Քաղաքագէտ ՀՐԱՆԴ ՄԵԼԻՔ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
Արցախը մտնում է դիմադրութեան վերջին փուլ: Տեսնելով, որ Արցախի մեր հայրենակիցները յաղթահարում են շրջափակման փորձութիւնը, աւելի՛ն, որ` այդ շրջափակումը հիմա հէնց իրեն է աւելի շատ վնասում, Ալիեւն ու իր «եան» ազգանունով գործակալները հերթական կեղտոտ խաղն են սկսել Արցախի դէմ: Հաւաքել են մի խումբ թափթփուքների, դրանց վրայ չինական որակի «Փրիկոժին» կարգել, անունն աշխարհազօր դրել ու փորձում են դրանցով ահաբեկել Արցախի ժողովրդին: Դէ, ձեռքի հետ էլ` յարձակումներ պետական կառոյցների վրայ, որ վերականգնման յոյսի վերջին նշոյլներն էլ մարեն մարդկանց մէջ:
Ի՞նչ է ստանում Ալիեւը, այսպէս կոչուած, «աշխարհազօր» գործողութեամբ`
ա) Արցախի մեր հայրենակիցներին պառակտելու, այդկերպ նրանց աւելի թուլացնելու հնարաւորութիւն,
բ) Արցախահայութեան մէջ քրէական տարր սերմանելու միջոցով աշխարհին որոշ բաներ «ապացուցելու» հնարաւորութիւն,
գ) Արցախի Պաշտպանութեան բանակի վարկաբեկում, կանոնաւոր (նաեւ` միջազգային ճանաչում ունեցող) զօրքը ապօրինի զինուած խմբաւորումներին հաւասարեցնելու հնարաւորութիւն,
դ) Տեռորի միջոցով Արցախում սեփական գործակալների դիրքի ուժեղացում` հետագայում նրանց իշխանութեան բերելու հնարաւորութիւն,
է) Արցախի պետական հաստատութիւնների կազմաքանդման հնարաւորութիւն,
զ) Արցախահայութեան շրջանում հիասթափութեան, վախի ու պարտուողական տրամադրութիւններ սերմանելու հնարաւորութիւն,
Եւ այլն, եւ այլն…
Ի՞նչ է ստանում Արցախի նախագահը սեփական երկրի ու ժողովրդի դէմ իրականացուող այս էժան սադրանքից: Պատասխանը կարճ է` իշխանութեան պատրանք եւ սին յոյսեր, որ Ալիեւը ապագայում ներում կը շնորհի իրեն:
Հակառակորդի շահերն ու սպասելիքներն այսքանով պարզ են: Կարծում եմ` ով հասկանում է` ինչ է կատարւում, նա նաեւ գիտի, թէ ի՛նչ է պէտք անել: Սադրիչները շատ յստակ են նշել իրենց հիմնական թիրախները: Ընդ որում, նրանց ընտրութիւնը ճիշդ է: Ու եթէ այդ «թիրախները» համապատասխան հետեւութիւններ չանեն (ի դէպ, ոչ միայն այս զարգացումներից), ապա հեռու չէ այն օրը, երբ «փրիկոժիններն» ու թշնամու հետ գործակցողները նրանց` «որպէս ռազմական յանցագործ» կը յանձնեն Ալիեւին: Ժողովրդին էլ կ՛ասեն` թալանչիներ էին, նախկիններ եւ այլն… Այդ օրը կը լինի Արցախի վերջը:
Արցախի մեր հայրենակիցները պէտք է լաւ հասկանան, թէ ի՛նչ է իրականում տեղի ունենում այս օրերին Արցախում: Ձեզանից, սիրելի՛ արցախցիներ, փորձում են գողանալ ձեր` թէկուզ եւ փոքր, բայց շատ կարեւոր յաղթանակը: Դուք արդէն յաղթահարել էք շրջափակումը: Պարզապէս այդ իրողութիւնն ամրագրելու որոշ ժամանակ է պէտք: Նորից եմ կրկնում` Ալիեւի վնասներն այս շրջափակման այսօր շատ աւելի մեծ են, քան` այն ահաւոր դժուարութիւնները, որ դուք կրում էք ամէն օր: Թոյլ չտաք, որ գործակալներն ու «փրիկոժինները» ջուրը գցեն ձեր զրկանքներն ու կորուստները:
Դիմադրութիւնը պէտք է շարունակել: Տէր կանգնենք երկրին ու պետական հաստատութիւններին: Թոյլ չտաք, որ Արցախում ապօրինի ու յանցաւոր տարրեր ձեւաւորուեն: Դրանք դէպի կործանում տանող չարորակ ուռուցքներ են: Հաւատացէք միայն այն գաղափարին, որն առաջնորդել է ձեզ վերջին տասնամեակների ընթացքում: Հաւատացէք Արցախի բարեկեցիկ ապագային ու պայքարէք միայն այդ ապագային համար: Աստծով:


