«Դարի Գործարք»-ի Տնտեսական Բաղադրիչը

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ
Տարածաշրջանային  հարցերով փորձագէտ

Յունիսի 25-ին Պահրէյնում կայացած երկօրեայ միջազգային համաժողովին Միացեալ Նահանգների նախագահ Տոնալտ Թրամփի վարչակազմը ներկայացրեց այդքան յետաձգուած` պաղեստինա-իսրայէլեան հակամարտութեան կարգաւորման առաջարկ-փաթեթի տնտեսական բաղադրիչը, որը յայտնի է նաեւ «Դարի գործարք» անուանումով: Փաթեթի հրապարակման հարցն ուշանում էր` պայմանաւորուած Իսրայէլում անցկացուած արտահերթ խորհրդարանական ընտրութիւններով: Թէեւ այդ ընտրութիւնների արդիւնքում դեռեւս չի ձեւաւորուել մերձաւորարեւելեան այդ երկրի նոր խորհրդարանը` Քնեսէթը, այդուհանդերձ, Միացեալ Նահանգների նախագահականում նպատակայարմար գտան հանրայնացնել փաստաթուղթը` միայն տնտեսական բաղադրիչով: Նշենք, որ Սպիտակ տունը պաղեստինաիսրայէլեան հակամարտութեան կարգաւորման առաջարկը նախատեսում է ներկայացնել փուլային տարբերակով. տնտեսական բաղադրիչի ընդունումից յետոյ, թերեւս, կը հրապարակուի փաստաթղթի քաղաքական հատուածը:

Եւ այսպէս` համաժողովին փաստաթղթի տնտեսական բաղադրիչը ներկայացրեց նախագահ Թրամփի աւագ խորհրդական Ճարետ Քուշները, որը Թրամփի դստեր` Իվանքա Թրամփի ամուսինն է: Քուշները մեծ ծաւալի աշխատանք է կատարել այս փաստաթղթի մշակման, այն Մերձաւոր Արեւելքի երկրների հետ քննարկման, բանակցութիւնների վարման ամբողջ գործընթացում: Յիշեցնենք, որ նա բաւական ջերմ յարաբերութիւններ ունի Իսրայէլի վարչապետ Նեթանիահուի հետ:

Արձանագրենք, որ Թրամփի վարչակազմը պաղեստինա-իսրայէլեան հակամարտութեան կարգաւորման փաթեթ-առաջարկը հանրայնացնում է այն ժամանակ, երբ շարունակւում է պահպանուել պաղեստինա-իսրայէլեան սահմանային լարուածութիւնը, կողմերի միջեւ գրեթէ չեն դադարում ամէնօրեայ բախումները, որոնց արդիւնքում գրանցւում են զոհեր եւ վիրաւորներ: Փաթեթը ներկայացւում է այն ժամանակ, երբ ճգնաժամային իրավիճակում են յայտնուել Միացեալ Նահանգներ-Իրան յարաբերութիւնները: Յայտնի է, որ Թեհրանը զգալի ազդեցութիւն ունի պաղեստինեան ուղղութեամբ, բաւական արագ է զարգանում Համաս խմբաւորման ու Իրանի ռազմաարհեստագիտական, ռազմաքաղաքական համագործակցութիւնը: Այդ տեսանկիւնից եւս տրամաբանական ու հասկանալի պէտք է համարել, որ իրանական կողմը կ՛ուժեղացնի պաղեստինեան ճակատում հակաիսրայէլեան գործողութիւնները:

Զուգահեռաբար շարունակւում են պրոքսի-հիպրիտային ռազմական գործողութիւնները Իրանի ու Իսրայէլի միջեւ` արդէն սիրիական ճակատում: Աւելի՛ն. Ուաշինկթընի կողմից հակամարտութեան լուծման առաջարկը մշակւում էր Երուսաղէմը` Իսրայէլի մայրաքաղաք, Կոլանի բարձունքները Իսրայէլի անքակտելի մաս ճանաչելու` Թրամփի որոշումներին զուգահեռ ու այդ որոշումների պատճառով ստեղծուած անկայուն իրավիճակում: Այդ ամէնն, անշուշտ, խորացրեց անձամբ Թրամփի եւ նրա վարչակազմի հանդէպ պաղեստինեան քաղաքական ղեկավարութեան, ժողովրդի անվստահութիւնը: Այդ խորապատկերին գայթակղութիւն էր նախագահ Թրամփի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ճոն Պոլթընի յայտարարութիւնը, թէ` Իսրայէլի կողմից Յուտէայի ու Սամարիայի զաւթումը կարող է օրինական ուժ ունենալ:

Մերձաւոր Արեւելքում ստեղծուած այս լարուած, անկայուն ու պայթունավտանգ իրավիճակում, երբ նոր էր յաջողուել խուսափել Ուաշինկթըն-Թեհրան ուղղակի ռազմական առճակատումից` պայմանաւորուած Իրանի տարածքում ամերիկեան ԱԹՍ-ի խոցման միջադէպով, Թրամփի վարչակազմը հանրայնացնում է պաղեստինա-իսրայէլեան բարդ հակամարտութեան կարգաւորման մի փաթեթ: Հասկանալի է, որ դրա կեանքի կոչման հնարաւորութիւնը բաւական բարդ է լինելու, գրեթէ` անիրականանալի:

Ինչեւէ, առաւել մանրամասն փորձենք անդրադառնալ «Դարի գործարք»-ի տնտեսական բաղադրիչին: Փաստաթղթի տնտեսական բաղադրիչը վերնագրուած է «Խաղաղութիւն յանուն բարգաւաճման» (Տնտեսական ծրագիր. Պաղեստինի ժողովրդի նոր տեսլականը) /Peace to Prosperity/: Փաստաթղթի ամբողջական բնագիրը հրապարակուել է Սպիտակ տան կայքում, որը հասանելի է հետեւեալ յղմամբ` https://www.whitehouse.gov/wp-content/uploads/2019/06/MEP-narrative-document_FINAL.pdf ։

«Խաղաղութիւն` յանուն բարգաւաճման» ծրագիրը բաղկացած է երեք նախաձեռնութիւնից, որոնք ուղղուած են լինելու Պաղեստինի տնտեսութեանը, ժողովրդին ու կառավարութեանը: Փաստաթղթի համաձայն, ձեւաւորուելու է միջազգային ներդրումային հիմնադրամ, որը յատկացնելու է փաստաթղթով նախատեսուած 50 միլիառ ամերիկեան տոլար` ուղղուած Պաղեստինի ենթակառուցուածքների, տնտեսութեան վերականգնմանն ու զարգացմանը, Յորդանան գետի արեւմտեան ափի եւ Կազայի հատուածի միջեւ միջանցքի ստեղծմանը: Ֆինանսական յատկացումներ  են նախատեսւում նաեւ Պաղեստինի զբօսաշրջութեան ոլորտում: Փաստաթղթի համաձայն, 10 տարիների ընթացքում Միացեալ Նահանգներ կը ներգրաւի 50 միլիառ ամերիկեան տոլար` ներդրումների տեսքով: Ուաշինկթընը մտադիր է մասնաւորապէս ներդնել աւելի քան 27,5 միլիառ տոլար Պաղեստինում, իսկ Եգիպտոսի, Յորդանանի եւ Լիբանանի պաղեստինցիների ընկերային-տնտեսական վիճակի բարելաւմանն ուղղուած նախագծերին կը յատկացուի, համապատասխանաբար` 9,1, 7,4 եւ 6,3 միլիառ ամերիկեան տոլար: Փաստաթուղթը նախատեսում է ներդրումներ ուղղել ձեռներէցութեան, փոքր պիզնեսի, զբօսաշրջութեան, գիւղատնտեսութեան, արտադրութեան եւ բնական պաշարների զարգացմանը:

Ներդրումների ներգրաւմամբ, փաստաթղթով նախատեսւում է արձանագրել Պաղեստինի տնտեսութիւնում արագ կշռոյթով աճ եւ նոր աշխատատեղերի ստեղծում: Ծրագրւում է Յորդանան գետի արեւմտեան ափը եւ Կազայի հատուածը բացել միջազգային ու տարածաշրջանային շուկաների համար, ինչը հնարաւորութիւն կը տայ Պաղեստինի փոխադրամիջոցների ենթակառուցուածքներում ներգրաւել յաւելեալ ներդրումներ: Ծրագիրը կարեւորում է Պաղեստինի, Եգիպտոսի, Յորդանանի եւ Իսրայէլի միջեւ բեռնափոխադրումների ու մարդկանց ելումուտի դիւրացման գործընթացը:

Ընդհանուր առմամբ, արաբական երկրները, ըստ էութեան, դէմ չեն ուաշինկթընեան փաթեթի տնտեսական բաղադրիչին, սակայն այն հակասական ընդունուեց Պաղեստինի կողմից: Երկիրն իր դիրքորոշումը հիմնաւորում է նրանով, որ թէեւ Ուաշինկթընն այս նախագծով էական ֆինանսական միջոցներ է ծրագրում ներդնել Պաղեստինի տնտեսութեան վերականգնման համար, այդուհանդերձ, այն ուղղակիօրէն սահմանափակում է Պաղեստինի գերիշխանութիւնը, պետականութիւնը: Պատահական չէ, որ Պահրէյնի համաժողովին Պաղեստինի վարչակազմից ոեւէ ներկայացուցիչ պաշտօնապէս ներկայ չէր:

Իսրայէլեան կողմն, անշուշտ, ողջունել է փաստաթղթի տնտեսական բաղադրիչը: Իսրայէլում, ինչպէս եւ Միացեալ Նահանգներում փաթեթի կեանքի կոչման հարցում մեծ յոյսեր են կապում ոչ թէ պաղեստինեան կողմի, այլ արաբական երկրների հետ: Ուաշինկթընում եւ Թել Աւիւում չեն թաքցնում յատկապէս Սէուտական Արաբիայի եւ Եգիպտոսի հետ այդ հարցում փոխհամաձայնութեան կարեւորութիւնը: Պատահական չէ այն փորձագիտական կարծիքը, որ ամէն դէպքում Թրամփի վարչակազմին յաջողուել է հակամարտութեան կարգաւորման հարցում ստանալ արաբական երկրների աջակցութիւնը, համոզել, որ պաղեստինեան ղեկավարութիւնը, ըստ վարչակազմի, փտած է եւ պատրաստ չէ կառուցողական երկխօսութեան: Ասել է թէ` պաղեստինա-իսրայէլեան հակամարտութեան կարգաւորման այս առաջարկը ենթադրելու է հակամարտութեան կարգաւորում` առանց հակամարտութեան կողմերից մէկի մասնակցութեան:

Պատմութիւնն ունեցել է նման փորձեր, օրինակ` 1990-ականների սկզբներին, երբ ամերիկեան եւ իսրայէլեան կողմերի համատեղ ջանքերով փորձել են կարգաւորել հակամարտութիւնը` հաշուի չառնելով պաղեստինեան կողմի եւ ժողովրդի կարծիքը (Մատրիտեան համաժողով, Օսլոյի ծրագիրը): Սակայն այդ քայլերը, որպէս կանոն, ոչ միայն չեն նպաստել հակամարտութեան խաղաղ լուծմանը, այլեւ կուտակել են յաւելեալ խնդիրներ, տապալել բանակցութիւնները:

Ինչպէս նշեցինք, Թրամփի առաջարկը դրական չի ընդունուել Պաղեստինում: Փաթեթի տնտեսական բաղադրիչը պոյքոթելու նպատակով Պաղեստինում (Ռամալլա) չեն դադարում ժողովրդական ցոյցերն ու անկարգութիւնները:

Արձանագրենք, որ առաջարկի դէմ պաղեստինեան կողմի դժգոհութիւնները պայմանաւորուած չեն զուտ փաստաթղթով ու դրանով նախատեսուած դրոյթներով, մօտեցումներով: Հարցը շատ աւելի խորքային է եւ ուղղակիօրէն առնչութիւն ունի մերձաւորարեւելեան տարածաշրջանում Միացեալ Նահանգների վարած արտաքին քաղաքականութեան ընդհանուր տրամաբանութեան հետ: Թրամփը Միացեալ Նահանգների նախագահներից թերեւս միակն է, որ ունի այսչափ իսրայէլամէտ դիրքորոշում: Աւելի՛ն. նա թերեւս միակ նախագահն է, որը չբաւարարուեց իսրայէլամէտ յայտարարութիւններով եւ ընդունեց ընդգծուած կողմնակալ որոշումներ: Իսրայէլի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը մեծ յոյսեր եւ սպասումներ ունի Թրամփից ու նրա վարչակազմից` ստեղծուած իրավիճակում հնարաւորինս շօշափելի քաղաքական շահեր քաղելու նպատակով: Քանի դեռ Միացեալ Նահանգներն նախագահում է Թրամփը, Իսրայէլը փորձելու է Ուաշինկթընից կորզել ցանկացած հնարաւորութիւն:

Յաւելենք, որ «Դարի գործարք»-ի քաղաքական բաղադրիչը դեռեւս չի հրապարակուել, ուստի անհասկանալի է մնում, թէ «Երկու ժողովուրդների համար երկու պետութիւն» յայտնի բանաձեւը, Երուսաղէմի բաժանման հարցը ի՛նչ կերպ են ներկայացուած լինելու նշեալ առաջարկում: Եւ իսկապէս հարց է առաջանում` ի՞նչն է, ի վերջոյ, պատճառը, որ պաղեստինեան կողմը հրաժարւում է այդ զգալի ֆինանսական միջոցներից: Ուաշինկթընում եւ Թել Աւիւում խաղադրոյք են դնում այն մօտեցման վրայ, որ Պաղեստինի իշխանութիւնները, որոնք, ըստ նրանց, փտած են, կը գայթակղուեն ֆինանսական յատկացումներով եւ ընդառաջ կը գնան այդ գործարքին` խաղասեղանին դնելով Պաղեստինի գերիշխանութիւնը: Կարծում ենք, որ այդ հարցում զգալի կամ աւելի շուտ որոշիչ է Թեհրանի աջակցութիւնը պաղեստինեան կողմին, ինչպէս նաեւ Իրանի դիմադրութիւնը` արաբական այն երկրներին, որոնք կողմ են Թրամփի առաջարկին:

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)