Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մի Տերսիմեան Պատմութիւն` «Եգիպտացորենի Խանձահոտը»

March 16, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՅՇԷ ԳԻՒՆԷՅ

Արդէն քառորդ դար բանտում գտնուած Նիպել Կենչի պատմուածքն իր տեղն է գտել գրադարակներում: «Եգիպտացորենի խանձահոտը» անունով վէպը ներկայացուել է ընթերցողների դատին : Այնտեղ ներկայացւում են «Վէպ չունեցած վէպի հերոս» Էզիմայի ու այծի բրդից պատրաստուած խուրջինից դուրս եկած իրերի մասին պատմութիւններ:

«Նօթապենէ» հրատարակչութեան կողմից տպագրուած «Եգիպտացորենի խանձահոտը» վերնագրով վէպը գրեթէ քառորդ դար բանտում գտնուած գրող Նիպել Կենչի առաջին ստեղծագործութիւնն է: Այն բաղկացած է 15  պատմուածքներից: Պատմութիւններից իւրաքանչիւրը կարելի է կարդալ թէ՛ որպէս առանձին պատմուածքներ եւ թէ՛ որպէս միասնական ստեղծագործութիւն. այն դառնում է շարունակական վէպ: Այծի բրդից պատրաստուած խուրջինից դուրս բերուած իրերի եւ այդ իրերին ձեռք տուած մարդկանց պատմութիւնները երբեմն վիպասան Էզիմայի, երբեմն էլ վէպի հերոս Էզիմայի աչքերով մատուցւում են ընթերցողներին: Չնայած գրողի առաջին վէպը լինելուն` գրքում օգտագործուած լեզուի պարզութիւնը քառորդ դար շարունակ ներսում կուտակուած զգացողութիւնների արտացոլման տեսանկիւնից եւ բեմագրութեան վերածուելու երեւակայական թեքնիքով` ընթերցողի մօտ առաջացնում է գրքում ճանապարհորդութեան դուրս գալու զգացողութիւն: Պատմութիւնները տեղի են ունենում Տէրսիմի Մէյման գիւղում: Նրանք Տէրսիմում ու Տէրսիմի 1938 թ. թերթելէի (այդպէս են տեղացիներն անուանում Տէրսիմի 1938 թ. կոտորածը – «Ակունք» խմբ.) ժամանակ տեղի ունեցած դէպքերը հասցնում են մեր օրեր: Կենչն ասում է. «Եթէ այս գրքին յաջողուի դիպչել Էզիմաներին, երեխաներին` հեքիաթներին հաւատալը անհնարին դարձնելու չափ ճնշող իրականութեան ազդեցութեան տակ ապրողներին, ապա այդ ժամանակ գիւղերը, յիշողութիւնները, նրանց կեանքը կործանող եգիպտացորենի խանձահոտը մեր քիմքն աւելի քիչ կ՛այրի»:

Քառորդ դար ներսում կուտակուածը ճանապարհ է բացում  վէպ գրելու համար

1972 թ. Մուշում ծնուած Կենչը քաղաքական պատճառներով Պոլսի համալսարանի իրաւաբանական ճիւղի 3-րդ տարուց կիսատ է թողել ուսումը: 1955 թ. որպէս քաղբանտարկեալ ձերբակալուել է ու բանտարկուել: Տարբեր բանտերում նստած Նիպել Կենչը հիմա Պաքըրքէօյի թաղամասի բանտում է: Գրողը Միջերկրական ծովի երկրների համախմբումի մրցոյթում առաջին մրցանակն է ստացել, ինչպէս նաեւ պատմուածքներ է տպագրել «Սիյա», «Մահսուս Մահալ»-ի նման ամսագրերում, իսկ 2012 թ. մի պատմուածք է տպագրել «Նօթապենէ» հրատարակչութեան կողմից հրապարակուած եւ բանտարկեալների գրած պատմուածքներից կազմուած «Ափին խփող ալիքներ» վերնագրով գրքում: Թէեւ «Եգիպտացորենի խանձահոտը» գրողի առաջին վէպն է, սակայն այն բաւականին հետաքրքրութիւն է յարուցել ընթերցողների շրջանում: Բանտի պատերից այն կողմ Կենչի հետ զրուցեցինք  նրա վէպի ու գրել խիզախելու շուրջ:

Ես վէպ չունեցած վէպի հերոսն եմ

–  «Եգիպտացորենի խանձահոտը» վերնագրով գիրքը 90-ական թթ. հրկիզուած գիւղին պատկանած իրերի` տարբեր ժամանակ եւ տարբեր վայրեր շպրտուած պատմութիւնների մասին է: Սակայն գրքի վիպասան գրող Էզիման ասում  է. «Ես վէպ չունեցած վէպի հերոսն եմ»: Ընթերցողներից ակնկալւում է չկայացած վէ՞պ կարդա՞լ:

– Որոշ առումով` այո՛: Ինչպէս որ Էզիման մոխրին ու հողին խառնուողների պատմութիւնները պատմելիս նայում է իր գիւղ Մէյմանի չեղած գոյութեանը, այնպէս էլ ընթերցողը մէկ վէպի մէջ տեղաւորուել չցանկացող ամէն մի պատմուածքից միւսին անցնող Էզիմայի գրածները կարդալիս կարող է ասել, որ դա վէպ չէ: Էզիման հաւաքական յիշողութեան մէջ շրջելիս որոշ ժամանակ որպէս երգի հիւսող երգիչ, որոշ ժամանակ որպէս հայ նկարիչ, որոշ ժամանակ որպէս մօր ու հօր ձայն` մոխրին խառնուողին ե՛ւ գոյութիւն է տալիս, ե՛ւ գիւղերն այրուելու ժամանակ ամբողջութեամբ անտեսանելի անմայրամուտ օրուայ մասին պատմելու համար պատմուածքներն ու երեւակայութիւնն է ընտրում: Այս ճանապարհին նրան ուղեկցում է խաչաձեւուող, միմեանց լրացնող պատմութիւնները վէպի վերածելու ցանկութիւնը: Պատերազմներ, կոտորած ու ջարդեր տեղի ունեցած աշխարհագրական տարածքներում մեծացող երեխաների հայեացքներին ուղեկցում են դէպքերը ցաւով յիշող խօսքերն ու հառաչանքները: Կարող ենք ենթադրել, որ Էզիման այդ ամէնին յաճախակի է բախուել, որն իրեն անհանգստացրել է: Այդ պատճառով պատմելու ձեւը մի փոքր տարբեր է: Քանի որ այն պահանջում է լռութիւնն էլ լսելի դարձնել, ափին գտնուողին տեսանելի լինել, միւս պատմութիւններին էլ իր փորձը միացնելով`  ամբողջացնել վէպի հերոսին, Էզիմայի հետ տեղի ունեցածներն էլ առանց լացի, առանց հառաչանքների հասկանալ:

– Գրքի պատմութիւնն ինչպէ՞ս ի յայտ եկաւ: Կը պատմէ՞ք:

– Վառուող, դատարկուող գիւղերին նայելիս ականատես եմ եղել, որ պատերազմը ոչ միայն մասնակիցներին է սպաննում, այլ նաեւ` նրանց յիշողութիւնը, այսօրուայ հետ մէկտեղ նաեւ` ապագան, շրջապատն ու կեանքը: Ականատեսները որոշ բաներ տեսնում են, ու նրանց մէջ առաջանում է դրանք արտայայտելու ցանկութիւնը: Մօտս առաջացաւ այն հարցը, թէ ինչպէ՞ս կարող ենք պատմել ցաւն ու մեր ապրումները. այս հարցն ու  գրելու ցանկութիւնս համատեղուեցին, արդիւնքում ծնուեց այս գիրքը:

Ինչպէս դուք էլ նշեցիք ձեր առաջին հարցի ժամանակ, սա պատմութիւններից կազմուած վէպ է: Մեր կեանքի ընթացքում բազմաթիւ պատմութիւններ են կուտակւում, բազմաթիւ պատմութիւններ ենք պատմում: Ե՛ւ մեր ապրած կեանքի, ե՛ւ մեր յիշողութեան ծալքերում ծուարած բազում պատմութիւններ կան: Այս գրքում տարբեր մարդկանց ու ժամանակների մասին պատմող պատմութիւնների ընդհանրութիւնն այն է, որ կոտորածը, աքսորը, արտագաղթը բռնութեամբ «ցեղասպանութեան ճիրաններում» յայտնուած հասարակութիւններում առաջացնում են յուսախաբութիւն, ցնցումներ, փնտռտուքներ ու դիմադրութեան ձեւեր: Երբեմն սկզբնակէտ կարող է հանդիսանալ ընդամէնը մէկ պատկերի` մեզ վրայ ունեցած ազդեցութիւնը:

Այդ տարիներին Տէրսիմում փարթիզան էի: Ականատես եղայ այն բանին, որ պատերազմը ոչ միայն պատերազմողներին, այլեւ նրանց յիշողութիւնը, այսօրուայ հետ մէկտեղ ապագան, շրջապատը եւ կեանքն էլ է սպաննում: Ականատեսները որոշ բաներ տեսնում են, ու դրանք ինչ-որ ձեւով արտայայտելու ցանկութիւն են ունենում: Ինչպէ՞ս կարելի է արտայայտել ցաւն ու ապրումները. ահա այս հարցն ու գրելու ցանկութիւնս համատեղուեցին, եւ արդիւնքում այս գիրքը ծնուեց: Դա տատանումների շրջան էր: Հանդարտուելու համար ժամանակ էր պէտք: Այդ պատմութիւնները, ձայները, բուրմունքները ցանկացան արտայայտուել ու իրենց մասին գրել տուեցին:

– Գիրքը գրելիս ո՞րն էր ձեր նպատակը:

– Աւելի շուտ` ոչ թէ նպատակ է եղել, այլ կարող եմ ասել, որ այն բաները, որոնք ցանկացել եմ ասել, ու իմ մէջ կուտակուած պատմութիւնները իրենց մասին գրել տուեցին: Դրանցից մէկն էլ իշխանութիւնների, պետութեան կողմից կիրառուած բռնութեան առաջացրած ցնցումները, յուսախափութիւնը, ընդհանրացնող ցաւը մասերի բաժանելով` անհատական պատմութիւնների մէջ եղած տարբերութիւնները ցոյց տալու ցանկութիւնն էր:

Հրդեհուողի մասին անցեալում եւ ներկայում ունեցած մեր յուշերը եւ կեանքի հումորային, տարօրինակ, ողբերգական երանգները ցոյց տալու ցանկութիւնն այդ պատմութիւնները գրելու ձայներ հանդիսացան:

Ցաւն ինչպէ՞ս կարելի է արտայայտել: Տուժածի ձայնը, առանց որոշ ծուղակների մէջ յայտնուելու ինչպէ՞ս կարող է տեղ հասցնել, քաղաքական թեման գրական աշխարհում, առանց գրական լեզուն շղարշելու, ինչպէ՞ս կարող ենք ներկայացնել: Մի փոքր էլ այս հարցադրումներով եմ մօտեցել նիւթին: Ի՞նչ գրելու չափ կարեւոր էր նաեւ այն, թէ ինչպէ՞ս ենք գրում: Այս հարցին  պատասխաններն ու այդ պատասխանների` պատմութիւնների ընթացքին յարմարեցնելն էլ էր կարեւոր: Ես փորձել եմ շեշտը դնել ցաւի թաքնուած կողմերը, ոչ թէ ցաւի պատմութիւնը ներկայացնելու վրայ: Սա վէպի հերոսների պահանջն էր, միաժամանակ ինձ համար կարեւոր էր այն, որ ձեւն ու բովանդակութիւնը, նոյն տեսանկիւնից սնուելով, նոյն բաներն են կարողանում ասել: Թէ ինչքանո՛վ ինձ յաջողուեց դա` չգիտեմ, բայց սրանք էին հիմնական հարցադրումները: Շատ ժամանակ ուշադրութիւն չենք դարձնում այն բանին, թէ ինչպէ՛ս պէտք է գրել, այլ գրում ենք` առանց գրական իւրայատուկ լեզուի վրայ հիմնուելու եւ երեւակայական թեքնիքի հարստութիւնից առանց բաւականաչափ սնուելու: Պէտք է աւելի շատ ուշադրութիւն դարձնել գրելու ձեւին:

– Գրքի հետաքրքիր վերնագիրն ինչպէ՞ս ընտրեցիք:

– Գրքի վերնագիրը մինչ պատմութիւնների վերջնական տեսք ստանալը դա չէր: Այս անունը ծնուեց այն ժամանակ, երբ Էզիման ասաց այդ խօսքերը: Այն ապահովում է վէպի` «սկսուելուն պէս իրականն ու անիրականը խառնելը». անունը սա է արտացոլում: Էզիման իր քիմքը այրող հոտի վերաբերեալ հեքիաթներ է յօրինում, որոշներն էլ ստեղծւում են Էզիմայից անկախ: Անընդհատ ինքն իրեն տալիս է «կարո՞ղ եմ հաւատալ» հարցը: Իրականութիւնն այնքան ճնշող ու խեղդող է, որ երեխայի համար անհնար է դարձնում հեքիաթներին հաւատալը: Տարիներ անց էլ ասում է. «Եթէ իրականութիւնը երեւակայութեան նման լինէր,  ծանրութիւնը կարող էր թեթեւացնել, անկասկած համարուող բաները կարող էր անորոշ դարձնել»: Այս անունը Էզիմայի` իրականութիւնն ամբողջութեամբ երեւակայութեանը նմանեցնելու ցանկութիւնից է ծնուել:

– Վէպի հերոսների մէջ ընտրութիւն կատարելը դժուար է, բայց գրելու ընթացքում ձեզ վրայ աւելի շատ ազդած հատուած կամ հերոս եղե՞լ է:

– Հերոսներն ու նրանց հետ տեղի ունեցածներն անթիւ կեանքերի մասին են: Գրքի երեւան հանած որոշ պատկերներ, մեթաֆորներ պատմական-քաղաքական իրականութեան ամէն արտացոլանք ու ինձ վրայ եղած ազդեցութիւն բխում են  տարբեր մարդկանց կեանքերը միմեանց կապելուց: Տէրսիմցիների բարեգութ վերաբերմունքի մասին Առաքելի պատմութիւնները, քրտական ինքնութեան պատճառով աքսորի մէջ ինքնութեան ժխտման ու ապացուցելու միջեւ սեղմուած Մ. Թահիր Իսքանօղլուի` խելագարուելու ցանկութեան դէմ պայքարը, իրականութիւնը, որը Էզիմայի համար անհնարին է դարձնում հեքիաթներին հաւատալը, կոտորածի տարիներին մահուան օղակից փրկուածների մտածելակերպը, թէ՛ իրենց կեանքը պետութիւնն է բաշխել, Լիլի մօրաքրոջ աննկարագրելի, թաքուն տխրութիւնը եւ այլ իրավիճակներ:

– Որոշ գրականագէտներ, երեւակայութեան ու ձեր օգտագործած լեզուի վրայ հիմնուելով, գիրքը ներկայացնում են որպէս փոսթմոտեռն գրականութեան օրինակ: Դուք ի՞նչ կարծիք ունէք այս հարցի վերաբերեալ:

– Բազմաթիւ գրքերի նման` այս գիրքն էլ տարբեր ճաշակի տէր ընթերցողների առջեւ բաց է: Բոլոր մեկնաբանութիւնները կարդալու ազդեցութիւնը հարստացնում է, դրանք տարբեր չափերով իմ ուշադրութիւնն էլ են գրաւում: Նախեւառաջ` շնորհակալութիւն: Ես կարծում եմ, որ փոսթմոտեռն գրականութեանը վերագրուող լեզուն ու պատմուածքների որոշակի թեքնիքը գրականութեան պատմութեան շատ տարբեր ժամանակներում ուղեկցել է արձակին: Գնահատականներն աւելի շուտ ուղղակիօրէն սահմանում են գրքի «փոսթմոտեռն բնոյթը», սա էլ, կարծում եմ, երեւակայական համարուող խաղերի հետ է կապուած: Մինչդեռ գիրքն ամբողջանում է մասերը միմեանց միացնելով, եզակի օրինակներն ու տարբերութիւնները նոյն մակարդակի վրայ դնելով` ստեղծուած նիւթի փիլիսոփայութիւնը ակնյայտ են դարձնում, որ գիրքը փոսթմոտեռն բնոյթի չէ: Նրա մանրամասն ու յատուկ տեսքի` քաղաքական իրադարձութեան հետ մշտական  կապը եւս ցոյց է տալիս, որ գիրքը դուրս է փոսթմոտեռն գրականութեան շրջանակներից: Իմ տեսակէտն էլ հակիրճ կարող եմ այսպէս ներկայացնել: Սակայն այս գրքին ուղեկցել են նաեւ գրականութեան պատմութեանը ընթացքում երեւան եկած տեսութիւնների ու գրելու թեքնիքի շուրջ մտածելն ու նրանից սնուելը, ներառեալ` փոսթմոտեռնիզմը: Սա մեր ընթերցողների եւ գրական աշխարհի հարստութեան անխուսափելի արդիւնքն է: Ամէն գիրք միւս գրքերի հետ բովանդակութեան ու ձեւի երկխօսութիւն է ստեղծում:

– Գիւղ Մէյմանը, որի մասին պատմւում է, թէկուզ եւ երեւակայական է, Տէրսիմում էք տեղադրում, սրա պատճառներն ու Տէրսիմի` ձեր գրքի համար ունեցած ներդրումները որո՞նք էին:

– Չնայած պատմութիւնները տեղի են ունենում Քրտստանի (Արեւմտեան Հայաստանի – «Ակունք»-ի խմբ.) տարբեր բնակավայրերում, գիրքը շատ  բանով է պարտական Տէրսիմի առանձնայատկութիւններին: Դրա համար էլ շատ կը ցանկանայի, որ գիրքը Տէրսիմ էլ հասնէր: Գրքի հերոսների տարբերութիւնները ներկայացնող պատմուածքների մեծ մասը Տէրսիմից է ներշնչուել: Այդ տարածաշրջանի հետ ստեղծուած զգացմունքային կապն ու կարօտը իմ գրչին միշտ ուղեկից են եղել:

Որոշ ժամանակ Տէրսիմում մնալու շնորհիւ քիչ թէ շատ ծանօթ եմ նրա մշակոյթին, պատմութեանը, աշխարհագրութեանը: Տէրսիմցիներն ինձ վրայ շատ խորը ազդեցութիւն են ունեցել, այնտեղ իմ մէջ կուտակուած դէպքերը գրելուս հիմնական գործօններից են եղել. այս ամէնը ես բացայայտեցի գրելուս ընթացքում միայն: Այս առումով Տէրսիմի ունեցած ներդրումը շատ մեծ  է:  Չնայած պատմուածքներում նկարագրուած դէպքերը տեղի են ունենում Քրտստանի մի շարք վայրերում, գիրքը շատ բանով է պարտական Տէրսիմի առանձնայատկութիւններին: Դրա համար էլ շատ կ՛ուզեմ, որ այն Տէրսիմ հասնի: Գրքում եղած տարբեր հերոսները, պատմուածքիների մեծ մասը Տէրսիմից է ներշնչուած: Այդ տարածքի հետ ստեղծուած կապը միշտ ուղեկցել է ինձ: Ապստամբութեան, կոտորածի եւ աքսորի ժամանակաշրջանների մասին պատմական աշխատութիւնները, ականատեսների վկայութիւնները, յուշերը, տեղեկագրութեան ձեւով ստեղծուած գրքերը մեր գրականութեան համար շատ արժէքաւոր աղբիւրներ են: Դրանք մեծ ներդրում են ունեցել հերոսների զգացմունքային աշխարհը նկարագրելու գործում: Եթէ չլինէին այսպիսի աշխատանքները, ապա Իպրահիմի «Անմայրամուտ օրուայ ընթացքում» հօր ապրած երկընտրանքը, Մեհմեթ Թահիրի` ինքնութիւնը ժխտելու կամ ընդունելու միջեւ երկընտրանքը գեղարուեստական գրականութեան թեմա չէին դառնայ: Ես այս կերպ ցանկանում եմ շնորհակալութիւնս յայտնել այս ոլորտներում ջանք գործադրած մեր գրողներին, պատմաբաններին:

– Գրեթէ քառորդ դար զրկանքների վայր եղող բանտում էք: Ինչպէ՞ս եղաւ, որ որոշեցիք գրել: Գիտենք, որ տարբեր ամսագրում եւ գրքերում որոշ պատմուածքներ էք տպագրել: Մինչ օրս ինչե՞ր էք գրել եւ սրանից յետոյ ինչե՞ր էք ծրագրում գրել:

– Բանտերում, որտեղ իւրաքանչիւրս վերածւում ենք հում ընթերցողի, իրականում գրելը մեզնից շատերի համար ընդհանուր ոլորտ է դառնում, մեր ընկերներից շատերը ժամանակ առ ժամանակ  գրքեր են գրում ու տպագրում: Որոշ ժամանակ ես էլ եմ գրել: Իրականում աւելի վաղ «Սիսթէ պիր թահթերեվալլի» անունով վէպի վրայ եմ աշխատել: Նորից այդ գրքի վրայ ցանկանում եմ աշխատել, ինչպէս նաեւ  մի փոքր էլ ինքս ինձ փորձելու համար գուցէ սկսեմ նորից գրել այն: Ես ունեմ որոշ նախագծեր, բեմագրութիւններ, պատմութիւններ, որոնք թղթին տալու համար յարմար պահի եմ սպասում:

https://mezopotamyaajansi.com/KULTUR-SANAT/content/view/11718

Թարգմանեց ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆԸ

Akunq.net

 

Նախորդը

50 Տարի Առաջ (16 Մարտ 1968)

Յաջորդը

Ընթերցանութեան Օգուտը Երեխաներուն

RelatedPosts

Ընտրութիւնները` Մեր Ետին
Անդրադարձ

Վարդագոյն Ժապաւէնը` Կնոջ, Աղջիկներու Եւ Մօր Իրաւունքը

October 29, 2026
Եապանճօ Հարսին Օտար Առաջարկը
Անդրադարձ

Աշունը Գլուխը Երկարեց

October 28, 2026
Պարտութենէն Անդին` Պատմութիւնը Ուրանալու Վտանգը
Անդրադարձ

Թրքական Աշխարհի Ռազմական Համախմբումը. Ո՞ւր Է Հայաստանի Տեղը Նոր Աշխարհաքաղաքական Քարտէսին Վրայ

October 28, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.