Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ապրիլ 2, 1921 Թ.` Տխուր Օր, Որ Չենք Յիշում

April 7, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

1921թ. ապրիլի 2-ը քսաներորդ դարի եւ ընդհանրապէս հայոց պատմութեան տխուր օրերից է: Ոչ ոք կամ գրեթէ ոչ ոք Հայաստանում եւ սփիւռքում այդ օրը չի յիշում: 94 տարի առաջ այս օրը ռուսական (պոլշեւիկեան) բանակի օգնութեամբ Յեղկոմը վերադարձաւ Երեւան, եւ փետրուարեան ապստամբութիւնը ճնշուեց: Հայրենիքի փրկութեան կոմիտէն Սիմոն Վրացեանի, Յովհաննէս Քաջազնունու եւ բոլոր կռուող ուժերի ու գրեթէ ողջ մտաւորականութեան հետ` շուրջ 10 հազար մարդ ոտքով, ուժասպառ եւ հիւծուած հասաւ Զանգեզուր, այնտեղից մի քանի ամիս անց Արաքսի վրայով անցան Պարսկաստանի տարածք:

Խորհրդային տարիներին նոյեմբերի 29-ը նշւում էր եւ տօնւում որպէս Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օր, թէեւ 1920-ի դեկտեմբերի 2-ին էր, որ անկախ Հայաստանում իշխանութեան ղեկին գտնուող ՀՅԴ-ն առանց կռուի ու կրակոցի, գիտակցելով, որ կռիւն ու կրակոցը միայն նորանոր ողբերգութիւններ կը բերեն Հայաստանի տառապեալ ժողովրդին, իշխանութիւնը յանձնեց Բաքուից Երեւան հասած Յեղկոմի հայ պոլշեւիկներին: Միակ պաշտօնական դէմքը դաշնակցական Արշակ Յովհաննիսեանն էր, որ դէմ էր իշխանութիւնը խաղաղ ճանապարհով հայ պոլշեւիկներին յանձնելու ՀՅԴ որոշմանը եւ անգամ առաջարկում էր ձերբակալել ռուս կոմիսար Պորիս Լեկրանին:

Գուցէ արդարացուա՞ծ է հէնց ապրիլի 2-ը համարել Հայաստանի Առաջին Հանրապետութեան անկման օր, այլ ոչ` դեկտեմբերի 2-ը: Գուցէ արդարացուա՞ծ է Հայաստանի Հանրապետութեան կեանքը համարել գրեթէ երեք տարի (1918-ի մայիսի 28-ից մինչեւ 1921-ի ապրիլի 2):

Ճիշդ է նաեւ, որ իշխանութիւնից ՀՅԴ-ի հեռացումը դեռ չէր նշանակում Հայաստանի Հանրապետութեան անկախութեան կորուստ: Երկու տարի` մինչեւ 1922թ. դեկտեմբեր, Խորհրդային Հայաստանը թէեւ ձեւականօրէն, բայց անկախ էր: 1920թ. մայիսին Ալեքսանդրապոլսում (այսօրուայ Կիւմրի) իշխանութիւնը դաշնակցական կառավարութիւնից զէնքի ուժով գրաւելու անյաջող փորձ արել էին հայ պոլշեւիկները: 1921թ. փետրուարին նրանց դէմ ապստամբեցին իշխանութիւնը մի քանի ամիս առաջ առանց կրակոցի յանձնած դաշնակցականները:

Պատճառը պոլշեւիկների իրականացրած հալածանքներն ու բռնութիւններն էին: Հայաստանի նախարարներից Աբրահամ Գիւլխանդանեանի վկայութեամբ` պոլշեւիկեան կառավարութեան առաջին գործը եղաւ բանտերը նետել դաշնակցական նախարարներին, խորհրդարանի կարեւոր անդամներին. «Հրաւիրելով բոլոր հայ սպաներին իբր թէ ցուցակագրութեան համար` ամբողջ շէնքը շրջապատեցին կարմիր զինուորներով, բանտարկեցին աւելի քան 1500 սպաներ, որոնց մէջ զօրավարներ Նազարբէկեանին, Սիլիկեանին, Հախվերդեանին: Ապա ոտքով, ձեան վրայ, ցուրտ ձմրանը, առանց տաք հագուստի, բոլորին քշեցին Ռուսաստան: Նրանցից շատերը ցրտից մեռան: Փետրուար ամսին ամէն գիշեր դահիճները մտնում էին բանտը եւ դուրս կանչելով մէկին կամ միւսին, տանում էին` գնդակահարում կամ կացնահարում: Բանտարկուածները, որոնք Հայաստանի մեծ մասամբ կարեւոր գործիչներն էին, գիշեր ժամանակ սարսափով սպասում էին, թէ ահա կը գան ու կը տանեն գնդակահարելու: Այս բոլոր սարսափները տեսնելով` Հայաստանի ամբողջ բնակչութիւնը, առանց սեռի ու տարիքի խտրութեան` ծառացաւ պոլշեւիկ ոճրագործների դէմ»:

Միւս կողմից` քեմալականներն էին թալանում Շիրակի սովահար գիւղերը, եւ հիասթափութիւնն ու զզուանքը թուրք-պոլշեւիկներից կատարեալ էր: «Հայաստանի կոմիտէի յանձնարարութեամբ ես մի քանի տեսակցութիւն ունեցայ Յեղկոմի նախագահ Կասեանի եւ Արտակարգ յանձնաժողովի` Չեկայի վարիչ Աթարբեկեանի հետ, որոնց ամէն կերպ աշխատում էի համոզել վերջ տալ այս կոյր քաղաքականութեանը»,- գրում է Սիմոն Վրացեանը, ով դէմ էր յեղափոխութեանը, սակայն հակառակ այդ իրողութեանը` գլխաւորեց Հայրենիքի փրկութեան կոմիտէն:

1921թ. փետրուարի լոյս 10-ի գիշերը Երեւանում ձերբակալւում են 200-ից աւելի դաշնակցականներ, եւ այս դէպքը եղաւ վերջին կաթիլը, որից յետոյ պայթում է ժողովրդական զայրոյթը: Կոտայքի Զար գիւղում տեղի է ունենում խորհրդակցութիւն, որոշւում է յեղաշրջում իրականացնել: Ապստամբ ուժերի պետ է նշանակւում անկուսակցական սպայ Կուռօ Թարխանեանը, ով մի քանի ամիս առաջ Իգդիր-մարգարայ հատուածում մարտնչել էր թուրքական ուժերի դէմ:

Փետրուարի 18-ին ապստամբները գրաւեցին Երեւանը, Վրացեանի ղեկավարութեամբ ստեղծուեց Հայրենիքի փրկութեան կոմիտէ, Յեղկոմը հեռացաւ Ղամարլու-վեդիի շրջան: Վրացեանի խօսքերով` «Փետրուարի 18-ին Երեւանն այլեւս զարդարուած էր եռագոյն դրօշներով: Յուզիչ էր ու ցնցիչ այն վայրկեանը, երբ ժողովրդական ցասման տակ խորտակուեցին պոլշեւիկեան արիւնոտ բանտի ու Չեկայի դռները եւ հազարաւոր բանտարկեալներ դուրս եկան եռագոյն դրօշներով պճնուած փողոցը»:

«Ճառերը շարունակուեցին, իսկ մենք անցանք կառավարութեան տուն: Նոր էինք ներս մտել, երբ իրար յետեւից սկսեցին գալ շնորհաւորելու օտար պետութիւնների ներկայացուցիչները եւ քաղաքական կուսակցութիւնների ու հասարակական կազմակերպութիւնների պատգամաւորութիւնները: Մասնաւորապէս, բուռն ուրախութիւն էր արտայայտում Անգարայի ներկայացուցիչ Պեհաէտտինը, որը շտապել էր առաջինը շնորհաւորել եւ շատ վշտացած էր երեւում, որ իրենից առաջ արդէն պարսից ներկայացուցիչն ու ամերիկացիները շնորհաւորել էին», գրում է Վրացեանը:

Գիւլխանդանեանի խօսքերով, նոր կառավարութիւնը անհրաժեշտ համարեց հեռագրել արտասահման` Մոսկուա, Թեհրան, Անգարա եւ Թիֆլիս` հաղորդելով Հայաստանում յեղաշրջման մասին: «Այն ժամանակ, երբ Հայաստանում խորտակուեց պոլշեւիկեան լուծը, Վրաստանի սահմանագլուխների վրայ կռիւներ էին սկսուել, եւ պոլշեւիկները սպառնում էին Թիֆլիսին: Փետրուարի 21-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարը շնորհաւորեց յեղաշրջումը եւ առաջարկեց զինուորական դաշինք կնքել պոլշեւիկների դէմ: Սակայն դա ուշացած առաջարկ էր, որովհետեւ ընդամէնը երեք օր անց Թիֆլիսն ընկաւ պոլշեւիկների ձեռքը: Վրաստանի պոլշեւիկեան յեղկոմը մտնելով Վրաստան`  երբեք չդիմեց այնպիսի բռնութիւնների, ինչպիսիք հայ պոլշեւիկները գործադրեցին Հայաստանում»:

Կարօ Սասունին գրում է, որ Հայրենիքի փրկութեան կոմիտէն ռատիոյով աշխարհին յայտնել է Հայաստանում տեղի ունեցող յեղափոխութեան մասին. «Մասնաւոր մի ռատիօ-հեռագիր ուղղուեց Լենինին, (որում) յոյս էր յայտնւում, որ Ռուսաստանը պիտի դադարեցնի թշնամական գործողութիւնները եւ բարեկամական ձեռք մեկնի Հայաստանի աշխատաւորութեանը»:

ԱՆԻ կենտրոն

 

Նախորդը

50 Տարի Առաջ (7 Ապրիլ 1965)

Յաջորդը

Շրջապտոյտ` Արեւմտեան Հայաստան Փրոֆ. Ռիչըրտ Յովհաննէսեանի Հետ

RelatedPosts

«Դրօշակ»-ի Առաջնորդող.  Քաղաքական Դաշինքներ Եւ Միասնութիւն Ընդհանուր Նպատակի Շուրջ
Անդրադարձ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Քաղաքական Դաշինքներ Եւ Միասնութիւն Ընդհանուր Նպատակի Շուրջ

February 3, 2026
Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի Առաջին Թիւը
Անդրադարձ

Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի Առաջին Թիւը

February 3, 2026
Փարիզի Հայկական Սփիւռքի Ժառանգութիւնը Կը Վերածուի Թուային Քարտէսի Մը
Անդրադարձ

Փարիզի Հայկական Սփիւռքի Ժառանգութիւնը Կը Վերածուի Թուային Քարտէսի Մը

February 3, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.