Սոյն թուականի սեպտեմբերի 30-ին Ախալքալաքի շրջանի հայաբնակ Գումբուրդօ գիւղի բնակչութեանը թոյլ չտրուեց նոյն գիւղում 974 թուականին կառուցուած հայ քաղկեդոնիկ ճարտարապետութեան լաւագոյն կոթողներից մէկի` Ս. Համբարձման եկեղեցու բակ տեղափոխել նոյն եկեղեցու տարածքում վրացական աշխարհիկ եւ հոգեւոր վերնախաւի կողմից իրականացուած պեղումների արդիւնքում յայտնաբերուած եւ վերստին թաղուած գումբուրդոցիների յիշատակին նուիրուած խաչքարը:
Ինչպէս Ջաւախքում, այնպէս էլ բազմաթիւ վայրերում առկայ են 7-13-րդ հայ քաղկեդոնիկ ճարտարապետութեան լաւագոյն նմուշներ, ինչն արդիւնք է 7-րդ դարում հայ եկեղեցու քաղկեդոնադաւանութեան ընդունման եւ, ինչպէս այդ դարում, այնպէս էլ հետագայում, երբ արդէն 8-րդ դարի սկզբից` Յովհաննէս Օձնեցի կաթողիկոսից սկսած հայ եկեղեցին կրկին մերժել էր Քաղկեդոնի ժողովի պահանջները, այդ ոճի ճարտարապետութեան նմուշների կառուցման:
Փաստենք, որ Գումբուրդոյի եկեղեցու շուրջ վէճը նոր չէ, այն ունի տասնամեակների վաղեմութիւն: Այս կնճռոտ վէճի թէժացման արդիւնքում պարբերաբար գիւղ են այցելել վրաց բարձրաստիճան մի շարք պաշտօնեաներ, անգամ վարչապետ Զ. Ժուանիան: Յիշեցնենք, որ վերջին բախումը գիւղ բերեց այս անգամ ներքին գործերի նախարար Կ. Մկեպրիշուիլուն:
Ցաւով ենք արձանագրում, որ ոչ մի պաշտօնեայի այց այդպէս էլ չի տուել խնդրի փոխշահաւէտ լուծման ցանկալի արդիւնք, այդ այցերը շատ անգամ կրել են յայտարարողական բնոյթ եւ միտուած են եղել գիւղի ազգաբնակչութեանը ժամանակաւորապէս հանդարտեցնելուն: Արդիւնքում` եկեղեցին դանդաղ, բայց հաստատուն կերպով նորոգւում է Վրաց ուղղափառ եկեղեցու կողմից, ինչը գիւղի ազգաբնակչութեան համար խիստ անընդունելի է: Աւելի՛ն, նշեալ ճանապարհով հարցին լուծում տալը յղի է նորանոր վտանգներով եւ հնարաւոր է պատճառ դառնայ նորանոր արիւնալի բախումների: Յիշեցնենք, որ այդպիսի բախումներով են ուղեկցուել նաեւ Ջաւախքի միւս քաղկեդոնիկ յուշարձանների` Վրաց ուղղափառ եկեղեցու կողմից սեփականացման գործընթացները, զօրօրինակ` Սամսարի վիմափոր եկեղեցիների կամ Փոկայի եկեղեցու սեփականացման դէպքերը:
Հայոց հնագոյն աւանդոյթներով շարժուող եւ պատուախնդիր գումբուրդոցիների համար այս ամէնը պարզապէս անընդունելի է, եւ սեպտեմբերի 30-ի դէպքերը, որքան էլ ցաւալի եւ անընդունելի, այդուհանդերձ, վերոնկարագրեալ իրողութիւնների բնական արձագանգներն են: Գաղտնիք չէ նաեւ, որ այս ամէնը կարող է լաւագոյնս օգտագործուել Ջաւախքում իրենց դիրքերն ամրացնող թուրք-ազրպէյճանական դաշնազոյգի կողմից:
Ելնելով կայացած իրողութիւններից եւ ապագայում սպասուելիք գործընթացներից, Սամցխէ-Ջաւախքի եւ Քուեմօ Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը յայտարարում է, որ 21-րդ լուսաւոր դարաշրջանում դժուար է նսեմացնել որեւէ ազգի կամ հասարակութեան, առաւել եւս` հնագոյն քաղաքակրթութեան կրող ջաւախահայութեան արժանապատուութիւնը կամ օտարել վերջինիս արժեհամակարգի մաս կազմող որեւէ տարր:
Ջաւախահայութիւնը մշտապէս յարգել է վրաց պետականութիւնը եւ իր կողքն ապրող եղբայրակիցների ստեղծած արժէքները, միաժամանակ` անհանդուրժող է գտնուել իր հանդէպ դրսեւորուող անարդարութիւնների նկատմամբ: Վերջապէս ժամանա՛կն է գիտակցելու այս անշրջելի իրողութիւնը:
Ըստ այդմ` խորհուրդը պահանջում է վրաց աշխարհիկ եւ հոգեւոր իշխանութիւններից` զերծ մնալ տասնամեակներով որդեգրուած եւ Ջաւախքի ազգաբնակչութեան շրջանում ծայրայեղ դժգոհութիւններ առաջացնող ցանկացած գործողութիւնից, աշխուժօրէն բանակցել գումբուրդոցիների հետ` հասնելու համար երկու կողմերի համար ընդունելի եւ փոխշահաւէտ լուծման, ինչը եւ կարող է լաւագոյնս կանխել ապագայի անցանկալի զարգացումները:
ՍԱՄՑԽԷ-ՋԱՒԱԽՔԻ ԵՒ ՔՈՒԵՄՕ ՔԱՐԹԼԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
1 հոկտեմբերի, 2017 թ.
Ախալքալաք



