Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Գոյութեան Տագնապն Ու Կեանքի Մղումը

Մարտ 25, 2019
| Արուեստ - Մշակոյթ
0
Share on FacebookShare on Twitter

ՍՏԵՓԱՆ ԹՈՓՉԵԱՆ

Ի Խորոց
Բնորդը. Գրիգոր Գրիգորեան

1947-1949-ի միջեւ Երուանդ Քոչարը գրեց «Վերջին պոհեմը»` վերյիշելով, թերեւս, Փարիզում անցկացրած իր կեանքը, այնտեղի անապահով արուեստագէտներին. «Դրամատիրական կարգերը նրան դուրս շպրտեցին կեանքից, նա կեանքի լուսանցքի վրայ է միայն… Արուեստագէտի եւ տիրողների միջեւ բացուած է մի վիհ: Նրա գործերը զարդարում են պալատները, տաճարները, բայց ինքը նկուղներում է ապրում, յաճախ` մոռացուած. նա հասկացուած չէ… Արուեստագէտի նուրբ ու զգայուն հոգին ատում է օրէնքը, որովհետեւ տեսնում է, որ այն ծառայում է ուժեղներին ու հարուստներին, եւ ահա նա փախչում է օրէնքից, ստեղծում իր ուրոյն աշխարհը…» (11-12): Գրելիս, այլաձեւօրէն ներկայացնելով արուեստագէտի եւ «ուժեղների օրէնքի» անհամատեղելիութիւնը, մի՞թէ նա գոնէ  ինչ-որ չափով նկատի չունէր աննկարագրելի ծանր գոյութիւնը ստալինեան դահճային միջավայրում:

1941-ի յունիսի 23-ից    1943-ի հոկտեմբերի 23-ը նա բանտարկուել էր «հակասովետական պրոպագանդա» տարածելու անհեթեթ մեղադրանքով, բրտօրէն զրկուել ստեղծագործելու հնարաւորութիւնից, ազատուել միայն Ներսիսեան դպրոցի իր ընկերներ Անաստաս Միկոյեանի եւ Կարօ Հալաբեանի միջնորդութեամբ: Դրանից յետոյ միայնակ, վարձով ապրում էր օփերային մօտակայ, Ստալինեան պողոտայի (այժմ Մեսրոպ Մաշտոցի պողոտայ) շէնքի վերջին յարկի փոքր սենեակում, մինչեւ 1946-ին Մանիկ Մկրտչեանի հետ ամուսնանալը: Նուիրուածութեան կատարելատիպ, Քոչարի ստեղծագործութեան խրախուսող ու պահապան այդ կինը կիսեց ամուսնուն հասած բազում դառնութիւններն ու հարուածները: Ինքն էլ վկայում է. «Պատուէր չէին տալիս, նկարները չէին գնում, ոչ մի եկամուտ չունէր: Նիւթական անապահով վիճակը քիչ էր, սրան աւելանում էր բարոյական հալածանքը, «իզմ»-երի մեղադրանքը: Բոլոր ժողովներում քննադատում, դատափետում էին որպէս ֆորմալիստի, աբստրակցիոնիստի, կոսմոպոլիտի: Նկարիչների միութիւնը Արա Սարգսեանի գլխաւորութեամբ նիւթական եւ բարոյական տեռորի էր ենթարկում Քոչարին» (Մայեսթրօ Քոչարը յուշերի անդրադարձում, Ե., 2016 էջ 96-97): Այդ ամէնով հանդերձ, ճակատագիրը խնայեց նրան: Քանդակագործ Ղուկաս Չուբարեանը փաստում է. «Քոչարը երբեմն աներեւակայելի յանդուգն էր` ուղղակի սեփական կեանքին վտանգ սպառնալու աստիճան» (Նոյն տեղում, էջ 56): Անհաշտ պահուածքով իր գլխին մշտապէս փորձանք բերելու վտանգից անկախ` դժուար չէ պատկերացնել, թէ ի՛նչ կ՛անէին միայն Ստալինի քանդակի համար. «Գիտէ՞ք ինչ, ընկեր Մանիկ,-ասաց Արան,- Քոչարը տաղանդաւոր տղայ է, բայց շատ տարօրինակ բաներ է անում, օրինակ` քանդակել է առաջնորդին` յօնքերի վրայ պատշգամբ, դէմքին` կոլտնտեսականներ, բանակայիններ, ճակատին դրօշակներ…» (Նոյն տեղում, էջ 92):

Իր մանկութեան ընկեր, գեղանկարիչ Գէորգ Գրիգորեանը, որին Ճիոթթօ է կոչել Երուանդ Քոչարը, բնորդն էր «Գէորգ Գրիգորեանի դիմանկարը», «Բնորդը», «Տղամարդու մերկ մարմին», «Ղազարոսի յարութիւն» նկարների: Ճիոթթօ էութեամբ տեղական պոհեմական կերպարի բնորոշ մարմնացում էր: Նրան այդպէս էլ ընկալում էր Քոչարը. «Այո՛, դու Թիֆլիսում հալածուած, չընդունուած, թշուառութեան մատնուած մի նկարիչ էիր… մի Ճիոթթօ, որ անհուն սիրով եւ նուիրուածութեամբ եւ ամենաիտէալական սիրով սիրում է նկարչութիւնը, որի համար նա իր կեանքը կը զոհի… պսակել էին գլուխդ մարտիրոսի փշէ պսակով. դու արուեստի հաւատացեալ ճգնաւորն էիր» (Մայեսթրօ Քոչարը, էջ 155):

Փարիզում մասնաւոր հաւաքածուում գտնուող «Տղայի դիմանկարի» (1919) մասին գրուել է. «Քսան տարեկան հասակում Քոչարն ստեղծեց զարմանալի դիմանկար: Ըստ էութեան, մի պատանի մի ուրիշ պատանու էր նկարել… Քոչարի հանճարը հասկանալու համար պէտք է շրջել կտաւը: Դա վուշէ գործուածք է` կոպիտ կարկտաններով, եւ այդ խախուտ հենքի վրայ պատկերուած է սովալլուկ, հիւծուած մի պատանի, որն ասես ճամբարային գերի է: Սակայն նրա մէջ ինչ-որ վեհութիւն կայ, նա արժանապատուութիւնը պահող սպանական կրանտ է յիշեցնում: Նկարը մտքի յաղթանակն է անշարժ նիւթի հանդէպ»… Ֆրանսական մամուլը, նկատի ունենալով «Տղայի դիմանկարը», գրում էր նրա հեղինակի մասին. «Նա նախորդեց Ալպերթօ Ճակոմեթթիի, Ֆրանսիս Կրիւպերիի, Քաֆքայի միզերապլիզմին» (Հենրիկ Իգիթեան, Երուանդ Քոչար, Ե., 2000): Թշուառութեան, անապահով, մռայլ գոյութեան այս եւ վերոնշեալ գեղանկարչական վաւերացումների թւում 1919-ին Քոչարը նկարել էր փուլանշային գլուխգործոց «De Profundis»-ը (դժբախտութիւնից փրկութեան յոյսը Աստծոյ վրայ դրած, Ճնշուածների աղօթք):

Բախուելով աղէտաբեր պատմաշրջանի ճակատագրական սպառնալիքներին` մարդն ընկաւ ահռելի կորուստների յորձապտոյտը, որտեղից դուրս շպրտուելով` կանգնեց ոչնչի առաջ: Դա մարդկութեան պատմութեան խոշորագոյն` Ա. Համաշխարհային պատերազմի սարսափն էր, ու նաեւ ցեղասպանութիւն, բռնագաղթ, սով, համաճարակներ հայրենազրկում ապրած հայ մարդու ընդհանրացուած կերպար է:

Պատերազմ, որի վերջում մասնակից պետութիւնների թիւը հասաւ 33-ի, աւելի քան 1,5 միլիառ բնակչութեամբ, որին զոհ գնացին 10 միլիոն մարդ, վիրաւորուեցին, հաշմուեցին 20 միլիոն, սովն ու համաճարակները հնձեցին եւս 10 միլիոն: Պատերազմական թոհուբոհի մէջ Թուրքիան, 1915-ին, երկրի 3 միլիոնի հասնող հայերից ցեղասպանեց աւելի քան 1,5 միլիոնի, մնացեալների գերակշռող մասն արտագաղթեց: Մինչ այդ, տարբեր տարիների հայկական կոտորածներում, միայն 1895-96-ին, ցեղասպանուեցին շուրջ 300.000, բռնի մահմետացուեցին 100.000, տարագրուեցին եւս 100.000 հայեր: Պատերազմի, ցեղասպանութիւնների, հակադիր կողմերի բիրտ, արիւնալի բախումներով Հոկտեմբերեան յեղափոխութեան եռացող քաոսի, կեանքին սպառնացող անվերջանալի վտանգների մէջ հասակ նետած Երուանդ Քոչարի սերունդը յայտնուել էր ելք, հարմոնիա գտնելու տառապալից որոնումների անխուսափելիութեան առաջ: 1918-ին Կարօ Հալաբեանի հետ Մոսկուա մեկնելիս «Ճանապարհին կարմիր բանակայինները նրանց իջեցնում են գնացքից… որոշում են գնդակահարել: Բայց յանկարծ յայտնում են` սպիտակ գվարդիականները յարձակուել են: Կարմիր բանակայինները նստում են մեքենայ ու շտապում ճակատ… «Մեզ մոյրաները փրկեցին», ասում է Քոչարը» (Մայեսթրօ Քոչարը, էջ 170-171):

Աստծուն դիմողին սովորաբար պատկերել են հայեացքր վեր յառած, մինչդեռ վերից` ճակատագրի բեռի ահռելի ճնշման տակ հակուած աղօթողի գլուխն ուսերի հետ գրեթէ մի գիծ է կազմում: Բնականում գրեթէ անհնարին, գաղափարական խնդրադրման տեսակէտից ճշգրիտ-խորիմաստ դիրք: Կառուցուածքն, առաւելապէս հետագայում Քոչարի կիրառած վարից վեր սլացքին հակադիր, վերից վար է, հետզհետէ կրճատումով` եռանկիւնաձեւ: Եռանկեան վար ուղղուած երկու կողմի միացման կէտում սպառւում է կերպարի, արդէն իսկ ճնշուած մարմնական ուժականութիւնը` հասնելով զերոյի, ողբերգական գոյից անցում` չգոյ: Մարդը տեւում է մեկնելով առ ոչինչ: Նրա պատրանքները, սպասումները, ձգտումները, նպատակները գահավիժում, յայտնւում են դատարկութեան առաջ: Նրա գոյութիւնն անհամատեղելի է Ընկերային աստիճանակարգում փոքրիշատէ կայուն վիճակի հետ: Պատմաշրջանի անխնայ դատի առաջ խորտակւում էին բոլոր լուսաւոր, վեհ գաղափարները: Չկարողանալով քննել առկայ կացութիւնը, հասկանալ` ո՞վ է ինքը, ինչի՞ է ունակ, ո՞րն է գոյութեան իմաստը, «De Profundis»-ի կերպարն աղօթում է փակ աչքերով, թաղուած` անելի թմբիրի մէջ: Հիւծուած, բարակ ձեռքերին հակադրուած են խոշորացուած դաստակները` ամուր միահիւսուած մատներով: Այդտեղ է խտացուած ներքին, զսպուած լարուածութիւնն ընդդէմ գոյութենական իռռացիոնալ տագնապի, կեանքի մղումի էներգիան: Թէեւ պատկերի վերից վար կառուցումով ուժականութիւնը սպառւում է հասնելով ոչնչի, սակայն լարուածութեան խտացուած այդ արտայայտութիւնը վարում, հիանալիօրէն հաւասարակշռում է կոմպոզիցիան եւ ամբողջացնում գաղափարական խնդրադրումը` անկում-վերելքի սպասման, ուղեգծով: Բացասումով աւարտուող, ինքնախաբէութեան մղող գոյութեան եւ ինքնահաստատման ճիգի հակադրութիւնը, միայնացած աղօթողին կեանքի մեծ հոսանքի մէջ մտնելու, իր մարդկային-հասարակական ինքնութիւնը գտնելու հնար է տալու. եռանկեան վարի կէտից սկսուող ՈՉԻՆՉԸ գիտակցութեան արթնացման վիճակ է հնարաւորութիւն նպատակ դնելու եւ հասնելու: Յուսաթափ ընկճեալ ընդարմութիւնից արթնացման, չգոյից գոյ անցման խնդիրն արդէն Քոչարը վճռել է «Ղազարոսի յարութեամբ» (1923):             Այն վերամշակուել է 1919-20-ի «Փաթեթով բնորդը» նկարի հիման վրայ:

Պատումի աւանդական պատկերումները միջնադարեան մանրանկարներից ու սրբապատկերներից մինչեւ, ասենք, Վան Կոկ, օրինաչափօրէն բազմաֆիկիւր են, առարկայական կարեւոր մանրամասներով: Մինչդեռ, Քոչարի Ղազարոսը միայնակ է, կանգնած սենեակի պատի առաջ, ձեռքին ոլորուած մի թուղթ: Չորսօրեայ վախճանից յետոյ կենդանացած Ղազարոսն ինչո՞ւ էր յայտնուելու նման միջավայրում, ինչ-որ թղթով: Անդրաշխարհից ելնելու թոյլտւութի՞ւն է դա, որով յարութիւն առածն ինչ-որ ատեանի առաջ հաստատելու է վերապրելու իրաւունքր: Թէ՞ երեւոյթին վերաբերող այլ բան, միեւնոյն է, Քոչարի նկարն իր արդիացուած-այլաբանական իմաստաւորումով Նոր կտակարանի պատումի հետ ուղիղ առնչութիւն չունի: Վերում նկարն աւարտւում է տողագծերով թերթեր եզրափակող մարմարէ քիւով: Տողագծերը շարունակւում են Ղազարոսի կրծքի վրայ: Սրանք բաց «թեքսթերն» են, ոլորուած թղթինը` փակ: Ընթերցումը մնում է դիտողին, ինչպէս` միւս նման դէպքերում: Ղազարոսի մարմինն ասես մոմիացած է, ոսկրացած, որովայնը դատարկուած-ներս ընկած:

Դա հիւծուածութիւն է ոչ թէ չորսօրեայ գերեզմանային, այլ այսերկրային կեանքի տառապանքներից, վերոնշեալ նկարների շարքի կերպարներին յատուկ հիւծուածութիւն, էքզիսթենցեալ նոյն սկզբունքով պատկերուած: Ձեռքին բռնած «փաստաթղթով» նա ոչինչ-չգոյից կը մտնի՞ լիարժէք կեանք: Ղազարոսի յարութիւնը սոսկ Քրիստոսի եւս մի հրաշագործութեան պատմութիւն չէ, այլ` յաւիտենական կեանքի արժանանալու արձանագրում. «Յիսուսը նորան ասաց. Ես եմ յարութիւնը եւ կեանքը. Ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կ՛ապրի:

Եւ ամէն ով կենդանի է եւ ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնի» (Յովհաննէս, գլ. 11, 25-26):

Քոչարի աղքատ Ղազարոսը միայնակ է մղձաւանջային գոյ-չգոյ-գոյ շրջապտոյտում: Միայնակ, որովհետեւ պատերազմի բոլոր ճակատներում, խաղաղ բնակչութեան կոտորածերի, ցեղասպանութիւնների, մահատարած բռնագաղթերի ճանապարհներին Քրիստոսին խաչում էին անընդհատ: Որովհետեւ սկիզբ էր առել համաշխարհային աննախադէպ օտարում-միայնացում-ոչնչացում, որովհետեւ այդպէս չէր կարելի ապրել, որովհետեւ այդպիսի կեանքը մարմրում է մահուան գերութեան մէջ: Որովհետեւ Ղազարոսի յարութեան հրաշքը կերպարուեստագէտի վրձնով իրացած արժանաւոր, ստեղծագործ յաւերժութեան խորհրդանիշ է լինելու, կեանքի հաստատում մահուան մերժումով: Քոչարը կանխազգո՞ւմ էր, որ անհեթեթ ու դաժան ճակատագրի հետ պայքարը երկար է տեւելու, եւ ինչքան երկար, այնքան ամրացնելու էր յաղթելու կամքը: Նրան ոգեկան վիթխարի ուժ էր տրուած. եւ նա յաղթանակեց:

Դարի յորձապտոյտում մարդու ճակատագրի արծարծման խնդիրը երիտասարդ Քոչարը վճռում էր իրականութեան գեղանկարչական արտացոլման խոր զգացողութեամբ` իւրովի յանգելով հետեւութիւնների, որոնք բնորոշ էին ժամանակի մտքի այնպիսի իշխող ուղղութեան, ինչպիսին էքզիսթենցիալիզմի փիլիսոփայութիւնն էր: Տպաւորութիւնն այն է, որ ողջ ստեղծագործական կեանքում նրան յատուկ փիլիսոփայական ներթափանցումները կարծես տրուած են առանց ճիգ ու ջանքի` ի բնութենէ:

«De Profundis»-ը կատարուած է մարմնամասերի շեշտուած, ցայտուն մշակումով, հնարաւորինս պահպանելով անաթոմիան, նկատելի է միայն անրակի կորագծի վերածումը ուղղանկիւն եռանկեան, փոս ընկած ուսամկանի գծի հետ: Դրա եւ «Փաթեթով բնորդի» համեմատ «Ղազարոսի յարութիւնն» է գծուած նպատակային ակնառու ձեւախախտումներով: Փոլ Սեզաննի արուեստով աւանդուած արտայայտչօրէն զատզատուած ձեւերի այսպիսի ընդհանրացումներով եւ «տեֆորմեներով», Քոչարի կերպարուեստն ուղղւում էր դէպի քիւպիզմ: Ղազարոսի վիզը եւ իրանը երկարացուած են. դա այստեղ մահից կեանք, ոչնչից գոյութիւն յառնելու գաղափարի արտայայտման միջոց է: Տիրապետողը գերեզմանային սառնութեան նշան մեղմ կապտաւուն, գորշ երանգներն են: Ղազարոսը կանգնած է վախճանուելու պահին կուլ գնացած (մահ), բայց փայլող, արցունքոտ (կեանք) աչքերով, մահ-կեանք իրարայաջորդ-միատեղութիւնում: Սա արդէն բաւական է, առանց այլ ֆիկիւրների եւ գերեզմանային միջավայրի, յարութիւնը ներկայացնելու համար: Եւ ընդամէնը սրանով էլ Քոչարը զարգացնում է ժամանակի միակողմանի ուղղութեանը հակառակ պտտուող առասպելական յարութեան սիւժեն: Դիտողին հասկանալի է, որ ծիածանաթաղանթները ետ կը գան եւ Ղազարոսը մահից կը գայ կեանք. ընտրուած է թէ՛ նախորդող, թէ՛ յաջորդող դէպքերն ի յայտ բերող պահ: Պատմութիւն, որ «գրուած» է նկարի տողագծերում: Ժամանակի իրական ընթացքին գեղարուեստային այս հակառակումով Քոչարը ցուցանում է «De Profundis»-ի կերպարի ելքը` 20-րդ դարի մահասփիւռ մղձաւանջից: Ճակատագրի ճնշումը կրող այդ կերպարի մարմնի վերին, թեք, բովանդակային կորագծից վար իրանի հորիզոնականին մօտ դիրքով կայուն ուղղահայեացութիւն չի հաստատւում: Դրա փոխարէն` ցցուն ձեւերի անցումները դրսեւորող գծերը լարուած զսպանակի նման ուղղուելու ներուժ ունեն, Վերից սեղմող ուժով անշարժացած կառուցուածքի գլխաւոր մասերում: Անշարժացումը, միաժամանակ, խախտւում է պատկերին արտասովոր շարժում հաղորդող շեղակի կտրող լուսաստուերի շնորհիւ: Սեւ սպիտակ եւ հողային ներկերով (օքրայ, սիենայ, ումպրա, առաւելապէս որոնցով կատարուել են եւ վերոնշեալ նկարները) կոլորիտը արտայայտիչն է գոյութենական մղձաւանջի: Գեղանկարչական այսպիսի հրաշքով կնքուած, արտաքին շրջադրութիւնից փրկութիւն չսպասող մարդու թաքուն, անբարբառ տառապանքի, ներքին խռովքի ու բախման արտացոլումը դուրս է պրծնում առօրէական բնականութեան ափերից, մեկնում` ողբերգականի վերիրականի ոլորտը, ելնելու, ուժ ստանալու, վերածւում դարի իրադրային խոր հակամարտութիւնների ճշմարիտ արձագանգի:

Յարութիւն
Երիտասարդի դիմանկար
Փաթեթով բնորդը

 

Նախորդը

Դպրոցի Մը Պատմութիւնը

Յաջորդը

Հարիւր Դէմք` Հայաստանի Ա. Հանրապետութեան Հիմնադրութեան Հարիւրամեակին

RelatedPosts

«Ականեալ Ձայներ»-ի Զօրութիւնը
Արուեստ - Մշակոյթ

Այնճարում Հայակերտ Արուեստի Ցուցասրահը

Յուլիս 8, 2025
Ոտնակոխ Տունը
Արուեստ - Մշակոյթ

Ընտրովի Մահաքուն Բ. Կատարում Եւ Մեկնաբանութիւն

Յունիս 17, 2025
Ոտնակոխ Տունը
Արուեստ - Մշակոյթ

Ընտրովի Մահաքուն Ա.

Յունիս 16, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?