Ղարաբաղի Հայութեան Մեծ Ողբերգութիւնը
«Ղարաբաղի Հայութիւնը Սպասում Է
Քո Փրկարար Ձայնին,
Հայ Ժողովուրդ, Մայր Ժողովո՛ւրդ»
Սրտի ճմլումով կը հրատարակենք հետեւեալ կոչ-նամակը, զոր ստորագրած է Ղարաբաղի որբացած հայութիւնը, որ անձկութեամբ կը սպասէ իր ազատագրութեան: Լեզուն կը պահենք նոյնութեամբ:
Հայաստանի Ժողովուրդին,
Կառավարութեան,
Կուսակցութեան Կենտկոմին
Եւ Հասարակական Կազմակերպութիւններին
Թանկագի՛ն Հայրենակիցներ,
Այս նամակով ձեզ դիմում է Ղարաբաղի աղէտեալ ժողովուրդը, որի վիճակը այժմ աւելի ծանր է, քան երբեւիցէ եղել է խանական բռնակալների ու մուսաւաթականների ժամանակ:
Մեզանից ոչ ոք տնից ելնելիս վստահ չէ, որ երեկոյեան տուն կը վերադառնայ: Անարգւում է մեր պատիւը, բռնադատւում են մեր իրաւունքներն ու արժանապատուութիւնը: Ոչ ոք չի լսում մեր բողոքի ձայնը, ոչ մէկը ականջ չի դնում մեր աղերսանքին: Հարիւրաւոր դիմումներ ենք յղել Մոսկուա` կենտրոնական կառավարութեանը, Ազրպէյճանի ղեկավարութեանը, եւ այդ բոլորի պատասխանը եղել է կա՛մ քար լռութիւնը, կա՛մ մոլի հալածանքը մեր եւ մեր զաւակների հանդէպ: Այսօր արդէն տասնեակներով երիտասարդ ղարաբաղցիներ ապօրինի բանտերն են լցուած եւ կամ հեռացուած են աշխատանքից: Մեզ հասցրել են այնտեղ, ուր մենք ստիպուած ենք մեր աւանդական հողը լքել եւ դառնալ տարագիր եւ անհայրենիք մի ժողովուրդ: Յօշոտում են մեր զաւակները, եւ յօշոտողները դրանով չեն բաւականանում, պղծում եւ անարգում են նաեւ դիակները եւ ստիպելով ստիպում են մեզ, որ մենք էլ դիմենք յանցագործութեան:
Տասնեակ դէպքերից միայն մի քանիսը թուենք, որպէսզի պատկերացնէք, թէ ի՛նչ է կատարւում Ղարաբաղում:
Մի երկու տարի առաջ Աղդամի կենտրոնում օրը ցերեկով սպաննեցին մի երիտասարդի` Աւանէսեանին: Երբ չարագործ ազրպէյճանցուն հարցրեցին, թէ ինչո՞ւ է գնդակ արձակել անմեղ անցորդի վրայ, նա լկտիաբար պատասխանեց. «Ծտի վրայ էի նշան բռնել, գնդակս նրան առաւ: Ինչքան է տուգանքը, կարող եմ վճարել»:
Տարի ու կէս առաջ Շուշուայ կուսակցական շրջկոմի շէնքի դիմաց երկու ազրպէյճանցի կանգնում են ղարաբաղցի կոմունիստ գիւղատնտեսի դիմաց եւ ասում. «Այս րոպէին մի հայի պիտի սպաննէինք, դու ես հանդիպել»: Եւ տեղն ու տեղը գնդակահարելով` սպաննում են: Մինչեւ այսօր դահիճն իր արժանի պատիժը չի ստացել, որովհետեւ նա Ազրպէյճանի դատախազի ազգականն է եւ Ղարաբաղի մարզսովետի գործկոմի նախագահի տեղակալ Պայլարովի եղբայրը:
Մարտունու սովխոզի տեղամասի պետ Գրիշա Սողոմոնեանին սպաննել, գցել են ճանապարհին: Նորաշէնի երկու երիտասարդ թրաքթորիստների գիշերավարի ժամանակ գնդակահարել են:
Եւ այս բոլոր չարագործների հեղինակները «չեն յայտնաբերուել», որովհետեւ ազրպէյճանցիներ են եղել:
Մարտունու սովխոզի տեղամասի պետ Բենիկ Մովսիսեանի տասնամեայ տղային սպաննել են, գազանաբար յօշոտել եւ դիակը պղծել: Այս անգամ եւս յանցագործները «չէին յայտնաբերուի», եթէ մարդկանց համբերութիւնն արդէն սպառուած չլինէր, եւ եթէ զոհի տէրերն իրենք բռնած չլինէին չարագործների հետքը:
Չարագործների ձերբակալութեան առաջին իսկ օրուանից սրանց հարազատները դատարանի դահլիճում ու բակում, մարզկոմի շէնքի առաջ եւ քաղաքի փողոցներում բացէ ի բաց, անպատիժ յայտարարում էին, որ իրենք ոսկով փակելու են դատաւորների բերանները, իսկ զոհուած երեխայի հարազատները խօսքով ու գրով, նամակներով ու հեռագրերով դատարանին ու մարզի ղեկավարութեանը, Պաքուի ու Մոսկուայի ղեկավար բոլոր օղակներին հասկացնում էին, որ գլխաւոր չարագործը պէտք է դատապարտուի գնդակահարութեան, ապա թէ ոչ իրենք են կատարելու նրա դատաստանը: Այս հիմքի վրայ քանի՜-քանի՛ միջադէպեր են եղել դատարանի դահլիճում եւ շէնքի բակում: Պաքուի ու մարզի ղեկավարութիւնը, գիտակցաբար չունկնդրելով այս ամէնին, բանը հասցրեց կազմակերպուած պրովակացիայի, կաշառուած դատաւորն իր կեղտերը ծածկելու ուրիշ ելք չգտաւ, քան` վճիռը դատարանի դահլիճից հանել հրապարակ, կարդալ բացօթեայ, երկարատեւ քաշքշուքից հաւասարակշռութիւնը կորցրած ամբոխի առաջ, շիկացած մթնոլորտում: Եւ ինչ, չարագործութեան կազմակերպիչին, մարզի ամբողջ բնակչութեան զայրոյթի եւ ատելութեան առարկային` տաս տարուայ ազատազրկութիւն միայն եւ հինգ տարուայ պայմանական…
Անարդարութեան դէմ զայրացած ժողովրդի վրայ կեղտաջրի շիթեր ուղղեցին հրշէջ մեքենաներից: Անյոյս կատաղութիւնից իրեն դէս ու դէն նետող տուժուածի` զոհի հօր վրայ կրակ բացեց պահակախումբը: Ապա մահաբեր զէնքերից գնդակներ տեղացին վիրաւոր հօրն օգնութեան հասնող հարազատների վրայ, 12 հոգի մահացու վիրաւորուեցին եւ այժմ յայտնի էլ չէ, թէ որտեղ են եւ կա՞ն արդեօք: Եւ այսքանից յետոյ միայն զայրոյթից եռացող ամբոխը յարձակուեց չարագործների վրայ, սպաննեց նրանց եւ դիակիզեց:
Ազրպէյճանի շովինիստ ղեկավարները շատ լաւ էին պլանաւորել այս վախճանը եւ չուշացան վրայ հասնել ու եզրափակել ամէն ինչ: Մինիստրների խորհրդի նախագահ, Լեռնային Ղարաբաղի հայրենասէրների հետ իր յատուկ հաշիւներն ունեցող Ալիխանովը Ստեփանակերտ հասնելուն պէս հաւաքեց բոլոր ղեկավարներին, յայտարարեց, թէ մարզում հակասովետական նացիոնալիստական կազմակերպութիւն կայ, եւ այդ կազմակերպութեան գործն է իր ցեղակիցների դատաստանը, թէ` այս բոլորը նացիոնալիզմ է` հրահրուած Սովետական Հայաստանի կողմից: Եւ մարզից հեռանալուց առաջ նա հասցրեց անձամբ, ազգային շուքով, մոլլաների ուղեկցութեամբ թաղել չարագործների դիակները: Ապա եկաւ կուսակցական կենտկոմի քարտուղար Ախունտովը եւ միայն իրեն յատուկ խորամանկութեամբ հասկացաւ, որ Ալիխանովը մերկացրել է իրենց քաղաքական խաղը: Ինչո՞ւ նացիոնալիզմ, երբ նրա տուտը քաշելիս Մոսկուայից եկածները կարող են պարզել, թէ որտեղից է գալիս իսկական նացիոնալիզմը:
– Այստեղ ոչ մի նացիոնալիզմ չկայ,- մարզային կուսակցական ակտիւի առաջ յայտարարեց ելքը գտած Ախունտովը: – Սա միայն երկու ընտանիքների թշնամանք է: Եւ, այնուամենայնիւ, վերջում դահլիճի վրայ բռունցք թափ տալով` զգուշացրեց.
– Մոռացէ՛ք Հայաստանի միանալու ձեր պահանջը: Գիտցէք, որ Լեռնային Ղարաբաղը եղել է, կայ ու կը մնայ Ազրպէյճանի անբաժանելի մասը: Ոչ ոք գլխից ձեռք չի քաշել, որ վեր կենայ եւ հակառակը պնդի… Ախունտովի գնալուց անմիջապէս յետոյ սկսուեցին մարզի եւ յատկապէս Ստեփանակերտի այն օրերը, որոնք յիշեցնում են 1918-20 թ.թ. ահաւոր ժամանակները:
Պաքուից անմիջապէս եկող միլիցիական եւ պետական անվտանգութեան այլազգի զինուորներով լցուել, պաշարուել է մարզի կենտրոնը, չդադարող հարցաքննութիւնների ու հետապնդումների միջոցով ստորնացնում են նրա բնակիչներին: Ամէն օր բանտ են քշւում ազնիւներն ու համարձակները: Պաշտօնազրկւում ու հալածւում են կամայականութիւնների դէմ բողոքողները: Մարզի հայութեան ճակատագրի տնօրէններ են կարգւում հին ու նոր դաւաճանները: Այս բոլորի վերջը չի երեւում: Իսկ եթէ երեւում է, ապա դա վերջն է ամէն հայկականի, որ կենաց ու մահու գօտեմարտերում պաշտպանուել ու պահպանուել է մինչեւ այսօր:
Ազրպէյճանի շովինիստ ղեկավարների եւ ղարաբաղեան նրանց ձեռնածուների երազած օրն է սա: Նրանք հիմա ձեռք ձեռքի գործելով` սպաննում են հայութեան ոգին, ցեխի մէջ են թաղում նրա ազնիւ ու արդար դատը, որպէսզի հետագայում այլեւս ոչ մի գնով հնարաւոր չլինի բարձրացնել:
Հայ ժողովո՛ւրդ, քո հատուածներից մէկը, որ դարերի մռայլ ու դաժան ճանապարհին միշտ բարձր է պահել քո անունը եւ անեղծ` իր ինքնութիւնը, հիմա օրհասական վտանգի տակ է:
Լեռնային Ղարաբաղը, արդէն` անուժ ու անօգնական, կորցրել է ամէն ապաւէն: Մա՛յր ժողովուրդ, որտեղ էլ որ կաս, քեզ ենք դիմում: Դու ես մեր յոյսն ու ապաւէնը: Դու սեփական կառավարութիւն ունես, ունես կուսակցութեան կենտկոմ: Նրանց ձայնը չեն կարող չլսել: Դու ունես զաւակներ, որոնց անուններն աստղերին է հասել, որոնք աշխարհի մեծամեծների հետ նստում, քննում են երկրագնդի ու ժողովրդների ճակատագիրը: Չի կարող պատահել, որ նրանց ձայնը չհասնի Քրեմլին, երկրի ղեկավարներին, չհասցնի փոքրիկ Լեռնային Ղարաբաղի մեծ ողբերգութիւնը:
Իր դաւաճան ղեկավարների ձեռքով ազրպէյճանական շովինիստին ի կեր նետուած Ղարաբաղի հայութիւնը սպասում է քո փրկարար ձայնին, հա՛յ ժողովուրդ, մա՛յր ժողովուրդ:
