Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ «Յանուն խաղաղութեան եւ բարգաւաճման» (TRIPP) «Թրամփի ուղի»-ում ներդրումներն աւելացնելու Թրամփի խոստումը յստակացուեց ԱՄՆ նախագահի կողմից. «Միջանցքի ստեղծումը կը նպաստի ներդրումների աճին` ամրապնդելով ԱՄՆ առաջնորդութիւնը` որպէս հակամարտութիւնների լուծման գլխաւոր գործօն»:
Հարկ է յիշել` խօսքը ոչ միայն միջտարածաշրջանային Չինաստան-Կեդրոնական Ասիա-Կովկաս-Թուրքիա-Եւրոպա (Վրաստանի նաւահանգիստների ճիւղաւորումով) Միջին երթուղու ամրապնդման մասին է, որը շրջանցում է Ռուսաստանի Դաշնութիւնը եւ Ուաշինկթընի վերահսկողութեան տակ է մտնում նոյն «միջանցքի» միջոցով, այլեւ այդ միջանցքին մերձակայ ոսկու եւ բազմաթիւ գունաւոր մետաղների հանքաքարերի եւ հազուագիւտ տարրերի ահռելի բարձրորակ պաշարներով հանքավայրերին տիրանալու մասին է:
Անմիջապէս մտաբերւում է, թէ ինչպէ՛ս դեռ 1990- ականների սկզբին ԱՄՆ-ում Անդրկովկասի եւ Կասպից ծովի երկրների տնտեսութիւններին նուիրուած պիզնես համաժողովի ժամանակ նշուեց, որ նախկին ԽՍՀՄ-ի հարաւային որոշ շրջաններ, ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայութեան տուեալների համաձայն, արժէքաւոր մետաղագործական եւ ոսկերչական հումքի բաւականին մեծ արդիւնաբերական պաշարներ ունեն, սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից յետոյ դրանք մեծ մասամբ մնացել են անտէր: Եւ ուրեմն ժամանակն է, որ ամերիկեան գործարարները ուշադրութիւն դարձնեն այդ պաշարներին:
Այս առնչութեամբ աւելորդ չէ յիշել նաեւ, որ մինչեւ 1920-ականների սկիզբը այդ հանքավայրերի զգալի մասը փոխզիջման կարգով տրամադրուած էր պելճիքական եւ ֆրանսական ընկերութիւններին:
Յետխորհրդային շրջանում այդ հարստութեան պաշարները պարբերաբար «փակւում էին»` կապուած սեփականատէրերի կազմի փոփոխութիւնների հետ, որոնց մի մասը նախընտրում է մինչ օրս չհրապարակել այդ պաշարները: Մինչդեռ տեղեկութիւններ կան, որ նախ ԱՄՆ յիշեալ Երկրաբանական ծառայութեան ներկայացուցիչներն այցելել են Զանգեզուրի միջանցքի մօտակայքում գտնուող յիշեալ հանքավայրերից մի քանիսը: Երկրորդ` նոյեմբերի կէսերին Երեւանում կայացած բանակցութիւններում ԱՄՆ արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլիսոն Հուքերը Հայաստանի ղեկավարութեան հետ քննարկել է այդ պաշարները նոյն միջանցքում ԱՄՆ-ի ֆինանսական եւ թեքնիք օժանդակութեամբ իւրացնելու տարբերակները:
Խօսքը, առաջին հերթին, Լիճքվազ-Թէյի եւ Տէրտէրասարի համալիր հանքավայրերի մասին է: Լիճքվազ-Թէյը գտնւում է, «թրամփեան» միջանցքի աշխարհագրական կենտրոն Մեղրի քաղաքից 10-12 քմ հիւսիս-արեւմուտք: Մօտակայքում է նաեւ Տէրտէրասարի հանքավայրը, որը, ըստ 80-ականների վերջին արուած պարզաբանման, Լիճքվազ-Թէյի հանքավայրի անմիջական շարունակութիւնն է, ուստի ունի նոյն երկրաբանահանքային կառուցուածքը:
Երկու հանքավայրերի ընդհանուր պաշարները, ըստ 2011 թուականի պաշտօնական տուեալների, կազմում են` 3,755 միլիոն թոն մոլիպտենի եւ խառը հանքաքար, 15,499 հազար թոն պղինձ, 20947,59 քկ ոսկի, 135,1 թոն արծաթ, 19,2769 թոն սելենիում, 31,73 թոն թելուրիում, 1434,548 թոն պիսմութ, 823,47 թոն քատմիում, 11815,62 թոն մկնդեղ, 19336,6 թոն կապար, 30431,5 թոն զինկ եւ 22,035 քկ գալիում (տես Հանքարդիւնաբերութեան եւ մետաղագործական արդիւնաբերութեան հեռանկարներն ու զարգացման ուղիները Հայաստանի Հանրապետութիւնում, Տնտեսագիտութեան հիմնարկ, ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիա, Երեւան, 2011):
Ընդ որում` վերը նշուածները ապացուցուած կամ հաստատուած պաշարներ են: Կանխատեսուող պաշարները հաշուի առնելու դէպքում այս թուերը աճում են 15-25 տոկոսով:
ՀՀ ուժանիւթային ենթակառուցուածքների եւ բնական պաշարների նախարարութեան պաշտօնական տուեալների համաձայն, 2013 թ. յուլիսի 1-ի որոշմամբ Լիճքվազ-Թէյի հանքավայրի շահագործման իրաւունքը վերապահուել է ռուս-հայկական «Sagamar» ՓԲԸ-ին: Սակայն 2010-ականների երկրորդ կէսին այս ընկերութեան ներսում ներքին անհասկացողութիւն է առաջացել, եւ մինչ օրս ընկերութեան իրաւունակութեան վերաբերեալ յստակ պաշտօնական տեղեկատուութիւն չկայ:
Այնուհետեւ մինչեւ 2019 թուականը այդ հանքերը պատկանում էին ռուսական «Փոլիմեթալ հոլտինկ»-ին, իսկ այլ տուեալներով` «Մեթրոփոլ հոլտինկ»-ին (ՌԴ): Իսկ 2019 թուականի դեկտեմբերին հանքավայրը ձեռք են բերել մի խումբ հայկական ընկերութիւններ: Ռուսական «Փոլիմեթալ հոլտինկ»-ի գնահատմամբ Լիճքվազ-Թէյ հանքավայրի պաշարները 2020-ականների սկզբին կազմել են` մօտ 13,4 թոն ոսկի, մօտ 59 թոն արծաթ եւ 15,9 հազար թոն պղինձ: Այստեղ արդիւնահանման եւ հանքաքարի մատակարարման ծաւալները դեռ ուրուագծային են: Հայաստանում որոշ բանիմաց վերլուծաբաններ չեն բացառում` այդ տուեալների հատուածականութիւնը կարող էր համաձայնեցուել ԱՄՆ Երկրաբանական ծառայութեան հետ:
Մերձաւոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի հետազօտութիւնների կենտրոնի տնօրէն Սեմեոն Բաղդասարովի կարծիքով, Մեղրիի մօտակայքում են գտնւում նաեւ աշխարհի ամենամեծ վոլֆրամի (tungsten) հանքավայրերը, եւ ուշագրաւ է, որ այդ պաշարների վերաբերեալ պաշտօնական տուեալներ չկան:
«Ներկայումս,- բացատրում է փորձագէտը,- այնտեղ գումակային խնդիր կայ: ԱՄՆ-ն պէտք է ինչ-որ կերպ տեղափոխի այդ ամէնը: Իրանի միջով դա շատ վտանգաւոր է, Աֆղանստանում եւ Փաքիստանում էլ հակամարտութիւններ են: Մնում է միակ երթուղին` Միջին միջանցքը Հայաստանով եւ Թուրքիայով»: Ինչը, իր հերթին, կ՛ամրապնդի Ուաշինկթընի եւ Անգարայի ռազմաքաղաքական դաշինքը: Համապատասխանաբար, ամերիկացիների համար «այս նախագծի (այսինքն` «խաղաղութեան եւ բարգաւաճման միջանցքի») իրականացումը վիթխարի աշխարհաքաղաքական յաջողութիւն կը դառնայ, ուստի նրանք ամէն կերպ արագացնում են այն»:
Ինչ վերաբերում է տարածաշրջանի պաշարներին` մոլիպտենին եւ շատ այլ բարձրարժէք արդիւնաբերական, այդ թւում` ռազմաարդիւնաբերական պաշարներին, ապա դրանք գտնւում են ընդամէնը 4,5 հազար քառ. քմ տարածքում եւ հէնց այնտեղ, որտեղ անցնում է այդ միջանցքը: Հաշուի առնելով TRIPP-ի փաստացի արտատարածքային (extraterritorial) կարգավիճակը` ամերիկացիները «հասանելիութիւն կը ստանան այս ամէնին: Շատ մեծ է այնտեղ ԱՄՆ զօրամասերի տեղակայման հաւանականութիւնը»:
Նման գնահատականի հետ միանգամայն կարելի է համաձայնել: Առաւել եւս, որ ԱՄՆ-ում 2020-ականների սկզբից կոչ են անում արագացնել 1993-ին ընդհատուած Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ուղիղ երկաթուղային հաղորդակցութեան վերահաս վերականգնումը: Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ վերջին ժամանակներս տեղեկութիւններ են յայտնւում Ազրպէյճանի հարեւան Նախիջեւանի ինքնավարութիւնում նմանատիպ պաշարների նկատմամբ ամերիկեան պիզնեսի հետաքրքրութեան մասին, որին եւ որի միջոցով դէպի Թուրքիա է ուղղւում նոյն միջանցքը: Այդ միջանցքի մօտ գտնուող նշուած հարաւարեւմտեան հանքավայրերը մասամբ շարունակւում են Նախիջեւանի ինքնավարութեան հարեւան տարածքներում:
Թարգմ. Գ. Մ.



