ԵՐՈՒԱՆԴ ՏԷՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ
Բարսեղ Կանաչեանի անունը լսել եմ դեռեւս իմ վաղ պատանեկան տարիներին, գիտէի, որ անուանի երաժիշտ է, երգահան, սքանչելի երգերի հեղինակ: Իմ ուսանողութեան ժամանակը համընկաւ 1960-ական թուականների կէսերին, երբ մեր ժողովուրդն իր գիտակցական մեծ վերելքի շրջանն էր ապրում: 1966-ին լոյս էր տեսել Պարոյր Սեւակի «Անլռելի զանգակատուն»-ը` նոր, շքեղ ու պատկերազարդ հրատարակութեամբ: 1969-ին լրանում է Կոմիտասի ծննդեան հարիւր տարին: Ամբողջ Հայաստանը բռնուած էր Կոմիտասով եւ այն ամէնով, ինչն այս կամ այն կերպ, ուղղակիօրէն թէ անուղղակիօրէն, կապւում էր ազգային մեծ երաժշտի անձի ու գործի հետ: Այդ տարիներին Խորէն Պալեանն ու Լուսինէ Զաքարեանը բեմերից անվերջ հնչեցնում էին մեր ազգային սքանչելի երաժշտութիւնը` մեր հոգեւոր երգերը, մեր շարականները, Մակար Եկմալեան, Քրիստափոր Կարա-Մուրզա, Կոմիտաս… Եւ անվերջ Կոմիտաս… Եւ, ի հարկէ, նաեւ ու անպայման` Բարսեղ Կանաչեան:
Մեր ուսանողութիւնը ուղղակի սիրահարուած էր Բարսեղ Կանաչեանին. «Օրօր»-ը պարզապէս կախարդում ու հմայում էր մարդկանց: Այդպէս, տարիների ընթացքում Բարսեղ Կանաչեանը դարձաւ Հայաստանի երաժշտական դասական մշակոյթի անկապտելի, անտրոհելի մասը: Մեծատաղանդ յօրինողը այլեւս իր արժանի ու մնայուն տեղն ունէր մեր ազգային գիտակցութեան մէջ:
Կոմիտաս վարդապետը ժամանակին իր բազմաթիւ սաներից առանձնացրել է մի քսան-քսաներկու հոգու: Ըստ ամենայնի, վարդապետը նրանց հետ մեծ յոյսեր է կապել: Բայց կեանքն էլ իր թելադրանքն ունի, կեանքն էլ իր ընտրութիւնն է անում: Շուտով այդ քսան-քսաներկու հոգուց վարդապետի շուրջը մնում է միայն հինգ հոգի, բայց իրօք` ընտրեալ վեց հոգի: Հնօրեայ մի լուսանկար պահել է այդ մեծ ընտրութեան, հաւատարմութեան ու հարազատութեան պատկերը` վարդապետը իր սիրելի սաների հետ` Վաղարշակ Սրուանձտեանց, Բարսեղ Կանաչեան, Վարդան Սարգսեան, Արտաշէս Աբաջեան, Հայկ Սեմերճեան եւ Միհրան Թումաճան, 1914 թիւ, Կ. Պոլիս: Նրանք վարդապետի ընտրեալ սաներն էին, եւ նրանցից իւրաքանչիւրն իր մէջ անպայման մաս ունէր մեծ երաժշտի անձից, ձիրքից, նկարագրից: Վստահօրէն կարելի է ասել, որ Բարսեղ Կանաչեանը առաջինն էր հաւասարների մէջ:
Նա կարողացաւ ստեղծել երաժշտութիւն, որ արտայայտութեամբ եւ արտայայտչականութեամբ լինելով տարբեր` ոգով, ներքին բովանդակութեամբ եւ էութեամբ, շարունակում էր Կոմիտաս վարդապետի մեծագործութիւնը, ինչով որ իր երաժշտութիւնը արժանի է դրուելու իր մեծ ուսուցչի ստեղծագործութեան կողքին: Կանաչեանի լաւագոյն խմբերգները` «Տալիլօ»-ն, «Հոյ նար»-ը, «Վարդերու հետ»-ը, իր սքանչելի մեներգները` «Ուռին», «Ալվարդի երազ»-ը, «Պըճինկօ»-ն եւ միւսները` մեր երգարուեստի վաւերական արժէքներն են: Այո՛, դրանք կատարեալ ստեղծագործութիւններ են, բայց ուրիշ է իր «Օրօր»-ը: Այդ երգի մոգական ուժն ու աննկարագրելի հմայքը թւում են այլեւս անվախճան ու անվերջանալի:
Բարսեղ Կանաչեանի «Օրօր»-ը մեզ` հայերիս համար սքանչելի երգ լինելուց զատ նաեւ այլ խորհուրդ եւ իմաստ ունի:
Քրիստոնեայ շատ ժողովուրդներ ստեղծել են իրենց Տիրամօր պատկերը: Ռաֆայէլի «Սիքստինեան Տիրամայրը» դէպի մեզ է գալիս դարերի միջով ու երկնքի վրայով: Հայկական կեանքի ողբերգական ժամանակների նախաշեմին մեծ նկարիչ Վարդգէս Սուրէնեանցը ստեղծեց մեր` հայերիս Տիրամօր պատկերը` իր «Տիրամայրը մանկան հետ» կտաւը: Սուրէնեանցի Տիրամայրը պէտք էր պահէր-պահպանէր հայերին ու հայութեանը: Սուրէնեանցի Տիրամայրը հայուհի է, հայ մայր: Նա հայ Տիրամայր է, որ մարմնաւորում է երկնային էութեան եւ երկրային հողեղէն գոյութեան` հայ կնոջ, հայ մօր կերպարի կատարեալ համադրութիւն: Իր զաւակի չարչարանքներն ու խաչ ելնելը նա կը տեսնի երկուսուկէս տասնամեակ յետոյ, երբ Մանուկը հասակ կ՛առնի, 1915-ին:
Մենք ամէնքս, համայն քրիստոնեայ աշխարհը, գիտենք, թէ Տիրամայրը ինչպէ՛ս է ողբացել իր զաւակի մահը. մեծատաղանդ քանի՜ մարդ է կրկնել «Stabat mater dolorosa» – «Կանգնած է մայրը վշտակար»: Բայց մենք գիտե՞նք, թէ Տիրամայրը ինչպէ՛ս է օրօրել իր Մանկանը, ի՞նչ էր օրօրոցային երգում Նրան:
Ինձ թւում է, թէ ես գիտեմ, մենք` հայերս, գիտենք այդ հարցի պատասխանը: Սուրէնեանցի Տիրամայրը` հա՛յ Տիրամայրը, իր Մանկան համար երգել է երկնային մի մեղեդի, գեղեցկագոյն մի երաժշտութիւն, լեցուն մայրական սիրոյ անհուն բերկրանքով ու վերերկրային խանդաղատանքով, որ յետոյ, դարեր անց, անիմանալի մի հրաշքով ու կախարդանքով, լսել ու գրի է առել հայ երաժիշտ Բարսեղ Կանաչեանը: Ինձ համար իր «Օրօր»-ը Տիրամօր օրօրոցայինն է:
Եթէ Կանաչեանը գրէր միայն «Օրօր»-ը, արդէն մեծ երաժիշտ էր լինելու:
Ես գիտեմ Բարսեղ Կանաչեանի գործերի մեծ մասը, գիտեմ, որ իր «Աբեղայ» օփերան հայ ազգային օփերաների շարքում իր առանձին տեղն ունի, բայց եւ գիտեմ, որ «Օրօր»-ի հմայքը տեւելու է այնքան ժամանակ, քանի դեռ լուսնի ներքոյ հնչելու է հայերէն խօսքը…
***
Ամէն մի իսկական արուեստագէտ իր ստեղծագործութեան մէջ ներդնում է իր էութիւնը, իր նկարագրի, իր ներաշխարհի հարստութիւնն ու հմայքը: Անշուշտ` Բարսեղ Կանաչեանը նոյնպէս: Բայց ճիշդ կը լինի ասել, որ արուեստագէտի հոգեկան հմայքն ու գեղեցկութիւնը երբեմն, փոխակերպուելով, ա՛յլ արտայայտութիւն են ունենում` փոխանցւում են զաւակներին: Ես սրանում խորապէս համոզուեցի, երբ 2000 թուականին իրերի պատեհ բերումով յայտնուեցի Պէյրութում եւ բախտ ունեցայ ծանօթանալու եւ մօտիկից ճանաչելու Բարսեղ Կանաչեանի աւագ դստերը` Սեդա Կանաչեան-Թիւսիւզեանին:
Չափազանցութիւն չի լինի, եթէ ասեմ, որ Սեդա Կանաչեանի նկարագրի մէջ իր հօր երաժշտութեան ներքին ողջ գեղեցկութեան հմայքը կայ: Մեր ծանօթութիւնը շուտով վերածուեց մի բարեկամութեան, որն ինձ համար անչափելի հարստութիւն է:
Սեդա Կանաչեանի պարզ ու գեղեցիկ բնակարանը` Պէյրութում, մի իւրօրինակ հաւաքատեղի է, մի իսկական գրական սալոն, 19-րդ դարի ֆրանսական գրական սալոնների ոգով եւ օրինակով: Այստեղ մշտապէս հաւաքւում էին իր մտերիմները, իր սիրելի մարդիկ, իր պահապան հրեշտակները` դոկտոր Յարութիւն Նագուլեանն ու իր կինը` Էմման, դոկտոր Նուրիջան Տեմիրճեանն ու իր կինը` Յասմիկը, եւ էլի մի քանի հոգի: Եւ յետոյ արդէն հրաւիրեալներն ու հիւրերը, հիմնականում` գրականութեան ու արուեստի, մշակոյթի մարդիկ: Սեդայի տունը սիրոյ, մարդկային ջերմութեան եւ կենսական գեղեցկութեան մի հրաշալի տարածութիւն էր, մարդկային գեղեցիկ յարաբերութիւնների ընտրեալ մի վայր: Երբ անցնում էիր իր տան շեմը, յայտնւում էիր բոլորովին ա՛յլ, ուրի՛շ մի մթնոլորտում, ուրի՛շ իրականութեան մէջ` կատարելապէս հայեցի, մարդկայնօրէն պարզ, հարուստ ու գեղեցիկ:
Չկայ Հայաստանից Պէյրութ հասած գրականութեան ու մշակոյթի հետ առնչուող ոեւէ անձնաւորութիւն, որ հիւրընկալուած չլինի Սեդայի տանը, վայելած չլինի նրա ջերմ վերաբերմունքը:
Սեդան յաճախ հիւր էր ընդունում խմբերով: Երբ Հայաստանի գրողների միութեան մի մեծ բանակ հասել էր Պէյրութ, Սեդան քսան-երեսուն հոգու համար իր տանը փառաւոր ընդունելութիւն սարքեց` իր սէրն ու ջերմութիւնը մաքրութիւնից փայլող ճերմակ սփռոցի պէս տարածելով իր ընդարձակ սեղանի վրայ, իր հիւրերի առջեւ… Սա Սեդա Կանաչեանի ապրելու ձեւն է տարիներէ ի վեր, իր կեանքի իմաստը, իր սէրն ու խանդաղատանքը Հայաստանի ու հայութեան հանդէպ:
Ահա թէ ինչո՛ւ եմ ասում, որ Բարսեղ Կանաչեանի երաժշտութեան գեղեցկութիւնն ու հմայքը այսօր տեւում են իր աւագ դստեր` Սեդա Կանաչեանի բնաւորութեան ու նկարագրի մէջ:
Մի միջադէպ եմ ուզում յիշել անցեալից: Մի անգամ Պէյրութ գնացի իմ սիրելի ընկեր Աշոտ Շառոյեանի հետ: Աշոտը խոր ու նուրբ մարդ էր, արուեստի ու մշակոյթի մարդ, երկրներ, քաղաքներ, մարդիկ տեսած ու ճանաչած անձնաւորութիւն, մարդկային առօրեայ յարաբերութիւնների մէջ` ազատ, անկաշկանդ ու բնական: Ինչպէս որ միշտ է լինում, Սեդան անմիջապէս իր տուն հրաւիրեց: Աշոտը, նկարիչ ընկերս` Շահէ Տէր Յարութիւնեանը եւ ես գնացինք այցելութեան: Անշուշտ, Սեդայի սիրելի ընկերները` իր ողջ շքախումբը, արդէն այնտեղ էին: Նոյն ջերմ ու գեղեցիկ մթնոլորտը, նոյն մարդկային սիրոյ տարածութիւնը` լի խօսք ու զրոյցով, հիւմըրով, մարդկային յարաբերութիւնների պարզ ու բնական գեղեցկութեամբ: Իմ ընկեր Աշոտը այդ օրը մի տեսակ իրեն նման չէր, մի տեսակ ուրիշ էր, թւում էր` շփոթուած ու կաշկանդուած:
Երբ ուշ ժամի արդէն դուրս էինք եկել եւ մեր կեցութեան տեղն էինք վերադառնում, Աշոտը երկար ժամանակ լուռ էր, չէր խօսում:
Յետոյ դարձաւ Շահէին ու ինձ եւ ասաց.
– Գիտէք, երբ մեր գրքերում, մեր վէպերում կարդում էի հայ ազնուականութեան, հայ իշխանական տների, հայ իշխանների ու իշխանուհիների մասին, միշտ ներքուստ թերահաւատ էի, մի տեսակ հաւատալս չէր գալիս : Ինքս ինձ ասում էի` մեր ռամիկ, գեղջուկ, կենցաղավարութեան մէջ կոպիտ ու չյղկուած, յաճախ էլ` բռի ու անտաշ էս մեր ժողովուրդն ու` ազնուականութի՞ւն: Ի՜նչ ազնուականութիւն, ի՜նչ բան… Բայց այսօր հասկացայ, որ չարաչար սխալուել եմ: Փա՜ռքդ շատ, Աստուա՛ծ, ես այսօր հայ ազնուական տիկին տեսայ… Ի՜նչ արիստոկրատ անձնաւորութիւն է, մարդկային ու հոգեկան ի՜նչ գեղեցկութիւն…
Աշոտն, ի հարկէ, ճշգրիտ էր իր բնութագրումի, իր խօսքի մէջ:
Երաժշտութեան մոգական գեղեցկութիւնն ու հմայքը առեղծուածային են, այդ գեղեցկութեան ու հմայքի փոխակերպումները` առաւել եւս…
Բարսեղ Կանաչեան…
«Օրօր»…
Սեդա Կանաչեան…
Հմայքը տեւում է եւ անվախճան է…


