ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ ՎԱՆ
ԳԱԼՍՏԵԱՆ ԱՐԵԳ
ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ ՅԱՐՈՒԹ
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի կայքում հրապարակուել է «Լեռնային Ղարաբաղի համար «երկրորդ» պատերազմը մի՞ֆ է, թէ՞ իրականութիւն» խորագրով յօդուածը, որում ասւում է. «Գնալով աւելի շատ փորձագէտներ են վստահութիւն յայտնում Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման անխուսափելիութեան մասին»: Հնարաւո՞ր է նոր պատերազմ: Փորձենք պատասխանել այդ հարցին: Ռազմական գործողութիւնների դադարեցման վերաբերեալ 1994 թուականին, Պիշքեկեան արձանագրութեան ստորագրումից յետոյ, սկսուեց հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացը, որն ընթանում է ԵԱՀԿ Մինսքի խմբի շրջանակներում, որի մշտական համանախագահներն են` Միացեալ Նահանգնեը, Ռուսաստանը ու Ֆրանսան: Այսօր ԼՂՀ-ը, ով տէ ֆաքթօ ունի անկախ պետութեան համար անհրաժեշտ բոլոր յատկանիշները, շարունակում է մնալ տէ ժիւրէ չճանաչուած: Տուեալ փաստը, սակայն, ռէալփոլիթիքի հայեցակարգի տեսանկիւնից չի խանգարում, որ ԼՂՀ-ն հանդիսանայ միջազգային քաղաքական համակարգի մասնիկը.
1. ԼՂՀ-ը սեփական մշտական ներկայացուցչութիւններն ունի` Հայաստանում, Միացեալ Նահանգներում, Ռուսաստանում, Ֆրանսայում, Գերմանիայում, Քանատայում, Լիբանանում ու Աւստրալիայում:
ԼՂՀ-ը փաստացիօրէն ինքնուրոյն է իրականացնում արտաքին քաղաքական միջավայրում սեփական շահերը պաշտպանելու գործընթացը:
2. ԼՂՀ-ում անցկացուող խորհրդարանական ու նախագահական ընտրութիւններին դիտորդի կարգավիճակով մասնակցում են աշխարհի տարբեր երկրների բարձրաստիճան քաղաքական գործիչներ: Տուեալ պարունակում ընդգծւում է ԼՂՀ-ում քաղաքական գործընթացի զարգացման մէջ միջազգային հանրութեան շահագրգռուածութեան փաստը:
3. Ընթանում է ԼՂՀ-ի անկախութեան աջակցութեան կազմակերպութիւնների ու խորհրդարանական խմբերի ձեւաւորման գործընթացը: Այսպէս, ԼՂՀ-ի հետ բարեկամութեան պաշտօնական խորհրդարանական խումբ է գործում Լիթվայի խորհրդարանում: ԼՂՀ-ին աջակցող կազմակերպութիւններ, որոնք միաւորում են ազդեցիկ քաղաքական ու հասարակական գործիչների, գործում են Միացեալ Նահանգներում («Ամերիկացիներն Արցախի համար» կազմակերպութիւն), Պելճիքայում («Հայաստանի եւրոպական ընկերներ» կազմակերպութիւն), Ֆրանսայում («ԼՂՀ-ի բարեկամութեան շրջանակ» քաղաքական խումբ):
4. ԼՂՀ-ը ներառուած է այն երկրների պաշտօնական ցանկում, որոնք ֆինանսական աջակցութիւն են ստանում Միացեալ Նահանգներից: Սպիտակ տունը ԼՂՀ-ին ֆինանսական աջակցութիւն է ցուցաբերում 1997 թուականից, իսկ ընթացիկ տարուայ յուլիսի 25-ին Ներկայացուցիչների պալատի ու Ծերակոյտի արտաքին հարցերով յանձնաժողովները հաստատեցին 2014 թուականին երիտասարդ հանրապետութեանը ֆինանսական աջակցութիւն ցուցաբերելը: 1997-2013 թուականներին Միացեալ Նահանգները ԼՂՀ-ին յատկացրել են աւելի քան 150 միլիոն տոլարի անհատոյց ֆինանսական օգնութիւն: Ինչպէս տեսնում ենք, ԼՂՀ-ը, իրաւական առումով հանդիսանալով չճանաչուած պետութիւն, քաղաքական շատ աւելի լուրջ դիրքեր ունի միջազգային դաշտում, քան` «չճանաչուած» կամ «մասնակի ճանաչուած» այլ երկրներ: Տուեալ պարունակում Պաքուի հիմնական նպատակը ԼՂՀ-ին շրջափակելու փորձն է, ինչը սահմանափակւում է հանրապետութիւն այցելած յայտնի անձանց իր «սեւ ցուցակում» ներառելով: Անգամ ՄԱԿ ԱԽ-ին անդամակցելու ժամանակ Ազրպէյճանի ներկայացուցիչներն այդպէս էլ չկարողացան բարձրացնել ղարաբաղեան հարցը: Լեռնային Ղարաբաղի համար պատերազմը համարւում է անհամաչափ հակամարտութիւն, որում թուային ու նիւթական գերազանցութիւն ունեցող պետութիւնը (Ազրպէյճան) կործանիչ պարտութիւն է կրել թուային ու սպառազինութեան հարցում իրեն բազմակի զիջող պետութեանը: Տուեալ պարունակում Ատրպէյճանի ռազմական պիւտճէն եւ նրա թուային գերազանցութիւնը ջութակի դեր են խաղում «ներքին» հանրութեան համար: Հիանալի գիտակցելով սեփական իրական հնարաւորութիւնները եւ հաշուի առնելով աշխարհաքաղաքական շրջագիծը` Պաքուին միայն մնում է սպառազինութիւնների արհեստական մրցավազք ծաւալելը, ինչը կանխագուշակում է պատերազմի «հեքիաթային» վերսկսում:
Աւելի՛ն. ռազմական փորձագէտների մեծ մասի կարծիքով, հայկական բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է: Մասնաւորապէս նման կարծիք է յայտնել Միացալ Նահանգներ արտաքին քաղաքական խորհրդի փորձագէտ Ուէյն Մերին. «Մարտական պատրաստութեան տեսանկիւնից հայկական ստորաբաժանումները քանիցս գերազանցում են հակառակորդին: Գաղտնիք չէ, որ հայերն ունեն բանակ, իսկ Ազրպէյճանը` միայն զինուած ուժեր»: Լոնտոնում հաստատուած Ռազմավարական հետազօտութիւնների միջազգային հիմնարկի զեկոյցում նշուած է. «Հայկական բանակը բաւական գրագէտ է եւ գիտակցում է այն նպատակները, որոնք դրուել են իր առջեւ: Թէեւ Հայաստանի զինուած ուժերը գերազանցապէս շարունակում են համալրուել ժամկէտային զօրակոչով, այնուամենայնիւ, աճում է արհեստավարժ սպայակազմի տոկոսը:
«Չնայած լուրջ գնումներին` ազրպէյճանցիները չեն կարող հասնել անհրաժեշտ գերազանցութեան, ինչը կարող է առաջացնել լուրջ վտանգներ Լեռնային Ղարաբաղում հնարաւոր գործողութիւնների դէպքում: Նաւթային եկամուտներն Ազրպէյճանին հնարաւորութիւն են ընձեռել գնել նոր զինատեսակներ, այդ թուում նաեւ` ԷՍ-300 հակաօդային պաշտպանութեան համակարգեր: Չնայած դրան` դեռ յայտնի չէ, թէ Ազրպէյճանն այդ գնումների շնորհիւ ինչ է շահում մարտունակութեան գետնի վրայ: Ազրպէյճանում զինուած ուժերի համալրման հիմքը շարունակում է մնալ զօրակոչը, իսկ ընդհանուր պատրաստութեան մակարդակը բաւական ցածր է»: Զէնքի համաշխարհային առեւտրի վերլուծութեան կեդրոնի տնօրէն Իկոր Քորոթչենքոն ընդգծում է, որ հայկական բանակը պիելոռուսական բանակից յետոյ մարտունակութեամբ երկրորդն է յետխորհրդային երկրներում, որը ժամանակակից սպառազինութիւն է ստանում ՀԱՊԿ-ի գծով, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի բանակը չի ընկնում ՄԱԿ-ի որեւէ հաշուետուութիւնում, ինչի մասին շարունակ ահազանգում է ազրպէյճանական կողմը: Պատերազմի վերսկսման հարցն անհրաժեշտ է դիտարկել երկու կողմերով` աշխարհաքաղաքական ու ներքաղաքական:
Աշխարհաքաղաքական Կողմ
Աշխարհաքաղաքական կողմը իրենից ներկայացնում է համաշխարհային ու տարածաշրջանային խաղացողների շահերի սինթեզ: Առանցքային ու տարածաշրջանային հիմնական խաղացողները շահագրգռուած են տարածաշրջանում խաղաղութեան պահպանման մէջ:
Ռուսաստանը
Ռուսաստանը, հանդիսանալով Հայաստանի ռազմավարական դաշնակից` Երեւանի հետ կապուած է ոչ միայն երկկողմ համաձայնագրերով, այլեւ` ՀԱՊԿ ռազմական պլոքի շրջանակներում պարտաւորութիւններով: Բացի այդ, Մոսկուայի համար չափազանց կարեւոր է Հայաստանում սեփական ռազմական ներկայութիւնը պահպանելը` տարածաշրջանում ուժերի հաւասարակշռմանն աջակցելու համար: Ազրպէյճանը, ընտրելով Ռուսաստանի հետ հակամարտութեան մէջ մտնելու ուղին (Կապալայից հեռանալը, Ռուսաստանի շրջանցմամբ ուժանիւթային նախագծերի զարգացումը), ընդհանրապէս իրեն զրկեց Երեւանի վրայ դիւանագիտական «ճնշում» գործադրելու հարցում Մոսկուայի «թէական» չէզոքութեան ու աջակցութեան յոյսից: Նորագոյն պետութիւնների միջազգային հիմնարկի տնօրէն Ալեքսէյ Մարթինովը կարծում է, որ ղարաբաղեան հարցի հաւանական լուծմանն ուժային ճանապարհով գնալ կարող է միայն խելագարը. «Պաքուի համար պատերազմը Ղարաբաղում կը նշանակի կարճատեւ հեռանկարում Ազրպէյճանի ինքնիշխանութեան կորուստ: Լիովին հաւանական է, որ Ազրպէյճանի նախագահական ընտրութիւնների նախաշեմին ուժայինները Պաքւում դիտարկում են Ղարաբաղում ռազմական արշաւը որպէս շեղող ու համախմբող բաղադրատարր: Սակայն Իլհամ Ալիեւը խելամիտ է եւ չի գնայ իր երկրի ոչնչացմանը` յանուն այսրոպէական տակտիկական օգուտի»:
Միացեալ Նահանգներ
Իր դիրքորոշումը Ուաշինկթընը արտայայտել է դեռեւս 2009 թուականի նոյեմբերին` յանձինս արտաքին գործերի նախարարի առաջին օգնական Թինա Քէյտենաուի, ով հասկացնել տուեց, որ եթէ Ազրպէյճանը ռազմական գործողութեան փորձ ձեռնարկի Լեռնային Ղարաբաղում, ապա Միացեալ Նահանգները կը ճանաչի նրա անկախութիւնը: Ամերիկացի յայտնի վերլուծաբան, «Ֆորէյն փոլիսի» պարբերականի սիւնակագիր Թոմաս Վոլթի կարծիքով, Միացեալ Նահանգները չափազանց շահագրգռուած չեն պատերազմում. «Այսօր երկիրը գտնւում է տնտեսական բարդ իրադրութեան մէջ եւ խրուել է Սուրիայում, իսկ Կովկասում նոր հակամարտութիւնն աւելի ուժեղ կը հարուածի նրա դիրքերին: Միացեալ Նահանգները երկու պատճառով չեն կարող մի կողմ քաշուած մնալ. ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահող երկիր լինելը եւ հայկական հզօր լոպիի առկայութիւնը` էլ չխօսած ուժանիւթային նախագծերի մասին, որում ներգրաւուած են անդրազգային բազում միութիւններ»: Պէտք չէ կասկածի տակ առնել այս եզրակացութիւնը, քանի որ պատերազմը, հաշուի առնելով կողմերի տրամադրութեան տակ ժամանակակից յարձակողական սպառազինութեան առկայութիւնը, չի սահմանափակուի բուն ԼՂՀ-ի տարածքով: Դա նշանակում է, որ հարուածի տակ կը յայտնուի ազրպէյճանական ողջ նաւթային ենթակառուցուածքը, որը կ՛ոչնչացուի հաշուըւած ժամերի ընթացքում: Պաքւում քաջ գիտակցում են դա: Համաշխարհային առաջատար նաւթային հսկաները թոյլ կը տա՞ն նման իրավիճակում սանձազերծել արկածախնդրութիւն` կասպեան քամուն յանձնելով իրենց միլիառները:
Իրան
Գործերի ներկայի իրավիճակը ձեռնտու է նաեւ տարածաշրջանային առաջատար խաղացող Իրանին: Թել Աւիվի կախարդական փայտիկի օգնութեամբ Պաքւում հասցրել են վերջնականապէս վատթարացնել Թեհրանի հետ յարաբերութիւնները: Խորհրդանշանական է այն փաստը, որ նախագահ Ալիեւը հրաժարուել է ներկայ գտնուել Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալութեանը: Բնականաբար դա կարող է ունենալ բազում պատճառներ. Թաւրիզում հայոց պատմութեան թանգարանի ապագայ կառուցումը, կամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին արուած պատուական հրաւէրի փաստը: Ամէն դէպքում քաղաքական խոր ճգնաժամն ակնյայտ է: Դեռ 2010 թուականին Հայաստանում Իրանի դեսպան Սէյիտ Ալի Սագայեանին լրագրողների հետ զրոյցում ոչ երկիմաստ ակնարկել է, որ Իրանը ԼՂՀ-ի հետ ընդհանուր սահման ունեցող միակ երկիրն է: Թեհրանը, հանդիսանալով Երեւանի ռազմավարական գործընկերը, տէ ֆաքթօ աջակցում է հայկական կողմին, ինչը Պաքուին դրդել է դաշնակիցներ «որոնելուն»: Ռազմավարական զարգացման մոտելաւորման կեդրոնի առաջին փոխնախագահ Կրիկորի Թրոֆիմչուքը նշում է, որ եթէ Երեւանը զարգացնում է Թեհրանի հետ համագործակցութիւնը, ապա ինչո՞ւ այդ ճանապարհով պիտի չգնայ ԼՂՀ-ը. «Ղարաբաղի հարաւում վիթխարի Իրանն է, ով ունի տնտեսական աւելի մեծ ներուժ եւ անհամեմատ աւելի հզօր է Հայաստանից: Այժմ Իրանին ու ԼՂՀ-ին հնարաւորութիւն է ընձեռուել մերձեցման գործընթաց սկսելու համար: Եթէ այն սկսուի, ապա կը լինի դանդաղ, սակայն` լուրջ»:
Թուրքիա
Տարածաշրջանային մէկ այլ խաղացող է Թուրքիան, ով Մերձաւոր Արեւելքում Ուաշինկթընի «խօսքն ու կամքն» է: Արցախեան պատերազմի ժամանակ պաշտօնական Անգարան չի շտապել անհրաժեշտ աջակցութիւն ցուցաբերել Պաքուին: Անկասկած է, որ աջակցութիւն է ցուցաբերուել մի շարք զինատեսակներով, ռազմական խորհրդատուութիւններով ու կամաւորների խմբերով: Սակայն պետական մակարդակով Թուրքիան կարողացաւ միայն տէ ժիւրէ փակել Հայաստանի հետ սահմանը` որպէս «համերաշխութեան ժեսթ»: Նոր պատերազմի դէպքում Հայաստանին թրքական բանակի հարուածելու վարկածը նոյնչափ իրատեսական չէ, որչափ ինքը` «հնարաւոր» պատերազմը Լեռնային Ղարաբաղում: ՕԹԱՆ-ի կանոնադրութեան տեսանկիւնից Թուրքիան կարող է պատերազմի մէջ մտնել միայն իր տարածքին «անհամաչափ ռազմական հարուած» հասցուելու դէպքում, ինչը տեսականօրէն ունակ չէ հասցնել Հայաստանը: Գործնական տեսանկիւնից, Անգարայի համար ղարաբաղեան հակամարտութեան չկարգաւորուած լինելը հանդիսանում է ՕԹԱՆ-ում Հայաստանի հետ յարաբերութիւնների խորացման մէջ պատնէշների ստեղծման գործիք:
Ներքաղաքական Կողմ
Ներքաղաքական կողմը հասկանալու համար անհրաժեշտ է օգտագործել Ռոպերթ Փաթնամի երկմակարդակ ձեւաչափը: Փաթնամի տեսութիւնը ենթադրում է խաղացողների միջեւ փոխգործակցութեան երկու մակարդակ` առաջին մակարդակ եւ երկրորդ մակարդակ:
Առաջին մակարդակը միջազգային մակարդակն է, այս փուլում կողմերի միջեւ բանակցութիւններն աւարտւում են նախնական համաձայնագրով: Այս մակարդակում իւրաքանչիւր կողմի «գլխաւոր բանագնացները» հանդիսանում են հիմնական գործող անձինք` օժտուած բանակցութիւններ վարելու լիազօրութիւններով: Մեր դէպքում բանագնացներն են` Սերժ Սարգսեանն ու Իլհամ Ալիեւը:
Երկրորդ մակարդակում խաղի մէջ են մտնում ներքաղաքական ուժերը: Հէնց այստեղ էլ «գլխաւոր բանագնացի» կողմնակիցները քննարկման ժամանակ փորձում են մնացեալ ներքաղաքական դերակատարներին համոզել վաւերացնել համաձայնագիրը: Մակարդակում ընդունուած համաձայնագիրը պէտք է քուէարկութեան դրուի երկրորդ մակարդակում, որի ընթացքում պատգամաւորները «կողմ» կամ «դէմ» են քուէարկում դրան: Հաշուի առնելով տուեալ հանգամանքները` Փաթնամը բերում է Win Set (շահեկան որոշումների տիրոյթ) հասկացութիւնը: Win Set գաղափարի տակ հասկացւում են առաջին մակարդակում ամէն հնարաւոր բազմաթիւ համաձայնագրեր, որոնք «շահեկան» կը լինէին երկրորդ մակարդակի ներքաղաքական խմբերի համար: Ելնելով դրանից` ներքին մակարդակում մենք ստանում ենք հայկական կողմի համար հետեւեալ Win Set-ը.
– Ղարաբաղեան հակամարտութեան հիմնական կարգաւորումը պէտք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրագործման ճանաչումը:
– Լեռնային Ղարաբաղը պէտք է ունենայ հայկական կողմի վերահսկման տակ գտնուող Հայաստանի հետ ցամաքային յուսալի կապ. Լեռնային Ղարաբաղի անվտանգութիւնը պէտք է երաշխաւորուի միջազգային հիմքով:
Այդպիսով, մենք տեսնում ենք, որ Հայաստանում ճնշման ներքաղաքական հիմնական խմբերը համերաշխ են մի քանի հարցում: Հետեւաբար ԼՂՀ-ի ինքնիշխանութիւնը, Բերձորի (Լաչին) միջանցքի վերահսկողութիւնը եւ անվտանգութեան միջազգային երաշխիքներն այն երեք կէտերն են, որոնք բանակցութիւնների ժամանակ չեն կարող դառնալ սակարկութեան առարկայ, քանի որ Սարգսեանը գիտակցում է, որ այլ տարբերակներ չեն ընդունուի ներքաղաքական դերակատարների կողմից: Ինչ վերաբերում է Իլհամ Ալիեւին, ապա նրա «շահեկան որոշումների տիրոյթը» ներառում է երեք հիմնական կէտ.
– Փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ` մինչեւ նրա վերջնական կարգավիճակի յստակեցում:
– Բերձորի միջանցքի համատեղ, իրաւահաւասար օգտագործում- Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում:
Ինչպէս տեսնում ենք, ԼՂՀ-ի անկախութիւնը չի համապատասխանում Իլհամ Ալիեւի «շահեկան որոշումների տիրոյթին»: Ելնելով դրանից` Ալիեւը ստիպուած սահմանափակւում է Հայաստանին հասցէագրած սպառնալիքներով` ներքաղաքական կայունութեանն աջակցելու համար: 2012 թուականի առնուազն 9 հրապարակաւ ելոյթում Ալիեւը զգուշացրել է պատերազմի վերսկսման հնարաւորութեան մասին, եթէ չյաջողուի առաջընթաց գրանցել բանակցութիւններում: Ռազմաշունչ հռետորութեան ուժգնացումը, հրադադարի խախտումների յաճախակիացումը եւ պաշտպանական պիւտճէի մեծացումը հանդիսանում են «սպառնալիքներին» իրական պատրանք հաղորդելու միակ հնարաւորութիւնը»:


