ԱՐՄԻՆԷ Կ. ԿՈՒՆԴԱԿՃԵԱՆ
Այո՛, տեսէք մեր շրջապատի հարեւան ազգերին եւ ընդհանրապէս աշխարհի յաջողակ երկրներին ու համեմատէք մեր հետ: Տեսէք մեր ամենամօտ դրացին` Իրանը: 2500 տարի թագաւորութիւն պահած է, ոչ մէկին չի ենթարկուած, մինչեւ այն յաջողութեամբ, որ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՕՐ չի տօնում, որովհետեւ լաւ է հասկացել ի սկզբանէ ԱՇԽԱՐՀԻ ԿԱՐԳԸ… Եղել է յարձակողական, սարսափի եւ զէնքի ուժով յարատեւել է մինչեւ օրս: Հիմա էլ առանց վարանելու եւ լսելու ԱՇԽԱՐՀԻ ՎԱՇԽԱՌՈՒ ՄԵԾԵՐԻՆ, այսպէս ասած, «ոտք է մեկնում», այսինքն չափւում է Ամերիկայի նման մեծ ուժի հետ: Էլ չեմ խօսում Ալեքսանդր Մեծի, Հռոմի, Նափոլէոնի եւ միւս աշխարհակալների մասին…
Այո՛, մենք էլ մի կարճ ժամանակ ունեցել ենք մեր Տիգրան Մեծը եւ Արտաշէս Աշխարհակալը: Յետոյ, ի՞նչ եղաւ… սխալ հասկացանք քրիստոնէութիւնը, դարձանք ԲԱՐԻ, ՆԵՐՈՂ, ԽԵԼՕՔ, ՀՆԱԶԱՆԴ… մի աշխարհի դէմ, որ ո՛չ ներող, ո՛չ էլ բարեացակամ է մեր հանդէպ (ընդհանրապէս` ոչ ոքի հանդէպ), այլ ընդհակառակը` նուաճող, յարձակուող, տիրապետող:
Մեր սիրելի ժողովրդավար Ամերիկան, որ ժառանգորդն է Անգլիայի, պակաս յարձակողական չի եղել (ուսումնասիրէք` քանի երկրներ է նուաճել եւ հպատակեցրել, օրինակ` Մեքսիքա, Ֆիլիփին եւ այլն…):
Շատ հեռու չգնանք, 11 սեպտեմբեր 2001-ին հիմնականում սէուտական ծագումով անձանց կողմից յարձակում եղաւ Նիւ Եորքի երկու շէնքերի վրայ: Ամերիկան անիրաւացի պատճառաբանութեամբ եւ նախագահ Պուշի դրդումով ռմբակոծեց Իրաքը` Միջին Արեւելքում, որ մինչեւ հիմա մնում է աւերակ ու կռիւների թատերաբեմ:
Մեր շատ սիրելի բանաստեղծ Պարոյր Սեւակը իր «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» գրութեան մէջ հպարտութեամբ գրում է. «Երբ եղել ենք շատ ու եղել կանգուն, դարձեալ չենք ճնշել մէկ ուրիշ ազգի, ոչ ոք չի տուժել զարկից մեր բազկի: Եթէ գերել ենք, լոկ մեր գրքերով…» եւ այլն…
Ցաւօք սրտի, չենք կարողացել անգամ գերել ԳՐՔԵՐՈՎ: Քանի հոգի է լսել կամ կարդացել, օրինակ, Յովհաննէս Թումանեանին, Նարեկացուն, Չարենցին, բայց միլիոնաւորներ կարդացել են Օմար Խայեամ, Ռումի եւ այլն:
Ահաւասիկ նորից եկանք նոյն կէտին: Պարսիկը ուժեղ եղած է, եւ հետեւաբար իր մշակոյթը տարածուել է: Նոյնը կարող ենք ասել գորգի մասին, որ աշխարհում յայտնի է որպէս PERSIAN CARPET: Ըստ պատմութեան, գորգագործութիւնը Հայաստանից է սկսուել, բայց մեր անունը չկայ այդ ասպարէզում, քանի որ պարսիկը եղել է ուժեղ, յարձակողական եւ կայսրութիւն, տարածել է իր արհեստը:
Նորից մէջբերելով Պ. Սեւակին` շատ վատ է, որ մենք մեր շրջապատին չենք ճնշել: Շատ վատ է, որ մեր զարկից չի տուժել ոչ մէկը…
Ահաւասիկ պատմութիւնը մեզ ցոյց է տալիս, որ մենք այդպիսի կեցուածքով ոչնչի չենք հասել, որ` այսօրուայ գազան ցեղասպան թուրքը ներկայանում է հպարտութեամբ եւ կանգնած է Ամերիկայի նախագահի կողքին միջազգային համագումարում, իսկ մեր նախագահն ու վարչապետը Արցախի հարցով մուրացկանի դերում են բոլորի առջեւ: Թոյլին ոչ ոք չի սիրում: Ողորմութիւն խնդրողին կարեկցանքով մի սեւ փող է նետւում, ինչպէս որ կատարում են Եւրոմիութիւնը կամ Ամերիկան:
Բոլորս էլ գիտենք մեծն Գարեգին Նժդեհի պատգամը. «Արդարութիւնը հրացանի միջով է անցնում: Երբ թոյլ ես, ուրեմն արժանի ես այն ինչին, որ դու ենթարկւում ես…»:
Շարունակենք կարդալ Պ. Սեւակին, որ մի քանի տող յետոյ պատգամում է.
«Պարզապէս մահն է մեզ սիրահարուել, իսկ մենք ինքնակամ նրան չենք տրուել: Գիտենք դեռ չանցած վէրքերից տնքալ, Բայց նոր խնդութեամբ ցնծալ ու հրճուել, Գիտենք թշնամու կողը մխրճուել…»:
Ահա, հիմա պահն է` ԹՇՆԱՄՈՒ ԿՈՂԸ ՄԽՐՃՈՒԵԼու…
Այս ճգնաժամային օրերին, լաւ կ՛անենք վերջ տալ շուայտութիւններին, օրինակ` արտգործ նախարարութեան ճոխ շէնքի միայն մաքրութեան եւ սպասարկող անձնակազմի ծախսերը ուղղել առօրեայ բանակաշինութեան, պարգեւավճարներին վերջ տալը, ճանապարհների եզրաքարերի նորոգումը, ճաշարաններում խնճոյքներ կազմակերպելը եւ այլ ծախսերը յատկացնել զէնք ու զրահի արտադրութեան:
Ամենացայտուն խօսքը, որ Պարոյր Սեւակը շատոնց ասել է, այս է`
ՍԵՐՈՒՆԴՆԵՐ ԴՈՒՔ ՁԵԶ ՃԱՆԱՉԷՔ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻՑ:
Շատ լաւ է, որ մեր մէջքը շտկենք, սփիւռքի հետ ձեռք ձեռքի տանք, պատրաստուենք ինքնապաշտպանութեան, յանկարծակի հարուածների պարագայում, չհաւատանք մեր հիւսիսային դաշնակցի «պրոպականդ»-ին (քարոզչութեան) եւ արեւելեան ցեղասպան թշնամու ստերին, որովհետեւ` ԹՇՆԱՄԻՆ ԱՒԵԼԻ Է ՎԱԽԵՆՈՒՄ ԻՆՔՆԱՃԱՆԱՉ ՀԱՅԻՑ, ՔԱՆ ՆՐԱ ԶԷՆՔԻՑ:


