Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արցախի Ա. Հանրապետութեան 100-ամեակը

July 21, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին` շրջակայքով

Այդ ընթացքում Ազրպէյճանը մեծ թուով զօրամասեր էր ուղարկում Լեռնային Ղարաբաղ եւ նրանց տեղաւորում գաւառի ռազմավարական նշանակութեան կէտերում: Ազրպէյճանական զինուժ կեդրոնացուեց նաեւ Շուշիում: Արցախի ռազմական ուժերի դիմադրութիւնը ճնշելու եւ գաւառը վերջնականապէս գրաւելու նպատակով Ազրպէյճանի մարտական ուժերը, թուրք սպաների հրամանատարութեամբ, յարձակումներ են սկսում տարբեր ուղղութիւններով: Նրանք աւերածութիւնների ենթարկեցին Ասկերանի շրջանը: Թուրք-թաթարական կանոնաւոր զօրքերը սահմռկեցուցիչ վայրագութիւններ կատարեցին նաեւ Դիզակի եւ Վարանդայի գիւղերում: Եւ այդ ամէնը կատարւում էր անգլիական ներկայացուցչութեան աչքի առաջ, իսկ վերջինս բացարձակ անտարբեր էր կատարուածի հանդէպ: Աւելի՛ն. երբ Ղարաբաղի Հայոց Ազգային խորհուրդը հայ ազգաբնակչութեան նկատմամբ գործադրուող սպանդի կապակցութեամբ բողոքեց անգլիացիներին, նրանք անամօթաբար պատասխանեցին, որ իրենք քաղաքական խնդիրներով չեն զբաղւում, իրենց նպատակն է օգնել գաղթականութեանը եւ զբաղուել Ղարաբաղի տնտեսական հարցերով:

Դրութիւնը շարունակում էր բարդանալ: 1919թ. յունուարի 15-ին ազրպէյճանական կառավարութիւնը «անգլիական  հրամանատարութեան գիտութեամբ» ազգութեամբ քիւրտ Խոսրով բէկ Սուլթանովին նշանակեց Լեռնային Ղարաբաղի զօրավար-նահանգապետ` միաժամանակ վերջնագիր ներկայացնելով Ղարաբաղի Ազգային խորհրդին` Ազրպէյճանի իշխանութիւնը ճանաչելու պահանջով:

Մէկ ամիս անց` փետրուարի 19-ին, Շուշիում գումարուեց Արցախահայութեան Դ. համագումարը, որը մերժեց Ազրպէյճանի վերջնագիրը եւ հանդէս եկաւ Սուլթանովին զօրավար-նահանգապետ նշանակելու որոշման դէմ: Ի պաշտպանութիւն վերջինիս` բրիտանական առաքելութիւնն իր հերթին հանդէս եկաւ պաշտօնական ծանուցմամբ` յայտարարելով, թէ բրիտանական հրամանատարութեան համաձայնութեամբ դոկտոր Խոսրով բէկ Սուլթանովը ժամանակաւոր նշանակուել է զանգեզուրի, Շուշիի, Ճիւանշիրի եւ Ճեպրայիլի գաւառների, այսինքն` Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգի հարաւարեւելեան հայկական գաւառների զօրավար-նահանգապետ: Բրիտանական առաքելութիւնը, նշւում է շրջաբերականում, անհրաժեշտ է համարում վերստին հաւաստելու, որ նշուած մարզերի պատկանելութիւնն այս կամ այն միաւորին որոշուելու է խաղաղութեան խորհրդաժողովում: Ի պատասխան այդ յայտարարութեան` Ղարաբաղի Ազգային խորհուրդը յայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը կառավարման միակ ընդունելի ձեւը համարում է անգլիացի զօրավար-նահանգապետի նշանակումը:

Լեռնային Ղարաբաղում եւ Զանգեզուրում ազրպէյճանական զօրավար-նահանգապետի նշանակումը զայրացրեց Հայաստանի Հանրապետութեանը: 1919թ. յունուարի 21-ին Հայաստանի կառավարութիւնը պաշտօնապէս Ազրպէյճանի կառավարութեանը յայտարարեց, որ ինքը չի կարող ընդունել, նոյնիսկ` ժամանակաւոր, Ազրպէյճանի իշխանութիւնը Ղարաբաղի վրայ, որը կազմում է Հայաստանի անբաժան մասը:

Սակայն անգլիական հրամանատարութիւնը, հակառակ հայկական կողմի  բողոքների, շարունակեց օգնել ազրպէյճանական կառավարութեանը: Պաքւում անգլիական զօրքերի հրամանատար գնդապետ Շատելուորտը 1919թ. ապրիլի վերջերին ժամանեց Շուշի` Ազրպէյճանի իշխանութիւնը Ղարաբաղի Ազգային խորհրդին ճանաչել տալու նպատակով: Ապրիլի 23-ին Շուշիում հրաւիրուեց Արցախահայութեան Ե. համագումարը, որը մերժեց Շատելուորտի պահանջը:

Սուլթանովը վճռել էր Լեռնային Ղարաբաղն իրեն ենթարկեցնել զէնքի ուժով: Գրեթէ ողջ ազրպէյճանական բանակը կեդրոնացուել էր Արցախի սահմանների երկայնքով: 1919թ. յունիսի 12-ին անգլիական զօրքերը հեռացան Լեռնային Ղարաբաղից` գործողութիւնների ազատութիւն տալով ազրպէյճանական զօրքերին: Այդ օրերին հրաւիրուեց Արցախահայութեան Զ. համագումարը, որի հիմնական խնդիրը մինչեւ Փարիզի հաշտութեան խորհրդաժողովի հրաւիրումը Լեռնային Ղարաբաղի եւ Ազրպէյճանի փոխյարաբերութիւնների հարցի քննարկումն էր:

Նոյն թուականի օգոստոսի 13-ին հրաւիրուած Արցախահայութեան 7-րդ համագումարն օգոստոսի 22-ին ստորագրեց համաձայնագիր, ըստ որի, մինչեւ Փարիզի հաշտութեան խորհրդաժողովում հարցի վերջնական լուծումը` Լեռնային Ղարաբաղն իրեն ժամանակաւորապէս համարում է Ազրպէյճանի տարածք: Սակայն Արցախի հայութիւնը զէնքը վայր չդրեց, եւ ազրպէյճանական զօրքերն էլ չմտան Լեռնային Ղարաբաղ: Երկրամասն առաջուայ պէս մնաց ինքնուրոյն քաղաքական միաւոր:

Նորաթուխ նահանգապետը Շուշի ժամանեց իր նշանակումից աւելի քան մէկ տարի անց` 1920թ.  փետրուարի 10-ին եւ բնակութեան վայր ընտրեց քաղաքի թաթարական թաղամասը: նրայ իշխանութիւնը գործնականում տարածւում էր միայն Շուշի քաղաքի թուրքական թաղամասի եւ Խանքենդի աւանի վրայ: Փետրուարի 19-ին Սուլթանովը նորից դիմեց Ղարաբաղի Ազգային խորհրդին` «Ղարաբաղը վերջնականապէս Ազրպէյճանին միացնելու հարցի անյապաղ լուծման» պահանջով: Փետրուարի 28-ից մինչեւ մարտի 4-ը տեղի ունեցաւ Արցախահայութեան Ը. համագումարը: Այն Շուշիում գումարելու Սուլթանովի ցանկութիւնը, կարելի է ասել, կատարուեց մասամբ: Բանն այն է, որ Ազգային խորհուրդը նախապէս տեղեկացրել էր պատգամաւորներին քաղաք չգալ, այլ` հաւաքուել Շոշ գիւղում: Դժբախտաբար Ազգային խորհրդին չյաջողուեց այդ մասին տեղեակ պահել բոլոր պատգամաւորներին: Դա էր պատճառը, որ համագումարին հրաւիրուած 127 պատգամաւորներից 50-ը հաւաքուեց Շուշիում, իսկ 77-ը` Շոշ գիւղում: Շոշի համագումարը, վերստին արտայայտելով հայութեան անբեկանելի կամքը` իր ընդունած բանաձեւով մերժեց Սուլթանովի պահանջը եւ կրկին բարձրաձայնեց Հայաստանի Հանրապետութեան հետ վերամիաւորուելու մասին: Ինչ վերաբերում է Շուշիի համագումարին, ապա այն Սուլթանովի ճնշման տակ ընդունեց Ազրպէյճանի շահերից բխող որոշումներ:

Ազրպէյճանը եւ նրա թիկունքին կանգնած Թուրքիան լիովին հասկացան, որ Արցախի հարցը լուծելու ճանապարհը մէկն է` Արցախահայութեան բնաջնջումը: Այդ նպատակի համար Ազրպէյճանը մեծաթիւ զինուժ կեդրոնացրեց Ղարաբաղի գաւառում: Ստոյգ տուեալներով, 1920թ. գարնանը Ղարաբաղում կեդրոնացուած էր աւելի քան 10 հազար զինուոր: Ի լրումն` շտապ կազմակերպուեց նաեւ քրտական մի տիվիզիա: Շուշի ժամանեց Նուրի փաշան` 10 թուրք սպաների ուղեկցութեամբ: Մարտի 11-ին եւ 12-ին Պաքուից Ճեպրայիլի վրայով Ղարաբաղ եւ Զանգեզուր ուղարկուեց 90 վակոն` բեռնուած զէնքով ու զինամթերքով: Մարտի 20-ին, Սուլթանովի կարգադրութեամբ, թուրք-թաթարական մեծաթիւ զօրքերը սկսեցին բռնութեամբ զինաթափել բնակչութեանը եւ կոտորել նրանց:

Թաթարները պատրաստւում էին մեծ հանդիսաւորութեամբ նշել Նովրուզ պայրամը` մահմետական ամանորը: Տօնակատարութեանը մասնակցելու անուան տակ (իրականում` հայերին կոտորելու) Խանքենդիից զօրքը բերուեց Շուշի, իբր թէ` զօրահանդէսի: Շուշի եկան նաեւ Աղդամից, Ղարաբաղի տարբեր շրջաններից հարիւրաւոր մահմետականներ: Շուշիի հայութեանը եւս կարգադրուած էր մինչեւ մարտի 22-ը զէնքերը յանձնել: Ժամկէտը լրանալուց յետոյ, նոյն օրն առաւօտեան, Սուլթանովի հրամանով զինուորական պահակախմբերը սկսեցին շրջել քաղաքի հայկական թաղամասում եւ խուզարկել բնակարանները:

Լեռնային Ղարաբաղի եւ Զանգեզուրի դէմ Ազրպէյճանի լայնածաւալ յարձակումը սկսուեց մարտի 22-ին: Մուսաւաթական բանակի հարուածային ուժերը, թուրք սպաների հրամանատարութեամբ, կեդրոնացել էին Աղտամ-Ասկերան-Խանքենդի-Շուշի խճուղու, իսկ արեւմտեան կողմից` Քիրս-Տումի-Խծաբերդ ուղղութիւններում: Հայկական զինուած ջոկատները յարձակման անցան ռազմավարական նշանակութիւն ունեցող Ասկերանի, Շուշիի եւ Խանքենդիի վրայ: Մարտի 22-ին հայկական ուժերը, թշնամուն մեծ կորուստներ պատճառելով, գրաւեցին Խոճալուն եւ Խանքենդին, մարտի 23-ին` Ասկերանի բերդը եւ, հարուածելով հակառակորդին` քշեցին մինչեւ Ղարաղաճ:

Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձութիւնների կիզակէտը դարձաւ Շուշիի հայ ազգաբնակչութեան սպանդը: Ազրպէյճանա-թուրքական զօրքերը եւ մահմետական բնակչութիւնը մի ամբողջ օր` մարտի 23-ին, արիւնահեղ խրախճանք էին կատարում քաղաքում: Հայ բնակչութեան մեծ մասը սրի էր քաշւում, սպաննւում են հազարաւոր տղամարդիկ, կանայք, ծերեր եւ երեխաներ: Ոչ ստոյգ տուեալներով, Շուշիում զոհուածների թիւը հասնում էր մօտ 8 հազարի: Մահից փրկուած Շուշիի հայութեան բեկորները, թուով` 5-6 հազար մարդ, մազապուրծ փախաւ Վարանդա եւ Դիզակ: Ըստ Ղարաբաղի Հայոց ազգային խորհրդի վիճակագրութեան, կործանուած գիւղերից մօտ 20 հազար չափահաս եւ աւելի քան 4 հազար անչափահաս մարդ ապաստան գտաւ Վարանդայի, Դիզակի եւ մասամբ Զանգեզուրի գիւղերում: Բազմակողմանի նախապատրաստութիւնից յետոյ, մարտի վերջին, թուրքերը միաժամանակ երեք` Ասկերան-Շուշի խճուղու, Աղտամ-Վանք եւ Կարաչինար-Էրքեջ ուղղութիւններով սկսեցին հակայարձակումը:

Արցախահայերի համար վերջապէս եկաւ երկար սպասուած պահը: Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան կարգադրութեամբ, 1920թ. ապրիլի 14-ին Զանգեզուրի կողմից Վարանդա գաւառ մտան հայկական զօրամասերը` Դրօյի հրամանատարութեամբ եւ մի քանի օրուայ ընթացքում Ղարաբաղը մաքրեցին թուրք-թաթարական զօրքերից: Սուլթանովն իր զինուած կազմաւորումներով պատսպարուեց շրջափակման մէջ գտնուող Շուշիում:

Դրոյի անմիջական նախաձեռնութեամբ, ստեղծուեց Արցախի ժամանակաւոր կառավարութիւն` «վարիչների խորհուրդ» անունով: Ստեղծուեց բանակի ընդհանուր հրամանատարութիւն` Դրոյի գլխաւորութեամբ: Ղարաբաղի եւ Զանգեզուրի միջեւ սկսուեց ազատ հաղորդակցութիւն: Կազմակերպուեց սայլերի գումակ, որի միջոցով Զանգեզուրից եւ այլ վայրերից շարունակաբար զէնք, զինամթերք ու պարէն էր հասցւում Ղարաբաղ: Բոլոր ճակատներն ու ռազմավարական նշանակութեան բնակավայրերը միացուեցին հեռախօսային գծերով: Դրոյի առաջնահերթ խնդիրն էր ապահովել Արցախի անվտանգութիւնը եւ լուծել գաւառը Հայաստանին վերամիաւորելու հարցը: Նրա մասնակցութեամբ ապրիլի 25-ին Թաղավարդ գիւղում գումարուեց Արցախահայութեան Թ. համագումարը, որը մէկ անգամ եւս արձանագրեց. «Հռչակել Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետութեանը` որպէս նրա անբաժան մաս»:

Քաղաքական նոր զարգացումները, սակայն, փոխեցին իրավիճակը: Ապրիլի 28-ին Ազրպէյճանում հաստատուեցին խորհրդային կարգեր: Պաքուի պոլշեւիկեան յեղաշրջումից յետոյ ռուսական Կարմիր բանակի զօրամասերը մօտեցան Արցախի սահմաններին: Ազրպէյճանի պոլշեւիկեան կառավարութիւնն ապրիլի 30-ին եւ մայիսի 8-ին Հայաստանի կառավարութեանը ներկայացրեց վերջնագրեր` պահանջելով հայկական զօրամասերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղի սահմաններից: Մինչ Հայաստանի կառավարութիւնն ուղիներ էր փնտռում վիճայարոյց հարցերի խաղաղ կարգաւորման համար, Շուշիի եւ Զանգեզուրի շրջաններում հայ-թաթարական կոտորածները կանխելու պատրուակի տակ մայիսի 11-ին, Կովկասեան ճակատի հրամանատարութեան հրամանով, 11-րդ Կարմիր բանակի զօրամասերը շարժուեցին դէպի Նախիջեւանի, Օրտուպատի եւ Շուշիի շրջաններ: Մայիսի 12-ին ռուսական զօրքերը մտան Շուշի:

Կարմիր բանակի զօրամասերը հսկում էին Արցախի ռազմավարական կարեւորագոյն կէտերի վրայ, իսկ Ազրպէյճանի կառավարութիւնը վերջնագրային լեզուով պահանջում էր երեք օրուայ ընթացքում ենթարկուել իրեն: Մայիսի 22-ին տեղի ունեցաւ Ղարաբաղի կառավարութեան վերջին նիստը: Կառավարութիւնը համոզմունք յայտնեց, որ երկրամասում ստեղծուած իրավիճակում դրութիւնը կարող են փրկել տեղական պոլշեւիկները` իշխանութիւնն իրենց ձեռքը վերցնելով եւ Ղարաբաղը յայտարարելով Խորհրդային Ռուսաստանի մաս, այլ ոչ թէ` Ազրպէյճանի:

Այսպիսով, քաղաքական հանգամանքները դասաւորուեցին այնպէս, որ Դրոն մայիսի 27-ին իր զօրամասով հեռացաւ Արցախից եւ վերադարձաւ Գորիս` ամբողջ զինանոցը եւ պարէնի պահեստները թողնելով ղարաբաղցիներին: Մայիսի 28-ին Թաղավարդ գիւղում տեղի ունեցաւ Արցախահայութեան Ժ. համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց խորհրդային:

Այսպիսով, ռուսական Կարմիր բանակի օգնութեամբ եւ պոլշեւիկեան Ռուսաստանի ղեկավար գործիչների հովանաւորութեամբ, Ազրպէյճանն սկսեց աստիճանաբար նուաճել Արցախը: Այլ կերպ ասած` ինչին չկարողացաւ հասնել մուսաւաթական Ազրպէյճանը թուրքերի եւ բրիտանացիների օգնութեամբ, Արցախին անհամեմատ հեշտութեամբ տիրացաւ «կարմիր» Ազրպէյճանը` խորհրդային կարգերի քօղի տակ:

Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար

(Շար. 2 եւ վերջ)

Նախորդը

Թուրքիա` «Փեթրիըթ» Եւ «Էս- 400» Հրթիռներու Միջեւ

Յաջորդը

Քաղաքական Անդրադարձ. Ազրպէյճան… Յեղափոխութի՞ւն, Թէ՞ Թատրերգութիւն

RelatedPosts

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի».  «Լեցուն Կեանք»
Անդրադարձ

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի». «Լեցուն Կեանք»

February 2, 2026
Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)
Անդրադարձ

Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)

February 2, 2026
Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան
Անդրադարձ

Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան

February 2, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.