ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ
Օրին «Հայրենի կեանք» էջով անդրադարձած էինք արժանթինահայ երաժշտահան եւ խմբավար Ժան Ալմուխեանի մեծարումին եւ պարգեւատրումին, որ կազմակերպուած էր Հայաստանի Սփիւռքի նախարարութեան կողմէ: Այդ առիթով հրատարակած էինք նաեւ «Հայերն այսօր»-ի հարցազրոյցը` սփիւռքահայ խմբավարին հետ: Ստորեւ` Արմինէ Մինասեանի յօդուածը Ժան Ալմուխեանի անցած երաժշտական ուղիին եւ իրագործած նուաճումներուն մասին:
«Ա.»
Սփիւռքի տարածքում ոեւէ հայ իրեն հպարտ է զգում, երբ նա արժանանում է իր հայրենիքի, հարազատ մօր` Հայաստանի գնահատանքին:
6 հոկտեմբեր, 2012 թուի օրը բացառիկ մի երեկոյ էր արժանթինահայ երաժշտահան եւ խմբավար Ժան Ալմուխեանի համար: Այդ օրը Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւնը ձեռնարկել էր մի շատ գեղեցիկ յոբելենական հանդէս` նուիրուած նրա 80-ամեակին եւ երաժշտական գործունէութեան 55-ամեակին առիթով:
Յոբելենական համերգը տեղի ունեցաւ Երեւանի Արամ Խաչատրեանի անուան համերգասրահում: Ներկայ էին տեղացի երաժշտասէրներ, ծանօթներ եւ հարազատներ:
Յոբելենական համերգի յայտագիրն էր զարդարում Հայաստանի պետական ակադեմական երգչախումբը, որի գլխաւոր եւ գեղարուեստական ղեկավարն է վաստակաւոր եւ անուանի խմբավար Յովհաննէս Չեքիչեանը: Յայտագիրը պարունակում էր մեներգներ, դաշնամուրային մենակատարումներ եւ խմբային երգեր` Վ. Դաւթեանի, Դ. Վարուժեանի, Պ. Հաճեանի, Ա. Կաշեանի, Վ. Աճեմեանի Յ. Թումանեանի եւ նաեւ` Ժան Ալմուխեանի ստեղծագործութիւններից: Համերգը չվերջացած` Ժան Ալմուխեանը ղեկավարեց երգչախումբը` ներկայացնելով իր ստեղծագործութիւններից «Զարթօնք» խմբերգը, որը դրսեւորում էր նախերգանքը հայ նահատակաց, վերածնունդ` մայիսեան պայծառ առաւօտ եւ մայր հայրենիքի անկախութեան յաղթանակը: Հզօր էր ու ազդեցիկ եռաժանրային ելեւէջներով ստեղծագործութիւնը: Վստահ ենք, որ խոր ազդեցութիւն ու տպաւորութիւն ձգեց ներկաների վրայ:
Սոյն մեծարանքին սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը մայեսթրօ Ժան Ալմուխեանին պարգեւատրեց նախարարութեան ոսկէ մետալով: Նաեւ այդ առումով կարդացուեց Մեծի Տան Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա. վեհափառի կոնդակը, շնորհաւորական նամակներ` Պուէնոս Այրեսի ՀՅԴ Կ. կոմիէտից, Ռամկավար ազատական կուսակցութիւնից, ՀՄԸՄ-ից, ՀՕՄ-ից, ՀԲԸՄիութիւնից, Հայ կեդրոնից եւ Մարաշի հայրենակցութեան միութիւնից, «Համազգային»-ի Կ. վարչութիւնից (Պէյրութ) եւ «Համազգային»-ի Նիւ Եորքի մասնաճիւղի վարչութիւնից:
Երաժշտահան եւ խմբավար ժան Ալմուխեանը ծնուել է 1932-ին, Յունաստան: 1947թ. ընտանեօք հաստատուել է Արժանթին: Նա իր երաժշտական ուսումը կատարել է Արժանթինի ականաւոր վարպետների մօտ, ինչպէս` Էմիլիօ Սամփիեթրօ (տեսաբանութիւն), Քարլոս Թուքսեն Պանկ (ներդաշնակութիւն), Փետրօ Վալենթի Քոսթա (խմբավարութիւն) եւ աշխարհահռչակ երաժշտահան Ալպերթօ Խինասթերայի մօտ (քոնթրափունթ, յօրինում եւ գործիքաւորում):
1957-ին մի խումբ արուեստասէր ընկերների հետ հիմքն է դնում «Հայ երաժշտութեան բարեկամներ»-ի ընկերակցութեան եւ նրա «ԱՐԱՔՍ» երգչախումբին, որի հիմնադիրն ու գեղարուեստական խմբավարն է մինչեւ այսօր: «ԱՐԱՔՍ» երգչախումբը Պուէնոս Այրեսի սիրողական լաւագոյն խմբերից մէկն է մինչ այսօր, եւ իր երգացանկը կը բաղկանայ աւելի քան 350 հայկական, արժանթինեան եւ այլ ժողովուրդների խմբերգներից: «ԱՐԱՔՍ» երգչախմբի նպատակն է եղել միշտ հայ երաժշտութիւնը իր արժանի բարձունքի վրայ հնչեցնել եւ տարածել ո՛չ միայն հայ հասարակութեան, այլ նաեւ մեզ հիւրընկալող տեղացի ժողովուրդներին մէջ: Ճիշդ այդ առումով էլ արձանագրել է կարեւոր ձեռքբերումներ Արժանթինի պետական, քաղաքապետարանի եւ այլ կարեւոր ձայնասփիւռի կայարանների կողմից: Յիշատակելի են իր համերգները` ներկայացուած «Ունիվերսիտատ մուսէօ սոսիալ Արհնթինոյի (Արժանթինի ընկերային թանգարան) համալսարանի կողմից, ինչպէս նաեւ ելոյթներ ճարտարապետական համալսարանի, հրեաների, ճափոնցիների եւ այլ համայնքների մէջ: Անմոռանալի ձեռքբերում եղաւ, երբ 1972-ին Պուէնոս Այրեսի մէջ տեղի ունեցաւ միջազգային մասնագէտ ձայնաբանների (Ֆոնիաթրի) հերթական համագումարը, բժշկական համալսարանի մէջ, որին պիտի մասնակցէին 36 երկիրներ, որոնց կարգին` Միացեալ Նահանգները, Խորհրդային Միութիւնը, Անգլիան, Ֆրանսան, Իտալիան, Սպանիան եւ այլն: Վերոյիշեալ համագումարի հանդիսութեան հրաւիրուեց «ԱՐԱՔՍ» երգչախումբը` կատարելու բացումը, որը կատարուեց միջազգային դասական երաժշտութեամբ, իսկ փակումը` միայն արժանթինեան ստեղծագործութիւնով: «ԱՐԱՔՍ»-ը իր ելոյթներով հանդէս է եկել Պուէնոս Այրեսի կարեւորագոյն սրահների մէջ, ինչպէս` «Քոլոն» (պետական), «Սան Մարթին» (պետական), «Սերվանթես» (պետական), «Օտէոն», «Սփլենտիտ», Միսերիքորտիա» եւ այլն, արժանանալով Արժանթինի եւ հայ մամուլի բարձր գնահատանքին: «ԱՐԱՔՍ»-ը համերգներով հանդէս է եկել նաեւ Քորտոպա քաղաքի եւ Ուրուկուէյի մէջ, ու ելոյթներ է ունեցել հեռատեսիլով:
1960 թիւը Ալմուխեանի երաժշտական կեանքի մէջ բախտորոշ անկիւնադարձ եղաւ, երբ առաջին ճամբորդութիւնը կատարեց դէպի հայրենիք` ուսումնասիրելու եւ շփման նէջ մտնելու հայրենի գեղարուեստական, ինչպէս նաեւ մտաւորական կեանքի հետ: Այդ երեք ու կէս ամսուայ ընթացքում կազմաւորւում ու աւելի է խորանում հայ երաժշտութեան արմատներն ուսումնասիրելու, եւ որը խորապէս հետքեր է թողնում հայ արուեստագէտի հոգու, նկարագրի ու գործունէութեան վրայ:
Այնուհետեւ, շարունակաբար Ալմուխեանը հրաւիրւում է Սփիւռքահայութեան կապի կոմիտէի կողմից, 1968-ին, 1969-ին, 1970-ին եւ 1971-ին, այցելելու հայրենիք, ինչպէս նաեւ` Միջին Արեւելք, Եւրոպա. Թեհրան, Աթէնք, Պէյրութ, եւ Պոլիս` ղեկավարելու երգչախմբեր ու բանախօսելու: Իբրեւ յօրինող եւ խմբավար` Ալմուխեանը լայն ճանաչում է գտնում ամէնուրեք եւ այս առիթով էլ 1972-ին Մեծի Տանն Կիլիկիոյ (Պէյրութ) Խորէն Ա. կաթողիկոսը պարգեւատրում է նրան «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
Դարձեալ 1979-ին Սփիւռքի կապի կոմիտէի հրաւէրով ճամբորդում է հայրենիք` ելոյթ ունենալու եւ ղեկավարելու Հայաստանի երգչախմբային ընկերութեան Արամ Տէր Յովհաննիսեանի անուան երգչախումբը` հեղինակային համերգով, որն արձանագրում է արտակարգ յաջողութիւն. եւ ըստ «Սովետական Արուեստ» հանդէսի, կը վերածուի` «իսկական տօնախմբութեան»:
Ալմուխեանը յօրինել է նշանակելի թւով գործեր` երգչախմբային, սենեկային, սիմֆոնիկ, մեներգներ, դաշնամուրային, որոնք կատարուել են Արժանթինի եւ այլ երկրների մէջ, ինչպէս` Իտալիա, Զուիցերիա, Պոլիվիա, Ուրուկուէի, եւ այլն: Նա անդամ է «Սատայիք»-ի (Արժանթինի երաժշտահանների ընկերութիւն): Ալմուխեանի 25-ամեայ երաժշտական գործունէութեան համար 1982-ին, երբ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգէն Ա. հովուական այցելութեամբ Պուէնոս Այրես ժամանեց, Ալմուխեանին է շնորհում «Սահակ Մեսրոպ» շքանշան»-ը:
Ալմուխեանը 1986, 1987, 1988 եւ 1989-ին Հայ կրթական եւ մշակութային միութեան Նիւ Եորքի մասնաճիւղի կողմից հրաւիրւում է կազմաւորելու եւ խմբավարելու «Համազգային»-ի երգչախումբը եւ համերգներ ներկայացնելու կազմակերպութեան հիմնադրութեան 25-ամեակին առիթով: Յիշեալ համերգները տեղի ունեցան Նիւ Եորք, Պոսթըն, եւ Ուաշինկթըն` Միշտ արձանագրելով աննախընթաց յաջողութիւն: Դարձեալ 1987թ. Հայաստանի մշակութի նախարարութիւնը եւ Երաժիշտների միութիւնը Ալմուխեանին են շնորհում «ԿՈՄԻՏԱՍ» բարձր շքանշանը:
2006-ին լրանում է Ալմուխեանի երաժշտական գործունէութեան 50-ամեակը, այդ առիթով հոկտեմբերին Պուէնոս Այրեսի «Հաճըն տան» կազմակերպութեամբ, տեղի է ունենում համագաղութային մի շքեղ միջոցառում մասնակցութեամբ տեղի բոլոր միութիւնների ու կազմակերպութիւնների: Իսկ 2007-ի նոյեմբերին տեղի է ունենում «ԱՐԱՔՍ» երգչախմբի 50-ամեակի յոբելենական համերգը` ամբողջութեամբ Ալմուխեանի ստեղծագործութիւններով, հովանաւորութեամբ Հայաստանի դեսպանի, առաջնորդ սրբազանի եւ յատուկ կազմակերպող յանձնախմբի: Այս առիթով եւս Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսը կոնդակով շնորհաւորում է խմբավարին եւ երգչախմբին:
2010 թ. Արժանթինի 200-ամեակի առթիւ Ալմուխեանը ելոյթ է ունենում երկու համերգներով: Յայտագիրը բաղկացած է լինում առաջին մասը Կոմիտասի իսկ երկրորդն արժանթինեան երգերով մշակուած Ալմուխեանի կողմից: Առաջինը տեղի է ունենում «Հայ կեդրոն»-ի «Սիրանուշ» սրահի մէջ, իսկ երկրորդը` մայրաքաղաքի կեդրոնը գտնւող հանրածանօթ «Կալերիա կուեմես»-ի մէջ կազմակերպուած նոյն սրահի տնօրէնութեան կողմից: 2011-ին, Հայաստանի անկախութեան 20-ամեակի առիթով, սփիւռքի նախարարութիւնը Ժան Ալմուխեանին պարգեւատրում է «ԿՈՄԻՏԱՍ» շքանշանով:
2012-ին օգոստոս 28-ին Դաշնակցութեան Պուէնոս Այրեսի Կ. կոմիտէն Ժան Ալմուխեանին է պատւում` կազմակերպելով մեծարանքի երեկոյ նրա 80-ամեայ եւ երաժշտական գործունէութեան 55-ամեակի առթիւ: Միեւնոյն ժամանակ նոյեմբեր 18-ին Հայաստանից վերադառնալով Պուէնոս Այրես` անմիջապէս կեդրոնի «Սիրանուշ» սրահի մէջ տեղի է ունենում յոբելենական հանդիսութիւն` հովանավորութեամբ Հայաստանեաց առաքելական եկեղեցւոյ, Հայաստանի դեսպանութեան եւ Հայ կեդրոնի, ուր ցուցադրւում է մայր հայրենիքում կայացած մեծարանքի երեկոյի խտասալիկը` ցուցադրուած Հայաստանի պետական հեռուստատեսութիւնից:
Այսօր, 55 տարի անց, ամբողջ մի կեանք նուիրելով հայ երաժշտութեան ու արուեստին, Ժան Ալմուխեանը եւ «ԱՐԱՔՍ» երգչախումբը կը մնան որպէս հայ մշակոյին ծառայող կարեւոր ազդակներից մէկը:
Հայ ազգն ու հայ մշակոյթը կանգուն են միայն ձեզ նման ազգասէր ու նուիրելալ անձերի տքնաջան աշխատանքով ու զոհողութիւնով, սիրելի՛ մայեսթրօ, վարձքդ ի կատար:
Նիւ Եորք


