Յովհաննէս Քաջազնունու Գործունէութիւնն Արտասահմանում

ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
ԵՊՀ Սփիւռքագիտութեան ամբիոնի ասիստենտ

Ա. Համաշխարհային պատերազմի աւարտից յետոյ յաղթանակած Անտանտայի դաշինքի մեծ տէրութիւնները պատերազմի արդիւնքները ամփոփելու համար 1919թ. Փարիզում հրաւիրեցին խաղաղութեան վեհաժողով: Այդ վեհաժողովին որպէս Անտանտայի փոքր դաշնակից` հրաւիրուած էր նաեւ Հայաստանը: Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութիւնը, որը գլխաւորում էր Աւ. Ահարոնեանը, հայ-վրացական պատերազմի պատճառով չկարողացաւ ժամանակին հասնել Փարիզ, եւ միայն յունուարի 4-ից յետոյ Աւ. Ահարոնեանին յաջողուեց հասնել Փարիզ եւ մասնակցել վեհաժողովի աշխատանքներին: Փարիզում էր գտնւում նաեւ Ազգային պատուիրակութիւնը Պօղոս Նուպարի գլխաւորութեամբ: Ի հարկէ, յայտնի է, որ հէնց սկզբից Ազգային պատուիրակութեան եւ Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութեան միջեւ մի շարք հարցերի շուրջ ձեւաւորուել էին լարուած փոխյարաբերութիւններ` չնայած երկուստեք ջանքեր էին գործադրում խաղաղութեան վեհաժողովի մէջ հանդէս գալ միասնական ճակատով եւ կատարել միմեանց նկատմամբ հնարաւորինս փոխզիջումներ: Հայկական երկու պատուիրակութիւնների միջեւ հիմնական տարաձայնութիւնը կապուած էր Կիլիկիայի տարածքի հետ: Բանն այն էր, որ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան հրահանգով նախատեսուած Հայաստանի տարածքային պահանջների մէջ ներառուած չէր Կիլիկիան, ինչն էլ առաջացրել էր Պօղոս Նուպարի դժգոհութեանը: Ի հարկէ, Աւ. Ահարոնեանը, գնալով զիջումների, շեղուել էր Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան կողմից իրեն տրուած հրահանգից եւ վեհաժողովում Հայաստանի ներկայացրած յուշագրում, որպէս տարածքային պահանջ, ներառել էր նաեւ Կիլիկիան իր չորս սանճաքներով, այնուամենայնիւ, Աւ. Ահարոնեանի եւ Պօղոս Նուպարի յարաբերութիւնները մնում էին խիստ լարուած: Այդ լարուածութիւնը աւելի խորացաւ, երբ Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը անկախութեան տարելիցի օրը` մայիսի 28-ին, իրեն յայտարարեց միացեալ եւ անկախ Հայաստանի կառավարութիւն: Ահա այսպիսի լարուած մթնոլորտ էր տիրում Փարիզում գործող երկու հայկական պատուիրակութիւնների փոխյարաբերութիւնների միջեւ, երբ յունիսի 16-ին Փարիզ հասաւ Հ. Քաջազնունու գլխաւորած պատուիրակութիւնը: Հ. Քաջազնունին արտասահմանում մնաց բաւական երկար` չնայած մեկնել էր երկու ամսով: Հասնելով Փարիզ` Հ. Քաջազնունին անմիջապէս ներգրաւուեց Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութեան աշխատանքներին: Նա Աւ. Ահարոնեանի հետ յուլիսի 10-ին հանդիպում է Ռուսաստանի դեսպան Մաքլաքովի հետ (28): Միաժամանակ Հ. Քաջազնունին բանակցութիւններ էր վարում տարբեր առեւտրական դրամատների ու կազմակերպութիւնների հետ` ֆինանսական եւ տնտեսական օգնութիւն ձեռք բերելու ակնկալիքներով: Նրա վարած բանակցութիւնները կարծես թէ տալիս են իրենց յաջող արդիւնքները: 1919թ. յունիսի 29-ին Փարիզից իր կնոջն ուղղուած նամակում Հ. Քաջազնունին յայտնում է. «Տնտեսական հարցը բարեյաջող կերպով լուծւում է հէնց այժմ եւ ետ: Ըստ երեւոյթին, մենք հնարաւորութիւն պիտի ունենանք  բաւականին խոշոր գումարի (25-30 միլիոն ֆրանքի) ապրանքներ գնել ամերիկացիներից բաւականին մատչելի գներով, եւ որ մեզ համար ամէնից կարեւորն է` ոչ կանխիկ դրամով, այլ` մի քանի տարուայ վարկով» (29): Օգոստոսի 7-ին Քաջազնունին Հայաստանի կառավարութեան անունից պայմանագիր է ստորագրում Շիքակոյի Միջազգային միացեալ ընկերութեան ներկայացուցիչների հետ, որով այդ ընկերութիւնը պարտաւորւում էր մինչեւ 50 միլիոն տոլար գումարի ապրանքներ մատակարարել Հայաստանի Հանրապետութեան կառավարութեանը: Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը, որի լիազօր ներկայացուցիչն էր նախարարների խորհրդի նախագահ Յ. Քաջազնունին, եւ Շիքակոյի միջազգային միացեալ ընկերութիւնը, որի ներկայացուցիչներն են Ռենարը եւ Ժիւնքէն, որոնք ունեն հաւաստագրեր` տրուած վերատեսուչ Լա-Կոկէից, Փարիզում կնքում են պայմանագիրը, ըստ որի` Շիքակոյի Միջազգային միացեալ ընկերութիւնը պարտաւորւում է Հայաստանի Հանրապետութեան կառավարութեանը մատակարարել ապրանքներ մօտ յիսուն միլիոն տոլար արժողութեամբ, միաժամանակ պայմանագրի 2-րդ յօդուածում նշւում է, որ Հայաստանի կառավարութիւնը մատակարարուող ապրանքների համար վճարելու է գանձատան պոներով: Նկատի առնելով, որ այդ պոները դեռ բաց չեն թողնուած, Շիքակոյի Միջազգային միացեալ ընկերութիւնը ապրանքների մատակարարումը ժամանակաւորապէս կատարելու է մուրհակներով: Նախարարների խորհրդի նախագահը պարտաւորւում է հնարաւորին չափ կարճ ժամանակամիջոցում Հայաստանի խորհրդարանին ներկայացնել պետական պոներ բաց թողնելու նախագիծ: Վերոյիշեալ մուրհակները փոխադրուած են լինելու Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան վրայ եւ ընդունուած նախարարների խորհրդի նախագահի ներկայացուցիչներից: Այդ մուրհակները վեց ամսուայ ընթացքում պիտի վերանորոգուեն երեք անգամ: Նրանք ներկայացնելու են ապրանքի դրամագլուխը կամ վալիւթան (արժէքը)` պայմանաւորուած գնով, եւ երկամեայ օգուտը` հաշուած 12 տոկոսով (կամ տարեկան 6 տոկոսով), որը մի տարուայ համար կանխավճարուելու է: Այդ մուրհակները Շիքակոյի ընկերութիւնը կարող է զեղչել: Մուրհակներին փոխարինող պոները բաց են թողնուելու սոյն պայմանագրի մէջ յիշատակուած պայմաններով: Հայաստանի կառավարութիւնը այդ 50 միլիոն տոլարի դիմաց Շիքակոյի ընկերութեան տրամադրութեան տակ է դնում համապատասխան թուով արտաքին փոխառութեան պարտաւորութիւններ, որը իսկոյն իրականացման է ենթարկուելու ամերիկական դրամատներուն (30): Նոյն օրը Հ. Քաջազնունին Ալ. Խատիսեանին ուղարկած նամակով տեղեկացնում է. «Պայմանագիրը վերջնական ուժի մէջ մտնելու համար պահանջւում է, որ այն վերջնական վաւերացնի Նիւ Եորքի գլխաւոր վարչութիւնը, եւ եթէ այդ վաւերացումը կայանայ, ինձ թւում է, որ մեզ համար կարուի շատ խոշոր եւ շատ շահաւէտ գործէ (31): Պայմանագրի կնքումից  որոշ ժամանակ անց Հ. Քաջազնունու` Փարիզից ուղղուած սեպտեմբերի 30-ի հեռագրում, որը ստացուել է հոկտեմբերի 3-ին, ասւում է, թէ Շիքակոյի ընկերութիւնը պայմանագիր է կնքել: 50 միլիոն դոլարի արժողութեամբ ապրանք կարելի է յանձնել Պաթումում: Վարկի ժամկէտը 3 տարի է: Նախնական համաձայնութիւնը մուրհակով եւ հանրապետութեան պոնով է: Պէտք է շտապեցնել մուհակով եւ գանձարանի պոնով որոշումը (32): Ինչպէս երեւում է Յ. Քաջազնունու ուղարկած նամակների եւ հեռագրերի ժամանակագրութիւնից, չափազանց վատ էր կապը  Փարիզում գտնուող պատուիրակութեան եւ Հայաստանի կառավարութեան միջեւ: Շատ յաճախ ամիսներ էր տեւում, մինչեւ անհրաժեշտ յանձնարարութեամբ նամակը տեղ էր հասնում: Հ. Քաջազնունու պարագայում եւս շատ ուշ են հասնում իր իսկ ուղարկած նամակները, որտեղ նա յորդորում է կառավարութիւնից հնարաւորինս շուտ լիազօրութիւն` մուրհակներ տալու համար այն ընկերութիւններին, որոնց հետ կնքուած է պայմանագիրը: Քաջազնունու կողմից շտապեցնելու պատճառն այն էր, որ Շիքակոյի Միջազգային միացեալ ընկերութեան հետ կնքած  պայմանագրում կար կէտ, որտեղ ասւում էր, որ սոյն պայմանագրի պայմանները չորս ամսուայ ժամանակամիջոցի համար են` պայմանագրի կնքման օրից սկսած: Այս ժամանակամիջոցը լրանալուց յետոյ պայմանաւորուող կողմերը ապրանքների գնումների առթիւ բանակցութիւնները ընդհատելու իրաւունքը իրենց են վերապահում այն դէպքերում, երբ կողմերը սոյն կէտում մատնանշուած չորս ամսուայ ժամանակամիջոցում համաձայնութեան չեն եկել (33): Ստանալով Հ. Քաջազնունու հեռագիրը` ֆինանսների նախարար Ս. Արարատեանը դիմում է խորհրդարանի նախագահին 50 միլիոն տոլարի փոխառութեան օրինագիծը հնարաւորինս շուտ դնել խորհրդարանի քուէարկութեան (34): 1919թ. նոյեմբերի 4-ին խորհրդարանի 29-րդ նիստում դրւում է 50 միլիոն տոլարի փոխառութեան օրինագիծը (35), որը եւ ընդունւում է նոյն նիստում  (36): Դժբախտաբար, Հ. Քաջազնունու կնքած այս փոխշահաւէտ պայմանագիրը կեանքի չի կոչւում եւ չի իրականանում: Մեր ուսումնասիրութիւնները ցոյց տուեցին, որ 1919թ. դեկտեմբերի 11-ին ամերիկեան Ուիլիըմս եւ Ուիկմըր միջազգային առեւտրական ընկերութեան տարածաշրջանի վաճառքի գործակատար Կասթոնը նամակով դիմել է Հայկական կոմիտէի  նախագահ Վահան Քարտաշեանին: Նամակում Կասթօնը, պատասխանելով Վ. Քարտաշեանին յուզող հարցերին, տեղեկացնում է, որ Հայկական կոմիտէն կամ նրա ներկայացուցիչը կապի մէջ է մտել Շիքակոյի միջազգային կազմակերպութեան հետ, բայց այդ պայմանագիրը չեղեալ է համարուել (37): Մեզ, ի հարկէ, չյաջողուեց պարզել, թէ ի՛նչ պատճառով է Շիքակոյի Միջազգային միացեալ ընկերութիւնը չեղեալ համարել պայմանագիրը, բայց պէտք է ենթադրել 3 պատճառ: Առաջին` կապի դժուարութեան պատճառով Հ. Քաջազնունուն շատ ուշ է հասել Հայաստանի խորհրդարանի կողմից 50 միլիոն տոլարի կարճատեւ փոխառութիւն կնքելու մասին օրէնքը: Երկրորդ` Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչուած երկիր չէր, իսկ ամերիկեան դրամագլուխը երերուն եւ անորոշ պայմաններ չէր սիրում ու չէր գնայ այնպիսի մի միջավայր, որտեղ իր ապահովութեան եւ զարգացման համար երաշխիքներ չկային: Եւ երրորդ` ամենայն հաւանականութեամբ, այս պայմանագրի կայացման գործում վճռական դեր ունեցաւ զօր. Հարպորտի կազմած տեղեկագիրը, որը հայերի համար մխիթարական չէր: Ահա սրանք էին այն հիմնական պատճառները, որ թոյլ չտուեցին Հ. Քաջազնունուն կեանքի կոչել Հայաստանի համար շատ շահաւէտ այս պայմանգիրը: 1919թ. սեպտեմբերի 3-ին Հ. Քաջազնունու գլխաւորած պատուիրակութիւնը ուղեւորւում է Լոնտոն: Այնտեղ Հ. Քաջազնունին հանդիպումներ է ունենում տեղի հայ համայնքի, գործարարների եւ առեւտրական մի շարք ընկերութիւնների ղեկավարութեան հետ (38): Լոնտոնում վարած բանակցութիւնների արդիւնքում Հ. Քաջազնունուն յաջողւում է համաձայնութեան գալ անգլիական առեւտրական ընկերութիւնների հետ Լիւըրփուլում վաճառել հայկական բամպակը: Ի հարկէ, Քաջազնունու կնքած նմանատիպ մանր գործարքները էական լուրջ ֆինանսական աջակցութիւն չէին կարող բերել Հայաստանին, իսկ այս տիպի գործարքներով հաւաքած գումարներով մի կերպ կարողանում էին արտասահմանում պահել հայկական պատուիրակութիւններին: Այս առթիւ Աւ. Ահարոնեանը Ալ. Խատիսեանին սեպտեմբերի 10-ին ուղարկած նամակով տեղեկացնում է. «Լոնտոն է գտնւում նաեւ պ. Քաջազնունին Էնֆիաճեանի եւ Փիրալեանի հետ, ուր նրանք աշխատում են փոխառութեան ու պարէնաւորման գործը գլուխ բերել, եթէ հնար է: Տարաբախտաբար Քաջազնունու վերջին նամակը շատ քիչ է յոյս տալիս յաջողութեան եւ աւելի շուտ վատատես է: Առհասարակ մեր բոլոր փորձերից յետոյ դժուար է յոյս ունենալ փոխառութեան կամ ֆինանսական լուրջ օգնութեան որեւէ պետութեան կողմից, քանի որ մեր պետութիւնը պաշտօնապէս ճանաչուած չէ: Սա մի դժբախտութուն է, որից չենք ազատւում: Քաջազնունին իր ընկերներով կը վերադառնայ Փարիզ այս սեպտեմբերի 25-ին Ամերիկա մեկնելու համար: Անհնարին չէ, որ եւ ես մեկնեմ հետագայում Ամերիկա, քանի որ ծանրութեան կենտրոնը փոխւում է այնտեղ» (39): Հ. Քաջազնունին սեպտեմբերի 21-ին Լոնտոնից վերադառնում է Փարիզ` պատրաստուելով ուղեւորուել Ամերիկայի Միացեալ Նահագներ: Ինչպէս տեղեկանում ենք Աւ. Ահարոնեանի ` Ալ. Խատիսեանին ուղարկած նամակից, նախքան Քաջազնունու մեկնելը Ամերիկա, Փարիզում տեղի է ունենում երկու պատուիրակութիւնների համատեղ նիստ, որտեղ քննարկւում է Ամերիկա պատուիրակութիւն ուղարկելու հարցը (40): Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութիւնը առաջարկում է քաղաքական-զինուորական-տնտեսական առաքելութիւնները միացնել մէկ ընդհանուր առաքելութեան տակ` Հ. Քաջազնունու նախագահութեամբ: Պօղոս Նուպար փաշան մերժում է այս առաջարկութիւնը` ասելով, որ նա շատ յարգում է պ. Քաջազնունուն, բայց պիտի չկարողանայ համաձայնել, որ նա լինի նախագահ այդ առաքելութեան, որովհետեւ այստեղ հանրապետութիւնն է դառնում գերիշխող` փոխանակ ազգային պատուիրակութիւնը (41): Ահա այսպիսի զաւեշտալի ու անտրամաբանական պատճառաբանութեամբ Պօղոս Նուպար փաշան մերժում է մէկ միասնական առաքելութիւն ուղարկել Ամերիկա, աւելի՛ն, նա, ի հակակշիռ Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութեան, ձեւաւորեց մէկ այլ ինքնուրոյն պատուիրակութիւն` փրոֆ. Տէր Յակոբեանի գլխաւորութեամբ, որը ներկայացնելու է Ազգային պատուիրակութիւնը, իսկ աւելի ճիշդ` իր շահերը Ամերիկայում: Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութիւնը Ամերիկա ուղեւորուելու համար ձեւաւորեց իր պատուիրակութիւնը Հ. Քաջազնունու ղեկավարութեամբ: Այդ պատուիրակութեան մէջ մտնում էին` Ա. Էնֆիաճեանը, Ա. Փիրալեանը, սպայ Մելիքեանը եւ Արմէն Գարոն (Գարեգին Փաստրմաճեանը), որը նշանակւում է Միացեալ Նահանգներում Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցիչ:

Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Յ. Քաջազնունի Ֆրեզնոյի մէջ

Միաժամանակ Հ. Քաջազնունին փորձեց իր պատուիրակութեան մէջ ընդգրկել նաեւ զօրավար Բագրատունուն` որպէս զինուորական կցորդ, սակայն Բագրատունին աննպատակայարմար էր համարել լոկ խորհրդականի պաշտօնով Ամերիկա մեկնելը` գտնելով, որ դա պատշաճ չէ իր դիրքին (42): Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութիւնը գտնում էր, որ ճիշդ կը լինի եթէ Ամերիկա մեկնի մէկ պատուիրակութիւն, եւ եթէ ստեղծուելու է զինուորական յանձնախումբ, ապա նպատակայարմար է այն ինչ-որ կերպ կապել Հ. Քաջազնունու պատուիրակութեան հետ: Սակայն Բագրատունին, ելնելով իր փառասիրական ձգտումներից, մերժում է այդ առաջարկութիւնը: Հաշուի առնելով այն հանգամանքը, որ Ամերիկայում խիստ անհրաժեշտ է ունենալ մի բարձրաստիճան զինուորական, որը ամերիկեան կառավարութեանը կը կարողանայ բացատրել, որ Հայաստանի համար պէտք չէ 150-200 հազար զօրք, այլ` 20-30 հազար, եւ թէ ի՛նչ զինուորական կարիքներ են անհրաժեշտ այդ զօրքը սպառազինելու համար, երկու պատուիրակութիւնների ղեկավարները գալիս են համաձայնութեան որոշւում է Բագրատունուն նշանակել ոչ թէ Հայաստանի Հանրապետութեան զինուորական ներկայացուցիչ, այլ` միացեալ Հայաստանի զինուորական պատուիրակութեան ղեկավար, սակայն, ինչպէս Հ. Քաջազնունու պարագայում Պօղոս Նուպարը ստեղծեց փրոֆ. Տէր Յակոբեանի գլխաւորած պատուիրակութիւնը, այնպէս էլ այս պարագայում ի հակակշիռ զօր. Բագրատունու, զինուորական առաքելութեան մէջ Ազգային պատուիրակութեան յատուկ ներկայացուցիչ է նշանակում զօրավար Անդրանիկին (43): Ի հարկէ, Ահարոնեանը խիստ դժգոհ էր նման որոշումից, բայց ելնելով հանգամանքներից` ստիպուած էր համաձայնել: Հ. Քաջազնունու գլխաւորած պատուիրակութիւնը Ամերիկա ուղեւորուեց 1919թ. հոկտեմբերի 1-ին, իսկ հոկտեմբերի 9-ին արդէն Նիւ Եորքում էր (44): Պատուիրակութեան ժամանելուց երեք օր յետոյ` հոկտեմբերի 12-ին, Նիւ Եորք է հասնում նաեւ Ազգային պատուիրակութեան ներկայացուցիչ փրոֆ. Տէր Յակոբեանի գլխաւորած պատուիրակութիւնը: Յաջորդ օրը` հոկտեմբերի 10-ին, Հ. Քաջազնունու պատուիրակութիւնը ուղեւորւում է Ուաշինկթոն: Ինչպէս տեղեկանում ենք ամերիկահայ մամուլից, Հ. Քաջազնունին եւ Գ. Փաստրմաճեանը Ուաշինկթոնում հանդիպում են ծերակոյտի արտաքին յարաբերութիւնների կոմիտէի, հայկական գործերի գծով ենթակոմիտէի նախագահ Հարտինկի հետ: Հ. Քաջազնունին  դիմում է ներկայացնում ամերիկեան կառավարութեանը Հայաստանին օգնելու նպատակով, իսկ Գ. Փաստրմաճեանը դիմում է համապատասխան ենթակոմիտէին զինուորական օգնութիւն ստանալու ակնկալիքով: Միաժամանակ թէ՛ Քաջազնունին եւ թէ՛ Փաստրմաճեանը ներկայացնում են, որ եթէ ամերիկացիները մի ռազմանաւ ուղարկեն Պաթում մի փոքրիկ զօրքով, ապա դա կարող է բարոյական մեծ ազդեցութիւն ունենալ Հայաստանի մէջ եւ տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու համար: Քաջազնունին եւ Փաստրմաճեանը հանդիպում են նաեւ Մերձաւոր Արեւելքի նպաստամատոյցի անդամ Ուոլթր Սմիթի, Հ. Ս. Ճեքուիսի եւ դոկ. Ճ. Թ. Մէյնի հետ, որոնք վերջերս էին վերադարձել Հայաստանից: Հանդիպման ընթացքում ամփոփւում է այն տեսակէտը, որ Հայաստանին յատկացուելիք օգնութիւնը պէտք է կատարուի հետեւեալ կերպ. 1. Ճանաչել Հայաստանի Հանրապետութիւնը, 2. Ապահովել Հայաստանի բնակչութեանը սննդով, մինչեւ կը հասնի 1920թ. հունձքը, 3. Ամերիկական մի զօրամաս ուղարկել Հայաստան, իսկ Ամերիկայի մէջ թոյլ տալ, որ հայերից կազմուի 10.000 կամաւորական բանակ, որոնց ծախսը պէտք է հոգայ Ամերիկայի կառավարութիւնը (45) :

(Շար. 2)

——————-

28.- Ահարոնեան Աւ., Սարդարապատից մինչեւ Սեւր եւ Լոզան, քաղաքական օրագիր 1919-1927, Երեւանի պետական համալսարանի հրատարակչութիւն, Երեւան, 2001, էջ 33:

29.- Եղիշէ Չարենցի անուան Գրականութեան եւ արուեստի թանգարան (այսուհետեւ` ԳԱԹ), Հ. Քաջազնունու ֆոնտ, N 4212,  Գ. 143, թ. 1:

30.-  ՀԱԱՅ., ֆ. 200, ց. 1, գ. 20, թթ. 152-155; ֆ. 200, ց. 1, գ. 355, մաս 1, թ. 25; ֆ. 199, ց. 1, գ. 86, թթ. 172-174:

31.- «Բանբեր Հայաստանի արխիւների», 1991, N 3, էջ 108:

32.- ՀԱԱՅ., ֆ. 200, ց. 1, գ. 355, մաս 1, թ. 210:

33.- ՀԱԱՅ., ֆ. 199, ց. 1, գ. 86, թ. 173:

  1. Նոյն տեղում, թ. 171:

35.- Նոյն տեղում, ֆ. 200, ց. 1, գ. 227, թթ. 149-151:

36.- Հայաստանի Հանրապետութեան պառլամենտի օրէնքները (1918-1920թթ.), էջ 186; ,«Յառաջ», Երեւան, 6 նոյեմբերի 1919, N 38:

37.- ՀԱԱՅ., ֆ. 199, ց. 1, 107, թ. 5, անգլերէն-մեքենագիր:

38.- «Վերածնունդ», Փարիզ, Գ. տարի, 1919, թիւ 26, էջ 450-451:

39.- ՀԱԱՅ., ֆ. 200, ց. 1, գ. 355, մաս 1, թթ. 218-219, բնագիր-ձեռագիր; Նոյն տեղում գ. 290, թթ. 43-44:

40.- Նոյն տեղում,   ֆ. 200, ց. 1, գ. 290, թթ. 55-61:

41.- ՀԱԱՅ., ֆ. 200, ց. 1, գ. 290, թ. 55:

42.- Սիմոնեան Հ., Անդրանիկի ժամանակը, գիրք Բ,  էջ 599:

43.- Նոյն տեղում., էջ 609

44.- ՀԱԱՅ., ֆ. 200, ց. 2, գ. 59, մաս 2, թ. 1:

45.- «Հայրենիք», Պոսթըն, 12 հոկտեմբերի, 1919; «Պահակ», Պոսթըն, 14 հոկտեմբերի, 1919, N 79; «Կոչնակ Հայաստանի», Նիւ Եորք, 18 հոկտեմբերի 1919, թիւ 42, էջ 1335-1336:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )