ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Օգոստոսի 31-ին մէկ օրով մեկնեցի Վրաստանի մայրաքաղաք, որտեղ, ըստ նախնական պայմանաւորուածութեան, պէտք էր հարցազրոյց վարէի ԵԱՀԿ Մինսքի խմբում ամերիկեան նախկին համանախագահ Քերի Քաւանոյի հետ: Արցախեան կարգաւորման գործընթացում բազմաթիւ դիւանագէտներ են ներգրաւուել, սակայն Քաւանոն եղել է վառ անհատականութիւն, նոր գաղափարներ յղացող միջնորդ, անմիջական զրուցակից: Հարցազրոյցի որոշ հատուածներ օգտագործուելու են Երեւանի Մեդիայ նախաձեռնութիւնների կենտրոնի պատրաստելիք ժապաւէնում, ինչպէս նաեւ իմ «Արցախեան օրագիր. Կանաչ ու սեւ» գրքի նոր` հայերէն 4-րդ հրատարակութեան մէջ` 2015-ի կէսերին:
Այսօր Քաւանոն դիւանագիտութիւն է դասաւանդում ամերիկեան համալսարաններից մէկում, սակայն շարունակում է մօտիկից հետեւել ինչպէս արցախեան հակամարտութեան զարգացումներին, այնպէս էլ` կովկասեան իրադարձութիւններին: Հարցազրոյցի ընթացքում ամերիկացի նախկին դիւանագէտն ասաց, որ 90-ական թուականների վերջերին եւ յաջորդող մի քանի տարիներին հակամարտութեան խաղաղ կարգաւորման համար ստեղծուել էին բարենպաստ պայմաններ երկու հարթութեան մէջ: Առաջին, ԵԱՀԿ Մինսքի խմբի եռանախագահութիւնը` Ռուսաստան, Միացեալ Նահանգներ, Ֆրանսա, աշխատում էին ներդաշնակ, որպէս մէկ միասնական խմբակ, երկրորդ` նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարեանի եւ Հայտար Ալիեւի միջեւ ստեղծուել էր վստահութիւն եւ փոխադարձ յարգանք: Քաւանոն պատմեց, որ այն ժամանակ նախագահներ Վլատիմիր Փութինը, Ժաք Շիրաքը եւ Ճորճ Պուշը միասնական ջանքեր էին գործադրում եւ իրաւամբ ձգտում էին լուծում գտնել: Մինչդեռ այսօր, ըստ ամերիկացի դիւանագէտի, նախագահներ Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ չկայ վստահութիւն, իսկ Ռուսաստանն ու Արեւմուտքը լրջագոյն հակամարտութեան մէջ են Ուքրանիայի հարցով:
Քաւանոն յիշեց նաեւ 1999-ի հոկտեմբերի 27-ը: Առաւօտեան եւ կէսօրից յետոյ ամերիկեան բարձրաստիճան դիւանագէտները արտաքին գործերի նախարարի տեղակալ Սթրոպ Թալպոթի գլխաւորութեամբ Բաղրամեան 26-ում հինգ-վեց ժամ տեւողութեամբ բանակցութիւններ էին վարել Ռոպէրթ Քոչարեանի եւ վարչապետ Վազգէն Սարգսեանի հետ: «Նախագահականից մենք ուղեւորուեցինք օդակայան: Մեզ ուղեկցում էր Վարդան Օսկանեանը: Վազգէն Սարգսեանը գնաց խորհրդարան: Մենք Երեւանից թռանք Անգարա: Երբ օդանաւը վայրէջք կատարեց, առաջին բանը, որ մեզ տեղեկացրին թուրքերը` Հայաստանի խորհրադարանում կատարուած ահաբեկչութիւնն էր»,- յիշեց Քաւանոն: Նա մինչեւ այսօր դժուարանում է ասել, թէ ի՞նչ կապ կարող էր լինել կամ կա՞յ որեւէ կապ այդ ահաբեկչութեան եւ ղարաբաղեան կարգաւորման այն տարբերակի միջեւ, որը քննարկւում էր 1999-ին նախագահներ Քոչարեանի եւ Ալիեւի միջեւ: Այդ ժամանակ, որպէս լուծման տարբերակ, քննարկւում էր տարածքների փոխանակման տարբերակը:
Կարգաւորման Քի Ուեսթի բանակցութիւնների մասին անդրադառնալով, Քաւանոն որեւէ մանրամասն չգաղտնազերծեց, չբացառելով, որ հակամարտող կողմերը եւ միջնորդները կրկին այդ տարբերակը մի օր դնեն սեղանի վրայ: Նա ասաց, որ Ֆլորիտայի Քի Ուեսթ կղզում բանակցութիւններ կազմակերպելու գաղափարը տուել է հէնց ինքը:
Յիշեցնենք, որ Քի Ուեսթի բանակցութիւնները կայացան 2001-ի ապրիլին: Սպասումները մեծ էին, որ Քի Ուեսթում հնարաւոր կը լինի լուծում գտնել: Բանակցութիւնները բացեց արտաքին գործերի նախարար Քոլին Փաուելը, իսկ տունդարձի ճանապարհին Սպիտակ տանը Քոչարեանին եւ Ալիեւին առանձին ընդունեց նախագահ Պուշը: Վերադառնալով Պաքու` Ալիեւը հրաժարուեց շարունակել բանակցութիւնները Քի Ուեսթի սկզբունքներով: Թէեւ Քի Ուեսթի փաստաթուղթը չի հրապարակուել, սակայն յայտնի է, որ Ազրպէյճանը պատրաստակամութիւն էր յայտնում հրաժարուել Արցախից (Արցախը, աւելի ճիշտ` նախկին ԼՂԻՄ-ը, 4.4 հազար քառակուսի քիլոմեթր տարածքով եւ Լաչինի միջանցքով միացւում էր Հայաստանին), որի դիմաց վերադարձւում էին ազատագրուած եօթ (բացառութեամբ Լաչինի միջանցքի) շրջանները, ինչպէս նաեւ` Պաքուն Հայաստանի տարածքով ստանում էր Նախիջեւանի հետ «սուվերեն հաղորդակցութեան» իրաւունք:
Հայաստան-ազրպէյճան սահմանի եւ Արցախ-ազրպէյճան շփման գծի երկայնքով վերջին շաբաթների լարուածութիւնը, որի պատճառով սպաննուեցին 6 հայ եւ շուրջ 35 ազրպէյճանցի զինուորականներ, հակամարտութեան կողմերին աւելի է հեռացնում խաղաղութիւնից եւ լուծումից: Քաւանոն համաձայնուեց, որ Ազրպէյճանի` տարիների ձեռք բերած սպառազինութիւնը որեւէ կերպ չօգնեց, որպէսզի նրանք յաջողութեան հասնեն սահմանային վերջին բախումների ընթացքում: Սակայն, ըստ Քաւանոյի, դրանից Ազրպէյճանը կարող է այլ դասեր քաղել: «Գուցէ Ազրպէյճանը կը մտածի, որ բաւարար չափով չի զինուել եւ առաջիկայում կը սկսի նոր սպառազինութիւններ ձեռք բերել», ասաց նա հարցազրոյցում, որը կայացաւ «Հին Թիֆլիս» հիւրանոցում:
Թիֆլիս մեկնելուց եւ Քաւանոյի հետ զրուցելուց առաջ ես էլ յիշեցի Քի Ուեսթը եւ դրան յաջորդած օրերը: Որպէս «Ազգ» օրաթերթի լրագրող ես շտապել էի Արցախ-Ազրպէյճան սահման` Աղտամի հատուած, որպէսզի հարցազրոյց վերցնեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ովքեր նախօրէին ծանր եւ յուսահատ բանակցութիւններ էին վարել Հայտար Ալիեւի հետ: Դա Քի Ուեսթից անմիջապէս յետոյ էր` 2001-ի գարնանը:
Մայիսեան այդ օրը համանախագահները անցան Ազրպէյճան-Արցախ շփման գիծը (ազրպէյճանցիները ականազերծեցին մի փոքր հատուած, դիւանագէտները եւ նրանց ուղեկցողներն ու միջազգային լրագրողներ անցան չէզոք գօտի` նը մենզ լենտ, ապա սահմանի փոքր հատուած ականազերծեցին արցախեան կողմից), թեթեւ նախաճաշ արեցին եւ անմիջապէս ուղեւորուեցին Աղտամի մզկիթ: Մի քանի շաբաթ առաջ այդ նոյն մզկիթից ամերիկացի համանախագահ Քաւանոն որպէս նուէր Հայտար Ալիեւի ծննդեան օրուայ առիթով մի քար էր տարել Պաքու: Ազրպէյճանական լրատուամիջոցները գրեցին, որ Ալիեւը լացել է այդ քարի վրայ: Դա հաստատեց նաեւ Քաւանոն:
Ուրեմն, մզկիթում տեղ չկար: Մեր կովերը առաւօտեան լաւ արածելուց յետոյ շուաք էին գտել մզկիթում: Տարօրինակ, ծածաղելի վիճակ էր ստեղծուել: Համանախագահներին, նրանց ուղեկցողներին ու միջազգային լրագրողներին տեղ չկար: Ես, որ գիւղից եմ ժամանակաւոր եկել քաղաք, ու լրագրութեան մէջ ինձ սպառելուց յետոյ կրկին վերադառնալու եմ մեր տուն, մեր գիւղ, փորձեցի կովերին դուրս քշել մզկիթից:
– Հոյ, հոյ, հոյ, հո-հոյ, հոյ,- յիշեցի իմ մանկութիւնը, երբ մեր Մարալ կովին դպրոցից տուն գալուց յետոյ տանում էի Քաջքանոցի ձորը արածեցնելու` գօտուս տակ դնելով մի գիրք:
Մեր կովերը ոչ մի կերպ տեղի չէին տալիս Մինսքի խմբի միջնորդներին եւ կովի հայեացքով նայում էին ռուս, ամերիկացի եւ ֆրանսացի միջնորդներին` իրենց թրքոտ պոչերով խփելով մէջքների վրայ նստող բոռերին:
Համանախագահների այդ այցը տեւեց մի քանի օր: Այդ օրերին ես, որպէս հայ լրագրող, ուղեկցում էի նրանց ամէնուր: Շուշիից նրանք պէտք էր ուղղաթիռով հասնէին Հայաստան: Ուղղաթիռում տեղ չկար: Ես խնդրում, աղաչում, պաղատում էի ռուս համանախագահ Նիքոլայ Կրիպքովին, որ ինձ էլ վերցնեն: Կրիպքովն ասում էր` տեղ չկայ: Փորձում էի հայ-ռուսական աւանդական բարեկամութիւնը յիշեցնելով կոտրել Կրիպքովի յամառութիւնը: Ես նոյնն անում էի բոլոր նրանց, ում ճանաչում էի: Ի վերջոյ, Արցախի այն ժամանակուայ արտաքին գործե»ի նախարար Նայիրա Մելքումեանը ինձ ուղղակի խցկեց ուղղաթիռի մէջ, երբ վերջինի անիւները պէտք էր արդէն պոկուէին գետնից: Օդ բարձրացող ուղղաթիռ մագլցելու համար ինձ օգնեց Քաւանոն: Դա իմ կեանքում առաջին անգամն էր, երբ նստում էի ուղղաթիռ եւ մինչեւ օրս վերջինն է:
Ուղղաթիռը անցաւ Քարվաճառի եւ Սեւանի վրայով եւ մէկ ժամ չէր անցել, երբ վայրէջք կատարեց Սպիտակ-վանաձոր ճանապարհի յարակից դաշտում: Մայիսեան անձրեւներից կանաչած խոտերը ծածանւում էին ուղղաթիռի վայրէջքի հետ: «Ի՜նչ լաւ խոտ էր, իսկը մեր Մարալ կովի արածելու խոտ»,- ուղղաթիռի երկաթեայ փոքրիկ աստիճաններով իջնելիս կրկին յիշեցի իմ մանկութիւնը, մեր Մարալ կովին:
Համանախագաները ուղեւորուեցին հայ-թուրքական սահման, այնտեղ, որտեղ Կարսից եկող երկաթուղագիծը հասնում է Գիւմրի: Այնտեղ Քաւանոն լրագրողներին ասում էր, որ ղարաբաղեան հակամարտութեան լուծման դէպքում Կովկասում կը բացուեն բոլոր ճանապարհները եւ խաղաղութիւն կը հաստատուի, ժողովուրդները բարեկեցիկ կ՛ապրեն:
Այդ օրերից անցել է աւելի քան 13 տարի: Արցախեան հակամարտութիւնը չի լուծուել, սահմանները շարունակում են մնալ փակ:
Յատուկ «Ազդակ»-ի համար


