2020 թուականին Արցախում կայանալիք համապետական ընտրութիւնների` օրէնքով սահմանուած քարոզչութեան ժամանակահատուածի առաջին շաբաթն աւարտուեց: Պէտք է առանձնացնել, որ մինչ այժմ Արցախում կայացած ընտրութիւնների համեմատութեամբ այս քարոզարշաւը բուռն է եւ բազմերանգ: Սպասելի էր այս աշխուժութիւնը, քանի որ նախագահի 14 թեկնածուները եւ 12 քաղաքական դաշինքներն ու կուսակցութիւններից իւրաքանչիւրը ձգտում է ձեռք բերել ընտրողների քուէների իրենց բաժինը:
Ինչպէս որ կանխատեսել էինք, բոլորի քարոզչական թիրախները համընկան ժամանակին Դաշնակցութեան կողմից առաջարկուած օրակարգին: Իսկ դրանց մէջ ամենակարեւորն այն է, որ Արցախի հարցի շուրջ կուսակցութիւնների եւ քաղաքական դէմքերի մօտեցումները համընկնում են: Բոլորը մերժում են Մատրիտեան սկզբունքների հիման վրայ հիմնահարցի լուծումը եւ հաւատարիմ են Արցախի տարածքային ամբողջականութեան պահպանման ու վերականգնման սկզբունքին:
Ինչպէս Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների, այնպէս էլ Արցախի քաղաքական դէմքերի կողմից վերջին ժամանակահատուածում բազմիցս շեշտուել է Արցախի հիմնահարցի կապակցութեամբ տեսակէտների նոյնութեան մասին: Սակայն, խորքային առումով, առկայ են սկզբունքային տարակարծութիւններ: Հարցն այն է, որ արդեօ՞ք ազատագրուած տարածքները, որոնք մաս են կազմում Արցախի Հանրապետութեանը, տարածքներ են անվտանգութեա՞ն համար, թէ՞ դրանք հայրենիք են:
Այդ առումով, սկսած Լեւոն Տէր Պետրոսեանից` մինչեւ Նիկոլ Փաշինեան, ՀՀ 4 ղեկավարներն էլ նոյն մօտեցումն են դրսեւորել:
Լեւոն Տէր Պետրոսեանի կարգաւորման փիլիսոփայութիւնը հիմնուած էր «ձեռք բերածը» պահպանենք` զիջելով այն բաժինը, որը «մերը չէ» սկզբունքի վրայ: Նրա համար մերը չէր Քարվաճառը, Աղտամը…
Ռոպերթ Քոչարեանն ազատագրուած տարածքները համարում էր անվտանգութեան գօտի:
Սերժ Սարգսեանն ունի յայտնի արտայայտութիւն` «Աղտամը մեր հայրենիքը չէ»: Յիշենք, որ մինչեւ ապրիլեան պատերազմը թէ՛ Ռոպերթ Քոչարեանի, թէ՛ Սերժ Սարգսեանի պաշտօնավարման ժամանակաշրջանում Հայաստանի պաշտօնական քարտէսում չէր ներառւում Արցախի ամբողջական քարտէզը:
Իսկ Նիկոլ Փաշինեանի գրչին պատկանող «Երկրի հակառակ կողմը» գրքում կարդում ենք հետեւեալ տողերը. «Ուղեղը ասում է` մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, եւ առնուազն պէտք է յայտարարել, բարձր յայտարարել, որ` այդ դաշտերը մեզ պէտք չեն, որ մենք պատրաստ ենք էդ հողերը վերադարձնել` յանուն խաղաղութեանէ: Իսկ վերջերս նա անդրադարձաւ այն հարցին, որ մենք չենք կարող զիջել տարածքները, քանի որ դրանք հաւասարազօր են մեր անվտանգութեանը:
Կարմիր թելի նման նշմարելի է նոյն մտածողութեան ելակէտը, որն անընդունելի է Արցախի բոլոր քաղաքական ուժերի եւ, յատկապէս, Հայ յեղափոխական դաշնակցութեան համար:
Արցախի Հանրապետութեան ամբողջական տարածքը, ներառեալ` Շահումեանի, Մարտակերտի եւ Մարտունու բռնագրաւուած տարածքները, համարւում են Արցախի Հանրապետութեան անբաժանելի մաս` Հայրենիք: Իսկ Հայրենիքը չեն զիջում:
5 մարտ 2020



