ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, Աժ-ում Դաշնակցութիւն խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը ,արմենիաէ հեռուստաընկերութեան «Ռ-էւոլիւցիա» հաղորդման եթերում, անդրադառնալով այն հարցին, թէ ժամանակին կողմ քուէարկելով ռեյտինգային ընտրակարգ ներկայացնող օրէնսգրքին, հիմա ինչու են հանդէս գալիս այն փոփոխելու առաջարկով, նշել է.
«Մեզ համար շատ կարեւոր էր ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահութիւնը մեծացնելու խնդիրը, եւ մենք յանուն կոնսենսուսի կողմ քուէարկեցինք Ընտրական օրէնսգրքին»:
Ռուստամեանն ընդգծել է, որ իրենք դէմ են եղել ռեյտինգային ընտրակարգին, որովհետեւ դա շեղում էր դասական համամասնական ընտրակարգից:
«Մենք կողմ էինք վերապահումով»,-նշել է պատգամաւորը:
Հարցին, թէ արդեօք իրենք կողմ են ամբողջութեամբ համամասնական ընտրակարգի անցնելուն, ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանել է, որ համամասնական ընտրակարգի երկու տարբերակ կայ ընդունուած. իրենք կողմ են, որ որեւէ տարբերակի վրայ կենտրոնանան:
«Տարբերակներից մէկով` բաց ցանկի ռեյտինգով է որոշւում, թէ ստացած մանդատներն ինչպէս պէտք է բաշխուեն կուսակցութեան անդամների միջեւ: Կուսակցութիւնը 10 մանդատ է ստացել, բայց պատգամաւոր պէտք է դառնան ոչ թէ առաջին տասը, ինչպէս գրուած է ցանկով, այլ ընտրողը պէտք է որոշի, թէ յատկապէս որ տասը: Դրա համար ընտրողը քուէարկում է նաեւ անձին: Երկրորդ տարբերակը դասական փակ ցանկն է, որը մենք բազմիցս կիրառել ենք: Կուսակցութիւնն ինչպէս գրել է ցանկը, ներկայացրել է, ըստ մանդատների քանակի էլ այդ կուսակցութիւնից դառնում են պատգամաւոր: Մեզ մօտ ռեյտինգայինն է, բայց ռեյտինգը, ըստ էութեան, վերաբերում է ոչ թէ անձին, այլ տարածքներին»:
Արմէն Ռուստամեանը յիշեցրել է, որ ունէինք 13 տարածք, այդ 13 տարածքով էլ կատարւում էր ռեյտինգաւորումը, որից յետոյ տուեալ տարածքում առաջադրուած թեկնածուին էր հասնում մանդատը: Սա, ըստ ՀՅԴ-ական պատգամաւորի, անուղղակի ռեյտինգաւորում է:
«Ընտրութիւնները ցոյց տուեցին, այս մասին մենք զգուշացնում էինք, որ մանդատ է ստանում մէկը, որն աւելի քիչ ձայն է ստացել, քան միւսը: Սա չի կարող ժողովրդավարական համարուել, քանի որ ընտրութեան իմաստը ձայների քանակ հաշուելն է եւ ըստ ձայների քանակի մանդատ ստանալը: Այսինքն` անուղղակի ձեւով, ինչ է թէ այդ տարածքում թեկնածուն շատ ձայն է ստացել, մանդատ է ստանում, իսկ մէկ այլ տեղում մէկ ուրիշը մի քանի անգամ աւելի շատ ձայն է ստացել, բայց չի կարողանում մանդատ ձեռք բերել: Այդ փաստը մենք ունենք»,- եզրափակել է Արմէն Ռուստամեանը:
Մենք հանդէս ենք եկել մեր իսկ ընդունած եւ համաձայնեցրած քաղաքական կոալիցիայի յուշագրի կատարման ընթացքը գնահատելու նախաձեռնութեամբ, որը նախատեսուած է հէնց նոյն յուշագրով, ասել է արմեն Ռուստամեանը:
Նրա ձեւակերպմամբ` յուշագրով նաեւ նախատեսուած է, որ պէտք է իշխանութեան բոլոր մարմինները թափանցիկ գործեն, հաշուետու լինեն:
«Մեզ անընդհատ հարցնում են` դուք կոալիցիայ էք կազմել, ունէք հարցեր, որոնք պէտք է իրականացուեն. ձեր կարծիքով` ի՞նչ է իրականացուել: Ընդհանրապէս բաւականին ժամանակ է անցել, շուտով մէկ տարին կը լրանայ, որ կոալիցիան արդէն ձեւաւորուել է: Մենք ապրիլին ունենք կարեւորագոյն իրադարձութիւն: Հէնց այս կոալիցիայի ձեւաւորման իրական դրդապատճառն էլ հէնց դա է եղել, որ անցնենք նոր համակարգի, եւ դա պէտք է տեղի ունենա ապրիլի 9-ին:
Սա ամենալաւ ժամանակն է հասկանալու համար, թէ որտեղ ենք, ինչ խնդիրներ ունենք, ինչ չկատարուած, չլուծուած խնդիրներ ունենք եւ ինչ անելիքներ ենք մենք տեսնում»:
ՀՅԴ ներկայացուցչի բնորոշմամբ` իրենք տեսնում են մինչեւ հիմա ունեցած ձեռքբերումները եւ այն մասը, որ գոհացուցիչ չեն, կամ կուտակուած խնդիրները չեն լուծւում այն արագութեամբ, որ նորից վստահութիւն առաջանայ հասարակութեան մէջ նոյն կոալիցիայի եւ նրա կատարած քայլերի նկատմամբ:
«Ամենակարեւոր հարցերից մէկն է սա: Տասնեակի չափ կարեւոր հարցեր կան: Դաշնակցութեան Բիւրոյի եւ Գերագոյն մարմնի համատեղ նիստից յետոյ յայտարարութիւնում նշուել է, որ ցանկանում ենք առաջիկայում Հանրապետական կուսակցութեան հետ ամփոփել կոալիցիայի գործունէութեան մէկ տարին: Ին՞չ է դա ենթադրում: Ամփոփել, թէ ինչ է արուել, ինչ չի արուել, հնարաւոր է` ինչ-որ վերանայումներ արուեն յուշագրում, թէ ոչ: Մենք տուել ենք մեր գնահատականը, բայց ճիշտ եւ լիարժէք կը լինի, որ այն կոալիցիան կատարի»:
Արմէն Ռուստամեանի խօսքով` կոալիցիան բաղկացած է երկու կողմից, եւ ճիշտ կը լինի, որ այս ընթացքը կոալիցիան իր խորհրդի նիստում գնահատի: Այդ ժամանակ ՀՀԿ-ն էլ իր ասելիքը կը յայտնի. ՀՅԴ-ի գնահատականների հետ կարող է համաձայնել, կարող է չհամաձայնել, քննարկում կը լինի, եւ կոալիցիայի կողմից լիարժէք գնահատականը կը հնչի:
«Մենք պէտք է թափանցիկ գործենք, որը նոյն կոալիցիոն գործընթացի պահանջն է, բայց նաեւ հնարաւոր է ժողովրդին ցոյց տալ, թէ այս կոալիցիան ինչ դեր ունեցաւ այս ընթացքում, եւ ինչ խնդիրներ են լուծուել: Մենք կարծում ենք, որ որոշ հարցերում պէտք է գործին թափ հաղորդել, խորքային բնոյթ տալ, որպէսզի այն խնդիրները, որ մնացել են չլուծուած, լուծուէն: Սա անհրաժեշտ պահանջ է ցանկացած համագործակցութեան մէջ»,- ընդգծել է Ռուստամեանը:
tert.am




