Նախորդ շաբաթավերջին Թրոմսոյի մէջ (Նորվեկիա) սկսաւ ճատրակի 41-րդ միջազգային ողիմպիականը, որուն իրենց մասնակցութիւնը կը բերեն 881 երկսեռ ճատրակ խաղացողներ` 178 տարբեր երկիրներէ:
Տղոց մրցաշարքին կը մասնակցին 177 խումբեր, իսկ աղջկանց մրցաշարքին` 136:
Իր կատարած առաջին մրցումին, Հայաստանի տղոց խումբը 4-0 արդիւնքով յաղթեց Ճափոնի: Առաջինէն չորրորդ խաղատախտակին վրայ յաղթանակներ արձանագրեցին Գաբրիէլ Սարգսեան (2686), Սերկէյ Մովսիսեան (2672), Վլատիմիր Յակոբեան (2655) եւ Տիգրան Քոթանճեան (2500):
Ինչ կը վերաբերի աղջկանց մրցաշարքին, նոյն արդիւնքով Հայաստան յաղթեց Կուաթեմալայի:
Հայաստանի այս յաղթանակը կերտեցին Լիլիթ Մկրտչեան (2453), Լիլիթ Կալոյեան (2275), Մարիա Քուրսովա (2313) եւ Շուշանա Սարգսեան (2109):


