Երէկ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեան հետեւեալ յայտարարութիւնը կատարեց Արցախի ներքաղաքական վիճակին մասին.
Վերջին օրերին Արցախի հերոսական ժողովուրդը մէկ անգամ եւս փաստեց, որ չնայած բոլոր դժուարութիւններին եւ զրկանքներին, պատրաստ է պայքարել իր ապրելու իրաւունքի, հայկական Արցախի` իր հայրենիքի համար:
Արցախի քաղաքական վերնախաւը պէտք չէ կատարի քայլեր, որը կը կոտրի ժողովրդի ոգին, կը ստեղծի նոր ճգնաժամ եւ ժողովրդին կը տանի յուսալքութեան:
Արցախի պետական հաստատութիւնների պահպանումը կենսական անհրաժեշտութիւն է, եւ առանց յստակ հաշուարկների եւ երաշխիքների չմտածուած քայլերը կը բերեն նոր ճգնաժամ` իր բոլոր հետեւանքներով, իսկ մենք սխալուելու միջոցներ այլեւս չունենք:
Արցախում անհրաժեշտ է քաղաքական-հասարակական բացառիկ համախմբում:
Համախմբում ոչ թէ ինչ որ անձի կամ ուժի շուրջ, այլ Արցախը հայկական պահելու, թշնամու հայադաւ ծրագրերի դէմ միասնական պայքարելու գաղափարի շուրջ:
Այսօր ստեղծուած իրավիճակից դուրս գալու առաջին կարեւոր քայլը դա է:
Թէ ով որքան է հաւատարիմ այդ գաղափարին, պէտք է դատել յստակ գործերից, որոշ հարցերի պատասխան կը տայ նաեւ ժամանակը:
Արցախը քաղաքական հաշուարկների, անձնական յաւակնութիւնների, տարբեր հաշիւներ պարզելու տեղ չի:
Արցախը պէտք է դառնայ նոր վերածննդի, համախմբման եւ դիմադրութեան օճախ, որի կողքին անվերապահ պէտք է կանգնի ողջ հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետութիւնում եւ սփիւռքում:
Արցախում տեղի ունեցող գործընթացները Հայաստանի իրական ընդդիմադիր դաշտում պէտք չէ դառնան նոր պառակտումների պատճառ:
Ես ըմբռնումով եմ մօտենում հնչեցուած բազմաթիւ հարցադրումների, բայց ամէն դէպքում անընդունելի է այն անիմաստ գզվռտոցը, որը այս պահին կայ իրական ընդդիմադիր-ազգային դաշտում:
Մեր միակ վէճը եւ քննարկումները այս պահին պէտք է լինի ինչպէս մէկտեղել մեր ողջ կարողութիւնները, ինչ ծրագրով դուրս գալ այս իրավիճակից: Վստահեցնում եմ ձեզ` Հայաստանում եւ Արցախում մեր ժողովուրդը այլ բան մեզանից չի ուզում տեսնել եւ լսել, մեր հայրենակիցներին հետաքրքիր չէ ոեւէ մէկի քաղաքական վարկանիշը, անցեալը կամ ապագան, մարդիկ ուզում են համախմբում` ուժի կենտրոն, որը կարող է մեր գոյաբանական հարցերը լուծել:
Հետեւաբար կոչ եմ անում վերադառնալ մեր գլխաւոր օրակարգին` Դիմադրութիւն հայ ժողովրդի թշնամիներին` նրանց շահերը սպասարկող «հայկական» ուժերին:
Վերականգնենք Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնութիւնը, վերջինիս շուրջ հունաւորենք մեր պայքարը եւ գնանք առաջ:
Ես յոյս ունեմ, որ առաջիկայ ժամերին Արցախի ներքաղաքական հարցերը կը կարգաւորուեն, եւ կը կենտրոնանանք գլխաւոր անելիքի վրայ:
ՀՅԴ-ն, իբրեւ Արցախում ներկայացուած խորհրդարանական ուժ, Արցախի Հանրապետութիւնում, Հայաստանի Հանրապետութիւնում եւ ամէնուր առաջնորդւում է վերը նշուած սկզբունքներով, եւ մենք ամէն ջանք գործադրելու ենք այդ միասնութիւնը ունենալու համար:
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
«ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹԵԱՆ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ


