«Ապառաժ»-ի Հարցազրոյցը ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի Գրասենեակի Հաղորդակցութեան Պատասխանատու Յարութ Շիրինեանին Հետ
Վարեց` ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ
Հայոց ցեղասպանութեան 104-րդ տարելիցի առիթով «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակի հաղորդակցութեան պատասխանատու Յարութ Շիրինեանի հետ:
«ԱՊԱՌԱԺ».- Օրեր առաջ յիշատակեցինք Հայոց ցեղասպանութեան 104-րդ տարելիցը: Ինչպիսի՞ արդիւնքներ են գրանցուել վերջին տարիների ընթացքում Եւրոպայում Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցում:
ՅԱՐՈՒԹ ՇԻՐԻՆԵԱՆ.- Եւրոպայում Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացի շուրջ կարծես նոր աշխուժութիւն է նկատւում, եւ ասեմ, որ այսօր հայամէտ մթնոլորտ է տիրում այստեղ:
Ինչ վերաբերում է արդիւնքներին, ապա ասեմ, որ ապրիլի 27-ին Փորթուգալի խորհրդարանը հանդէս է եկել Հայոց ցեղասպանութեան ճանաչման յայտարարութեամբ: Ապրիլի 10-ին Իտալիայի խորհրդարանը երկրորդ անգամ պաշտօնապէս ընդունել է Հայոց ցեղասպանութիւնը եւ կոչ արել կառավարութեանը` հետեւել իր օրինակին: Ֆրանսայում ապրիլի 24-ը յայտարարուել է ցեղասպանութիւնների ոգեկոչման օր, իսկ անցեալ տարի Հոլանտայի խորհրդարանը ճանաչել եւ իր կառավարութեանն է դիմել` ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը եւ մասնակից դառնալ ապրիլի 24-ին Հայաստանում կազմակերպուող ոգեկոչման արարողութիւններին:
Եւրոպական այս երկրների վերը նշուած որոշումները ողջունելի են եւ կարող են բաւական մեծ ճնշում գործադրել Թուրքիայի վրայ` Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու եւ հատուցման գործընթացին անցնելու տեսանկիւնից:
«ԱՊԱՌԱԺ».- Ապրիլի 24-25 Պելճիքայի խորհրդարանն ընդունել է ցեղասպանութիւնների ժխտողականութեան դէմ քրէականացման օրէնք, որի մէջ, սակայն, Հայոց ցեղասպանութիւնը չներառուեց: Ինչպէ՞ս կը մեկնաբանէք տեղի ունեցածը, եւ ի՞նչ քայլեր է պատրաստւում նախաձեռնել Հայ դատի գրասենեակը:
ՅԱՐՈՒԹ ՇԻՐԻՆԵԱՆ.- Պելճիքայի խորհրդարանի կողմից ընդունուած ցեղասպանութիւնների ժխտումը քրէականացնող օրէնքը վերաբերում է միայն միջազգային դատարաններով վաւերացուած ցեղասպանութիւններին: Չնայած նրան, որ օրէնքի նախագիծն առաջարկուել է Եւրամիութեան կողմից` վերը նշուած յստակ սահմանափակումով, որը սակայն պարտադիր չէր, մենք յոյս ունէինք, որ խորհրդարանական, ծերակոյտի եւ կառավարութեան մակարդակներով Հայոց ցեղասպանութիւնը ճանաչած Պելճիքան հաշուի չի առնի Եւրամիութեան այդ սահմանափակումը:
Պէտք է ասեմ, որ Պելճիքայի որոշման վրայ ազդել են շուրջ մէկ ամսից տեղի ունենալիք ընտրութիւնները: Այսօր Պելճիքայում ապրում է 300 հազար թուրք եւ միայն 30 հազար հայ: Ընտրութիւնների նախաշեմին քաղաքական կուսակցութիւնները չուզեցին վնասել թուրքական մեծ գաղութին եւ կորցնել ձայներ: Սակայն ցաւալի է, որ Հայոց ցեղասպանութեան քրէականացման հարցը, ընտրական հաշուարկների հետ պայմանաւորուած, դուրս է մնացել:
Մենք այս իրողութիւնը դիտարկում ենք որպէս մարդու իրաւունքների, այլատեացութեան եւ ցեղասպանութեան դրսեւորում եւ ընտրութիւնների աւարտից յետոյ պատրաստւում ենք քայլեր ձեռնարկել, որպէսզի օրէնքը վերանայուի: Բոլոր ցեղասպանութիւնների ժխտողականութիւնը պէտք է քրէականացուի, եւ Պելճիքան պէտք է պաշտպանի իր երկրում ապրող հայ քաղաքացիների իրաւունքները:
«ԱՊԱՌԱԺ».- Ի՞նչ առանձնայատկութիւն ունեն թուրքական եւ ազրպէյճանական լոպիին, եւ ինչպէ՞ս է հնարաւոր հակադարձել:
ՅԱՐՈՒԹ ՇԻՐԻՆԵԱՆ.- Հակահայկական լոպիի առանձնայատկութիւնն այն է, որ թուրքերն ու ազրպէյճանցիները մէկ ճակատ կազմած են աշխատում մեր դէմ` ֆինանսաւորում ստանալով իրենց պետութիւնների ղեկավարների կողմից: Ահա այս է մեր եւ իրենց լոպիի տարբերութիւնը: Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ Եւրոպայում ձեւաւորուած հայկական գաղութները ստեղծել են կազմակերպութիւններ, որոնք այս տարիների ընթացքում կապեր են հաստատել, եւ այսօր մենք շարունակում ենք այդ գործը:
Հայկական լոպիին Եւրոպայում աշխատում է տեղի մարդուժի եւ համայնքային անդամների նուիրուածութեան եւ աշխատանքի շնորհիւ` պաշտպանելով Հայ դատը, բարձրացնելով Հայոց ցեղասպանութեան ճանաչման, հատուցման եւ Արցախի անկախութեան ճանաչման հարցերը, պայքար է տանում Արցախի Հանրապետութեան մեկուսացման դէմ եւ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրաւունքը պաշտպանելու ուղղութեամբ:
Այս բոլոր աշխատանքները մենք անում ենք համայնքային ներուժի շնորհիւ: Մենք մեր աշխատանքները կազմակերպում եւ յաջողութիւն ենք գրանցում` առանց միլիոնաւոր տոլարների, առանց ազդեցութեան եւ ճնշումների:
«ԱՊԱՌԱԺ».- ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակի օրակարգում Հայոց ցեղասպանութեան ճանաչմանն ուղղուած աշխատանքներն ի՞նչ թիրախաւորումներ են ունենալու առաջիկայում:
ՅԱՐՈՒԹ ՇԻՐԻՆԵԱՆ.- Հայոց ցեղասպանութեան ճանաչման պայքարը կը մնայ առաջնային Հայ դատի գրասենեակի համար, որովհետեւ կան դեռեւս եւրոպական երկրներ, որոնք չեն ճանաչել մեր ցեղասպանութիւնը: Առաջիկայ ամիսներին մենք աշխատելու ենք յատկապէս Սպանիայի եւ Մեծն Բրիտանիայի վրայ, որպէսզի մի քանի տարուց Եւրոպական միութեան բոլոր երկրները ճանաչած լինեն Հայոց ցեղասպանութիւնը:
Եւրոպայում Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացը կարեւոր է, սակայն մեր առանցքային նպատակը Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ճանաչումն է եւ, ի հարկէ, հատուցումը: Հայ ժողովրդին պէտք է վերադարձուեն իր կրած ցաւի հատուցումը եւ պապենական հողերը: