Շաբթուան կիսուն տեղի ունեցան Գերմանիոյ «Պունտըսլիկա»-ի 16-րդ հանգրուանի մրցումները, որոնց ծիրին մէջ պարագլուխի դիրքը գրաւող Պայեր Լեւերքուզըն շարունակեց իր յաղթական ընթացքը` 4-0 արդիւնքով պարտութեան մատնելով Պոխումը: Փաթրիք Շիք (3 կոլ) եւ Վիքթոր Պոնիֆաս նշանակեցին Լեւերքուզընի կոլերը, որոնց շնորհիւ Լեւերքուզըն պահեց առաջին դիրքը` Նոր տարուան արձակուրդէն յետոյ ալ տեղի ունենալիք 17-րդ հանգրուանի մրցումներէն առաջ (12 յունուար): Բ. դիրքը գրաւող Պայերն Միւնիխ, որ մրցում մը պակաս կատարած է եւ 4 կէտով ետ կը մնայ Լեւերքուզընէն, կրցաւ 2-1 արդիւնքով յաղթական վերադառնալ Վոլֆսպուրկի դաշտէն: Ժամալ Մուսիալա եւ Հերի Քէյն նշանակեցին Պայերնի կոլերը, մինչ Մաքսիմիլիան Առնոլտ 46-րդ վայրկեանին նշանակեց Վոլֆսպուրկի միակ կոլը:
Շթութկարթ 3-0 արդիւնքով պարտութեան մատնեց Աուկզպուրկը` շնորհիւ Տենիզ Ունտաւի Սերհու Կերասիի եւ Քրիս Ֆիւրիխի կոլերուն:
Ստորեւ` 16-րդ հանգրուանի արդիւնքները.
| Վերտըր Պրեմըն – Լայփցիկ | 1-1 |
| Տորթմունտ – Մայնց | 1-1 |
| Հոֆենհայմ – Տարմշթատ | 3-3 |
| Ունիոն Պերլին – Քէօլն | 2-0 |
| Այնթրախթ Ֆրանքֆորթ – Մէօնշընկլատպախ | 2-1 |
| Հայտընհայմ – Ֆրայպուրկ | 3-2 |
| Շթութկարթ – Աուկզպուրկ | 3-0 |
| Պայեր Լեւերքուզըն – Պոխում | 4-0 |
| Վոլֆսպուրկ – Պայերն Միւնիխ | 1-2 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Պայեր Լեւերքուզըն | 42 (46-12) |
| 2.- Պայերն Միւնիխ | 38 (49-15) |
| 3.- Շթութկարթ | 34 (37-19) |
| 4.- Լայփցիկ | 33 (38-17) |
| 5.- Տորթմունտ | 27 (30-25) |
| ………………… | ………………… |
| 16.- Մայնց | 10 (13-28) |
| 17.- Քէօլն | 10 (10-28) |
| 18.- Տարմշթատ | 10 (20-41) |
Անգլիոյ լիկայի բաժակի քառորդ աւարտականի իր մրցումին, Լիվըրփուլ 5-1 արդիւնքով հանգիստ յաղթանակ մը արձանագրեց Ուեսթ Համի դէմ: Տոմինիք Սոպոսլայ, Քըրթիս Ճոնզ, Քոտի Կաքփօ եւ Մոհամետ Սալահ նշանակեցին Լիվըրփուլի կոլերը:
Մրցումէն ետք Լիվըրփուլի մարզիչ Եուրկը Քլոփ շատ ուրախ չէր համակիրներէն մէկ մասէն, որ առաջին կիսախաղի գեղեցիկ ֆութպոլի ժամանակ բաւարար չէին քաջալերեր խումբը:
«Այն համակիրը, որ դաշտ չէ եկած քաջալերելու, թող իր տոմսը ուրիշի մը տայ: Շաբաթ օր (վաղը) մրցում ունինք Արսենալի դէմ, եւ պէտք է առաջին երկվայրկեանէն դաշտը լաւ մթնոլորտ ստեղծել», ըսաւ Քլոփ:


