Երէկ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցութիւնները` ՀՅԴ-ն, Ժառանգութիւնը, Հայ ազգային քոնկրեսը եւ Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւնը հրապարակեցին յայտարարութիւն մը, որուն մէջ շեշտեցին, որ կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչին դէմ հասարակութեան ընդվզումը նոր զարգացումներ կ՛արձանագրէ: Յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշուեցաւ հետեւեալը.
«Գիտակցելով, որ իրենց սահմանադրական իրաւունքները ոտնահարւում են, որ նուազում են մարդկանց իրական եկամուտները` արդէն ամբողջական աշխատանքային անձնակազմեր են բողոքի ցոյցեր կազմակերպում: Օփերայի եւ պալէի ազգային ակադեմական թատրոնի, երկաթուղու, մեթրոյի, ելեկտրական ցանցերի աշխատակիցների` վերջին օրերի բողոքը սեփական շահերը պաշտպանելու մեր քաղաքացիների վճռականութեան դրսեւորումն են: Շատ կարեւոր է, որ «Դէմ եմ» նախաձեռնութեան անդամները կանգնած են նրանց կողքին, ինչը քաղաքացիական հասունութեան նոր որակ է հաղորդում օրինական պայքարին:
«Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցութիւնները անթոյլատրելի ու դատապարտելի են համարում Կենտրոնական դրամատան, Պետական եկամուտների կոմիտէի` իրենց լիազօրութիւնները գերազանցող մեկնաբանութիւններն ու պարզաբանումները, որոնք հակասում են Սահմանադրական դատարանի յայտնի որոշմանը:
«Մենք աշխուժ, պայքարող, գիտակից քաղաքացիներին, երիտասարդներին կոչ ենք անում աւելի լայն թափով ու կազմակերպուածութեամբ շարունակել պայքարը: Բոլոր գործատուներին յորդորում ենք` հետեւել Սահմանադրական դատարանի իրաւական պահանջին, բացառել աշխատակիցների հանդէպ ճնշումներն ու սպառնալիքները:
«Մենք համոզուած ենք` միայն կուտակային պարտադիր բաղադրիչի դէմ ահագնացող շարժումը կը ստիպի իշխանութիւններին սթափուել, ետ կանգնել հասարակութեան ու իւրաքանչիւր քաղաքացու իրաւունքներն ու շահերը ոտնահարող, վստահութեան խոր ճգնաժամ առաջացնող գործելաոճից:
«Մենք վստահ ենք` միայն հզօր շարժման առկայութեամբ է հնարաւոր հասնել Սահմանադրական դատարանի` պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչող որոշմանը:
«Մենք ամբողջովին սատարում ենք մեր քաղաքացիների արդարացի շարժմանը եւ պատրաստ ենք անմիջական մասնակցութեամբ շարունակել պայքարը մինչեւ յաղթանակ»:


