ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Այդ ընթացքում Ազրպէյճանը մեծ թուով զօրամասեր էր ուղարկում Լեռնային Ղարաբաղ եւ նրանց տեղաւորում գաւառի ռազմավարական նշանակութեան կէտերում: Ազրպէյճանական զինուժ կեդրոնացուեց նաեւ Շուշիում: Արցախի ռազմական ուժերի դիմադրութիւնը ճնշելու եւ գաւառը վերջնականապէս գրաւելու նպատակով Ազրպէյճանի մարտական ուժերը, թուրք սպաների հրամանատարութեամբ, յարձակումներ են սկսում տարբեր ուղղութիւններով: Նրանք աւերածութիւնների ենթարկեցին Ասկերանի շրջանը: Թուրք-թաթարական կանոնաւոր զօրքերը սահմռկեցուցիչ վայրագութիւններ կատարեցին նաեւ Դիզակի եւ Վարանդայի գիւղերում: Եւ այդ ամէնը կատարւում էր անգլիական ներկայացուցչութեան աչքի առաջ, իսկ վերջինս բացարձակ անտարբեր էր կատարուածի հանդէպ: Աւելի՛ն. երբ Ղարաբաղի Հայոց Ազգային խորհուրդը հայ ազգաբնակչութեան նկատմամբ գործադրուող սպանդի կապակցութեամբ բողոքեց անգլիացիներին, նրանք անամօթաբար պատասխանեցին, որ իրենք քաղաքական խնդիրներով չեն զբաղւում, իրենց նպատակն է օգնել գաղթականութեանը եւ զբաղուել Ղարաբաղի տնտեսական հարցերով:
Դրութիւնը շարունակում էր բարդանալ: 1919թ. յունուարի 15-ին ազրպէյճանական կառավարութիւնը «անգլիական հրամանատարութեան գիտութեամբ» ազգութեամբ քիւրտ Խոսրով բէկ Սուլթանովին նշանակեց Լեռնային Ղարաբաղի զօրավար-նահանգապետ` միաժամանակ վերջնագիր ներկայացնելով Ղարաբաղի Ազգային խորհրդին` Ազրպէյճանի իշխանութիւնը ճանաչելու պահանջով:
Մէկ ամիս անց` փետրուարի 19-ին, Շուշիում գումարուեց Արցախահայութեան Դ. համագումարը, որը մերժեց Ազրպէյճանի վերջնագիրը եւ հանդէս եկաւ Սուլթանովին զօրավար-նահանգապետ նշանակելու որոշման դէմ: Ի պաշտպանութիւն վերջինիս` բրիտանական առաքելութիւնն իր հերթին հանդէս եկաւ պաշտօնական ծանուցմամբ` յայտարարելով, թէ բրիտանական հրամանատարութեան համաձայնութեամբ դոկտոր Խոսրով բէկ Սուլթանովը ժամանակաւոր նշանակուել է զանգեզուրի, Շուշիի, Ճիւանշիրի եւ Ճեպրայիլի գաւառների, այսինքն` Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգի հարաւարեւելեան հայկական գաւառների զօրավար-նահանգապետ: Բրիտանական առաքելութիւնը, նշւում է շրջաբերականում, անհրաժեշտ է համարում վերստին հաւաստելու, որ նշուած մարզերի պատկանելութիւնն այս կամ այն միաւորին որոշուելու է խաղաղութեան խորհրդաժողովում: Ի պատասխան այդ յայտարարութեան` Ղարաբաղի Ազգային խորհուրդը յայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը կառավարման միակ ընդունելի ձեւը համարում է անգլիացի զօրավար-նահանգապետի նշանակումը:
Լեռնային Ղարաբաղում եւ Զանգեզուրում ազրպէյճանական զօրավար-նահանգապետի նշանակումը զայրացրեց Հայաստանի Հանրապետութեանը: 1919թ. յունուարի 21-ին Հայաստանի կառավարութիւնը պաշտօնապէս Ազրպէյճանի կառավարութեանը յայտարարեց, որ ինքը չի կարող ընդունել, նոյնիսկ` ժամանակաւոր, Ազրպէյճանի իշխանութիւնը Ղարաբաղի վրայ, որը կազմում է Հայաստանի անբաժան մասը:
Սակայն անգլիական հրամանատարութիւնը, հակառակ հայկական կողմի բողոքների, շարունակեց օգնել ազրպէյճանական կառավարութեանը: Պաքւում անգլիական զօրքերի հրամանատար գնդապետ Շատելուորտը 1919թ. ապրիլի վերջերին ժամանեց Շուշի` Ազրպէյճանի իշխանութիւնը Ղարաբաղի Ազգային խորհրդին ճանաչել տալու նպատակով: Ապրիլի 23-ին Շուշիում հրաւիրուեց Արցախահայութեան Ե. համագումարը, որը մերժեց Շատելուորտի պահանջը:
Սուլթանովը վճռել էր Լեռնային Ղարաբաղն իրեն ենթարկեցնել զէնքի ուժով: Գրեթէ ողջ ազրպէյճանական բանակը կեդրոնացուել էր Արցախի սահմանների երկայնքով: 1919թ. յունիսի 12-ին անգլիական զօրքերը հեռացան Լեռնային Ղարաբաղից` գործողութիւնների ազատութիւն տալով ազրպէյճանական զօրքերին: Այդ օրերին հրաւիրուեց Արցախահայութեան Զ. համագումարը, որի հիմնական խնդիրը մինչեւ Փարիզի հաշտութեան խորհրդաժողովի հրաւիրումը Լեռնային Ղարաբաղի եւ Ազրպէյճանի փոխյարաբերութիւնների հարցի քննարկումն էր:
Նոյն թուականի օգոստոսի 13-ին հրաւիրուած Արցախահայութեան 7-րդ համագումարն օգոստոսի 22-ին ստորագրեց համաձայնագիր, ըստ որի, մինչեւ Փարիզի հաշտութեան խորհրդաժողովում հարցի վերջնական լուծումը` Լեռնային Ղարաբաղն իրեն ժամանակաւորապէս համարում է Ազրպէյճանի տարածք: Սակայն Արցախի հայութիւնը զէնքը վայր չդրեց, եւ ազրպէյճանական զօրքերն էլ չմտան Լեռնային Ղարաբաղ: Երկրամասն առաջուայ պէս մնաց ինքնուրոյն քաղաքական միաւոր:
Նորաթուխ նահանգապետը Շուշի ժամանեց իր նշանակումից աւելի քան մէկ տարի անց` 1920թ. փետրուարի 10-ին եւ բնակութեան վայր ընտրեց քաղաքի թաթարական թաղամասը: նրայ իշխանութիւնը գործնականում տարածւում էր միայն Շուշի քաղաքի թուրքական թաղամասի եւ Խանքենդի աւանի վրայ: Փետրուարի 19-ին Սուլթանովը նորից դիմեց Ղարաբաղի Ազգային խորհրդին` «Ղարաբաղը վերջնականապէս Ազրպէյճանին միացնելու հարցի անյապաղ լուծման» պահանջով: Փետրուարի 28-ից մինչեւ մարտի 4-ը տեղի ունեցաւ Արցախահայութեան Ը. համագումարը: Այն Շուշիում գումարելու Սուլթանովի ցանկութիւնը, կարելի է ասել, կատարուեց մասամբ: Բանն այն է, որ Ազգային խորհուրդը նախապէս տեղեկացրել էր պատգամաւորներին քաղաք չգալ, այլ` հաւաքուել Շոշ գիւղում: Դժբախտաբար Ազգային խորհրդին չյաջողուեց այդ մասին տեղեակ պահել բոլոր պատգամաւորներին: Դա էր պատճառը, որ համագումարին հրաւիրուած 127 պատգամաւորներից 50-ը հաւաքուեց Շուշիում, իսկ 77-ը` Շոշ գիւղում: Շոշի համագումարը, վերստին արտայայտելով հայութեան անբեկանելի կամքը` իր ընդունած բանաձեւով մերժեց Սուլթանովի պահանջը եւ կրկին բարձրաձայնեց Հայաստանի Հանրապետութեան հետ վերամիաւորուելու մասին: Ինչ վերաբերում է Շուշիի համագումարին, ապա այն Սուլթանովի ճնշման տակ ընդունեց Ազրպէյճանի շահերից բխող որոշումներ:
Ազրպէյճանը եւ նրա թիկունքին կանգնած Թուրքիան լիովին հասկացան, որ Արցախի հարցը լուծելու ճանապարհը մէկն է` Արցախահայութեան բնաջնջումը: Այդ նպատակի համար Ազրպէյճանը մեծաթիւ զինուժ կեդրոնացրեց Ղարաբաղի գաւառում: Ստոյգ տուեալներով, 1920թ. գարնանը Ղարաբաղում կեդրոնացուած էր աւելի քան 10 հազար զինուոր: Ի լրումն` շտապ կազմակերպուեց նաեւ քրտական մի տիվիզիա: Շուշի ժամանեց Նուրի փաշան` 10 թուրք սպաների ուղեկցութեամբ: Մարտի 11-ին եւ 12-ին Պաքուից Ճեպրայիլի վրայով Ղարաբաղ եւ Զանգեզուր ուղարկուեց 90 վակոն` բեռնուած զէնքով ու զինամթերքով: Մարտի 20-ին, Սուլթանովի կարգադրութեամբ, թուրք-թաթարական մեծաթիւ զօրքերը սկսեցին բռնութեամբ զինաթափել բնակչութեանը եւ կոտորել նրանց:
Թաթարները պատրաստւում էին մեծ հանդիսաւորութեամբ նշել Նովրուզ պայրամը` մահմետական ամանորը: Տօնակատարութեանը մասնակցելու անուան տակ (իրականում` հայերին կոտորելու) Խանքենդիից զօրքը բերուեց Շուշի, իբր թէ` զօրահանդէսի: Շուշի եկան նաեւ Աղդամից, Ղարաբաղի տարբեր շրջաններից հարիւրաւոր մահմետականներ: Շուշիի հայութեանը եւս կարգադրուած էր մինչեւ մարտի 22-ը զէնքերը յանձնել: Ժամկէտը լրանալուց յետոյ, նոյն օրն առաւօտեան, Սուլթանովի հրամանով զինուորական պահակախմբերը սկսեցին շրջել քաղաքի հայկական թաղամասում եւ խուզարկել բնակարանները:
Լեռնային Ղարաբաղի եւ Զանգեզուրի դէմ Ազրպէյճանի լայնածաւալ յարձակումը սկսուեց մարտի 22-ին: Մուսաւաթական բանակի հարուածային ուժերը, թուրք սպաների հրամանատարութեամբ, կեդրոնացել էին Աղտամ-Ասկերան-Խանքենդի-Շուշի խճուղու, իսկ արեւմտեան կողմից` Քիրս-Տումի-Խծաբերդ ուղղութիւններում: Հայկական զինուած ջոկատները յարձակման անցան ռազմավարական նշանակութիւն ունեցող Ասկերանի, Շուշիի եւ Խանքենդիի վրայ: Մարտի 22-ին հայկական ուժերը, թշնամուն մեծ կորուստներ պատճառելով, գրաւեցին Խոճալուն եւ Խանքենդին, մարտի 23-ին` Ասկերանի բերդը եւ, հարուածելով հակառակորդին` քշեցին մինչեւ Ղարաղաճ:
Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձութիւնների կիզակէտը դարձաւ Շուշիի հայ ազգաբնակչութեան սպանդը: Ազրպէյճանա-թուրքական զօրքերը եւ մահմետական բնակչութիւնը մի ամբողջ օր` մարտի 23-ին, արիւնահեղ խրախճանք էին կատարում քաղաքում: Հայ բնակչութեան մեծ մասը սրի էր քաշւում, սպաննւում են հազարաւոր տղամարդիկ, կանայք, ծերեր եւ երեխաներ: Ոչ ստոյգ տուեալներով, Շուշիում զոհուածների թիւը հասնում էր մօտ 8 հազարի: Մահից փրկուած Շուշիի հայութեան բեկորները, թուով` 5-6 հազար մարդ, մազապուրծ փախաւ Վարանդա եւ Դիզակ: Ըստ Ղարաբաղի Հայոց ազգային խորհրդի վիճակագրութեան, կործանուած գիւղերից մօտ 20 հազար չափահաս եւ աւելի քան 4 հազար անչափահաս մարդ ապաստան գտաւ Վարանդայի, Դիզակի եւ մասամբ Զանգեզուրի գիւղերում: Բազմակողմանի նախապատրաստութիւնից յետոյ, մարտի վերջին, թուրքերը միաժամանակ երեք` Ասկերան-Շուշի խճուղու, Աղտամ-Վանք եւ Կարաչինար-Էրքեջ ուղղութիւններով սկսեցին հակայարձակումը:
Արցախահայերի համար վերջապէս եկաւ երկար սպասուած պահը: Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան կարգադրութեամբ, 1920թ. ապրիլի 14-ին Զանգեզուրի կողմից Վարանդա գաւառ մտան հայկական զօրամասերը` Դրօյի հրամանատարութեամբ եւ մի քանի օրուայ ընթացքում Ղարաբաղը մաքրեցին թուրք-թաթարական զօրքերից: Սուլթանովն իր զինուած կազմաւորումներով պատսպարուեց շրջափակման մէջ գտնուող Շուշիում:
Դրոյի անմիջական նախաձեռնութեամբ, ստեղծուեց Արցախի ժամանակաւոր կառավարութիւն` «վարիչների խորհուրդ» անունով: Ստեղծուեց բանակի ընդհանուր հրամանատարութիւն` Դրոյի գլխաւորութեամբ: Ղարաբաղի եւ Զանգեզուրի միջեւ սկսուեց ազատ հաղորդակցութիւն: Կազմակերպուեց սայլերի գումակ, որի միջոցով Զանգեզուրից եւ այլ վայրերից շարունակաբար զէնք, զինամթերք ու պարէն էր հասցւում Ղարաբաղ: Բոլոր ճակատներն ու ռազմավարական նշանակութեան բնակավայրերը միացուեցին հեռախօսային գծերով: Դրոյի առաջնահերթ խնդիրն էր ապահովել Արցախի անվտանգութիւնը եւ լուծել գաւառը Հայաստանին վերամիաւորելու հարցը: Նրա մասնակցութեամբ ապրիլի 25-ին Թաղավարդ գիւղում գումարուեց Արցախահայութեան Թ. համագումարը, որը մէկ անգամ եւս արձանագրեց. «Հռչակել Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետութեանը` որպէս նրա անբաժան մաս»:
Քաղաքական նոր զարգացումները, սակայն, փոխեցին իրավիճակը: Ապրիլի 28-ին Ազրպէյճանում հաստատուեցին խորհրդային կարգեր: Պաքուի պոլշեւիկեան յեղաշրջումից յետոյ ռուսական Կարմիր բանակի զօրամասերը մօտեցան Արցախի սահմաններին: Ազրպէյճանի պոլշեւիկեան կառավարութիւնն ապրիլի 30-ին եւ մայիսի 8-ին Հայաստանի կառավարութեանը ներկայացրեց վերջնագրեր` պահանջելով հայկական զօրամասերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղի սահմաններից: Մինչ Հայաստանի կառավարութիւնն ուղիներ էր փնտռում վիճայարոյց հարցերի խաղաղ կարգաւորման համար, Շուշիի եւ Զանգեզուրի շրջաններում հայ-թաթարական կոտորածները կանխելու պատրուակի տակ մայիսի 11-ին, Կովկասեան ճակատի հրամանատարութեան հրամանով, 11-րդ Կարմիր բանակի զօրամասերը շարժուեցին դէպի Նախիջեւանի, Օրտուպատի եւ Շուշիի շրջաններ: Մայիսի 12-ին ռուսական զօրքերը մտան Շուշի:
Կարմիր բանակի զօրամասերը հսկում էին Արցախի ռազմավարական կարեւորագոյն կէտերի վրայ, իսկ Ազրպէյճանի կառավարութիւնը վերջնագրային լեզուով պահանջում էր երեք օրուայ ընթացքում ենթարկուել իրեն: Մայիսի 22-ին տեղի ունեցաւ Ղարաբաղի կառավարութեան վերջին նիստը: Կառավարութիւնը համոզմունք յայտնեց, որ երկրամասում ստեղծուած իրավիճակում դրութիւնը կարող են փրկել տեղական պոլշեւիկները` իշխանութիւնն իրենց ձեռքը վերցնելով եւ Ղարաբաղը յայտարարելով Խորհրդային Ռուսաստանի մաս, այլ ոչ թէ` Ազրպէյճանի:
Այսպիսով, քաղաքական հանգամանքները դասաւորուեցին այնպէս, որ Դրոն մայիսի 27-ին իր զօրամասով հեռացաւ Արցախից եւ վերադարձաւ Գորիս` ամբողջ զինանոցը եւ պարէնի պահեստները թողնելով ղարաբաղցիներին: Մայիսի 28-ին Թաղավարդ գիւղում տեղի ունեցաւ Արցախահայութեան Ժ. համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց խորհրդային:
Այսպիսով, ռուսական Կարմիր բանակի օգնութեամբ եւ պոլշեւիկեան Ռուսաստանի ղեկավար գործիչների հովանաւորութեամբ, Ազրպէյճանն սկսեց աստիճանաբար նուաճել Արցախը: Այլ կերպ ասած` ինչին չկարողացաւ հասնել մուսաւաթական Ազրպէյճանը թուրքերի եւ բրիտանացիների օգնութեամբ, Արցախին անհամեմատ հեշտութեամբ տիրացաւ «կարմիր» Ազրպէյճանը` խորհրդային կարգերի քօղի տակ:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար
(Շար. 2 եւ վերջ)


