Արցախի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութիւնը յայտարարութիւն մը տարածած է Ազրպէյճանի կողմէ Արցախի քաղաքացիներու վերադարձը խոչընդոտելու կապակցութեամբ: Յայտարարութեան մէջ կը նշուի.
«Ապրիլի 4-ին տեղի է ունեցել Արցախի քաղաքացիների իրաւունքների հերթական կոպտագոյն խախտումը, որն ի ցոյց է դնում Արցախի Հանրապետութիւնը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն) աւելի քան 110 օր լիակատար շրջափակման մէջ պահող Ազրպէյճանի իրական նպատակները: Ազրպէյճանական կողմը թոյլ չի տուել Լաչինի միջանցքով անցնել Ռուսաստանի խաղաղապահ զօրակազմի մեքենաներին, որոնք տեղափոխում էին շրջափակման հետեւանքով Հայաստանում մնացած եւ իրենց ընտանիքների հետ վերամիաւորուելու հնարաւորութիւնից զրկուած Արցախի քաղաքացիներին: Լաչինի միջանցքի արգելափակուած հատուածում ազրպէյճանական կողմը կանգնեցրել է մեքենաները եւ 5 ժամ շարունակ հոգեբանական ահաբեկման ենթարկել դրանցում գտնուողներին` հիմնականում կանանց, երեխաներին եւ տարեց մարդկանց: Այնուհետեւ Ազրպէյճանը փորձ է արել մարդկանց տառապանքները վերածել կեղծ մարդասիրութեան բեմադրութեան:
Տուեալ աղաղակող միջադէպն ակնյայտօրէն ցոյց է տալիս, որ ազրպէյճանական իշխանութիւններն անցել են Արցախի ցեղային զտման եւ պատմական հայրենիքից նրա ժողովրդի վտարման իրենց յանցաւոր ծրագրի յաջորդ փուլի իրագործմանը: Այս մտադրութիւնների մասին հրապարակաւ յայտնել է Ազրպէյճանի նախագահը 2023 թուականի յունուարի 10-ին ազրպէյճանական լրատուամիջոցներին տուած հարցազրոյցում: Հետագայում Ազրպէյճանի քաղաքական ղեկավարութիւնը բազմիցս կրկնել է այն սպառնալիքը, որ Արցախի բնակիչները պէտք է կա՛մ ենթարկուեն Ազրպէյճանի հայատեաց իշխանութիւններին, կա՛մ լքեն սեփական հայրենիքը:
Բացարձակ անպատժելիութեան պայմաններում Արցախի ժողովրդի դէմ Ազրպէյճանի կողմից իրականացուող յանցաւոր գործողութիւններն առաւել սպառնալից բնոյթ եւ ծաւալներ են ստանում: Մարդու իրաւունքների այդքան լուրջ ոտնահարումների հանդէպ միջազգային հանրութեան անգործութիւնը հաւասարազօր է լռելեայն հաւանութեան, եթէ ոչ յանցակցութեան պաշտօնական Պաքուի հակամարդկային գործողութիւններին: Համապատասխան լիազօրութիւն եւ գործիքակազմ ունեցող ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի կողմից անյետաձգելի եւ վճռական միջոցների ձեռնարկումը բացարձակ անհրաժեշտութիւն է ապօրինի շրջափակման անյապաղ դադարեցման եւ միջազգային հանրութեան աչքի առաջ Արցախի ժողովրդի դէմ Ազրպէյճանի շարունակուող յանցագործութիւնների կանխման համար»:


