ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍԵԱՆ
Այսպիսին է մեր իրողութիւնը` կապուած ՀՀ վարչապետի չընտրութեան, ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւնների եւ, վերջապէս, հին վարչապետի նոր ընտրութեան հարցում: Որ տարօրինակ ժամանակներ ենք ապրում, եւ ոչինչ արդէն զարմանալի չէ, շատերս ենք համոզուել: Որ` փետրուարը 31 օր կարող է ունենալ, դա էլ ամենավտանգաւորը չէ: Նոյնիսկ օրէնքի տառին է համապատասխանում այն, որ կարող ես առաջադրուել վարչապետ ու ամէն ինչ անել, որ քեզ չընտրեն, եւ այդ չընտրութիւնը դիտուի որպէս նոր Հայաստանում մի նոր առաջընթաց: Սա էլ կարող ես մի կերպ համոզել սեփական մտքիդ: Բայց դէ, սա էլ ամենաանկանխատեսելի ու վտանգաւոր վիճակը չէ:
Պարտադրուած սիրոյ եւ անհամերաշխութեան այս վիճակն էլ կ՛անցնի, սակայն ամենակարեւորն է մնում անորոշ. Փաշինեանից բացի` ովքե՞ր են գալու իշխանութեան, ի՞նչ խմբակ է նստելու կառավարութիւնում ԱԺ դեկտեմբերեան «վազող» ընտրութիւններից յետոյ: Արդեօ՞ք այսօրուայ խմբակն է մնալու կառավարութիւնում, թէ՞ այլ նմանատիպ կամ տարբերուող մարդիկ են գալու: Եւ, վերջապէս, այն բազմաթիւ մարտահրաւէրները, որոնք կանգնած են մեր առջեւ, այս նոր եկողները կարողանալու՞ են պատուով տանել, թէ՞ էլի սկսուելու է արդարացումների մի երկարաշունչ շարան ու մեղադրանքների մի տարափ` նախկին իշխանութիւնների հասցէին: Որ նախկինում ամէն ինչ լաւ չի եղել, դժուար է վիճել, որ ընկերային-տնտեսական քաղաքականութիւնը ձախողուել է, եւ դա մեր ողջ ժողովրդի ու պետութեան ձախողումն է, դա եւս փաստ է: Բայց արդեօ՞ք այսօր կարող ենք վստահ լինել, որ նոր Հայաստանում արժանապատիւ հայ մարդը, արժանապատուութեան մասին բանաւոր ու հրապարակային յայտարարութիւններից այն կողմ, իրօ՛ք ապրելու է արժանապատիւ, իրօ՛ք չի լքելու հայրենիքը, իրօ՛ք ստանալու է արժանապատիւ աշխատավարձ ու թոշակ, կարողանալու է գտնել աշխատանք կամ հնարաւորութիւն` հաւասար պայմաններում զբաղուելու է ձեռներէցութեամբ: Ի հարկէ, այս հարցերին շատերը կը պատասխանեն` դրա համար ժամանակ է պէտք, սակայն չմոռանանք, որ նախորդ իշխանութիւններն էլ 30 տարի նոյնն էին ասում ու չէին յոգնում այն ամբողջ ուժով պաշտպանելուց: Լաւագոյն ապագայի լաւագոյն երաշխիքը լաւագոյն ներկան է, իսկ վերջինս, խոստովանենք, գոնէ քատրային քաղաքականութեան առումով, այնքան էլ յուսադրող չէ, եթէ չասենք` հիասաթափեցնող է: Ի՞նչ է սպասւում մեզ դեկտեմբերից յետոյ` քատրային նոյնպիսի ձախողո՞ւմ, թէ՞, այնուամենայնիւ, նոր իշխող ուժը կը յաղթահարի այս անցանկալի վիճակը:
Փաստը մնում է փաստ. ժողովուրդն ինչքան էլ ատի նախկին իշխանութիւններին, բացառի նրանց վերադարձն ու պաշտի Փաշինեանին, անհրաժեշտ է, որ գործադիրում եւ ՏԻՄ-երում լծակները լինեն մասնագիտական բաւարար կարողութիւններ ունեցող մարդկանց ձեռքերում, այլապէս ազգովի կը յայտնուենք մի նոր, անորոշ ու չերազուած տեղ ու կ՛ասենք` էլի՛ չստացուեց: Ու նորից կը փնտռենք փրկիչների… Իսկ փրկութիւնը ներկայ ճիշդ քաղաքականութեան, միահեծան իշխանութիւնից խուսափելու, ճիշդ քատրեր ընտրելու մէջ է եւ ոչ թէ որեւէ «գերբնական» անձի կերպարում: Որեւէ ծովի մեծ ալիք դեռ չի մնացել իր բարձրութեան վրայ, այն իջել է եւ ձուլուել` աղի ջրերում, եւ պէտք է հասկանալ` համակարգերն են, որ երաշխաւորում են կայունութիւնն ու առաջընթացը, եւ ոչ թէ` մեսիաները, որոնք իրենց թիկունքում չունեն համարժէք ծրագրեր ու հետեւորդներ: գաղափարները անպէտք են ու անպտուղ, եթէ դրանց իրագործողները չկան ու չեն էլ նշմարւում: Չընտրութիւնից ընտրութիւն` մէկ ամիս է, յուսանք, որ հասարակութիւնը չի ընտրի միայն հնի մերժման տրամաբանութեամբ:
Ընտրութիւններում չեն ընտրում միայն իշխանութիւն, քուէարկում են նաեւ ընդդիմութեանը: Հայաստանին այսօր ինչքան որ անհրաժեշտ է լուրջ իշխանութիւն, այդքան էլ անհրաժեշտ է լուրջ ընդդիմութիւն` զինուած ազգային արժեհամակարգով, երկրում ընկերային արդարութեան հաստատման ծրագրերով եւ արցախեան հարցում սկզբունքային անզիջող կեցուածքով: Յեղափոխական իշխանութեանը պէտք է աւելի լաւ հսկել ու հակակշռել, այլապէս հիասթափութիւնները կարող են լինել նոյնչափ յեղափոխական ու, գրեթէ` երաշխաւորուած:



