Իրենց ժողովրդավար հռչակած պետութիւններն այսօր խօսում են ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների, օրէնքի գերակայութեան եւ համամարդկային արժէքների մասին: Սակայն ներկայ իրողութիւնները վկայում են, որ այդ արժէքները գործնականում պաշտպանւում են այնքան ժամանակ, քանի դեռ չեն բախւում քաղաքական, տնտեսական կամ աշխարհաքաղաքական շահերին:
Արցախի կորուստը դարձաւ դրա ամենացաւալի օրինակներից մէկը: Տարիներ շարունակ Արցախի ժողովուրդը միջազգային հանրութեանը փորձում էր հասցնել իր հիմնարար պահանջը` ճանաչել իր պատմական հայրենիքում ապրելու, սեփական ինքնութիւնը պահպանելու եւ անվտանգ գոյութիւն ունենալու իրաւունքը: Բազմաթիւ միջազգային կառոյցներ այս ամէնի մասին իրազեկուած էին, այցելութիւններ ունէին Արցախ, իրենց աչքով էին տեսնում:
Սակայն, երբ Արցախը ամիսներ շարունակ շրջափակուած էր, երբ հազարաւոր մարդիկ զրկուած էին սննդից, դեղորայքից եւ տարրական կենսապայմաններից, մարդու իրաւունքների ու ժողովրդավարութեան մասին բարձրաձայնող միջազգային կենտրոնները սահմանափակուեցին յայտարարութիւններով, աչք փակեցին սովի ու ցեղային զտման ենթարկուած ժողովրդի ճակատագրին:
Այսօր Արցախում ոչնչացւում է ամենահին քրիստոնեայ ազգի մշակոյթը, Բաքուի բանտում մեր հայրենակիցները պայքարում են` դեռ պահպանելով հաւատը միջազգային իրաւունքի եւ արդարադատութեան նկատմամբ: Սակայն` կրկին անտարբերութիւն եւ գործնական ոչ մի քայլ:
Լուռ է նաեւ այդ պահանջների իրաւատէր կողմը. այսօր հարց է` ո՞վ է միջազգային հարթակներում հետեւողականօրէն պաշտպանելու Արցախի ժողովրդի իրաւունքները: Հայաստանի ներկայ իշխանութիւնը հրաժարւում է ստանձնել այդ պարտաւորութիւնը` փակելով Արցախի էջը, մինչդեռ միջազգային իրաւունքը միայն այն դէպքում կարող է արդիւնաւէտ գործել, երբ դրա պահանջատէրը նաեւ պետութիւնն է:
Պէտք է փաստենք, որ տեղահանութիւնը չի վերացնում Արցախի ժողովրդի իրենց հայրենիքի, ինքնութեան, մշակութային ժառանգութեան, սեփականութեան, անվտանգութեան եւ հաւաքական վերադարձի հետ կապուած իրաւունքները: Այդ իրաւունքները շարունակում են գոյութիւն ունենալ անկախ քաղաքական զարգացումներից:
Այս պայքարի նպատակը ոչ միայն պատմական արդարութեան վերականգնումն է, այլեւ` միջազգային իրաւունքի այն հիմնարար սկզբունքների պաշտպանութիւնը, որոնք կոչուած են կանխելու ուժի կիրառմամբ ժողովուրդների իրաւունքների ոտնահարումը: Եթէ աշխարհը համակերպուի այն մտքի հետ, որ ցեղային զտման եւ բռնի տեղահանութեան հետեւանքները կարող են ընդունուել որպէս անշրջելի իրողութիւն, ապա վտանգի տակ կը յայտնուեն նոյն այն արժէքները, որոնց մասին այսօր այդքան յաճախ խօսում են միջազգային հարթակներում:
Արցախի հարցը, հետեւաբար, չի կարող համարուել փակ, քանի դեռ չեն ապահովուել արցախահայութեան հիմնարար իրաւունքները, չի տրուել արդար եւ իրաւական գնահատական տեղի ունեցած իրադարձութիւններին եւ պատասխանատուութեան չեն ենթարկուել մարդու իրաւունքների կոպիտ խախտումների մեղաւորները:
Պայքարը շարունակւում է, քանի դեռ կայ ժողովուրդ, որը յիշում է իր հայրենիքը, պահպանում է իր ինքնութիւնը եւ շարունակում է պահանջել արդարութիւն` հիմնուելով իրաւունքի վրայ:
13 յուլիս 2026
Լուսանկարը` ԱԲ-ով


