Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մշակութային Ժառանգութեան Հետքում Կրկին Բացայայտել Կայսերին (Կեսարիան, «Ակունք»-ի Խմբ.)

December 15, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

 

ՈՒՅԿԱՐ ԿԻՒԼԹԵՔԻՆ

gesarya_121515

«Հրանդ Տինք» հիմնադրամի նախաձեռնած «բացայայտել եւ պահպանել Անատոլիայի բազմամշակութային ժառանգութիւնը» նախագծի առաջին կանգառը Կայսերին (Կեսարիա) է: Հիմնադրամը մանրամասն անդրադառնում է Կայսերիի հայկական ու յունական կառոյցներին: Հետազօտողներ Զեյնեփ Օղուզը եւ Վահագն Քեշիշեանը ընդհանուր երեք շաբաթ տեւած աշխատանքներից յետոյ ներկայացրեցին Կեսարիայից ստացած իրենց տպաւորութիւնները:

Նախագծի շրջանակներում Անատոլիայում (Արեւմտեան Հայաստանում, «Ակունք»-ի խմբ.) ասորի, հայ, հրեայ եւ յոյն համայնքների կողմից կառուցուած եկեղեցիների, սինակոկների, մենաստանների, դպրոցների, հիւանդանոցների ու գերեզմանոցների եւ նման այլ կառոյցների ցուցակագրութիւն է կատարւում: Նախեւառաջ նախագծի անձնակազմն ու մասնագէտները Կեսարիայում տարածքի ուսումնասիրման աշխատանքներ են իրականացնում: Հետազօտական շրջայցերից առաջինը յունիս ամսին, իսկ միւսը սեպտեմբերին է կատարուել: Շրջայցին իրենց աջակցութիւնն են ցուցաբերել նաեւ Հայ ճարտարապետների միութիւնը (ՀԱՅՃԱՐ) եւ Մշակութային ժառանգութեան պահպանման կազմակերպութիւնը:

Հետազօտողներ Զեյնեփ Օղուզն ու Վահագն Քեշիշեանը ընդհանուր երեք շաբաթ տեւած աշխատանքներից յետոյ ներկայացրեցին Կեսարիայից ստացած իրենց տպաւորութիւնները:

ՈՒՅԿԱՐ ԿԻՒԼԹԵՔԻՆ.- Ինչո՞ւ հէնց Կեսարիային ընտրեցիք որպէս նախագծի առաջին նահանգ:

ԶԵՅՆԵՓ ՕՂՈՒԶ.- Կեսարիոյ ընտրութեան հարցում մի քանի պատճառներ ունէինք: Նախ սա այն նահանգներից էր, որտեղ խտացուած են մեր ցուցակներում տեղ գտած կառոյցները: Մի քաղաք, որի վերաբերեալ մենագրութիւնները համեմատաբար քիչ էին: Բացի այդ` կապեր ունէինք տեղանքում գործող կազմակերպութիւնների ու անձանց հետ: Էրճիյես համալսարանում քաղաքի եկեղեցիների վերաբերեալ տեւական աշխատանքներ են կատարւում: Տեղացի հետազօտող գրողներ եւ պատմաբաններ նոյնպէս կան:

Առաջին այցելութեան ժամանակ նախատեսել էինք հասնել մեր ցուցակներում տեղ գտած այն վայրերին, որոնց անունները գիտէինք եւ որոնց մասին որոշակի տեղեկութիւն ունէինք: Իսկ մեզ անյայտ եւ հեռաւոր ծայրամասերում գտնուող կառոյցներից այցելեցինք միայն մի տեղում խմբուածները: Մինչդեռ երկրորդ այցելութեան ժամանակ աշխատեցինք տեսնել միայն մեզ անծանօթ կառոյցները եւ գրառումներ կատարել այն հեռաւոր վայրերի մասին, որտեղ նախորդ անգամ չէինք կարողացել հասնել: Գնացինք Կեսարիոյ ամէն անկիւն, ուր որ կարողացանք հասնել: 4 գաւառ կար, որոնք անգամ նշուած չէին մեր ցուցակներում. այնտեղ եւս գնացինք եւ տարատեսակ կառոյցներ տեսանք:

ՎԱՀԱԳՆ ՔԷՇԻՇԵԱՆ.- Կեսարիան ուշագրաւ է այն առումով, որ մի քաղաք է, որտեղ հաւասար կերպով առկայ են յունական եւ հայկական ճարտարապետութիւնները: Սա աշխատանքի տեսանկիւնից եւս առաւելութիւն էր: Թէեւ պատմականօրէն յայտնի է, որ քաղաքում ասորիներ ու հրեաներ են բնակուել, սակայն կառոյցներ, որպէս այդպիսիք, չկային:

ՈՒ. Կ.- Ինչպիսի՞ն էր կեսարացիների վերաբերմունքը:

Զ. Օ.- Մեր առաջին այցելութեան ընթացքում բազմաքանակ անձնակազմ էր աշխատում, մինչդեռ երկրորդն աւելի փոքր կտրուածքով արեցինք: Տեղաբնակները մեր տեղեկատուութեան աղբիւրն էին: Ընդհանուր առմամբ դիմադրութեան չարժանացանք եւ խնդիրներ չունեցանք նաեւ մեզ օգնող գտնելու հարցում: Երբ սկզբում ասում էինք` եկեղեցի, դպրոց ենք փնտռում, ասում էին` «այստեղ չկայ», սակայն մի փոքր զրուցելուց յետոյ շատերը յայտնում էին` ինչ գիտէին: Սակայն բազմաթիւ գանձագողութեան աշխատանքների հետքեր կային: Թերեւս ամենակարեւոր հանգամանքը, որի հետ բախուեցինք, գանձագողութեան ծաւալն էր: Տեղեակ էինք գանձագողերի մասին, սակայն չէինք մտածում, որ ամէն տեղ այն մեր դէմ էր դուրս գալու: Այդ ժամանակ հասկացանք, որ տեղեկութիւն յայտնելու հարցում բնակչութեան անվճռականութիւնը փոքր-ինչ դրանից է ծագում: Հարցնում էին` «ոսկի՞ էք փնտռում»: Որոշ մարդիկ մեզանից ցուցակ էին ուզում, ասում էին. «Մենք ձեզ կ՛օգնենք: Եթէ ցուցակ ունէք, մեզ տուէք, կը նայենք կամ միասին կ՛աշխատենք»:

Վ. Ք.- Երբ գիւղում մի վայր էինք հարցնում, սովորաբար մեզ ինչ-որ մէկի մօտ էին ուղարկում: Ասում էին` «Նա այդ գործերով է զբաղւում»: Մարդիկ, ովքեր ըստ իրենց այդ գործով էին զբաղւում, հիմնականում պեղումներ կատարողներն էին, գանձագողերը: Կան մարդիկ, ովքեր ասում են, թէ ոստիկանութիւնը գիտի դրա մասին: Որոշները պեղումներ անելու համար թոյլտուութիւն են ստացել: Կան նաեւ այնպիսիք, ովքեր ծածուկ են դա անում:

ՈՒ. Կ.- Ինչպիսի՞ վիճակում են հետազօտութեան խնդրոյ առարկայ կառոյցները:

Զ. Օ.- Բազմաթիւ վայրերում կառոյցները կանգուն են. Դրանք ե՛ւ յունական են, ե՛ւ հայկական: Դրանց մի մասը մզկիթի է վերածուել, իսկ միւս մասը գրանցուած է, սակայն վատ վիճակում է գտնւում: Տեսել ենք նաեւ աւերուած կառոյցներ: Որոշ վայրերում միայն երկու սիւն, իսկ որոշ տեղերում անգամ միմիայն քարեր են մնացել: Կեսարիայում ընդհանուր առմամբ աւելի քան 50 կառոյց է կանգուն: Որոշ գիւղեր նոյնիսկ պահպանուել են իրենց փողոցներով, տներով, իսկ որոշներն էլ ամբողջովին լքուած են, սակայն կառոյցները, նախկինի պէս, կանգուն են: Սրանք այնպիսի վայրեր են, որոնք կարող են փաստագրել գիւղի կենցաղը: Կեսարիան պատմական Կապադովկիայի կենտրոնն է, շատ կարեւոր վայր` քրիստոնէութեան պատմութեան մէջ: Շերտ առ շերտ պատմական աշխարհագրութիւն է: Երբ այցելեցինք աւերակները, տեսանք, որ ԺԹ. դարի փլատակների կողքին կան նաեւ այնպիսի մնացորդներ, որոնց անցեալը հասնում է մինչեւ խեթական ժամանակաշրջան: Անյայտ է, թէ ԺԹ. դարից մնացած բազմաթիւ վայրերի տակ ինչեր կան:

Վ. Ք.- Անթիւ-անհամար քարանձաւներ կան: Ժայռակոփ, փորագրութիւններով եկեղեցիներ էլ կան: Մեծ ու փոքր ժայռերը վաղ ժամանակաշրջանում որպէս ապաստարան ու աղօթատեղի են օգտագործուել, իսկ հետագայում` վերածուել եկեղեցիների: Պատմականօրէն եւ աշխարհագրօրէն Կապադովկիայի շարունակութիւնն է: Որոշ ժայռակոփ եկեղեցիներ ընդարձակուել են, կենտրոններ դարձել. կան նաեւ կիսով չափ արհեստական, կիսով չափ փորագրուած եկեղեցիներ: Երբեմն կառուցման համար պեղումներ են իրականացւում, եւ երբ հիմքը գցելու համար ներքեւ են իջնում, քարանձաւ են բացայայտում:

Զ. Օ.- Կեսարիան յոյների համար եւս բաւական նշանաւոր վայր է: Յունական եկեղեցիները, հայկական եկեղեցիների համեմատ, աւելի լաւ վիճակում են, մինչդեռ հայկական եկեղեցիների մեծ մասն աւերուած է: Կեսարիան Կապադովկիայի  կարեւոր կենտրոն է: Աւելի՛ն. կանգուն, պահպանուած քարամաներեն արձանագրութիւններ կան: Քարամաներէն լեզուն եւ մշակոյթը մի ոլորտ է, որի նկատմամբ հետաքրքրութիւն են սկսել ցուցաբերել յունական ու Անատոլիայի մշակոյթի պատմութեամբ զբաղուողները: Մեզ ասացին, որ Յունաստանից յաճախ են գալիս` իրենց գիւղերն այցելելու, աւելի քիչ ենք լսել այցելութեան եկած հայերի մասին. այնուհանդերձ, կան հայեր, ովքեր, օրինակ, ամէն տարի գալիս են իրենց գիւղերի գերեզմանատները վերանորոգելու:

ՈՒ. Կ.- Գանձագողերի կողմից թալանուած եկեղեցիները շա՞տ են:

Վ. Ք.- Եկեղեցիները գանձագողերի թիրախն են: Գանձագողերը եկեղեցիների աւերուելու թերեւս ամենաէական պատճառն են: Մինչեւ հիմք` ամէնուր փորել են: Որոշ եկեղեցիներ տների են վերածել, իսկ վանական միաբանութիւններ ամենեւին չեն մնացել: Երբ հարցնում ենք, թէ միաբանութիւնը որտե՞ղ է, բազմաթիւ վայրերում դրօշի տեղն են ասում:

Զ. Օ.- Մէկ-երկու այցելութիւնից յետոյ հետեւեալ եզրայանգմանը եկանք` եթէ գիւղի մուտքի կամ ելքի մօտ բարձր գագաթ կայ, որի վրայ դրօշակ է ծածանւում, ապա սովորաբար այդ տարածքում են գտնւում երբեմնի վանական միաբանութեան աւերակները:

ՈՒ. Կ.- Կառոյցների պահպանութեան համար որեւէ ջանք գործադրւո՞ւմ է:

Զ. Օ.- Ի տարբերութիւն բազմաթիւ այլ քաղաքապետարանների` Կեսարիոյ քաղաքապետարանի «մշակութային գոյքացուցակներում» աւելի շատ ոչ մուսուլմանական կառոյցներ են ընդգրկուած: Մանրակրկիտ աշխատանք է տարուել: Կան վայրեր, որտեղ շարունակւում են վերանորոգման աշխատանքները: Ներկայում գործող հայկական եկեղեցի կայ: Կեսարիացիներից լսել ենք, որ իրենք դէմ են եղել կենտրոնում գտնուող կանգուն Սուրբ Աստուածածին եկեղեցին որպէս մարզասրահ օգտագործելու իրողութեանը, ինչի շնորհիւ շահագործումը դադարեցուել է: Եկեղեցին վերակառուցուել է եւ արդէն որպէս թանգարան է ծառայում:

Վ. Ք.- Կան գիւղեր, որոնք վերականգնել են իրենց նախկին անուանումները: Յանուն դրա պայքար է մղուել: Գերմիրը (Կարմիր, «Ակունք»-ի խմբ.), օրինակ, այդ գիւղերից մէկն է: Տասը տարի տեւեց, որ գիւղը նախկին անուանումը վերադարձնի: Հիմնականում բազում գիւղերում բնակիչները գիտեն, որ նախկինում այդ վայրերում հայեր ու յոյներ են բնակուել:

Թոմարզայի Սուրբ Աստուածածին Եկեղեցին

Թոմարզայի կենտրոնում տարչնագոյն ցուցանակով Սուրբ Պօղոս եւ ներկայում հիմնովին աւերուած Սուրբ Սարգիս եկեղեցիների հետ մէկտեղ կառոյցների մի բոյլ կայ, որ քանդուած վիճակում են մեր օրեր հասել: Մեր ստացած տեղեկութիւնների համաձայն, Սուրբ Աստուածածինը վանական միաբանութիւնն է, որը ժողովրդի շրջանում յայտնի է որպէս գերեզմանատուն: ԺԲ. դարում քաղաքի հին պարիսպների մօտ կառուցուած միաբանութիւնը կից Սուրբ Կարապետ եւ Սուրբ Խաչ վանքերի հետ հայերէն ձեռագրերի բազմացման իւրատեսակ ձեռագրապահոց է եղել: Վերջին անգամ 1870 թ. թալասցի Կիւլպէնկեան ընտանիքի նուիրատուութեամբ վերանորոգուած միաբանութիւնը Մշակութային յուշարձանների պահպանման խորհրդի ցուցակում է ներառուել:

Ներքին Ֆենեսէի Հայկական Եկեղեցին

Տեւելի գաւառի կենտրոնում բազմաթիւ կառոյցներ գիտենք, որոնցից մեր օրեր է հասել միայն Սուրբ Թորոս եկեղեցին: Այն առաւելի յայտնի է որպէս Ֆաթիհ մզկիթ: Սրանից բացի, մեր ձեռքում էին նաեւ «Կեսարիոյ քաղաքապետարանի մշակութային գոյքացուցակները» եւ գլխաւորապէս Շենայ Կիւնկէօրի աշխատութիւնը, ինչպէս նաեւ` արխիւային լուսանկարներ ու գոյքացուցակներ, որոնք հաւաքել էինք որոշ գիտական աշխատութիւններից: Վերջիններիս հետեւելով` հասանք ու ենթադրեցինք, որ այդ կառոյցը Սուրբ Աստուածածինն է, ինչպէս նաեւ շնորհիւ այն իմամների, ովքեր հաղորդակցութեան բաւականին լաւ ցանց ունէին եւ օգնեցին մեզ Տեւելիում: Ներկայում կառոյցի շրջակայքում բնակիչները` յատկապէս տարեցները, մեզ իրենց յուշերը պատմեցին եկեղեցու խնդրի, ուղղուածութեան, այնտեղ իրականացուող գործունէութիւնների եւ թաղամասի նախկին հայ բնակիչների մասին:

Գերմիրի (Կարմիրի) Քարէ Կամուրջ

Գերմիր թաղամասը, թէեւ մօտ է Կեսարիոյ քաղաքի կենտրոնին, այնուհանդերձ, հիմնականում կարողացել է պահպանել իւրօրինակութիւնը. որոշ ժամանակաշրջան թուրքացուել է, անունը փոխել, սակայն վերջին ժամանակներս կրկին վերականգնել է նախկին անուանումը: Այժմ երեք կանգուն մեծ եկեղեցի ունի, որոնցից մէկը հայկական է, իսկ երկուսը` յունական: Բացի այդ, ըստ Ռէյմոնտ Գէորգեանի, գիւղում գտնուող եւ մեր օրեր չհասած հայկական դպրոցը 1914 թ. 75 աշակերտ է ունեցել: Թաղամասը, որ պահպանել է կամուրջների, աղբիւրների եւ իւրատեսակ տների նախկին տեսքը, անցեալի հետ ծանօթանալու հնարաւորութիւն է ընձեռնում: Կարմիրը, որ նախկինում գիւղ է եղել, 2010-ական թթ. սկզբներին, երբ Կեսարիան քաղաք դարձաւ, թաղամասի կարգավիճակ ստացաւ:

Օզուաթանի Յունական Քարէ Եկեղեցին

Օզուաթան գաւառում երեք յունական եկեղեցի կայ, որոնցից երկուսը որպէս մզկիթ են ծառայում: Գաւառի հիւսիսային թաղամասերը Յունաստանից Կեսարիա այցի եկածների հանդիպման վայրն են: Որոշ մարդիկ, ովքեր այսօր Յունաստանում են բնակւում եւ միայն յունական ընտանեկան անցեալ եւ մշակութային կապեր ունեն, գաւառի եկեղեցու զանգակատները վերանորոգելու համար տեղական իշխանութիւնների հետ են կապ հաստատել: Իւրօրինակ արտաքին ձեւը պահպանուել է, եւ զանգակատունն ու մինարէն համատեղած այս մզկիթները, ինչպէս նաեւ` միակ կանգուն եկեղեցու զանգակատունն այսօր որպէս Օզուաթան յայտնի նախկին յունական բնակավայրի պատմութեան մասին են ակնարկում: Գաւառի կենտրոնում տեղադրուած տարչնագոյն հաշուետախտակներն ու քաղաքապետարանի մշակութային գոյքացուցակները օգնում են այս հետքերը փնտռողներին:

Գանձագողեր Եւ Արկածներ. «Մօտենալիս Զէնքերի Ձայնն Ուժգնանում Էր»

Վ. Ք.- Գանձագողութիւնն առօրեայ հասարակական կեանքում կարեւոր տեղ է զբաղեցնում, առաւել եւս` կենտրոնից հեռու գտնուող գաւառներում: Սարըզն այդ գաւառներից մէկն է: Կենտրոնից մօտ երկու ժամուայ ճանապարհի հեռաւորութեան վրայ է: Մեր գոյքացուցակներում այս գաւառում որեւէ կառոյց նշուած չէր: Մենք էլ որոշեցինք տեղում տեսնել, բնակիչներից հարցնել: Գաւառի կենտրոնում մզկիթ կար, որտեղ որոշ քարեր մատնում էին, որ տարբեր տեղերից էին բերուել: Հարցրեցինք, թէ որտեղի՞ց են բերուել: Ոմն մէկը համաձայնեց օգնել մեզ, եւ նրա հետ գնացինք այն գիւղը, որտեղից բերուել էին դրանք: Այստեղ քարերը մեծ էին, եւ տեղափոխութիւնը դժուար էր: Մեզ ուղեկցող անձը յետոյ ասաց. «Եթէ գիւղի ցուցակը ունէք, ես կ՛ուսումնասիրեմ»: Վերադարձի ճանապարհին ասաց, որ մօտակայքում` իր գիւղում, եւս մի եկեղեցի կայ: Մինչդեռ երբ կենտրոնում էինք, որեւէ եկեղեցու մասին չէր ասել: Երբ այգի մտանք, ընկերոջը զանգահարեց, ով քարշակով մեզ մօտ եկաւ: Վերջինս հարցրեց` «Ի՞նչ էք փնտռում», մենք էլ պատասխանեցինք. «Պատմաբան ենք, ուսումնասիրութիւն ենք իրականացնում»: Ինքն էլ յաւելեց. «Ես 70 օր պեղել եմ, ոչինչ չեմ գտել, դուք էլ ոչինչ չէք կարող գտնել»: Յետոյ այդ անձինք միմեանց հետ սկսեցին կատակել, գլուխ գովել, թէ իրենցից ով է աւելի շատ «պատմութեամբ հետաքրքրւում»: Սա ասում էին իբրեւ շատ սովորական մի բան: Անդադար մեզանից տեղեկութիւն էին ցանկանում կորզել: Նոյնիսկ առաջարկեցին. «Կիրակի օրը չենք աշխատում, եթէ գործ չունէք, եկէք` միասին հեռաւոր գիւղերը գնանք»:

Զ. Օ.- Հեռաւոր գիւղերից մէկում, որտեղ եւ գտնւում էին մեր գոյքացուցակում ներառուած կառոյցները` դպրոցը եւ եկեղեցին, որոնց անունները գիտէինք, մի անձ մեզ մօտ եկաւ` օգնելու առաջարկով: Երբ գիւղով շրջում էինք, շարունակ գանձագողերից էր դժգոհում: Յետոյ փոքր-ինչ հեռուից ցանկացաւ մեզ գանձագողերի փորած հին կառոյցները ցոյց տալ: Մենք էլ համաձայնեցինք: Ինքը չեկաւ, մեզ հետ եկաւ իր եղբայրը: Ցոյց տուեց դաշտում գտնուող մարմարէ քարն ու դրա տակ փորուած փոսը: Ըստ իր պատմածների` գիշերը, երբ իրենք գտել էին քարը, ինչ-որ մարդիկ էին եկել, շրջել քարը, փորել շուրջբոլորը. «Մենք որեւէ տեղեկութիւն չունենք: Մենք ձեռքի ճարպկութեամբ ենք պեղում: Մինչդեռ ովքեր տեղեկութիւն ունեն, համակարգուած են աշխատում»: Պատմեց նաեւ, որ գանձագողերից դժգոհող եղբայրը իրականում ամբողջ գումարը գանձագողութեան սարքաւորումներ ձեռք բերելու վրայ է վատնել եւ տեւականօրէն պեղումներ կատարել: Աւելի ուշ մեզ մօտակայքում գտնուող խեթական քարէ արձանագրութեան մօտ տարաւ, իսկ եղբայրը, որի մասին խօսում էր, հեռախօսով ինձ հետ կապուեց, հարցրեց, թէ ինչ լեզուով է: Երբ ասացի, որ հայերէն եւ օսմաներէն գիտեմ, ասաց. «Շատ լաւ, կարդացէք այդ քարերը»: Պատասխանեցի, որ չեմ կարող կարդալ, փոխարէնն ինքը ինչ-որ բան կարդաց հեռախօսով եւ պահանջեց, որ իր կարդացածի հիման վրայ մեկնաբանեմ արձանագրութեան մէջ տեղ գտած երեք նետերը: Կարծում էր, որ նետերը գանձերի տեղն էին մատնանշում: Գիւղում հինգ տուն կար, եւ բոլորն էլ նոյն ընտանիքից էին: Մեզ ասացին` «ոստիկանները մեզ ճանաչում են, եւ գիւղը մեր պատասխանատուութեան տակ է: Եթէ մեզնից բացի` ոեւէ մէկը պեղումներ անի, անմիջապէս ոստիկանութեանը կը տեղեկացնենք: Իսկ նրանք կ՛անեն այն, ինչ անհրաժեշտ է»:

Վ. Ք.- Ճանապարհի վերեւում` մի բարձրութեան գագաթին, ինչ-որ կառոյց տեսանք, որ չկար մեր գոյքացուցակներում: Հոյակերտ մի վայր: Փորձեցինք բարձրանալ գագաթը: Մօտ կէս ժամ տեւած մագլցումից յետոյ զէնքի ձայն լսեցինք: Երբ առաջին անգամ լսեցինք, չհասկացանք, որ զէնքի ձայն էր: Որքան մօտեցանք կառոյցին, ձայնն այնքան ուժգնացաւ: Չլռող զէնքի ձայն: Մենք ստիպուած առանց կառոյցին մօտենալու` յետ վերադարձանք: Հէնց սկսեցինք իջնել, զէնքի ձայնը կտրուեց: Հաւանաբար մեզ տեսնողներ են եղել եւ չեն ցանկացել, որ մօտենանք կառոյցին: Իջնելուց յետոյ տեսանք, որ ճանապարհի դիմաց մեծ պեղումների են իրականացուել:

«Ակօս»

Թարգմանեց`
ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆԸ

«Ակունք»

 

 

Նախորդը

«Մեր Ինքնութեանը Տէր Կանգնելու Համար Մենք Եւս Պէտք Է Գցենք Ինքնավարութեան Հիմքերը» Թուրքիայի Համշենահայերը

Յաջորդը

Գովա՞զդ, Թէ՞ Հակաքարոզչութիւն

RelatedPosts

Կատարումի Ձայնագիտութեան Պատմական Ամփիթատրոններ Եւ Եկեղեցական Կուժեր
Գիտութիւն

Կատարումի Ձայնագիտութեան Պատմական Ամփիթատրոններ Եւ Եկեղեցական Կուժեր

June 30, 2026
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

Սառնամանիքի Սիրողական Բնագիտութիւն

March 11, 2026
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

Հրթիռապատում Բ. Պաղ Պատերազմէն Մինչեւ Արեւի Խուզարկու

December 9, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.