէնը 2892 ձայն կամ` քուէների 0.17 տոկոսը: Յարութիւնեանը, ով ազդեցիկ քաղաքական գործիչ երբեք չի եղել, մասնակցել է նաեւ 2003-ի նախագահական ընտրութիւններին` ստանալով 1272 ձայն կամ քուէների ընդամէնը 0.08 տոկոսը:

ԼՂՀ նախկին արտաքին գործերի նախարար Արման Մելիքեանը նոյնպէս մասնակցել է նախագահական նախորդ` 2008-ի ընտրութիւններին` ստանալով 4399 ձայն կամ` քուէների 0.27 տոկոսը: Նա դիւանագէտ է, եղել է Հայաստանի դեսպանը Ղազախստանում:

Պարոյր Հայրիկեանը տասնամեակներ առաջ Խորհրդային Միութիւնում ամենայայտնի քաղաքական այլախոհներից էր, ով իր անկախական ձգտումների համար 17 տարի անց է կացրել խորհրդային բանտերում ու աքսորավայրերում: Հայրիկեանը Ազգային միացեալ կուսակցութեան հիմնադիրներից է, որը գաղտնի պայմաններում գործել է 1970-ական թուականներից: 1987-ին Հայրիկեանը Երեւանում հիմնադրեց «անկախութիւն» թերթը, որը քարոզում էր Հայաստանի անկախութիւնը եւ անջատումը ԽՍՀՄ-ից: 1988-ի ամրանը նա Գորբաչովի կարգադրութեամբ վտարուեց ԽՍՀՄ-ից: Հայրիկեանը ուղղակի կամ անուղղակի մասնակցել է նախագահական բոլոր ընտրութիւններին: 1991-ին նա Լեւոն Տէր Պետրոսեանի դէմ հիմնական մրցակիցն էր եւ ստացաւ քուէների 7 տոկոսը: 1996-ին Հայրիկեանը իր թեկնածութիւնը վերջին պահին հանեց յօգուտ միասնական թեկնածու Վազգէն Մանուկեանի` ընդդէմ Տէր Պետրոսեանի: Հայրիկեանը մասնակցել է 1998-ի նախագահական արտահերթ ընտրութիւններին: Երկրորդ փուլում նա աջակցեց Ռոբերտ Քոչարեանին` ընդդէմ Կարէն Դէմիրճեանի: 2003-ի եւ 2008-ի նախագահական ընտրութիւններում Հայրիկեանը որպէս թեկնածու չի մասնակցել, սակայն բացայայտ կամ անուղղակի պաշտպանել է Ռոպերտ Քոչարեանին եւ Սերժ Սարգսեանին:

«Ազատութիւն» կուսակցութեան առաջնորդ Հրանտ Բագրատեանը Հայաստանի վարչապետի պաշտօնը զբաղեցրել է ամենաբարդ ժամանակահատուածում` 1993-1996 թուականներին: Մինչ այդ` 1991-ի աշնանը, երբ այն ժամանակուայ վարչապետ Վազգէն Մանուկեանը հրաժարական տուեց, հէնց Բագրատեանը նշանակուեց ժամանակաւոր վարչապետ: Որպէս տնտեսագէտ նա յայտնի է ոչ միայն Հայաստանում, այլ` հանրապետութեան սահմաններից դուրս: Յիշեցնենք, որ 1993-1996 թուականներին Սերժ Սարգսեանը Բագրատեանի կառավարութիւնում զբաղեցնում էր նախ պաշտպանութեան, ապա եւ ազգային անվտանգութեան ու ներքին գործերի նախարարի պաշտօնը:

«Ժառանգութիւն» կուսակցութեան հիմնադիր եւ Հայաստանի նախկին արտաքին գործերի նախարար Րաֆֆի Յովհաննիսեանը, ինչպէս եւ` Բագրատեանը, առաջին անգամ է մասնակցում նախագահական ընտրութիւններին: Սպասւում է, որ երկրորդ տեղի համար պայքար կը մղեն հէնց Յովհաննիսեանն ու Բագրատեանը:

Նախագահի ութերորդ թեկնածուն Սերժ Սարգսեանն է, ով 1993-ից ի վեր անընդմէջ բարձր պաշտօններ է զբաղեցրել Հայաստանի կառավարութիւնում: Նա նորանկախ Հայաստանի պատմութեան ամենաերկարակեաց նախարարն է` շուրջ 14 տարի: 1993-1995-ին եղել է պաշտպանութեան նախարար, 1995-1996-ին` պետական անվտանգութեան վարչութեան պետ, ապա` ազգային անվտանգութեան նախարար, 1996-1999-ին` ներքին գործերի եւ  ազգային անվտանգութեան նախարար, 2000-2007 -ին` կրկին պաշտպանութեան նախարար: Նախարարական այս երկարատեւ ժամանակաշրջանում Սարգսեանը միայն մէկ անգամ է հեռացել պաշտօնից` հրաժարական ներկայացնելով 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչութիւնից յետոյ: Յիշեցնենք, որ այդ օրերին Սերժ Սարգսեանը ներքին գործերի եւ ազգային անվտանգութեան նախարարն էր, իսկ Ռոպերտ Քոչարեանը` երկրի նախագահը:  2007-ի գարնանը նախագահ Քոչարեանը  Սարգսեանին նշանակուեց վարչապետ` Անդրանիկ Մարգարեանի յանկարծամահութիւնից յետոյ: 2008-ին Սարգսեանը զբաղեցրեց Հայաստանի նախագահի պաշտօնը:

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

 

Նախորդը

Կիրակնօրեայ Խօսքը. Մոգերուն Դիմաց` Խոստովանութիւններս…

Յաջորդը

Միքայէլ Լաուտրուփի Զաւակը` Անտրէաս, Միացաւ Սենթ Էթիենի

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.