ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Հայաստանի վարչապետը յունուարի վերջին, Գերմանիա պաշտօնական այցի ընթացքում Քէօլնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը յայտարարել է մէկ ամիս անց` փետրուարի 27-ին Իրան պաշտօնական այց կատարելու մասին, իսկ դա ինքնին ուշագրաւ է եւ կարեւորութիւն է հաղորդում Հայաստանի վարչապետի իրանական այցին:
Արդէն իսկ իրանական թէ հայաստանեան փորձագէտ-վերլուծաբանները բուն այցին դրական գնահատականներ տալուց զատ, իրաւացիօրէն բարձրաձայնում են Հայաստան-Իրան բազմոլորտ համագործակցութիւնների ծրագրային դրոյթների ի կատար ածման ու կեանքի կոչման անհրաժեշտութիւնն ու անյետաձգելիութիւնը:
Թէեւ տուեալ դէպքում խօսքը գերակշռաբար առեւտրա-տնտեսական, հաղորդակցական ու փոխադրամիջոցների (Հիւսիս-հարաւ ճանապարհ եւ Պարսից ծոց-Սեւ ծով միջանցք®) միջպետական եւ, ինչո՞ւ ոչ, տարածաշրջանային կապերի ամրապնդմանն է առնչւում, բայց եւ այնպէս հարկաւոր է, որ հայաստանեան նոր վերադասաւորումների լոյսի ներքոյ վերաիմաստաւորուեն ու, ըստ այնմ, ուրուագծուեն երկու հարեւան ու բարեկամ երկրների քաղաքական փոխյարաբերութիւնների «ճանապարհային նոր քարտէսը», որի առթիւ դեռեւս սեպտեմբերին էին պայմանաւորուել Ռոհանին ու Փաշինեանը, ՄԱԿ-ի Ընդհանուոր ժողովի ընթացքում:
Սա անխուսափելի է, քանզի կախուած հէնց սեփական ազգային-պետական շահերից` երկու երկրներին վիճակուած է դիմագրաւել արտաքին իւրօրինակ սպառնալիք-մարտահրաւէրները, Իրանի դէպքում` Միացեալ Նահանգների պատժամիջոցների, իսկ Հայաստանի դէպքում` թուրք-ազրպէյճանական համակողմանի ճնշումների տեսքով:
Իսկ Իրանի Իսլամական Հանրապետութեան միակ քրիստոնեայ հարեւանը մշտապէս փաստել է հակաիրան որեւիցէ ճամբարի դոյզն իսկ տուրք չտալու իր հաստատակամութիւնը` ի հեճուկս նոյն թուրք-ազրպէյճանական ըստ ամենայնի պատեհապաշտ դաշնակիցներին…
«Ալիք»