ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
«Բռնութիւնը ոգու դէմ անզօր է: Քանի դեռ ոգին կայ, անապատում լինի թէ փրփրաշատ գետերի մէջ` մի գանգրահեր տղայ միշտ էլ աւազի կամ ալիքների միջից կը պարզի գլուխն ու մեզ ցոյց կը տայ յուսոյ ճանապարհը»: Սրանք եղբօրս` Վրէժ Իսրայէլեանի խօսքերն են. աւելի լաւ դժուար է ասել:
Մեր յուսոյ ճանապարհի առաջին քայլ անողը Նիկոլն էր: Արեց, երբ այդ քայլին կարծես հաւատացող չկար, ու թւում էր, թէ բազմակի պարտութիւններից ամլացած, ստի ու երեսպաշտութեան թանձր թմբիրի մէջ ո՛չ յոյսի, ո՛չ էլ առաւել եւս խիզախումի կենսական տարածք էլ չի մնացել: Նա` Նիկոլը, կարողացա՛ւ:
Այսօր Նիկոլի առաջին քայլն այլեւս վարարած գետ է, կաթիլ-կաթիլից ծնուած ծով, հայ մարդկանց գունաւոր ու պայծառ ծովը` լուսաւոր ու վճիտ հայեացքով, համոզուած խաղաղութեամբ, անկոտրում կամքով, նուաստացումը մերժող արժանապատուութեամբ, բիրտ ուժն արհամարհող, քրիստոնէական առաքինութեամբ: Հիմա մեզ յոյսի ճանապարհ ցոյց տուողը, այդ ճանապարհ ընտրողն ու նրա համար պայքարողը մեր ողջ ժողովուրդն է: Սա է մեր իսկականը, մեզ ապրեցնող մեր Ֆենոմենը:
Ես մեզ նախանձեցի, հպարտացայ ու հարստացայ մեզանով, ինչպէս կը նախանձէր օտարը:
Գնահատեցի ու հիացայ Սերժ Սարգսեանի քայլով, յարգեցի ժողովրդի ծովը տեսնելու նրա իմաստութիւնն ու սեփական սխալը բարձրաձայնելու նրա խիզախումը: Ըստ էութեան` պարտուեց համակարգը, որը Սերժ Սարգսեանին իրեն առաջնորդ էր ընտրել: Թւում էր, թէ թիմը, որի պատասխանատուութիւնն այս համաթեքստում նոյնքա՛ն է, եթէ ոչ աւելին` պիտի եզրակացութիւններ անի: Քաղաքագիտական գրուած ու չգրուած օրէնքներն են դա պարտադրում, բայց` ո՛չ…
Իշխանութիւնը թանկ է, գիտեմ, բայց իշխանութիւնից թանկ ու բարձր, անսակարկելի արժէքներ էլ կան` ՀԱՅՐԵՆԻՔՆ ու ՊԵՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ: Նժդեհը սոսկ ցիտելու համար չէ, սիրելինե՛ր… Նժդեհը պատմութիւնով ապրուած դառը դաս է, վարքագիծ, կերպ, ծածկագիր, քաղաքացիութիւն… Օրինականութիւնը նաեւ բարոյական է լինում, ու դուք շատ լաւ գիտէք, թէ ինչի մասին եմ խօսում…
Եթէ մի քիչ սիրէիք, սիրել իմանայիք, յոյսի ու սիրոյ այս մթնոլորտում մի քիչ պոկուէիք Ազգային ժողովի 60սմx60սմ ձեր կարմիր բազմոցներից, կարողանայիք տեսնել Ազգային ժողովի ճաղերից անդին տրոփող հայոց երակն ու ոգին… Մեր իրականութիւնն այլեւս այլ հունով է ընթանում, իսկ դուք այդ հունից չպոկուելու, չօտարուելու շանս ունէք: Քայլ արէք, ընդունէք ձեր սխալները, խմբագրէք ձեր ընթացքը…
Կանտիական խաղաղութեամբ ու Մարտին Լիւթեր Քինկեան անզէն վճռականութեամբ Նիկոլը, որքան էլ պնդէք, սոսկ բացառելու մարտավարութեամբ չի առաջնորդւում: Հաւատում եմ` հաշուեյարդարներ ու վրէժխնդրութիւններ չեն լինելու: Համոզուած եմ գնահատուելու են նուիրեալ արհեստավարժները, երկրի փխրուն փորձն ու ձեռքբերումները չեն սեւացուելու: Ի վերջոյ, արդար ընտրութիւններով զուլալուելու է Հայաստանի քաղաքական դաշտը:
Ազգային ժողովի նիստն անգիր արած, մակերեսային ու պարզունակ հարցաշարով դպրոցական հարցաքննութեան վերածելու փոխարէն, միթէ՛ հնարաւոր չէր քաղաքական օրակարգ ձեւաւորել, խոհեմ ու հաւասարակշռուած լուծումների յանգել: Վստահ եմ, բանակցային ռեսուրսները սպառուած չեն, պատասխանատուութիւններ կիսէք ու վերահսկէք, փորձէք լծակներ գտնել, նոր մոտելներ առաջադրել:
Ի վերջոյ, սիրուն գնացէք, որ գալը հեշտ լինի:
Կարողացէք նայել իրականութեան աչքերին, սա ուրիշ Հայաստան է, որի շարժիչը սէրն ու հողն են, արժանապատուութիւնն ու թռիչքը, ազատութիւնն ու նուիրումը: Այս ներուժը, կենսական այս ուժը, որ հազար անպարտ բանակ արժէ, մի՛ փոշիացրէք:
Մեզ մեր դէմ մի հանէք: Մեզ նոյն արիւն է միացնում, նոյն հողը, նոյն յիշողութիւնը, նոյն յուսոյ ճանապարհը:



